ՀՀ արտաքին-տնտեսական զարգացման հնարավոր ճանապարհներն ու հիմնական առանձնահատկությունները

GhazaryanՎահագն ՂԱԶԱՐՅԱՆ
Անկախ փորձագետ
Երեւան

Արտաքին առեւտուրը կարգավորող միջազգային նորմերը սահմանում են առեւտրատնտեսական հարաբերությունների կարգավորման որոշակի ձեւաչափեր եւ պահանջներ.

– Չկարգավորված առեւտուր
– Առավել բարենպաստության ռեժիմ
– Արտոնյալ առեւտուր
. Սահմանային առեւտուր
. Արտոնությունների տրամադրում
– Ազատ առեւտրի ռեժիմ
– Մաքսային միություն
– Տնտեսական միություն

Այս առեւտրատնտեսական ձեւաչափերը ենթադրում են ինտեգրման տարբեր մակարդակներ:

Ներկա իրավիճակ

ՀՀ առեւտրատնտեսական դաշտը կարգավորող առկա իրավապայմանագրային դաշտը հիմնականում բաղկացած է (բազմակողմ ձեւաչափով) Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) ՀՀ-ի անդամակցության արդյունքում ՀՀ-ի կողմից ստանձնած պարտավորություններից եւ ԱՀԿ համապատասխան համաձայնագրերից, երկկողմ ձեւաչափով` ԱՊՀ երկրների շրջանակներում կնքված ազատ առեւտրի համաձայնագրերից, ԵՄ-ի հետ գործող Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրից (ԳՀՀ), ԱՄՆ-ի հետ գործող երկկողմ Task Force ձեւաչափով, ինչպես նաեւ մի շարք այլ համաձայնագրերից:

ՀՀ-ն անկախությունից ի վեր արտաքին-տնտեսական քաղաքականությունը ձեւավորելիս հայտարարել է եվրոպական արժեքների առաջնայնությունը, ազատ մրցակցային շուկայի ձեւավորման անհրաժեշտությունը, զարգացած երկրներում առաջադեմ մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը եւ այլն:

Առեւտրատնտեսական դաշտը կարգավորող ՀՀ օրենսդրությունը մշտապես կրել է եվրոպական բարձր չափանիշներին մոտարկվելու միտում, եւ ՀՀ օրենսդրության բարելավման աշխատանքները մշտապես ուղղորդվել են ԵՄ չափանիշներով: Այլ երկրների հետ ՀՀ առեւտրատնտեսական հարաբերությունները սահմանափակվել են ոչ թէ օրենսդրության մոտարկմամբ, այլ տնտեսություններում ընդունված չափանիշների փոխադարձ ճանաչման սկզբունքներով, ինչն ամրագրված է եղել գործող պայմանագրերով:

ՀՀ-ԵՄ առեւտրատնտեսական հարաբերությունները կարգավորող իրավապայմանագրային հիմքերը դրվել են դեռ 1996թ. Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի (ԳՀՀ) ստորագրմամբ, որը ուժի մեջ է մտել 1999թ.: ԳՀՀ համաձայնագիրը հանդիսանում է ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող հիմնական փաստաթուղթը:

Միեւնույն ժամանակ, 2004թ. ԵՄ-ի կողմից ՀՀ-ի ընդգրկումը Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում ստեղծեց համագործակցության նոր հիմքեր, տեղափոխելով ՀՀ-ին գործընկեր-համագործակցող երկրից դեպի «Հարեւան երկիր» կարգավիճակի: Այդ քաղաքականության իրականացման նպատակով կողմերի ջանքերով մշակվեց եւ հաստատվեց ԵՄ-ՀՀ ԵՀՔ գործողությունների հնգամյա ծրագիրը, որի իրականացման համար ԵՄ-ի կողմից տրամադրվում էր ֆինանսական եւ տեխնիկական օժանդակություն: Հայաստանը հետագայում ներգրավվեց նաեւ Արեւելյան գործընկերության ծրագրում, որի շրջանակներում նույնպես ԵՄ-ի կողմից ցուցաբերվում էր որոշակի օժանդակություն:

2010թ. պաշտոնապես մեկնարկեցին ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունները: Համաձայնագիրը կոչված էր փոխարինելու գործող ԳՀՀ-ն, որի դրույթներն արդեն իսկ ՀՀ-ԵՄ հարաբերությունների կարգավորման համար հնացած էին: Այդ համաձայնագրի բաղկացուցիչ մասն էր կազմում Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը (ԽՀԱԱՀ): Այդ համաձայնագրի առանձնահատկություններից էր ՀՀ տնտեսությունը կարգավորող օրենսդրության մոտարկումը ԵՄ չափանիշներին, ինչի համար ԵՄ-ի կողմից տրամադրվում էր զգալի օժանդակություն:

ԽՀԱԱՀ առանձնահատկությունները հաշվի առնելով` հարկ է նշել, որ այդ համաձայնագիրը երկկողմ համաձայնագիր էր, եւ դրա կարգավորման առարկան միայն ՀՀ-ԵՄ առեւտրատնտեսական հարաբերություններն էին:

ԽՀԱԱՀ կնքմամբ ՀՀ-ն հնարավորություն կունենար ԵՄ-ի հետ առեւտրում ապահովել ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժ: Այդ համաձայնագրի դրույթների կիրառման արդյունքում ոչ ՀՀ-ի, ոչ էլ ԵՄ-ի կողմից չէին գանձվի ներմուծման մաքսատուրքեր, փոխադարձ առեւտրում կնվազեցվեին տեխնիկական  (ոչ տարիֆային) արգելքները:

Միեւնույն ժամանակ, ԽՀԱԱՀ առկայությունը երրորդ երկրների հետ ՀՀ-ի առեւտրատնտեսական հարաբերությունների վրա չէր կարող ունենալ ոչ մի բացասական ազդեցություն: ՀՀ-ն ազատ կլիներ այլ երկրների հետ շարունակելու իր ինքնուրույն առեւտրատնտեսական քաղաքականությունը; տնտեսական շահերից ելնելով սահմանելու արտաքին մաքսատուրքեր; կիրառելու այլ միջոցառումներ; շարունակելու նպաստավոր առեւտրային ռեժիմի կիրառումը ԱՊՀ երկրների շրջանակում (գործող երկկողմ Ազատ առեւտրի համաձայնագրերի հիման վրա); շարունակելու իր առեւտրատնտեսական բանակցությունները երրորդ երկրների հետ: Ինչպես նաեւ կշարունակեր իր ինքնուրույն անդամակցությունը  ԱՀԿ-ին` ՀՀ դրոշի եւ ձայնի իրավունքի պաշտպանմամբ:

Հակառակ այս ամենի` 2013թ, սեպտեմբերին ՀՀ նախագահը հայտարարեց, որ ՀՀ-ն ցանկանում է միանալ ՌԴ-ի, Ղազախստանի եւ Բելառուսի միջեւ ձեւավորված Մաքսային միությանը, հետագայում Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ դառնալու ակնկալիքով: Վերջինս հանդիսացավ ԵՄ պաշտոնյաների զարմանքի եւ ՀՀ-ի հանդեպ  վստահության կորստի առարկա:  Ս.թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվեց ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության փաստաթուղթը, ինչի արդյունքում ՀՀ-ն 2015թ. հունվարի 1-ից կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ:

Ի տարբերություն Ազատ առեւտրի համաձայնագրերի` Մաքսային միություններին/տնտեսական միության անդամակցությունը ենթադրում է անդամ երկրներում միասնական մաքսային/տնտեսական տարածքի ստեղծում: Միասնական մաքսային տարածքի ստեղծումը ենթադրում է անդամ երկրների մաքսային տարածք ներմուծվող ապրանքների համար նույնական մոտեցման ցուցաբերում, ինչը նշանակում է, որ ներմուծվող ապրանքների նկատմամբ կկիրառվեն մաքսատուրքերի միասնական դրույքաչափեր եւ ոչ տարիֆային կարգավորման համանման պահանջներ: Հետագայում մաքսային միության տարածքով ապրանքների տեղափոխումը չի ենթարկվի սահմանային արգելքների եւ ձեւակերպումների: Սակայն, այդ ապրանքների շուկայահանման դեպքում ՄՄ անդամ երկրներում այդ ապրանքները՝ հարկման եւ ստանդարտացման պահանջների համապատասխանեցման նպատակով կենթարկվեն ներպետական ընթացակարգերի: Մաքսային միությունների ձեւավորման հիմնական նպատակն է նվազեցնել ապրանքների մաքսային ձեւակերպումների ծախսերը եւ ապահովել ընդհանուր մաքսային սահման ունեցող երկրների տնտեսական ինտեգրումը:

Տնտեսական ինտեգրման առավել բարձր մակարդակ են հանդիսանում տնտեսական միությունները, որոնք իրենց մաքսային տարածքների ներքո ապահովում են ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժ, կարող են նաեւ հետապնդել աշխատուժի ազատ տեղաշարժի դրույթներ:

Հայաստանը, անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, պարտավորվում է վարել այդ միության կողմից իրականացվող առեւտրատնտեսական քաղաքականություն, մասնավորապես` ԵՏՄ անդամ երկրներում պետք է ապահովվի հետեւյալ նույնական մոտեցումները.

– Մաքսատուրքերի նույնական դրույքաչափեր
– Ներմուծման ձեւակերպումների նմանատիպ պահանջներ
– Ստանդարտացման, սանիտարական եւ ֆիտոսանիտարական նույն պահանջներ
– Հակագնագցման, փոխհատուցումների տրամադրման, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության, ձեռնարկությունների գրանցման եւ մնացած հիմնական առեւտրատնտեսական բոլոր ոլորտների նույնականացում:

ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պարագայում առաջացող խնդիրներն ու մարտահրավերները

ԵՏՄ-ին ՀՀ անդամակցելու խնդիրներից հարկ է առանձնացնել մի քանիսը.

– ՀՀ-ի եւ ԵՏՄ-ի ընդհանուր մաքսային սահմանի բացակայությունը, ինչը կբացառի ՀՀ-ին օգտվել միասնական մաքսային տարածք ունենալու գաղափարից եւ թույլ չի տա ապահովել ԵՏՄ-ի հիմնական առավելությունը, այն է՝ ապրանքների ազատ տեղաշարժը: Ընդհանուր սահմանի բացակայությունը նշանակում է, որ ՀՀ եւ ԵՏՄ անդամ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն իրականացվելու է երրորդ երկրների միջոցով եւ ենթարկվելու է մաքսային ձեւակերպումների:

– ՀՀ-ում եւ ԵՏՄ անդամ երկրներում մաքսատուրքերը ձեւավորված են տարբեր սկզբունքներով: ՀՀ-ն, չունենալով բնական պաշարներ, իր արտաքին քաղաքականությունը ձեւավորել է ներմուծող ռեսուրսների նկատմամբ ցածր մաքսատուրքերի կիրառման սկզբունքով, իսկ ԵՏՄ անդամ երկրները, որոնք ունեն բնական պաշարներ, իրենց շուկաները պաշտպանելու նպատակով սահմանել են ներմուծվող ռեսուրսների նկատմամբ բարձր մաքսատուրքեր: Անդամակցելով ԵՏՄ-ին՝ ՀՀ-ն պարտավորվում է նույնպես բարձրացնել իր մաքսատուրքերը, ինչը չի բխում ՀՀ ներկա առեւտրատնտեսական շահերից:

– ՀՀ առեւտրատնտեսական դաշտը կարգավորող օրենսդրությունը տարիներ շարունակ համապատասխանեցվել է ԵՄ օրենսդրությանը, իսկ ԵՏՄ անդամ երկրներինը՝ ոչ: Անդամկցելով ԵՏՄ-ին՝ ՀՀ-ն պարտավորվում է կիրառել ԵՏՄ-ում գործող օրենքները, որոնք շատ դեպքերում հիմնված են այլ սկզբունքների վրա, մասնավորապես` ՀՀ-ն չէր կիրառում ապրանքների պարտադիր ստանդարտացման մոտեցումներ, այլ կիրառում էր տեխնիկական կանոնակարգման մոտեցումներ, իսկ ԵՏՄ անդամ երկրներում դեռ գործում է ГОСТ համակարգը: Նույնը կարելի է ասել նաեւ Սանիտարական եւ ֆիտոսանիտարական պահանջների վերաբերյալ, որոնք ՀՀ-ում եւ ԵՏՄ-ում հիմնված են տարբեր սկզբունքների վրա:

– ՀՀ-ում եւ ԵՏՄ-ում զգալի տարբերվում են տնտեսական գործունեությամբ զբաղվելու թույլտվությունների համակարգերը: ՀՀ-ն որդեգրել էր ազատական քաղաքականություն, իսկ ԵՏՄ անդամ երկրներում դեռ գործում է հսկողական մոտեցումը, մասնավորապես` արտաքին-տնտեսական գործունեությամբ զբաղվելը ԵՏՄ երկրներում հանդիսանում է թույլտվության առարկա:

– Այլ երկրների հետ ՀՀ առեւտրատնտեսական պայմանագրերը կարող են մնալ ուժի մեջ միայն այն դեպքում, եթե ԵՏՄ անդամ երկները նույնպես ունենան նման պայմանագրեր, ինչը նշանակում է, որ ՀՀ-ն ԵՏՄ-ին անդամակցելուց հետո չի կարողանալու ինքնուրույն վարել առեւտրատնտեսական բանակցություններ: Այդ բանակցությունները կարող են իրականացվել միայն ԵՏՄ դրոշի ներքո:

Հանդիսանալով ԱՀԿ անդամ երկիր` ՀՀ-ն ներկայանում է այդ կազմակերպությունում որպես առանձին միավոր եւ իր դրոշի ներքո մասնակցում է այդ կազմակերպության որոշումների կայացմանը: Անդամակցելով ԵՏՄ-ին՝ ՀՀ-ն նախ պարտավորվում է վերաբանակցել իր իսկ ստանձնած պարտավորությունները եւ այսուհետ ԱՀԿ-ին ներկայանալ ԵՏՄ դրոշի ներքո: Սակայն, քանի որ ԱՀԿ անդամ է միայն Ռուսաստանը, ապա ԵՏՄ անդամ երկրների շահերն այդ կազմակերպությունում ներկայացվում են միայն ՌԴ-ի կողմից:

ԵՏՄ-ին անդամակցելով` ՀՀ-ն զրկվում է ինքնուրույն արտաքին առեւտրատնտեսական քաղաքականություն իրականացնելու հնարավորությունից, պատվիրակելով այդ իրավունքը ԵՏՄ խորհրդին:

table

Share

Comments are closed.