Ուկրաիներենի դասերը․ ամեն ինչ որոշում է քաղաքացու կամքը

«Ուկրաինայում դեռ չեն մեռել փառքն ու կամքը,
Դեռ, երիտասարդ եղբայրնե՜ր, մեզ կժպտա բախտը»

                                      Ուկրաինայի օրհներգից

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
Առաջին լրատվական՝ 1in.am-ի
ռուսական ծառայության խմբագիր
Երեւան

Ու որքա՜ն ճիշտ էր ամեն ինչ սկսվում։ Ուկրաինական ազգն անցել է Կրեմլի աշխատասենյակների բնակիչներին բազում անքուն գիշերներ պատճառած 2004թ․ Նարնջագույն հեղափոխության միջով, կանգնելով Մայդանում այն ժամանակ, երբ հասկացել է, որ իրեն պարտադրում են կեղծված նախագահական ընտրությունների արդյունքները, իսկ Կրեմլն էլ, չսպասելով վերջնական արդյունքներին, երկու անգամ շնորհավորել էր կեղծարարներին։

Արդյունքում եղել է այնպես, ինչպես կամեցել է Մայդանը եւ ոչ թե Կրեմլը, կամ 90-ականների համատարած սեփականաշնորհման ալիքի հիման վրա ձեւավորված ուկրաինական օլիգարխիկ կլանները։ Մենք հիշում ենք այն օրերը, երբ երկրի գործող նախագահ Լեոնիդ Կուչման (ի պատիվ նրա շեշտենք այս հանգամանքը) հրաժարվել է ճգնաժամի ուժային հանգուցալուծման գաղափարից, որին նրան մղում էին իր չափազանց նախանձախնդիր խորհրդականները։ Այսպես, Ուկրաինայում ձեւավորվել է քաղաքական եւ քաղաքացիական մի ավանդույթ, ըստ որի քաղաքացիների կամքն օրենք է քաղաքական գործիչների համար՝ լինեն նրանք գործող կամ նախկին նախագահ, երկրի բարձրագույն իշխանությանը հավակնած հաջողակ կամ չկայացած հավակնորդներ։

Թե ինչու Նարնջագույն հեղափոխությունը երկրում արմատական փոփոխությունների չի հանգեցրել՝ ի տարբերություն Ուկրաինայից դեպի Արեւմուտք ընկած ավելի հաջողված հարեւանների, ինչպես նաեւ այն հարցը, թե ինչու են հեղափոխության առաջնորդներն իրենց ողջ կորովը մսխել միջանձնային հարաբերությունների պարզաբանման եւ ոչ թե երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման վրա՝ առանձին խոսակցության թեմա է։ Այնուամենայնիվ, չի կարելի ժխտել գլխավորը՝ 2004թ․ թեժ օրերին ուկրաինական սեւահողում ցանված Ազատության սերմերն աճեցրել են մի սերունդ, որն ամբողջությամբ մերժել է «մալոռոսի մշակույթն» ու բարդույթները՝ ներծծվելով ուկրաինական պետականության եւ քաղաքացիական իմաստով՝ ուկրաինական ազգի գաղափարով։

Անգամ 2004թ․ խայտառակորեն մերժված Յանուկովիչին հետ բերած Տերմիդորը դանդաղեցրել, բայց չի խաթարել համազգային քաղաքական էվոլյուցիայի կանխորոշված ուղին։

Ընդհուպ մինչեւ Ասոցացման պայմանագիր ընդլայնված՝ ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագիրը, բնականաբար, նախ հասցեագրված էր Ուկրաինային՝ որպես Նոր Արեւելյան Եվրոպայի ամենահզոր երկրին։ Այն՝ որպես կողպեքի բանալի, համապատասխանում էր ուկրաինական ազգի ձեւավորված իրողություններին, բուն պահանջարկին եւ քաղաքակրթական ընտրությանը։ Երկրում այս հարցի շուրջ ոչ միայն փոխադարձ համաձայնություն է ձեւավորվել իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության միջեւ, այլեւ օրենսդրորեն ամրագրվել է երկրի եվրաինտեգրման ուղեգիծը։

Դրան զուգահեռ Պուտինի վերադարձով եւ նրա երրորդ՝ այս անգամ վեցամյա ժամկետով «վերընտրմամբ» հարեւան Ռուսաստանում արմատացել են հակադիր միտումներ։ Երկրում կտրուկ ուժեղացել են քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ֊-ների դեմ բռնաճնշումները, պոպուլիզմը, հակաարեւմտյան «գաղափարախոսությունը»․ արտաքին քաղաքական նախապատվություն են հռչակվել հետխորհրդային տարածությունում «մեղմացված ԽՍՀՄ» դիմագծեր ստացած, այսպես կոչված, «ինտեգրացիոն նախագծերը»։

Այս համապատկերում նախկին նախագահ Լ․Կուչմայի՝ «Ուկրաինան Ռուսաստան չէ» պարզ բանաձեւը ձեռք է բերել չտեսնված կոնտրաստ։ Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովին, երբ սեղանին էր դրված վերջնական նախաստորագրմանը պատրաստ Ասոցացման պայմանագիրն ու ԵՄ հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը, Ուկրաինան արդեն ներկայանում էր իր առավելագույնս «ոչ Ռուսաստան» կարգավիճակով։  Դրանից երեք ամիս առաջ Պուտինը բռիաբար «կոտրել» է Հայաստան-ԵՄ մոտ չորսամյա բանակցային գործընթացը՝ փաստացի հարկադրելով Սերժ Սարգսյանին 2013թ․ սեպտեմբերի 3-ին հայտարարել այսպես կոչված Մաքսային Միությանն անդամակցելու «ցանկության» մասին։ Դրանից հետո Ուկրաինան տրամաբանորեն Կրեմլի կողմից նմանատիպ բռի ճնշման հաջորդ օբյեկտն է դարձել։

Նախագահ Յանուկովիչի՝ տարբեր պատճառաբանություններով Ասոցացման պայմանագիրը ստորագրել հրաժարվելուց հետո Մայդանն անխուսափելիորեն պետք է հարություն առներ։ Փաստ է, որ այդ անխուսափելիությունը չեն հասկացել ո՛չ Մոսկվայում, ո՛չ էլ Յանուկովիչի շրջապատում։ Քաղաքացիական գիտակցության մեջ Նարնջագույն հեղափոխության ծիլերն ու հիմնադրած քաղաքական ավանդույթները հարյուր հազարավոր հասկերի՝ Կիեւի Անկախության հրապարակում միավորված բողոքավորների են կյանքի կոչել՝ թե՛ մայրաքաղաքի, եւ թե՛ ողջ երկրի խոշոր քաղաքների «մայդաններում»։

Եթե հետխորհրդային հասարակություններում բողոքը կառուցակարգվում էր խարիզմատիկ առաջնորդների շուրջ, ապա Ուկրաինան բացառություն է դարձել. այստեղ խորհրդարանական ընդդիմության առաջնորդող եռյակին ու քաղբանտարկյալ Յուլիա Տիմոշենկոյին ավելի շուտ վերապահված էր Մայդանի դեսպանի ու պատգամաբերի դերակատարումը, իսկ գլխավոր դերում էր Նորին Գերազանցություն Քաղաքացին։ Հենց նա է իր հեղափոխական ստեղծագործականությամբ երեք ամսվա ընթացքում ցույց տվել ինքնակազմակերպման հրաշքներ՝ ապահովելով պարենային, բժշկական, կարգապահական եւ տեղեկատվական արդյունավետ համակարգեր, ձեւավորելով Ժողովրդական ինքնապաշտպանություն եւ երեք անգամ մարդկանց կյանքի գնով դիմակայելով գազազած «Բերկուտին» եւ անպատիժ «տիտուշկաներին»։ Հենց նրա ամրությունն է ստիպել իշխանությանը հրաժեշտ տալ երկիրը սնանկության եզրին հասցրած վարչապետին՝ չեզոքացնելով խորհրդարանական ընդդիմության առաջնորդների բանակցային մարտավարության ակնհայտ թերությունները եւ պաշտոնների խոստումների տեսքով իշխանության մատուցած գայթակղությունները։ Հենց նրա Կամքն է 2014թ. փետրվարի 18-ի լույս 19֊-ի գիշերը պաշտպանել Մայդանը, երբ թվում էր, թե ամեն ինչ անհույս է։ Հենց նրա անկոտրումությունն է հարկադրել օլիգարխներին հայտարարելու ճգնաժամի հանգուցալուծման ուժային տարբերակների բացառման վերաբերյալ այն ժամանակ, երբ ուժային կառույցներն ու իշխանության կաշառած քրեական խուժանը սեփական ժողովրդի դեմ ահաբեկչություն էին սանձազերծում։ Եվ, ի վերջո, հենց այդ Քաղաքացու՝ Կրեմլի լծի տակ վերադարձը բացառելու արյամբ հաստատված կամքն է ստիպում եվրոպական առաջնորդներին  գործել կտրուկ, հարգել ուկրաինացիների քաղաքակրթական ընտրությունը եւ չղեկավարվել Պուտինի վարչակարգի ճնշմամբ՝ Վաշինգտոնում «վերբեռնումային» տրամադրությունների համապատկերում։ Կիեւում, Լվովում, Տեռնոպոլում եւ այլ քաղաքներում Նախախնամության կամոք Քաղաքացուն է վերապահվել պայքարը ոչ միայն ազատ, անկախ, ինքնիշխան եւ եվրոպական Ուկրաինայի, այլեւ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի եւ Բելառուսի համար։ Մայդանի բարիկադներում հազարավոր անվադողերի բոցում մոխրանում էին Կրեմլի այլեւայլ «մաքսային միությունների» տեսաբանների նորակայսերական ցնորային գաղափարները։

Լրանում է Մարտի 1-ի եղեռնագործության վեցերորդ տարեդարձը։ Հայաստանի քաղաքացիները 2008թ. մարտի 1-ին Երեւանի կենտրոնում գնդակահարվել եւ բռնորեն հալածվել են՝ Մոսկվայի կողմից հովանավորվող քրեաօլիգարխիկ վարչակարգի դեմ ընդվզելու համար, վարչակարգ, որն իր կառավարման ընթացքում հասցրել է երկիրը դարձնել պուտինյան Ռուսաստանի վասալ՝ սեփական անխոչընդոտ վերարտադրման «թույլտվության» դիմաց։ Երեւանի կենտրոնում համաժողովրդական շարժումը ճնշելու համար իշխանությունները ներգրավել են ոչ միայն ոստիկանությունը, այլեւ բանակը, դիպուկահարներին եւ զինվորական համազգեստ հագած քրեականներին։ Այն ժամանակ զոհվել է 10 հոգի, բայց ցայսօր ոչ ոք պատասխանատվության ենթարկված չէ։ Այսօր Ուկրաինայում զոհվածների թիվը տասնյակների է հասնում։ Հավերժ փառք նրանց։ Փառք Հերոսներին։ Կասկած չկա, որ 30-ականների Գոլոդոմորի ցեղասպանությունից, 40-կանների եւ 50-ականների դաժանագույն բռնաճնշումներից եւ բռնարար ռուսականացման ստորացումից իր իսկ հոգին չկորցրած ուկրաինական ազգը կդիմագրավի ու կհաղթի։

Իսկ մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, պետք է դաս քաղենք եւ գիտակցենք, թե ինչում է կայանում Ուկրաինական Դիմադրության ուժը։ Դա քաղաքացիների ինքնակազմակերպումն է։

Միայն քաղաքացիական ինքնակազմակերպման անհրաժեշտ մակարդակն է ունակ դարբնելու արդի արատավոր համակարգին եւ առկա «արժեքներին» հակադիր արժեքային եւ կառուցվածքային մակարդակ։ Նոր՝ չգրված կանոնները եւ անկախ քաղաքացիական գոյության էթիկան կարող են յուրաքանչյուրիս մեջ ներծծվել միայն ինքնակազմակերպման ճանապարհով, քանզի դեպի Եվրոպա ուղին սկսվում եւ անցնում է հենց յուրաքանչյուրիս միջով։ Հարկ է պարզապես սկսել եւ անցնել այն,  որպեսզի արժանավոր եւ հանուն Ազատության ու Անկախության պայքարի դարավոր մաքառմամբ վաստակված տեղն ունենանք քաղաքակիրթ ազգերի եվրոպական ընտանիքում։

 

 

Share

Comments are closed.