Վարդգես ՕՎՅԱՆ
Գրող, հրապարակախոս
Ստեփանակերտ
Խորհրդային տարիներին խորհրդային սոցիալիստական համակարգի առավելությունը կապիտալիստական համակարգի նկատմամբ ընդգծելու համար, այդ թվում՝ դպրոցական դասագրքերում, թվային համեմատություններ էին բերում խորհրդային տնտեսության այս կամ այն ճյուղի եւ 1913 թ. ցարական Ռուսաստանի նույն ճյուղի արտադրանքի վերաբերյալ: Այսօր ԽՍՀՄ փլուզման արդյունքում ստեղծված ինքնիշխան պետություններն իրենց զարգացման մակարդակը ցույց տալու համար հիմնականում զուգահեռներ են անցկացում խորհրդային տարիների տնտեսական ցուցանիշների հետ:
Այլ է խնդիրը, երբ գործ ունենք այնպիսի բնագավառի հետ, ինչպիսին մշակույթն է: Թեկուզ այն պարզ պատճառով, որ այստեղ թվերը հիմնական դերակատարությունը չունեն: Ճիշտ է, ասենք, մշակույթի օջախների թվաքանակից եւս կարելի է որոշակի պատկերացում կազմել համեմատվելիք ժամանակների մասին, բայց մշակույթի օբյեկտների ֆիզիկական գոյությունը դեռեւս հիմնավոր ապացույց չէ, որ դրանց պատերի ներսում մշակույթ է ծնվում: Այնուամենայնիվ, կան որոշակի չափորոշիչներ՝ պարզելու համար, թե հանդիսատեսին կամ ընթերցողին մատուցած ՙկերակուրը՚ մշակութային արժե՞ք է, թե՞…
Արցախյան ազգային-ազատագրական շարժման արդյունքում ստեղծված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախի Հանրապետություն) արդեն ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի տարիներին ուներ նախարարություններ ու վարչություններ, այդ թվում՝ կրթության եւ մշակույթի, որի առաջին ղեկավարն էր Նելլի Ոսկանյանը:
Վերջին 20 տարում Արցախի մշակույթը 9 նախարար է փոխել: Նախարարներից ամենաերկարակյացը Արմեն Սարգսյանն էր. պաշտոնավարել է 1997-2004 թվականներին: Ի դեպ, 2002-ին մշակույթի եւ կրթության նախարարությունները միավորվել էին: Ընդհանրապես, Արկադի Ղուկասյանի պաշտոնավարման տարիներից սկսած, երբ պետք էր լինում որեւէ մեկին նախարարի պորտֆել տալ, մշակույթն ու կրթությունն իրարից անջատում էին, առանձին նախարարություններ ստեղծում: Իսկ երբ անհրաժեշտ էր լինում այդ երկու առանձին նախարարություններից մեկի ղեկավարին թողնել «լուսանցքից» դուրս, դրանք միավորում էին, դարձնում մեկ ընդհանուր՝ կրթության, մշակույթի եւ այլնի (սպորտ, երիտասարդության հարցեր) նախարարություն: Բայց սա այլ թեմա է:
Եթե վերոհիշյալ 20 տարիներից հանենք Արմեն Սարգսյանի պաշտոնավարման 7 տարիները, ինչպես նաեւ ներկայիս մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի պաշտոնավարման 4 տարին, ստացվում է, որ մնացյալ 9 տարում Արցախի մշակույթի ոլորտում 8 ղեկավար է փոխվել: Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի՝ մեկ նախարար:
Վերջին երկու տասնամյակում իմ մեջ պարբերաբար ծառանում է մի հարց, որի վերջնական պատասխանը դժվարանում եմ գտնել՝ մեզանում, այդ թվում՝ Հայաստանում, մշակույթի նախարարությունը որքանո՞վ է կապված Մշակույթի հետ: Այդ հարցի վերջնական պատասխանը գտնելուց հետո պիտի փորձեմ պարզել, թե նախարարությունը կոնկրետ ի՞նչ է անում հայ մշակույթը (ԼՂՀ եւ ՀՀ) զարգացնելու համար: Քանի որ հոդվածս կոնկրետ Արցախի մշակույթի բնագավառի մասին է, այս կամ այն չափով ծանոթ եմ պաշտոնավարած բոլոր ղեկավարներին, հավելեմ, որ նրանք, բացառությամբ 1-2-ի, մինչ իրենց նշանակումը, ոչ մի առնչություն չեն ունեցել մշակույթի որեւէ ճյուղի կամ ոլորտի հետ:
Տարիներ շարունակ ես ականատեսն եմ եղել, թե ինչպես է վերոհիշյալ նախարարությունը խոչընդոտում իր իրավական ենթակայության տակ գտնվող այս կամ այն ճյուղի, ոլորտի, արվեստի տեսակի զարգացմանը: Նախարարությանը, ասենք, կոնկրետ երգարվեստ, պարարվեստ, զանազան համույթներ պետք են այնքանով, որ տարին երկու, երեք կամ չորս անգամ վերջիններիս հոգեւոր, ոչ նյութական «արտադրանքից» շոու սարքվի՝ հանրությանը զվարճացնելու եւ իշխանությունների գեղագիտական պահանջմունքները բավարարելու համար:
Խորհրդային ժամանակներում, Ադրբեջանի բռնապետության տարիներին Արցախը հայեցի պահող հիմնական օջախներից մեկի՝ Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի վիճակը թերեւս ավելի դրամատիկ է: Թատրոն, որի բեմում հանդես են եկել կամ պիեսներ բեմադրել հայ մշակույթի բազմաթիվ երախտավորներ (Վահրամ Փափազյան, Արզո Արզումանյան, Գուրգեն Հարությունյան, Միքայել Կորգանյան, Հովհաննես Կարապետյան, Արտաշես Հովսեփյան, Բենիկ Օվչյան, Մարգո Բալասանյան եւ այլք), թատրոն, որ ինչ-որ չափով թատերական արվեստի իր սեփական դպրոցն ու սեփական կադրերն ուներ եւ պարբերաբար հյուրախաղերի էր մեկնում նաեւ անդրկովկասյան հանրապետություններ ու Հյուսիսային Կովկասի հայաշատ բնակավայրեր: Եվ այսօր այն փաստորեն ծայրամասային գյուղական ակումբի դերում է հայտնվել: Վերջին 20 տարում մշակույթի այդ խոշոր ու կարեւոր օջախն այդպես էլ չկարողացավ տեր կանգնել երբեմնի իր փառքին…
Շուրջ 7-8 տարի առաջ նախկին ղեկավար Լեոնիդ Հարությունյանին ներկայացված հիմնական մեղադրանքն այն էր, որ նա համատեղել է տնօրենի, գեղարվեստական ղեկավարի եւ թատերական ստուդիայի ղեկավարի պաշտոնները: Նոր տնօրեն նշանակվեց (Կոմիտաս Դանիելյան), շուտով նշանակվեց նաեւ նոր գեղարվեստական ղեկավար, բայց վերջին շրջանում հիմնականում, այսպես ասած, հանդիսատես բերող պիեսներ են բեմադրում դրսից հրավիրված ռեժիսորները (Կարեն Աբրահամյան, Նարեկ Դուրյան, Վահե Շահվերդյան): Թատրոնն այսօր կրկին նոր տնօրեն ունի (Մարատ Դավթյան), որն այդ պաշտոնը կրկին համատեղում է գեղղեկավարի եւ թատերական ինստիտուտի ղեկավարի պաշտոնների հետ… Ստացվում է՝ վերադարձ ի շրջանս յուր:
Համառոտ՝ մի այլ ոլորտի մասին: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ավարտած, ծննդով արթիկցի Տիգրան Մկրտչյանը 1989-ին տեղափոխվել է Արցախ, սիրել գեղատեսիլ այս երկրամասը, ամուսնացել, ընտանիք կազմել: Մասնակցել է Արցախյան գոյամարտին: Աշխատել է ԼՂՀ երգի-պարի պետական համույթում՝ որպես մեներգիչ, ղեկավարել ՙՄենք ենք, մեր սարերը՚ ազգագրական համույթը: 2002-ին ստեղծել է ՙՎերնատուն՚ փոփ-ֆոլկ քառյակը, որն աչքի էր ընկնում հայկական երգերի բարձրաճաշակ ընտրությամբ, ինքնատիպ երաժշտամտածողությամբ ու կատարողական վարպետությամբ: ՙՎերնատունը՚ հայկական ազգային երգարվեստ էր քարոզում եւ տարածում այն ժամանակ, երբ Հայաստանի ու Արցախի եթերում ու բեմերում հնչող հիմնական երաժշտությունը ռաբիսն էր, արեւելյան, թուրքա-արաբական մուղամների ՙկլկլոցի՚ ոգով ստեղծված էժանագին, այսպես կոչված, երաժշտությունը:
Տիգրանը հաճախ էր կիսվում հետս: Այլեւս չէր կարողանում թաքցնել դժգոհությունը. ՙՈւզում եմ գնալ: Այլեւս անիմաստ եմ համարում այստեղ իմ մնալը,- մի օր ասաց նա:- Արդեն հոգնել եմ իշխանավորներին բացատրել, թե ինչ ասել է արվեստ, ազգային երաժշտություն…՚: Եվ 2009-ին ընտանիքով մեկնեց Երեւան:
Շուրջ մեկ տարի հետո Արցախը լքեց նաեւ մեկ այլ տաղանդավոր մասնագետ՝ պարուսույց Գենադի (Ենոք) Բադալյանը: Մասնագետ, ում նմաններն այսօր Երեւանում էլ շատ չեն: Արցախում երգի եւ պարի պետական ազգագրական համույթ ստեղծելու նրա բոլոր փորձերը ձախողվել են: Այն, ինչ չի կարողացել ստեղծել այստեղ, կարճ ժամանակում ստեղծել է հեռավոր Սոչիում: Նրա հետ Արցախից հեռացել է նրա լավագույն սաներից մեկը՝ Գուրգեն Ազատյանը: Այժմ նրանք Սոչիում ազգային մշակույթի կենտրոնում պարի համույթներ են ղեկավարում՝ հայկական ազգային պարերից կազմված խաղացանկով:
Գաղտնիք չէ, որ ոչ միայն քաղաքական, այլեւ մշակութային եւ բոլոր ոլորտներում ընդօրինակման օբյեկտը Երեւանն է, Հայաստանը, որի հեռուստաեթերից առավելապես ռաբիս է ծորում, իսկ հայոց կինոարվեստը ՙզարգացնում են՚ հայկական սերիալներ կոչվող, մեղմ ասած, անհեթեթությունները:
Այսօր Արցախի մշակութային կյանքում առանձնանում է տեղի կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Գեւորգ Մուրադյան): Բարեբախտաբար, այս համույթի նկատմամբ կա որոշակի հոգածություն: Նվագախումբն ունի իր կայուն հանդիսատեսը եւ անգնահատելի դեր է կատարում համաշխարհային դասական ժառանգությունն արցախցի հանդիսատեսին մատուցելու եւ գեղարվեստական բարձր ճաշակ դաստիարակելու գործում: Մի տեսակ սպիտակ ագռավ է այն, որի համար մշակույթի նախարարությունը, եղած թե չեղած՝ մի հաշիվ է:
Իսկ ընդհանրապես արվեստի, առավելապես երգարվեստի ոլորտում շրջանառվող հիմնական տերմինն այսօր ՙշոուբիզնեսն՚ է, շոու եւ բիզնես: Այնինչ ո՛չ շոուն, ո՛չ բիզնեսն առնչություն չունեն զտարյուն արվեստի, մշակույթի հետ: Մինչդեռ մշակույթի նախարարության հիմնական գործառույթը վերջին 15-20 տարում դարձել է շոուներ կազմակերպելը: Արդյունքում՝ այսօր ունենք այն, ինչ ունենք (այդ թվում՝ Հայաստանում): Վաղն այս շոուները ոչ ոք չի հիշելու: Մոռանալու են նաեւ նախարարների անունները: Մաղի երեսին մնալու է այն, ինչ մշակութային արժեք է ներկայացնում: Վերջին 20 տարում արդյո՞ք ինչ-որ բան ստեղծել ենք՝ մաղի երեսին թողնելու համար: