Արցախի Հանրապետությանը ինստիտուցիոնալ փոփոխություններ են պետք

Տիգրան ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Ստեփանակերտ

Հանրահայտ տնտեսագետներ Դարոն Աճեմoղլուն եւ Ջեյմս Ռոբինսոնն իրենց «Ինչու են ազգերը ձախողվում» (“Why nations fail”) գրքում պետությունների բարգավաճման եւ ձախողման պատճառները բացատրում են քաղաքական եւ տնտեսական որոշ ինստիտուտների առկայությամբ ու բացակայությամբ: Այն երկրները, որոնց  քաղաքական համակարգերը գործիք են հանդիսանում նեղ էլիտաների ձեռքում` բնակչության մեծամասնությանը հարստահարելու համար, դատապարտված են տասնամյակներով դոփելու զարգացման գործընթացների հետնամասերում:

Աճեմօղլուն ու Ռոբինսոնը նշում են, որ յուրաքանչյուր հասարակության համար, որը ձգտում է կանգնել բարգավաճման ուղու վրա, առաջնային խնդիր է դառնում այդպիսի կեղեքիչ համակարգերի փոխարինումը  քաղաքական ինստիտուտներով, որոնք ընդունակ կլինեն կազմակերպել ազգային հարստության ու բարիքների արդարացի բաշխումը, հավասար հնարավորություններ ստեղծել բոլորի համար տնտեսության ոլորտում, պայքարել մենաշնորհների դեմ եւ այլն:

Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ իշխող համակարգերի դեմ պայքարի դուրս եկած քաղաքական ուժերն ու անհատներն իշխանության գալուց հետո շատ դեպքերում որդեգրում են իրենց նախորդների կողմից օգտագործվող  գործելաոճն ու քաղաքականությունը: Այսպես, Աֆրիկայում 20-րդ դարի կեսերին անկախացած գրեթե բոլոր երկրներում ազգային էլիտաները սկսեցին օգտագործել գաղութարարների  ստեղծած ինստիտուտները` սեփական ժողովրդին հարստահարելու համար: Կամ էլ, դիցուք, սոցիալիզմի դրոշի տակ միապետական կարգերի դեմ պայքարող ուժերը, որոնք, իշխանության հասնելով, փաստորեն դառնում էին նոր միապետներ: Այս երեւույթը տարածված էր երկրագնդի բոլոր մասերում` այդ թվում հետխորհրդային տարածքում։

Միգուցե նաեւ այդ հանգամանքի պատճառով է, որ արցախյան հասարակության մեջ բավականին մեծ տարածում է ստացել այն կարծիքը, ըստ որի՝ յուրաքանչյուր նոր իշխանություն փորձելու է օգտագործել իր դիրքն ու պաշտոնը` սեփական կամ նեղ-խմբակային շահերը բավարարելու համար: Հաճախ կարելի է հանդիպել «ով էլ լինի՝ այսպես է լինելու» արտահայտությանը` շփվելով հասարակության տարբեր շրջանակները ներկայացնող մարդկանց հետ: Սույն տեսակետի տարածված լինելը պայմանավորվում է նրանով, որ Արցախում թեեւ կատարվում էիշխանափոխություն, բայց պահպանվում է հին կառուցակարգային (ինստիտուցիոնալ) դասավորվածությունը: Ավելին, որոշ կառույցներ ընդհանրապես խորհրդային դարաշրջանից մեզ հասած անախրոնիզմի տպավորություն են թողնում (ինչպես,  օրինակ,  ԱԱԾ-ը, որն իր գործելաոճում երբեմն շատ քիչ է տարբերվում խորհրդային ՊԱԿ-ից): Եվ բնական է, որ իշխանության ճյուղերի իրական բաժանման եւ փոխադարձ վերահսկողության բացակայության, ինչպես նաեւ հասարակության կողմից իշխանություններին վերահսկող ինստիտուտների բացակայության պայմաններում նույնիսկ ամենաազնիվ ու բարոյական վեհ արժեքներ դավանող կուսակցություններն ու գործիչները կարող են հրապուրվել ընձեռված գրեթե անսահմանափակ հնարավորություններով եւ, դառնալով համակարգի զոհ, հետին պլան մղել ազգային շահերի առաջնայնության սկզբունքը: Ինչպես ասում էր անգլիացի հանրահայտ քաղաքական գործիչ Լորդ Աքթոնը` «Իշխանությունը փչացնում է, իսկ բացարձակ իշխանությունը բացարձակապես է փչացնում»:

Այսպիսով, երկրի զարգացման գրավականը գտնվում է ոչ թե զուտ իշխանափոխության, այլ, օգտագործելով Աճեմօղլուի եւ Ռոբինսոնի եզրաբանությունը, ներառող (inclusive) քաղաքական ինստիտուտների ձեւավորման ու կայացման մեջ: Սակայն նոր որակի քաղաքական ինստիտուտները գրեթե երբեք չեն ձեւավորվում վերեւից: Դրանք միշտ հանդիսանում են ներքեւների քաղաքացիական հասունության ու պատասխանատվության արգասիքը:

ԼՂՀ պարագայում չափազանց կարեւոր է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի, որ քաղաքական իշխանություն իրականցնող անձինք աստվածային ծագում չունեն: Նրանք հանդիսանում են հանրային միջոցներով վարձատրվող աշխատողներ, որոնք ռեսուրսների աննպատակ օգտագործման, պաշտոնի չարաշահման, արդյունավետության բացակայության դեպքում կարող են հեռացվել աշխատանքից իրենց գործատուի` հասարակության կողմից: Իսկ վերոհիշյալ տեսակետին, թե «ով էլ լինի՝ այսպես էլինելու» կարելի է պատասխանել՝ այո, այսպիսին է լինելու, եթե մենք այսպիսին լինենք:

 

Share

Comments are closed.