Պենտագոնի ռազմավարագետ և ուսուցիչ Ֆրից Կրեմերի ժառանգությունը

Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Քաղաքագետ
Ստեփանակերտ

Ներածություն

2012թ. վերջին լույս է տեսել գերմանացի ռազմավարագետ՝ դոկտոր Հուբերտ Հոֆմանի (Hubertus Hoffmann) հեղինակած «Սրբազան (շնորհաբաշխ) կրակի իրական պահապանը. Պենտագոնի ռազմավարագետ և ուսուցիչ՝ դոկտոր Ֆրից Կրեմերի ժառանգությունը» [1] գիրքը: Ո՞րն է դոկտոր Ֆրից Կրեմերի (Fritz Gustav Anton Kraemer) բացառիկությունը: Կրեմերը Պենտագոնում 27-ամյա կարիերա է ունեցել՝ որպես աշխարհաքաղաքականության և ռազմավարության գծով խորհրդական:

50-ականների սկզբներից մինչև 1978 թվականը նա զբաղեցնում էր ԱՄՆ բանակի շտաբի պետի ավագ քաղաքացիական խորհրդականի պաշտոնը և Սառը պատերազմի ողջ ընթացքում այս ռազմական գերատեսչությունում մեծ ազդեցություն ուներ, այդ թվում և պաշտպանության նախարարներ Ջեյմս Շլեզինգերի և Դոնալդ Ռամսֆելդի վրա: Մի շարք հետազոտողներ նրան անվանում են Սառը պատերազմի ժամանակների Պենտագոնի գորշ կարդինալը:

Ֆրից Կրեմերը ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի անձնակազմում էր տասը նախագահների օրոք: Որպես ԱՄՆ Ազգային ռազմական քոլեջի (U.S. National War College) շրջանավարտ՝ նա ոգեշնչում էր սպաների և պետական ծառայողների ամբողջ սերունդներ: Նա բարձր մարտական ոգով, բարոյական սկզբունքներով և ինտելեկտուալ նորարարությամբ օժտված քաղաքական և ռազմական տաղանդների առասպելական դաստիարակն էր: Ֆրից Կրեմերի  վաստակի գնահատման համար բավական կլիներ թվարկել նրա շնորհիվ կայացած գործիչների անուններ:

Կրեմերին կոչում են «Քիսինջերի Քիսինջեր»: Հենց Կրեմերն է 1944թ. հանդիպումից հետո շահագրգռել նրան խորանալ քաղաքական փիլիսոփայության և պատմության մեջ և նրա ուսուցիչն է մնացել մինչև 70-ականների կեսերը: «Ֆրից Կրեմերը ահռելի անձնական ազդեցություն է գործել իմ կայացման տարիների վրա: Նա արտասովոր մարդ էր, որն իմ կյանքի մասնիկն է, քանի դեռ շնչում եմ», – ասում է Քիսինջերը: «Իր արժեքը որպես ուսուցիչ «բացաձակ» է, և նա ինձ համար ընդմիշտ փարոս է լինելու», – հավելում է Քիսինջերը: Կրեմերի և Քիսենջերի հարաբերությունները վատթարացել են Ռիչարդ Նիքսոնի նախագահության տարիներին: Կրեմերը չէր կարող ընդունել իր նախկին հովանավորյալի լիցքաթափման քաղաքականությունը և նրա հետ 28 տարի չի խոսել: Միայն 2002թ., երբ Կրեմերը ծանր հիվանդ էր, Քիսինջերը նրան զանգահարեց՝ հաշտվելու նպատակով:

1961թ. Կրեմերը բացահայտել է Ալեքսանդր Հեյգին, որին 1969թ. խորհուրդ է տվել որպես ռազմական օգնական աշխատանքի ընդունել Ազգային անվտանգության գծով նորանշանակ խորհրդական Հենրի Քիսինջերի մոտ: Ալեքսանդր Հեյգը գրում է. «Ինձ համար դոկտոր Կրեմերի ծառայությունը ողջ կյանքի ընթացքում վերահաստատում է ազգային վերնախավի՝ ազատ հասարակության արժեքները  պահպանելու և առաջ մղելու առաքելությունը: Ես չեմ կարող հիշատակել որևէ այլ անձնավորության, ով այնքան նշանակալից ավանդ ունենար իմ սեփական աշխարհահայացքի ձևավորման գործում»:

ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը, ով 1972թ. ձվաձև (օվալ) աշխատասենյակում Կրեմերի կողմից համառոտ խորհրդատվություն է ստացել, մեծարում է նրան. «Ես նրան սիրում եմ և կարդում նրա նյութերը. ես բարձր եմ գնահատում և երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր իրապես ըմբռնում են աշխարհում գործող մեծ ուժերը: Դա շատ օգտակար է լինում»:  ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը, ով նրան նույնպես իր ուսուցիչն է համարում, արտահայտվել է այսպես. «Ֆրից Կրեմերը առանձնահատուկ անձնավորություն էր: Նրա անվախությունը և փայլուն կարիերան բոլորիս համար օրինակ են: Ես նրա հանդեպ խորագույն ակնածանք եմ տածում»:

Քաղաքական համոզմունքներն ու հայացքները

Ֆրից Կրեմերն իրեն համարում էր ազատության առաքյալ և երիտասարդ վերնախավի անհայտ տաղանդների ուսուցիչ. այն վերնախավի, որը պետք է ստանձներ երկրի համար պատասխանատվությունն ու աշխարհն ավեի լավը դարձներ:  Նա դարձել է ամերիկյան «Խաղաղություն ուժի միջոցով» (peace through strength) մտածողության դպրոցի համահիմնադիր՝ ներկայանալով որպես բարոյական հարաբերականության և ծայրահեղականների կողմից բխող սպառնալիքները չընկալող թույլ բուրժուազիայի անհաշտ քննադատ: Էդվարդ Ռոունին[2] (Edward L. Rowny) նրան այսպես է նկարագրում. «Եթե մենք Վաշինգտոնում մրցանակ սահմանեինք ամենագունեղ անձ ինելու համար, ապա այն պետք է տրվեր Ֆրիցին: Նրա «սադրիչ թուլության» փիլիսոփայությունն ազդեցություն է գործել ԱՄՆ մի քանի պաշտպանության նախարարների և նախագահների վրա: Եթե դուք թույլ եք, ապա դրանովիսկ սադրում եք հակառակորդին փորձարկել ձեր կամքն ու հնարավորությունները: Դրա համար մենք հզոր զինված ուժերի կարիք ունենք: Նախագահ Ռոնալդ Ռեյգանը դա շատ լավ էր հասկանում (1983 թ. մարտի 23-ին նա ասել է. «Մենք խաղաղություն ենք ապահովում մեր ուժի միջոցով. թուլությունը սոսկ հարձակողականությանն է դրդում»)։

Կրեմերի հիմնարար համոզմունքները հետևյալն էին. «Ես երդվել եմ պաշտպանել սահմանադրությունը: Պաշտպանությունը՝ առաջին հերթին: Մենք չենք կարող հավանություն տալ դրան հակասող որևէ բանի»: «Խաղաղություն ուժի միջոցով» քաղաքականության շնորհիվ մենք առանց մեկ կրակոցի ենք հաղթել Երրորդ համաշխարհային՝ Սառը պատերազմի ավարտին. ինչպիսի՜ հաջողություն: Ես շատ երախտապարտ եմ Ֆրից Կրեմերին ԽՍՀՄ հետ Սառը պատերազմի այս տարիների համար»:

Ֆրից Կրեմերի ժառանգությունը քննարկվում էր նաև Փարիզում՝ ֆրանսիացի զինվորականների և ռազմավարագետների շրջանում: Պաշտոնաթող հայտնի ծովակալ Պիեր Լակոստը[3] (Pierre Lacoste) կիսվել է Ֆրից Կրեմերի ինտելեկտուալ աշխարհի մասին անձնական տպավորություններով և հիշել նախագահ Ռոնալդ Ռեյգանի՝ «խաղաղություն ուժի միջոցով» հայեցակարգի վրա հենված ռազմավարական մոտեցումը: «Ֆրից Կրեմերը Վաշինգտոնում իրական ազդեցություն ուներ: Ռեյգանը նպաստել է ԽՍՀՄ անկմանը նավթի գնի վրա ճնշում գործադրելու միջոցով՝ չեզոքացնելով ԽՍՀՄ եկամուտների կարևորագույն աղբյուրներից մեկը: Երկրորդ՝ նա ուժեղացրել է ռազմական մրցակցությունը, ԽՍՀՄ-ին ներքաշելով սպառազինություների մրցավազքի մեջ այնպիսի նախաձեռնություններում, ինչպիսին էին «աստղային պատերազմները»՝ կրկնապատկելով Պենտագոնի բյուջեն: Դա իրոք հաջող գաղափար էր: ԽՍՀՄ-ը հավատում էր, որ նրանք պետք է մրցի ԱՄՆ-ի հետ, որի հետևանքով ՀՆԱ-ի ավելի քան 20 տոկոսը ծախվում էր սպառազինությունների վրա: ԱՄՆ-ում, ընդհակառակը, ռազմական ուսումնասիրություններն ու մշակումները քաղաքացիական ոլորտում հանգեցնում էին դրական արդյունքի, ինչը ԽՍՀՄ պարագայում գոյություն չուներ: Քանի որ ԽՍՀՄ-ում արդյունաբերությունն ու շուկաները փակ էին և ճկունությունից զուրկ, ռազմական արդիականացումը այլ ոլորտների վրա ոչ մի դրական ազդեցություն չէր գործում և քաղաքացիական հատվածը չէր խթանում: Գորբաչևը հասկանում էր իրականությունը և 1986թ. Ռեյգանի հետ Ռեյկյավիկում կայացած հանդիպման ժամանակ նախագահները որոշել են մշակել վստահության ամրապնդմանը միտված միջոցներ, կազմակերպել սպառազինություների իրական կրճատում և մեղմել գերտերությունների միջև եղած հակամարտությունը: Ռեյգանի ռազմավարությունը զգալի չափով արտացոլում էր Կրեմերի մտածողությունը՝ խոսել ընդդիմախոսների հետ, բայց և հասկացնել նրանց, որ պատրաստ եք դիմել ուժին ու զորությանը»:

Ֆրից Կրեմերի քաղաքական հայացքներն ու սկզբունքներն արտահայտում են աշակերտների համար իր ձևակերպած մաքսիմները, որոնցից մի քանիսը մեջբերում ենք ստորև:

Մենք մեր ժողովրդավարություններում պատասխանատու վերնախավի կարիք ունենք: Այն մեր հասարակությունում պետք է ստանձնի  առանցքային գործառույթներ: Դա ոչ թե արտոնությունների կամ հարստության, այլ հատուկ պատասխանատվության հարց է:  Մենք պարտավոր ենք որոնել արտասովոր տղամարդկանց ու կանանց և անընդատ օգնել նրանց որպես ուսուցիչ, կրթել և քաջալերել նրանց: Շատ քիչ մարդիկ են նվիրում իրենց այս նպատակին: Նրանք ավելի շատ նախընտրում են տեղ ունենալ հայտնի անձաց շրջանակներում, քան հոգ տանել անհայտ երիտասարդ տաղանդներին:

Մենք մեր էգալիտար ժողովրդավարություններում հաճախ հակված ենք միջակության, քանիոր հազիվ թե որևէ մեկը սիրի մյուսներին գերազանցող մարդուն: Կասպառնալիք, որ մեր արտաքին քաղաքականությունը և անվտանգության քաղաքականությունը կդառնան բութ և շնորհազուրկ: Հետևաբար, մենք պարտավոր ենք անընդհատ հարստացնել մեր քաղաքական կյանքը լավ գաղափարների և իդեալների տեր երիտասարդ տաղանդներով: Շատ քաղաքական գործիչներ «սկսում են որպես խաղող և վերջանում որպես չիր»: Երկար կարիերայի ընթացքում նրանք հաջողության սանդղակի յուրաքանչյուր աստիճանում կորցնում են իրենց հոգու մասնիկը՝ դիմելով փոխզիջումների և տրվելով համընթաց քամուն: Այս աշխարհում մեզ սպասում են մեծ առաջադրանքներ, բայց կառավարում են մանր շահերը: Մենք պարտավոր ենք հետևողականորեն վերափոխել իրականությունն ու աշխարհը դեպի լավն ու բարին և չձգտել ընտելանալու հոռի իրականությանը»:

Լավ բնավորությամբ անձնավորության մեջ զարգացնել երկաթե կամք, քաջություն և եռանդունություն:

Մարտնչում է ոչ թե պաշտոնը կամ տիտղոսը, այլ բնավորությունը:

Աշխատիր ոչ միայն քո կարիերայի, այլև արդար գործի օգտին:

Պաշտպանիր քո համոզմունքները:

Հավատա բացարձակ ճշմարտություններին և սրբազան (շնորհաբաշխ) կրակին:

Հետևիր պատվո վարքականոնին:

Ասա՛ այն, ինչ մտածում ես, այլ ոչ թե այն, ինչ քեզնից ակնկալում են:

Եղի՛ր մի քիչ արկածախնդիր և անվախ:

Իրականությանը կրավորաբար ընտելանալու փոխարեն փոխի՛ր այն:

Մարտնչիր հանուն բարու և մարդու արժանապատվության ու ազատության ոտնահարման դեմ:

Ստանձնիր պատասխանատվություն և մի՛ հարցրու, թե դրա փոխարեն ինչ ես ստանալու:

Ֆրից Կրեմերի արդիականությունը 

Լոնդոնում գրքի շնորհանդեսի ժամանակ Թագավորական քոլեջի (King’s College) պրոֆեսոր Պիտեր Նյումանը (Peter Neumann) և ծավալված բանավեճի մյուս մասնակիցները քննարկում էին, թե 21-րդ դարում ինչկերպ պաշտպանել ժողովրդավարական արժեքներն այնպես, ինչպես դա անում էր Կրեմերը: «Կրեմերի կենտրոնացումը ապագա վերնախավի պատրաստության վրա նրա գլխավոր ժառանգությունն է: Արտաքին քաղաքականությունը վերնախավի գործն է: Բնակչությունը, ժողովուրդը դրա մեջ շատ սակավ դեպքերում է ներգրավվում: Դա  տեղի է ունենում այն ժամանակ, երբ արտաքին քաղաքականությունը դառնում է ներքաղաքական կյանքի թեմա կամ երբ ծառանում է պատերազմում գոյատևելու հարցը: Վերնախավի վերապատրաստման ուսուցչությունն այսօր էլ բացարձակորեն անհրաժեշտ է: Այս ուսուցչությունը պետք է հասկանա, որ արտաքին քաղաքականությունն առնչվոմ է արժեքների և ազգային շահի հետ», – ասել է Նյումանը:

Ազդեցիկ «Լեգատում» ինստիտուտում (Legatum Institute)  գրքի շնորհադեսի ժամանակ վերջինիս նախագահ Ջեֆրի Գեդմինը առանձնակի ընդգծել է Կրեմերի հայացքները նոր պատասխանատու վերնախավի վերաբերյալ. «Այսօրվա հրամայականն այն է, որ մենք պետք է կենտրոնանանք նոր, թարմ և բազմաշնորհ համաշխարհային վերնախավի ձևավորման և առաջմղման վրա: Մենք կարիք ունենք փոխանցել նրանց նորարարամետությունը, ռազմավարական երևակայությունն ու հստակ բարոյական կողմնացույցը: Ֆրից Կրեմերի այս ժառանգությունը նաև մեր պատասխանատվությունն է»:

Գիրքը քննարկվել է նաև գերմանական շրջանակներում: Քննարկումներին մասնակցել են երկու հայտնի ռազմավարագետ գեներալներ՝ Հերալդ Կուջաթը (Harald Kujat)[4] և Կլաուս Նաումանը (Klaus Naumann)[5], ինչպես նաև դոկտոր Ավգուստ Հանինգը (August Hanning)[6]: Կլաուս Նաումանը, խոսելով Հուբեր Հոֆմանի գրքի մասին, նշել է, որ «Ֆրից Կրեմերն այժմ առավել քան արդիական է: Այս գիրքը հուշարձան է այն մարդու պատվին, ում արժեքները, բարոյաէթիկական կողմնորոշիչների համակարգը և համոզմունքները դարձել են իր կյանքի տարբերակիչ գիծը: Այս արժեքները Ֆրից Կրեմերը երբեք՝ ոչ մի պարագայում չէր զոհաբերում: Իր մեծության մարդիկ բոլոր դարերում բացառություն են կազմում, իսկ այսօր մեր մակերեսային, արժեզուրկ և «եսասիրական» սերնդի մեջ նրանք պիտի լինեն պաշտպանվող տեսակ»:

Քննարկման մասնակիցները հիշել են, որ Վաշինգտոնում ընկերները նրան կոչում էին «ծեր Ֆրից» և համաձայնվել են, որ խոսքը ոչ միայն «Ծեր Ֆրից» կոչված Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Բ-ի հետ Կրեմերի ունեցած արտաքին նմանության մասին է: 200 տարի առաջ Ֆրիդրիխ Բ-ի դարբնած հայտնի մաքսիմը, թե պետությունը չի կարող գոյատևել առանց առաքինության և արժանապատվության, այսօր էլ սահմանում է քաղաքական և ռազմական վերնախավի դերն ու գործառույթները: «Կառավարվողների» վստահությունն ու հավատը «կառավարիչների» ազնվության հանդեպ դարձել է պրուսական միապետության և գերմանական ազգային ինքնության ու պետականության հենասյուն: Իշխանության և հասարակության միջև վստահության բացակայությունն արդի աշխարհի լրջագույն խնդիրներից է: Գործող ժողովրդավարությունը հիմնվում է վերնախավերի և առաջնորդների անհատական պատասխանատվության և ազնվության վրա, երբ իշխելը ոչ այնքան արտոնություն է, որքան հոգևոր կրթության, սոցիալական պատասխանատվության և անձնական վաստակի դրսևորում: Այն նախ և առաջ ենթադրում է ազնվություն և բարոյականություն՝ կյանք քրիստոնեական արժեքների և հավերժական իդեալների շրջանակներում:

Քննարկման մասնակիցները նշել են, որ Կրեմերը միշտ անկեղծ էր՝ անկախ ձեր կողմից նրա գաղափարներն ընդունելի կամ անընդունելի համարելուց: Այսօր մարդկանց, քաղաքական և պետական գործիչների մեծամասնությունն ունի հարթ և շրջահոս բնավորություն, որի հիմնական գիծը թուլակամությունն է: Նրանք համընթաց քամու ալիքներով շարժվող պատեհապաշտներ են: Ֆրից Կրեմերը նրանց ամբողջովին հակոտնյա որակ էր: Նա միշտ ասել է այն, ինչ մտածել է. նա միշտ գործում էր իր խոսքերի և իդեալների համաձայն: Դա նշանակում էր կանխատեսելիություն և  սկզբունքայնություն, որը «շարքային» գործիչների և բյուրոկրատների մոտ օտարում և վախ էր առաջացնում: Ներկայիս՝ կարիերային պատեհապաշտությանը միտված նյութապաշտական հասարակությունում Կրեմերի նման անձինք շատ քիչ են, և դա ինքնին լուրջ խնդիր է:

 


[1] Hoffmann, Hubertus. True Keeper of the Holy Flame. The Legacy of Pentagon Strategist and Mentor Dr. Fritz Kraemer. London/Berlin: WSN Foundation & Verlag Inspiration Un Ltd., 2012.

[2] Էդվարդ Ռոուն (1917-). Զինվորական և դիվանագետ է, ԱՄՆ պատվիրակության ղեկավարն էր ԽՍՀՄ-ի հետ սպառազինություննրի կրճատման շուրջ բանակցություններում: Համարվում է ուղղաթիռը որպես ռազմական հենք օգտագործելու հայեցակարգի հեղինակներից , Սառը պատերազմի տարիներին «խաղաղություն ուժի միջոցով» քաղաքականության առաջատար ճարտարապետերից  մեկը: Նա սպառազինությունների վերահսկման խնդիրների գծով խորհրդական էր ԱՄՆ հինգ նախագահների՝ Նիքսոնի, Ֆորդի, Կարտերի, Ռեյգանի և Բուշի օրոք:

[3]  Պիեր Լակոստ (1924-). Ծովակալ Լակոստը Ֆրանսիայի զինված ուժերում իր կարիերան սկսել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Նա զբաղեցրել է շտաբի ռազմական ղեկավարի պաշտոնը վարչապետ Ռայմոն Բարեի օրոք:  1985-1985թթ. նա Արտաքին անվտանգության և հետախուզության գործակալության (DGSE)  ղեկավարն էր: 1989թ. նա դարձել է Քաղաքացիական տեղեկատվության կենտրոնի «Պաշտպանություն-Բանակ-Ազգ» կապերի ազգային կոմիտեի նախագահ: Զորացրվելուց հետո Պիեր Լակոստը շարունակում է մնալ ակտիվ քաղաքական գործիչ և որպես Մրցակցային հետախուզության արհեստավարժների ֆեդերացիայի (Federation of Competitive Intelligence Professionals) նախագահ պատասխանատու է Ֆրանսիայի տնտեսական հետախուզության մասնագիտացված դաշտի կառուցակարգման համար:  

[4] Հերալդ Կուջաթ (1942 -). Զորացրված գեներալ, 2000-2002 թթ.՝ Բունդեսվերի շտաբի պետ, 2002-2005 թթ.՝ ՆԱՏՕ ռազմական կոմիտեի նախագահ:

[5] Կլաուս Նաուման (1939 – ). Զորացրված գեներալ. 1996-1999 թթ.՝ Բունդեսվերի շտաբի պետ և ՆԱՏՕ ռազմական կոմիտեի նախագահ:

[6] Ավգուստ Հանինգ (1946 ). 1998-2005 թթ.՝ Դաշնային հետախուզության ծառայության տնօրեն, 2005-2009 թթ.՝ Ներքին գործերի դաշնային նախարարության պետական քարտուղար:  

Share

Comments are closed.