Թուրքական աշխարհիկության առասպելը

Դավիթ ԲՈՅԱՋՅԱՆ
Անկախ լրագրող
ԱՄՆ 

Թուրքիան աշխարհիկ պետություն է: Այդ են պնդում թե երկրի կառավարությունը, եւ թե՛ ամենաազդեցիկ ԶԼՄ-ները: Սակայն, այս պնդումը սխալ է:

Քաղաքակիրթ ժողովրդավարական պետություններում աշխարհիկությունը ենթադրում է ոչ միայն եկեղեցու եւ պետության հարգալից բաժանում, այլեւ դավանանքի ազատություն: Ստորեւ մենք ցույց ենք տալու, որ իրական քաղաքականությունը վաղուց հակասում է աշխարհիկության դրույթին:

Թուրքական կառավարությունը երկրում բոլոր ուժերով աջակցում եւ հաստատում է իսլամը, ավելի ճիշտ` իսլամի սուննի ճյուղը: Միաժամանակ, Թուրքիայում հալածվում են այլ կրոնական համայնքներ, օրինակ` ալավիները: Ահաբեկման եւ հալածանքների են ենթարկվում բնիկ քրիստոնյաները, որոնց մեծ մասը ոչնչացվել էր 20-րդ դարի ցեղասպանությունների հետեւանքով: Ավելին՝ Թուրքիան օգտագործում է իսլամը դեպի Եվրոպա, Ասիա եւ այլ տարածաշրջաններ իր քաղաքական ազդեցությունը տարածելու համար: Ավելի ճշգրտորեն թուրքական համակարգը կարելի է բնութագրել որպես պետական իսլամ:

Այս հոդվածն իսլամի կամ իր հետեւորդների քննադատությունը չէ: Մենք հարգում ենք թե՛ կրոնը, թե՛ հավատացյալներին: Պարզապես Թուրքիայի աշխարհիկ պետություն լինելու առասպելը պետք է հերքվի:

Պետական իսլամ

«Դիյանեթ» անվան ներքո հայտնի կրոնական գործերով վարչությունը ներկայացնում եւ կառավարում է սուննի իսլամը Թուրքիայում: Թուրքիայի Հանրապետության ստեղծումից մեկ տարի անց ձեւավորված «Դիյանեթին» է նվիրված  երկրի սահմանադրության 136-րդ կետը: «Դիյանեթը» վարչապետին ենթարկվող նշանակալից եւ հզոր կառույց է, որում ծառայում է շուրջ 100 000 հոգի: Բոլոր սուննի հոգեւոր այրերը «Դիյանեթի» աշխատակից են եւ ստանում են քաղաքացիական վարձատրություն:

«Դիյանեթի» տարեկան շրջանառությունը հավասար է 2 միլիարդ դոլարի՝ գերազանցելով միասին վերցված Արտաքին գործերի, Էներգետիկայի եւ Բնապահպանության նախարարությունների բյուջեները: Ըստ գործող օրենքի՝ «Դիյանեթի» կազմաքանդման օգտին հանդես եկող քաղաքական կուսակցությունը ենթակա է լուծարման:

Մինչեւ վերջերս «Դիյանեթում» էին շարադրվում հոգեւորականության համար նախատեսված բոլոր քարոզները: Դատելով առկա տեղեկատվությունից՝ այսօր սահմանափակ ծավալով թույլատրվում են նաեւ սեփական քարոզներ, բայց դրանց բովանդակությունը դարձյալ վերահսկվում է:

Արդյո՞ք Միացյալ Նահանգները կամ արեւմտյան որեւէ ժողովրդավարական պետություն կկոչվեին ՙաշխարհիկ՚, եթե պետական բյուջեն ֆինանսավորեր ողջ հոգեւորականությանը վարձած եւ նրանց քարոզչությունը վերահսկող հսկայածավալ քրիստոնյա կառավարական մի գործակալություն: Ակնհայտ է, որ ո՛չ:

Ո՞ւմ են Թուրքիայում պատկանում ավելի քան 80 հազար մզկիթներ: Դա այնքան էլ հասկանալի  չէ. նույնիսկ Թուրքիայում են շատերն այդ հարցը տալիս: Այնուամենայնիվ, կարելի է վստահորեն պնդել, որ «Դիյանեթը» դրանք ամբողջությամբ վերահսկում է: (Շիա մահմեդականները Թուրքիայի 80 միլիոնանոց բնակչության շուրջ 3 տոկոս են կազմում եւ, ընդհանուր առմամբ, ՙԴիյանեթից՚ անկախ են):

Ստամբուլի Քամլիկ բլրի վրա եւ Թաքսիմ հրապարակում կառուցվելիք երկու մեծ մզկիթները վարչապետ Էրդողանի անձնական նախագծերն են: Ակնհայտ է, որ պետությունը հոգում է ծախսերի մեծ մասը: Եթե Թուրքիան իսկապես լիներ աշխարհիկ պետություն, ապա կառավարությունը դրանով չէր զբաղվի:

«Դիյանեթը» գործում է ոչ միայն Թուրքիայում, այլեւ ողջ աշխարհով մեկ: Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ու ՙԴիյանեթը՚ փոխկապակցված են: «Դիյանեթն» անթաքույց կերպով զբաղվում է արտերկրում Թուրքիայի քաղաքական ազդեցության տարածմամբ:

Համաշխարհային ընդգրկում

«Դիյանեթում» կա արտաքին գործերի բաժին, որը կրոնի հարցերով խորհրդատուներ է գործուղում ոչ միայն Կենտրոնական Ասիայի եւ Աֆրիկայի մահմեդական երկրներ, այլեւ՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Շվեդիա եւ այլ եվրոպական պետություններ:

Թուրքիայի մի շարք դեսպանատներում եւ հյուպատոսարաններում կան «Դիյանեթի» տեղի ներկայացուցիչների հետ աշխատող կրոնի հարցերով բաժիններ: Օրինակ, Թուրքիան շատ ակտիվ է Նիդեռլանդներում, որտեղ, առկա տեղեկատվության համաձայն, նա վճարում է «Դիյանեթի» հետ կապված Հոլանդիայի իսլամական հիմնադրամի անձնակազմի աշխատավարձը:

Թուրքիայի Կրոնական հիմնադրամի հետ գործընկերության շրջանակներում վերջին երկու տասնամյակների ընթացքում «Դիյանեթը» կառուցել կամ հիմնովին վերականգնել է մզկիթներ Ադրբեջանում, Բելառուսում, Բոսնիայում, Հյուսիսային Կիպրոսում, Ճապոնիայում, Ղազախստանում, Կոսովոյում, Ղրղզստանում, Ռուսաստանում, Թուրքմենստանում, Ուկրաինայում եւ այլ երկրներում:

ԱՄՆ-ում գործող՝ Մշակույթի եւ քաղաքակրթության թրքական կենտրոնը (ՄՔԹԿ) Լենհեմում (Մերիլենդ՝ Վաշինգտոնից 14 մղոն հեռու) կառուցվող մեծ մզկիթի շինարարության համար հատկացրել է 100 միլիոն դոլար: Այն Թուրքիայի կառավարության եւ Ամերիկայի թուրք համայնքի կենտրոնի համատեղ նախագիծն է: Վերջինիս ավելի վաղ կառուցված մզկիթն ուղղակիորեն առնչվում է Թուրքիայի Հանրապետության եւ «Դիյանեթի» հետ: Մի քանի ամիս առաջ վարչապետ Էրդողանը հանդիսավորապես մասնակցել է ՄՔԹԿ-ի շենքի հիմնաքար դնելու արարողությանը:

Ոչ մի իսկական աշխարհիկ պետություն այսպիսի գործերով չէր զբաղվի կամ կրոնական հողի վրա իր քաղաքացիներին չէր հալածի:

Կրոնական բռնաճնշումներ

Անցած տարի ԱՄՆ Կոնգրեսի հիմնադրած Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) Թուրքիային դասել է «առանձնակի մտահոգություն առաջացնող» երկրների շարքը՝ Բիրմայի, Չինաստանի, Պակիստանի եւ մեկ տասնյակ այլ նմանատիպ երկրների հետ միասին:

USCIRF-ը նշել է, որ Թուրքիան «էապես սահմանափակում է դավանանքի ազատությունը, հատկապես ոչ մահմեդական կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հույն, հայ եւ ասորի ուղղափառ, կաթոլիկ եւ բողոքական եկեղեցիների, ինչպես նաեւ հրեական համայնքի պարագայում»:

«Ոչ մահմեդական համայնքներին հոգեւորականներ նախապատրաստելու, կրոնական կրթություն ապահովելու, պաշտամունքային վայրեր ունենալու եւ պահպանելու իրավունքների սահմանափակումը հանգեցրել է փոքրամասնությունների թվի կրճատմանը, իսկ որոշ դեպքերում՝ նրանց փաստացի անհետացմանը»:

Ընդամենը 100 հազարի չափ մնացած քրիստոնյաների նկատմամբ այսպիսի դաժան վերաբերմունքը հատկապես դատապարտելի է, հաշվի առնելով այն, որ 1915-1923թթ. Թուրքիան իրականացրել էր քրիստոնյա բնիկ բնակչության՝ միլիոնավոր հայերի, հույների եւ ասորիների, ինչպես նաեւ կաթոլիկների ու բողոքականների ցեղասպանությունը:

Ոչ մահմեդականների հալածանքները շարունակվել են նույնիսկ 1923թ. Թուրքիայի Հանրապետության հաստատումից հետո: Որպես սոսկ մեկ օրինակ կարելի է հիշատակել Երկրորդ Աշխարհամարտի տարիներին գործած տխրահռչակ գույքահարկը (Varlik Vergisi), որը (հաճախ՝ եկամուտները գերազանցող) կողոպտիչ դրույքաչափերով ծանրանում էր քրիստոնյաների եւ հրեաների վրա: Անվճարունակ տղամարդիկ ուղարկվում էին աշխատանքային ճամբարներ. շատ ընտանիքներ ամբողջովին սնանկանում էին: Ի վերջո, միայն միջազգային բողոքն ի զորու եղավ կանգնեցնել հիշյալ ծրագիրը:

Վերջին տասնամյակների ընթացքում Թուրքիան գրավել է հազարավոր քրիստոնեական եկեղեցիներ, դպրոցներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, գերեզմանոցներ եւ այլ գույք:

Թեեւ միջազգային հանրության ճնշման տակ Թուրքիան վերջերս վերադարձրել է խլվածի փոքր բաժինը, գույքի մեծագույն մասը չի վերադարձվել ու հավանաբար չի էլ վերադարձվի:

Հին հայկական անթիվ եկեղեցիներ ու վանքեր, ինչպես, օրինակ, Սվասի Սբ. Մարկոս (Նշան) եկեղեցին, միտումնավոր ոչնչացվել, երբեմն նաեւ պայթեցվել են: Դրանցից շատերը վերածվել են գոմերի: Միայն այս տարի մզկիթների են վերածվել Իզնիկ եւ Տրաբզոն քաղաքների հին հունական տաճարները:

Ալավիտությունը՝ որպես կրոն, Թուրքիայում ունի 10-20 միլիոն հետեւորդ: Վերջինիս բարդ եւ որոշակիորեն առեղծվածային պաշտամունքը պարունակում է շիա իսլամի, սուֆիզմի, հեթանոսության եւ այլ հոգեւոր ու կրոնական ավանդույթների տարրեր: Ալավիներն աղոթում են ՙջեմեւի՚ կոչվող տներում: Ալավիներն ու իրենց ջեմեւիները թուրք կառավարության կողմից ճանաչված չեն: Ալավիներն էլ դեռեւս ապարդյուն բողոքում են:

Երկար ժամանակ ալավիները ենթարկվում էին խտրականության եւ անգամ դաժան հարձակումների, օրինակ՝ 1993թ. Սվազում ամբոխի կողմից սպանվել է 35 ալավի առաջնորդ: Այս տարի էլ Անկարայում բողոքի ցույցի ելած ալավիների դեմ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:

«Թղթի վրա Թուրքիան, թերեւս, իրոք ներկայանում է որպես աշխարհիկ պետություն, բայց միջազգային իրավունքի տեսանկյունից այն իրականում սուննի իսլամական պետություն է», – ասում է հայտնի ալավի Իզեթթին Դողանը: Սա, իհարկե, ճշմարտություն է, բայց երկրից դուրս Իզեթթին Դողանի պես մարդկանց խոսքերի վրա ոչ մի ուշադրություն չեն դարձնում:

Իրական աշխարհիկությունը

Որոշ թուրքեր կարծում են, որ իրենց երկիրն աշխարհիկ պետություն է, որովհետեւ «Դիյանեթի» գերիշխանությունը զերծ է պահում իսլամը ծայրահեղական միտումներից: Դրանում, թերեւս, կա նաեւ ճշմարտության հատիկ:

Սակայն, պիտի հաշվի առնել, որ աշխարհիկությունը ենթադրում է կրոնի եւ պետության միջեւ հարգալից տարածության պահպանում, իսկ Թուրքիան այս չափանիշին դեռեւս չի համապատասխանում: Թուրքիայի ներսում կրոնական հալածանքների եւ արտաքին քաղաքականության ոլորտում «Դիյանեթն» օգտագործելու համապատկերին աշխարհիկության հանդեպ հավակնությունները պարզապես մոլորություն են:

Թուրքիայի կառավարությունն ամբողջովին մերժում է աշխարհիկությունն ու կրոնական ազատությունը, ինչի մասին վկայում են վարչապետ Էրդողանի անհեթեթ հավակնությունները: Վերջինս երկու տարի առաջ հայտարարել էր, թե «Թուրքիան աշխարհիկ պետություն է, որտեղ բոլոր կրոնները հավասար են»:

Եթե Թուրքիան պատրաստվում է դառնալ աշխարհիկ պետություն, ապա նա պարտավոր է թույլատրել բոլոր կրոնների, այդ թվում եւ իսլամի ազատ գործունեությունը եւ երաշխավորել հավատացյալների՝ հալածանքներից ու բռնությունից զերծ մնալու իրավունքը: Թուրքիայի կառավարության կողմից ոչթուրք եւ ոչմահմեդական համայնքների նկատմամբ նախկին եւ ներկա սխալների ճանաչումն ու իրական հատուցումը պետք է լինեն այդ գործընթացի բաղադրիչը:

Քանի դեռ դա տեղի չի ունեցել՝ ԶԼՄ-ները, կառավարությունները, կրոնական առաջնորդները, գիտնականներն ու քաղաքագետները (հատկապես Արեւմուտքում) պետք է դադարեն աշխարհիկ պետություն դիտվելու՝ Թուրքիայի կեղծ հավակնությունները լուրջ ընդունել:

Share

Comments are closed.