Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր
Ստեփանակերտ
Որպես նախաբան
Սրանից ուղիղ 95 տարի առաջ` 1920 թվականի մարտին տեղի ունեցավ Շուշիի հայության կոտորածը: Արցախյան և ընդհանրապես` հայկական մամուլում այս ողբերգությանը շատ են անդրադարձել, գրվել են գրքեր, հրապարակվել են ուսումնասիրություններ: Աննշան բացառություններով` դրանց հիմնական լեյտմոտիվը հետևյալն է. ադրբեջանցիներն ու թուրքերը մեթոդաբար ոչնչացրել են Շուշիի ու շրջակայքի հայերին, անգլիացիների թողտվությամբ և աջակցությամբ փորձելով Ղարաբաղը ենթարկեցնել Ադրբեջանին:
Սույն հոդվածի նպատակը նշյալ պնդումները ժխտելը չէ: Իրոք` ադրբեջանցիներն ու թուրքերը ծրագրված ձևով իրականացրել են հայերի կոտորածները և իրոք` տարածաշրջանում անգլիական միսիան աջակցում էր Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ մտցնելու ջանքերին: Պարզապես քանի որ պատմությունը երբեք էլ չի տրվում միայն սև-սպիտակ գույներով ներկայացվելուն` կփորձենք ներառել այլ գույներ ևս: Մասնավորապես, Շուշիի կոտորածին առնչվող հայկական դիսկուրսում չկա երեք կարևոր հանգամանք: Առաջին` Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հարաբերություններն այդ ժամանակահատվածում, իսկ ավելի ստույգ` Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը ԼՂ-ի պատկանելության հարցում: Երկրորդ` ինչու՞ են անգլիացիները Ղարաբաղի պատկանելության հարցում սատարել մուսավաթականներին, նրանք հայերի թշնամիներն ու ադրբեջանցիների բարեկամնե՞րն էին, թե՞ այդ վերաբերմունքը աշխարհաքաղաքական զարգացումների ու պլանների մի մասն էր սոսկ: Երրորդ` ո՞վ է տվել Շուշիի կոտորածի առիթը (առիթը` ոչ պատճառը), այլ կերպ` ի՞նչ էին անում հայերն այդ չարագուժակ օրը: Այս երեք հանգամանքներն ընդունված չէ մեզ մոտ քննարկել, մինչդեռ ուշագրավ շատ դրվագներ կան, որոնք կարող են լույս սփռել այս և այլ հանգամանքների վրա` հայերիս ներկա սերնդին մղելով անաչառ դիտարկելու մոտ մեկ դար առաջ կատարված անցքերը և ճշմարիտ դասեր քա ղելու դրանցից:
Արցախ-Հայաստան
Առաջին տպավորությամբ` ի՞նչ մի նոր կամ արտառոց բան կարող է լինել այստեղ: Պարզ չէ՞, որ հայերը, Հայաստանի կառավարությունն իրենցից կախված ամեն ինչ արել են, որպեսզի Շուշիում և ողջ Լեռնային Ղարաբաղում խուսափեն կոտորածից և ապահովեն հայկական այս երկրամասի միացումը մայր հայրենիքին` Հայաստանին: Պարզվում է, սակայն, որ ամեն ինչ միանշանակ չէ այս հարցում:
Այն ժամանակներում Արցախից հնչած հայտարարություններում, ուղարկված նամակներում բավականին կոշտ քննադատություն կա Հայաստանի կառավարության հասցեին, ավելին` կա ահավոր մեղադրանք` դավաճանություն արցախցիների շահերին: Սոսկ մեկ օրինակ: 1919թ. մարտի 19-ին` Շուշիի կոտորածից ուղիղ մեկ տարի առաջ, Ղարաբաղի հայկական Ազգային խորհուրդը նամակ է հղում Զանգեզուրի և Ղարաբաղի հարցերով գեներալ-կոմիսարին, որում պատմում է արցախահայության վիճակի, Ադրբեջանի զավթողական նպատակների և Հայաստանի Հանրապետության դիրքորոշման մասին: Այն լույս է սփռում մի շարք կարևորագույն հարցերի վրա: Նամակում ասվում է, որ փետրվարի կեսերին ադրբեջանական կառավարությունը` Բաքվում անգլիական զորքերի հրամանատար գեներալ Թոմսոնի համաձայնությամբ, Ղարաբաղի և Զանգեզուրի գեներալ-նահանգապետի պաշտոնում նշանակել է դոկտոր Խոսրովբեկ Սուլթանովին: Նույն օրերին Շուշիում կայացել է Ղարաբաղի հայերի 4-րդ ազգային համագումարը, որը ադրբեջանական ոտնձգությունների դեմ հաստատակամորեն բողոքել է տեղի անգլիական միսիային, հեռագրել գեներալ Թոմսոնին, Բաքվի հայ ազգային խորհրդին և Արարատյան հանրապետությանը: Համագումարը պարզ ու հստակ հայտարարել է, որ Ղարաբաղի հայերը երբեք չեն ենթարկվել ադրբեջանական կառավարությանը և որ նույնիսկ թուրքական կանոնավոր բանակին չի հաջողվել կոտրել իրենց կամքը: Նամակում նաև ասվում է, որ բոլոր բողոքները մնացել են ձայն բարբառո հանապատի: Ոչ նախորդ տարվա դեկտեմբերից մինչև փետրվար գործած Ժամանակավոր ազգային խորհուրդը և ոչ էլ 4-րդ համագումարի կողմից ընտրված խորհուրդը հնարավորություն չեն ունեցել ներկայացուցիչներ ուղարկել Երևան` Արարատյան հանրապետությանը տեղյակ պահելու համար կատարվող դեպքերի մասին: Նամակում ասվում է, որ Արարատյան հանրապետությունը մինչ այժմ հանցավոր ու դատապարտելի անտարբերություն է ցուցաբերել Ղարաբաղի նկատմամբ, որը հայկական մարզերից մեկն է և որի բնակչության 90 տոկոսը հայեր են: Ղարաբաղի հայերը, ըստ նամակագիրների, վերջին երեք ամիսների ընթացքում իրենց հայացքն ուղղում են Արարատյան Հանրապետությանը, ակնակալելով, որ վերջինս լուրջ քայլեր կձեռնարկի իր ազդեցությունն Արցախում տարածելու համար, սակայն նրանց հույսերն ի չիք են դարձել, քանի որ Արարատյան հանրապետությունը բացարձակապես մոռացության է մատնել Ղարաբաղը, շատ է ուշացել Ղարաբաղի և Զանգեզուրի հարցերով գեներալ-կոմիարիատ ստեղծելու հարցում, և այդ ուշացած քայլը շատ է վնասել գործին: Նամակագիրները հայտնում են, որ ադրբեջանական կառավարությունն օրեցոր նորանոր ուժեր և մեծ քանակությամբ զինամթերք է զետեղում Խանքենդիում և այս ամենն իրականացնում է որոշակի ծրագրով ու նպատակաուղղված, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի միջոց չի ձեռնարկում: Թոմսոնի հրամանին հակառակ` Ադրբեջանը զորքերի տեղաշարժ է կատարում, ագրեսիվ քայլեր է անում, իսկ Հայաստանի Հանրապետությունը կատարյալ լռություն է պահպանում: Անգլիական հրամանատարությունը կապել է մեր ոտնուձեռը, ասվում է նամակում, և մենք չենք կարող ազդել Ադրբեջանի վրա, քանի որ օրինականության գերին ենք դարձել: Նամակն ավարտվում է հետևյալ կերպ. քանի դեռ ուշ չէ` Հայաստանի Հանրապետությունը պետք է լուրջ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի առաջխաղացումը կանգնեցնելու համար: Եթե ՀՀ-ն այսուհետ ևս լռություն պահպանի, ապա Ղարաբաղի հայերը դա որակելու են որպես դավաճանական քայլ` ուղղված Ղարաբաղ հայության դեմ: Նամակը ստորագրել են. նախագահ` Ե. Իշխանյան, քարտուղար` Մ. Եսայան (“Нагорный Карабах в 1918-1923 г.г.”, издательство АН Армении, Ереван, 1992. Отв. ред. – доктор исторических наук, профессор В.А. Микаелян”:
Ասել, որ Հայաստանը ոչինչ չէր անում` ճիշտ չէր լինի: 1919-ի ապրիլին Հայաստանի կառավարությունը փոխգնդապետ Արզումանյանին նշանակում է Ղարաբաղի գործերի ու կառավարման գծով բրիտանական հրամանատարության լիազորին առընթեր ներկայացուցիչ: Միաժամանակ, կառավարությունը դիմում է ամերիկյան հյուպատոսին եւ անգլիացիներին՝ պահանջելով, որ Լեռնային Ղարաբաղը չմտցվի Ադրբեջանի կազմի մեջ, եւ մարզի կառավարումը շարունակի իրականացնել Ազգային խորհուրդը: Հայաստանի կառավարությունը, մասնավորապես արտգործնախարարը պարբերաբար նոտաներ էր հղում` Ադրբեջանի արտգործնախարարին, Վրաստանի արտգործնախարարին, Մեծ Բրիտանիայի գլխավոր կոմիսարին և այլոց: Այնուամենայնիվ, չէր անում ամենակարևորը` զենք ու զինամթերք չէր ուղարկում Ղարաբաղի հայությանը և չէր կազմակերպում Ղարաբաղի հայերի զինված ինքնապաշտպանությունը, թեև ուներ դրա հնարավորությունները:
Իսկ ինչու՞ չէր անում: Տվյալ պարագայում ամենահեշտը Հայաստանի ղեկավարությանը անլրջության, անտեղյակության, անվճռականության, խնդրի կարևորությունը հասկանալու անզորության կամ պարզապես դավաճանության մեջ մեղադրելն է: Իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է: Այն, որ Հայաստանի ղեկավարությունը գիտակցաբար զոհել էր արցախահայության շահերը` գոնե ինձ համար միանշանակ է ու կասկած չի հարուցում: Բայց կարևոր է հասկանալ, թե հանուն ինչի՞ է զոհել և ի՞նչն է գերադասել այդ շահերից: Իսկ այստեղ ուշագրավ, ուղղակի ցնցող դրվագներ կան:
Ահա թե ինչ է գրում մեր հայրենակից պատմաբան Լեոն իր «Անցյալից» գրքում. «Մենք պահանջեցինք Ահարոնյանի Ազգային Խորհրդից, որ նա Ղարաբաղի կամ Զանգեզուրի հարցը դրված ժամանակ խորհրդակցության հրավիրի մեր հայրենակցական միության ներկայացուցիչներին` իբրեւ իրազեկ մարդկանց: Մեր այս պահանջը հայոց ազգի բախտի տնօրինողը դարձած Ահարոնյանը չբարեհաճեց կատարել: Իշխանավոր էր նրա Ազգային Խորհուրդը, իսկ իշխանավորը ժողովրդի կամք չի հարցնում, այլ իր կամքն է նրան ուտեցնում: Եվ ահա Քաջազնունին, Խատիսյանը եւ Պապաջանյանը, մարդիկ, որոնք ոչինչ հասկացողություն չունեին ո’չ Ղարաբաղի, ո’չ էլ Զանգեզուրի մասին, Բաթումի չարաղետ բանակցությունների միջոցին համաձայնություն են տալիս թուրքերին, որ Ղարաբաղը պատկանի Ադրբեջանին, իսկ Զանգեզուրը` Հայաստանին…Այս մի վերին աստիճանի թեթեւսոլիկ վարմունք էր: Ես հետո ճշտորեն տեղեկացա, թե ինչ նկատառումներով էին երեք իշխանավորներն այդպիսի վճիռ տվել: Գոնե մեկի` Քաջազնունու, վերաբերմամբ գիտեմ, որ նա ունեցել է այսպիսի մի մտադրություն` լեռները տալ ադրբեջանցիներին, իսկ ժողովրդին, ինչպես առողջ եւ քաջ մի տարր, գաղթեցնել Հայաստանի տափարակ տեղերը, այնտեղի թույլ եւ ջլատված ժողովրդի հետ խառնելու եւ այսպիսով նրա արյունը վերակենդանացնելու համար: Այս մասին ինձ հետ երկար խոսակցություն է ունեցել Քաջազնունու վարչապետության ժամանակ գյուղատնտես Կամսարականը, որ այն ժամանակ մի ինչ-որ խոշոր պաշտոն էր վարում հայոց կառավարության մեջ: Ղարաբաղի հայ ժողովրդին նա նայում էր անասնաբուծական տեսակետից` գտնելով, որ նա շատ լավ արտադրող (производитель) կհանդիսանա Հայաստանի համար: Ահա ինչ տեսակ պետական մարդիկ ունեինք մենք: Քանդել մի ամբողջ երկիր, տեղահան անել մի ամբողջ ժողովուրդ` մի ինչ-որ հրաշքով Հայաստանի` ջերմախտից հյուծվող եւ այլասերվող ժողովրդին առողջացնելու եւ ուժեղացնելու համար… Չէին հասկանում այս մարդիկ միջավայրի եւ աշխարհագրական պայմանների նշանակությունը»:
Սակայն սա մեդալի մի երեսն է միայն: Ղարաբաղի նկատմամբ Հայաստանի դաշնակցական ղեկավարության, մեղմ ասած, անտարբերությունը այլ երեսներ էլ ուներ: Նույն Լեոն գրում է, որ Ղարաբաղի կոտորածի մասին իրենք հեռագիր են ուղարկել նաեւ Փարիզ, «բայց ոչ թե Ահարոնյանի պատվիրակությանը, քանի որ գիտեինք նրա աշկարա անբայրացակամությունը Ղարաբաղի հարցի վերաբերմամբ, այլ Պողոս Նուբարի պատվիրակությանը»:
Սակայն, հանուն արդարության պիտի ասել, որ Հայաստանի ղեկավարությունն, այնուամենայնիվ, փորձում էր մանրևել և իր սեփական խաղը խաղալ:
Ահա թե ինչ է պատմում 1917-19թթ.Ղարաբաղի ժողովրդական կառավարության նախագահ Եղիշե Իշխանյանն իր «Ղարաբաղի ապստամբությունը» գրքում. «Անցեալ տարի… Յովհաննէս Քաջազնունին Ղարաբաղի Ազգային Խորհրդի անդամ Հրանդ Բահաթրեանին շատ պարզ կերպով ասել էր, որ Հայաստանի կառավարութիւնը ի վիճակի չէ, չի կարող Ադրբէջանի ոտնձգութիւնների առաջն առնել, ուստի յոյս չդնէք Հայաստանի կառավարութեան վրայ, բանակցութեան մէջ մտնենք Ադրբէջանի կառավարութեան հետ, ընդունենք նրա իշխանութիւնը, համաձայնութիւն կնքենք որոշ պայմաններով, սպասենք մինչև Վերսայլի վեհաԺողովի վերջնական որոշումը: Պայծառատես մարդ է Քաջազնունին, իր կառավարութեան վիճակը քաջ գիտէր, որ նման խորհուրդ էր տւել, և այսօր տխուր և վրդովեցուցիչ իրական փաստերը եկան հաստատելու Քաջազնունու ասածները և ապացուցին, թէ որքան ճիշտ ձև էր առաջարկել Ղարաբաղի վէճը վերացնելու համար»:
Ինչպես տեսնում եք` Արցախում ևս տարբեր կարծիքներ կային մարտավարական հարցերում: Ռազմավարական` Արցախը Հայաստանին պատկանելության հարցում տարաձայնություններ չկային, բայց կային տվյալ կոնկրետ պատմական պահին մանրևելու առաջարկներ:
Միայն Հայաստանի կառավարությունը չէ, որ այդպիսի դիրքորոշում ուներ Ղարաբաղի նկատմամբ: Այսօր էլ շատերին հետաքրքրում է այն հարցը, թե ինչու էր Ղարաբաղին օգնության շտապող Անդրանիկն իր գնդով անսպասելիորեն հետ դարձել: Ինչպես հայտնի է, Անդրանիկը Ղարաբաղի հայերի խնդրանքով Զանգեզուրից սկսեց շարժվել դեպի Շուշի: Գեներալ Թոմսոնի կողմից մի քանի անգլիական սպաներ ավտոմոբիլներով գնացին արդեն Շուշի հասնող Անդրանիկի մոտ եւ անգլիական հրամանատարության անունից առաջարկեցին նրան վերադառնալ Զանգեզուր: Լեոն կոշտ գնահատական է տալիս բրիտանացիների այս քայլին և հեգնում Անդրանիկին, ով, ըստ նրա, Անգլիայի վրա կույր վստահություն ուներ, ուստի և կատարեց այդ առաջարկը:
Այնուամենայնիվ, ինչու՞ էր Հայաստանի կառավարությունը խորհուրդ տալիս մանրևել, եթե ի զորու էր, հաստատ ի զորու էր կազմակերպելու Ղարաբաղի հայերի զինված ինքնապաշտպանությունը: Եվ ինչու՞ էր բազմափորձ Անդրանիկը, որ ինքն էր Հայաստանի ղեկավարությանը այս կամ այն առիթով մեղադրում դավաճանության մեջ, ենթարկվում անգլիական հորդորին և իր հերթին մենակ թողնում Ղարաբաղի հայերին: Մի՞թե նրանք վերջին միամիտներն էին, կամ դավաճաններ:
Սա արդեն առնչվում է մեր երկրորդ ենթաթեմային, Շուշիի դեպքերին առնչվող մեր երկրորդ հանգամանքին, այն է` անգլիացիների դերին: Փորձենք մեր ընթերցողների համար բացել փակագծերը:
Անգլիացիների դերը
Հայաստանի դաշնակցական ղեկավարությունը անգլիացիների ջանքերով երկու կրակի կամ նույնիսկ կարելի է ասել` երկու գայթակղությունների արանքում էր հայտնվել: Նա պիտի ընտրեր կամ Ղարաբաղն ու Զանգեզուրը, կամ էլ…Դարձյալ դիմենք պատմաբան Լեոյին. «Դաշնակցական կառավարության հոգեբանությունը հասկանալու համար պետք է նկատի առնել այն հանգամանքը, որ նա այդ միջոցին տարված էր անգլիական քաղաքականության մի խարդախ խաղով: Կտրելով Հայաստանից Ղարաբաղի եւ Զանգեզուրի նման հայաշատ գավառները` խորամանկ Ալբիոնը կցում էր Հայաստանին երկու գավառ, ուր հայությունը շատ աննշան փոքրամասնություն էր կազմում, այն է` Նախիջեւան եւ Արդահան, [ինչպես նաեւ] մի գավառ` Կարսի շրջանը, որի արեւելյան մասը հայաբնակ էր, իսկ արեւմտյանը` թուրքաբնակ»:
Այսօր էլ հայ քաղաքագիտական միտքը միանշանակ կարծիք չունի այս հարցում: Այսպես, 2009 թվականին Լեոյի նշյալ գիրքը վերահրատարակման պատրաստած Հայաստանի Պահպանողական կուսակցության առաջնորդ Միքայել Հայրապետյանն այս առիթով նկատում է. «Աշխարհառազմավարական և աշխարհաքաղաքական իրողություններից և նպատակներից ելնելով, անգլիական այս ջանքն առաջին հերթին միտված էր Թուրքիան և Ադրբեջանը աշխարհագրորեն միմյանցից կտրելուն, երկրորդ հերթին` տարածաշրջանը կառավարելիության ծիրում պահելու համար հարավկովկասյան երեք պետությունների միջև կենսատարածքային համակշռելիություն ստեղծելուն: Այս ամենով հանդերձ, հակված ենք կարծելու, որ անգլիական քարտեզագրումը բավական օգտակար կլիներ Հայաստանի պետության համար, թեև ավանդական պատկերացումներով` «կորսվում» էր Զանգեզուրի և Արցախի հայությունը: Այսինքն` հարցը հետևյալն է` ի՞նչն ենք ընդունում որպես ելակետ` պետության դինամիկությու՞նն ենք համարում շահավետ, թե՞ միատարրությունը»:
Հայաստանի ղեկավարությունը, ինչպես հասկանում ենք, ընտրել էր երկրորդ` Նախիջևան-Արդահան-Կարս տարբերակը` Ղարաբաղ-Զանգեզուրի գնով: Լեոն դառը հեգնանքով է գրում այս մասին. «Ստանալով անգլիացիների ձեռքից Կարսի նման հռչակավոր բերդն իր 500 թնդանոթներով` կարելի՞ էր սակարկություններ անել մի ինչ-որ Ղարաբաղի համար»:
Այսպես թե այնպես, այս ամենը օգնում է լույս սփռելու անգլիացիների դերի վրա, կասկածի տակ դնելով այդ դերի մասին մեր ունեցած ավանդական ու պարզունակ պատկերացումները, ըստ որի անգլիացիները մեր թշնամիներն ու ադրբեջանցիների բարեկամներն են: Իրականում ամեն ինչ պետք է դիտարկել աշխարհաքաղաքական զարգացումների ու պետությունների շահերի տիրույթում: Իսկ մեր ու անգլիացիները շահերը քանիցս համընկել են աշխարհաքաղաքական տարբեր զարգացումներում: Այն, որ այդ ծրագրերում ու շահերում մեր հաշվարկներն ու պլանները ձախողվել են` մեղավոր ենք միայնումիայն մենք:
Հայտնի լրագրող Թաթուլ Հակոբյանը նորերս այսպիսի դիտարկում է արել. «Հեշտ է մեղադրել մարդկանց, պետության ղեկավարներին: Բայց, այնուամենայնիվ, 1920-ին մեր պապերը պետք է պահեին մեր Կարսը: Ի դեպ, Կարսը 1919-ին միացվեց Հայաստանին բրիտանական ռազմական ուժի անմիջական օժանդակությամբ: Այս մասին մեր պատմաբանները չեն սիրում խոսել, քանի որ դա չի տեղավորվում «բրիտանական նավերը չեն կարող բարձրանալ հայկական լեռները» և «ռուսները հայերի հավերժ բարեկամն են» ընկալման մեջ»: Ի դեպ, Թաթուլ Հակոբյանի հիմնած
«Անի» հիմնադրամի կայքում (www.aniarc.am) ուշագրավ շատ նյութեր կան թե մեր խնդրո առարկայի և թե հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական այլ հարցերի մասին: Թ.Հակոբյանը մի շարք կարևոր մանրամասներ է բացահայտում նաև իր «Կանաչ ու սև» գրքում:
Հայաստանի առաջին հանրապետության արդարադատության նախարար Ռուբեն Դարբինյանն իր «Անգլիացիների խորհուրդները Հայաստանին. 1920թ.» հոդվածում գրում է. «Փետրուարի (1920թ.) առաջին օրերէն մէկն էր: Երեկոյեան տեղի պիտի ունենար պարլամենտի հանդիսաւոր նիստը, նուիրված Հայաստանի անկախութեան ճանաչման…Երեւան ժամանեց Ուորդրոպը` Անգլիոյ գերագոյն կոմիսարը Անդրկովկասի մէջ… Երբ իրեն տրուեցաւ այդ պատեհութիւնը, ան ըսաւ.
– …Իսկ գալով ձեր սահմանային վէճերուն` ես կը խորհիմ թէ այդ ալ դժուար չէ հարթել, եթէ միայն դուք ընդհանուր շահերուն ստորադասէք ձեր մասնաւոր շահերը եւ հրապարակ բերէք փոխադարձ զիջողականութեան տրամադրութիւն: Պէտք չէ մոռնաք, որ պետական սահմաններու գծման մէջ կարելի չէ ղեկավարուիլ միայն ազգագրական նկատումներով: Դուք պէտք է հասկնաք,որ առանց լեռնային, թէկուզև հայկական Ղարաբաղի` անկախ Ատրպէյճան չի կրնար գոյութիւն ունենալ: Այլապէս ի՞նչպէս կ’ուզէք, որ թրքական Նախիջեւանը կցուի Հայաստանին: Ինչպէս որ դուք չէք կարող անկախ գոյութիւն ունենալ առանց Նախիջեւանի, այնպէս ալ Ատրպէյճանը անկարող է գոյութիւն ունենալ` առանց լեռնային Ղարաբաղի: Յետոյ, ես կը կարծեմ, որ ձեր սահմանային վէճերը ձեր հարեւաններուն հետ երկրորդական նշանակութիւն ունին: Գլխաւորը ձեր միութիւնն է ընդհանուր թշնամիի` Հիւսիսի դէմ»:
Մեկ այլ դրվագ նույն աղբյուրից:
Մուդրոսի զինադադարով Թուրքիան 1918թ. հոկտեմբերի 30-ին անձնատուր եղավ և Անգլիայի ճնշման տակ պարտավորվեց իր զորքերը դուրս բերել նաև Անդրկովկասից ու Հայաստանից: Հայկական զորքերին հաջողվում է Նախիջևան քաղաքը վերցնել 1919թ. մայիսին` անգլիական զորքերի աջակցությամբ: Հայաստանի իշխանությունը Նախիջևանի վրա տարածելու համաձայնագիրը հրապարակվեց 1919թ. մայիսի 3-ի հռչակագրով, որը ստորագրել էին Դրոն եւ որպես վկա` գեներալ Դեյվին: Սակայն Նախիջևանը ընդամենը երկու ամիս, այն էլ ոչ լիովին, մնաց Հայաստանի վերահսկողության տակ: «1919թ. հուլիսին հայկական իշխանությունը ծանր անհաջողություն էր ունեցել Նախիջևանում, որտեղ հաստատված էր հայ նահանգապետություն, կային փոքրաթիվ հայ զորքեր, բայց ազգաբնակչությունը, որ գրեթե ամբողջությամբ կազմված էր մահմեդականներից, գտնվում էր տաճիկների և ազրբեջանցիների ազդեցության տակ»,- գրում է Առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը (Սիմոն Վրացյան, «Հայաստանի Հանրապետությունը», պատմական ակնարկ, «Հայրենիք», Ա տարի, թիվ 1, 1922):
Հայաստանի նախարարներից Արտաշես Բաբալյանը հավելում է. «1919թ. գարնանը անգլիական զորքերը գրավեցին Շարուրն ու Նախիջևանը և այդ երկու գավառների իշխանությունը ևս հանձնեցին մեզ: Հազիվ երկու ամիս կարողացանք պահել. տեղական թաթար ազգաբնակչությունը, ղեկավար ունենալով տաճիկ սպաներին, հուլիսի 23-ին ապստամբեց մեր իշխանության դեմ, և մեր զորքերը ստիպված եղան մեծ կորուստներ տալով նահանջել դեպի Երևան» (Արտաշես Բաբալյան, «Էջեր Հայաստանի անկախության պատմությունից», «Հայրենիք», Ա տարի, թիվ 9, հուլիս, 1923):
Ահա այսպիսին էին անգլիացիների ծրագրերը մեր տարածաշրջանում մոտ մեկ դար առաջ: Լավն էին դրանք, թե վատը, նրանք մեր բարեկամներն էին, թե թշնամիները` կարելի է դատել հարցը համակողմանի ուսումնասիրելու և քննարկելու պարագայում: Այստեղ հեշտ ու միանշանակ եզրակացություններ չեն լինելու:
Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա գոնե ինձ համար միանշանակ է, որ նրանք, ամոթ է ասել, պարտավոր էին իմանալ Ղարաբաղի դերը հայության կյանքում և պարտավոր էին իրատեսորեն գնահատել նշյալ ծրագրերի հավանականությունը:
Ֆիդայական արկածախնդրություն
Այսպես թե այնպեսփ` Շուշիում տեղի ունեցավ հայերի ահավոր կոտորած: Մինչ այդ հայերի վիճակը ահագնորեն ծանրացել էր, նրանց գլխին դամոկլյան թրի պես կախվել էր կոտորվելու վտանգը: Ինչպես հայտնի է, Բաքուն վերցնելուց հետո Նուրի-փաշան օսմանյան զորքերն ուղղեց Ղարաբաղի դեմ եւ գրավեց Շուշին, նպատակադրվելով անցնել Զանգեզուր, ապա և Երեւան: Սակայն առաջին աշխարհամարտի տարբեր ռազմաճակատներում Թուքիան ջախջախիչ պարտություններ կրեց, սուլթանիզմը զինադադար եւ հաշտություն խնդրեց, որի պայմաններից մեկն էր Անդրկովկասը թուրքական զորքերից մաքրելը: Արեւելքի տերն Անտանտը դարձավ: Էնզելիի անգլիական զորքը տեղափոխվեց Բաքու, եւ հրամանատար գեներալ Թոմսոնը փաստացի դարձավ Անդրկովկասի հանրապետությունների դիկտատոր:
Քանի որ Հայաստանի առաջին հանրապետությունը գործուն միջոցներ չէր ձեռնարկում Ղարաբաղի ու Զանգեզուրի հայերի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար, այդ գործն իր վրա վերցրեց Ղարաբաղի եւ Զանգեզուրի հայերի հայրենակցական միությունը, որ կազմակերպվել էր 1918-ի սկզբին: Միության անդամ Լեոյի վկայությամբ` կազմակերպությունն աշխատում էր կապ հաստատել այդ երկու լեռնային գավառների հետ, որոնք բոլորովին կտրված էին աշխարհից եւ իրենց ճակատագրին թողնված: Ադրբեջանցիներն ու թուրքերն առանց այդ էլ անհամեմատ լավ էին զինված, ինչին ավելացավ ևս մի տարաբախտ հանգամանք: Շուշիի տեղային ռուս զորաբաժինը երբ մեկնում էր Եվլախ կայարանը` Ռուսաստան վերադարձող ռուս զորքերին միանալու համար, թուրքերը ճանապարհին շրջապատում են եւ զինաթափ անում: Այսպիսով թուրքերը զենքի կողմից գերազանցող դիրք էին բռնել հայերի վերաբերմամբ, որոնց ինքնապաշտպանական միջոցները շատ թույլ էին: Միությունը ձեռնամուխ եղավ զինվորական ծառայության մեջ եղած հայերից Ղարաբաղում կազմել մի գունդ եւ նրան հանձնել երկրամասի պաշտպանությունը: Պետք էր միայն Թիֆլիսի պահեստներից զենք ու ռազմամթերք ուղարկել Շուշի: Սակայն հազիվ չորս ամսվա ընթացքում քարավանը դուրս է գալիս Գորիս: Այդտեղ էլ մնում են բոլոր զենքերն ու մթերքները եւ տեղական պետքերի վրա գործածվում: Անդրանիկն այդ նյութերով է կազմակերպում Զանգեզուրի զինվորությունը: Եվ այսպիսով ստեղծվում է անհավասար կացություն երկու լեռնային երկրամասերի համար: Զանգեզուրի հայությունը լավ զինվում է եւ ուժեղանում, իսկ Ղարաբաղի հայությունը, ընդհակառակը, մնում է շատ թույլ պաշտպանված, եւ այս թուլությունը հետագայում նրան շատ է վնասում:
Անգլիացիների գնալուց հետո լիովին թուլացած ու բզկտված Ղարաբաղի հայության վիճակն անտանելի ծանր էր դարձել: Շուշիի, ապա և ողջ երկրամասի հայերը ստիպված են լինում հնազանդվել Սուլթանովին: Լեոյի վկայությամբ` ժողովուրդը հոգնել էր մենակ պայքարելուց եւ, եթե շարունակեր իր դիմադրությունը, պիտի պատերազմեր Սուլթանովի դեմ մի այնպիսի ժամանակ, երբ իր արտերը հասել էին եւ կարող էին միանգամայն փչանալ կռիվներից: Ուստի նրանք ճարահատ իրենց հնազանդությունն են հայտնում, բայց որոշ պայմաններով, որոնք ամրագրվեցին համաձայնագրում եւ ստորագրվեցին երկու կողմերից: Այս պայմանագրությունը, սակայն, խաբեության մի միջոց էր մուսավաթականների ձեռքում, եւ սկսեցին խախտել հենց առաջին քայլից: Հարաբերությունները երկու ազգերի միջեւ էլ ավելի էին լարվում: Այդ լարումը սաստկացավ մանավանդ այն ժամանակ, երբ Ադրբեջանը Ղարաբաղի վրայով մեծ արշավանք սկսեց Զանգեզուրը նվաճելու համար, բայց պարտություն կրեց զանգեզուրցիներից եւ կատաղած վերադարձավ Ղարաբաղ:
Այնուամենայնիվ, հնարավո՞ր էր խուսափել մեծաթիվ զոհերից, թե՞ ոչ: Ըստ երևույթին, ազգամիջյան ընդհարումից խուսափել այլևս հնարավոր չէր, բայց հնարավո՞ր էր, արդյոք, առկա սուղ միջոցներով կազմակերպել հայերի ինքնապաշտպանությունը և նվազագույն զոհերի գնով փրկել Շուշիի հայությունը: Փաստերը վկայում են` ԱՅՈ: Շուշիում, ըստ 1917-19թթ. Ղարաբաղի ժողովրդական կառավարության նախագահ Եղիշե Իշխանյանի, կար 500 հրացան, ինչն անհամեմատ քիչ էր ադրբեջանցիների ու թուրքերի ունեցածից, բայց բավարար էր զանգվածաին կոտորածից խուսափելու համար: Առավել ևս, որ ողբերգության նախօրեին այդ թիվն ավելացավ (չավելանար` ավելի լավ կլիներ):
Ահա թե ինչ է պատմում Եղիշե Իշխանյանն իր «Ղարաբաղի ապստամբությունը» գրքում:
«Ապրիլի 15-ին հասնում է մեզ Շուշում տեղի ունեցած հայկական կոտորածի լուրը…Կոտորածի լուրն առնելուց Աշոտն ու ես շշմած վիճակում էինք: Մի՞թէ քաղաքի հինգ հարիւրի չափ զինւած մարտական ուժերը ոչ մի կերպ դիմադրութիւն ցոյց չեն տւել և թուրքերը խուժել են հայկական թաղը, կոտորել խաղաղ բնակիչներին և ով կարողացել Է, փախել, ազատւել Է: Անզօր բարկութեամբ համակւած, մեղադրում, խստիւ դատապարտում ենք թէ Բիւրոյին և թէ կառավարութեանը, որ յօնքը շտկելու փոխարէն աչքը դուրս հանեցին: Աւելի քան դատապարտելի է Բիւրոյի և կառավարութեան կատարած գործը, որ իսկական արկածախնդրութիւն եղաւ: Ապրիլ 20-ին կայարանում հանդիպեցի Զաւէն Եպիսկոպոս Մահտեսի Բաբայեանին և Գերասիմ Բալայեանին: Երկուսն էլ անչափ տխուր և ընկճւած դէմք ունէին: Մօտեցայ, բարևեցի և հարցրի՝ ինչ տեղեկութիւն ունեն Շուշուց և շրջաններից:
– Շատ վատ լուրեր են հասել Թիֆլիս,- ասաց Զաւէն Եպիսկոպոսը,- ըստ հասած լուրերի՝ Շուշու հայկական թաղը ամբողջովին այրւած է, հայերի մի մասը կոտորվել, մի մասը փախել է Քարինտակ գիւղը և այնտեղից ցրւել Վարանդայի գիւղերը, իսկ մի մասն էլ գերւած է թուրքերի կողմից:
– Անպիտան անգլիացիները այնպիսի քաղաքականութիւն վարեցին, ասաց Գերասիմը, որ ադրբէջանցիները թև առան, աւելի համարձակ դարձան իրենց ոտնձգութիւններով այնքան, որ օր-ցերեկով մեր քաղաքը կրակի են մատնում, խաղաղ ժողովրդին կոտորում:
– Գերասիմ, չափազանց սխալւում ես, ասացի. ոչ անգլիացիներն են մեղաւոր և ոչ էլ ադրբէջանցիները: Մեղաւոր են Բիւրօն և կառավարութիւնը, որ յանպատրաստից ապստամբութիւն են սարքել, որի հետևանքով աւերւել է քաղաքի հայկական թաղը, և ժողովրդի մի մասը կոտորւել: Իսկական աւանտիւրա է կատարւել, ուրիշ ոչինչ… Անմտութիւն չէ՞ առանց լուրջ պատրաստութեան, առանց բաւարար քանակութեան ռազմամթերք ունենալու, ապստամբութիւն բարձրացնել, ինչպէս ժողովուրդը կասէ` «եա բախտինա» կամ, ինչսպէս ռուսը կասէ՝ «վՈ ՈՉՏրՖ» փորձ անել: Օտարներին չմեղադրենք, մանաւանդ այսօր, մեղաւորը մենք ենք, նախ Բիւրօն ու կառավարութիւնը, որ ինչպէս կասեն, առանց եօթն անգամ չափելու և յետոյ կտրելու, գործի են ձեռնարկել յանպատրաստից: Երկրորդ, մեղաւոր ենք Զանգեզուր- Ղարաբաղցիներս թերևս աւելի, որ, ըստ հայկական սովորութեան, միակամ ու միակարծիք չեղանք»:
Ի՞նչ է կատարվել իրականում: Անգլիացիների հեռանալուց հետո, տեսնելով, որ բոլոր պլանները ձախողվել են, ՀՀ դաշնակցական ղեկավարությունը փորձում է շտկել կատարված սխալները և հետ բերել փաստորեն արդեն անդառնալի կորուստները: Եվ դա անում է ոչ թե ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ, անհրաժեշտ նախապատրաստությամբ, այլ իրեն հատուկ ֆիդայական արկածախնդրությամբ: Խատիսյանի դաշնակցական կառավարությունը, խրախուսվելով զանգեզուրցիների տարած հաղթությամբ, որոշել էր հետ բերել նաեւ Ղարաբաղը զուտ ֆիդայական եղանակով, այսինքն` տեղական ապստամբության միջոցով, առանց պատերազմ հայտարարելու: Շուշիում տեղի դաշնակցականներն էլ հավատացնում էին, թե Դրոն Գորիսում է եւ պատրաստ է իր զորքով Շուշին ազատելու:
Այժմ լսենք Լեոյին:
«Սուլթանովն էլ, իհարկե, իր պատրաստություններն էր տեսնում: Շուշիի հայությունը զգում էր, որ իրեն պիտի կոտորեն, եւ ամեն կերպ աշխատում էր շահել քուրդ բժշկի սիրտը: Բայց հենց այդ միջոցին ֆիդայականությունը դուրս էր սողում իր բնից` մի անգամ էլ հայ ժողովրդի գլխին երկնքի պատուհաս դառնալու իր հիմար ու զզվելի տղայամտությամբ: Կազմվում է դաշնակցական ֆիդայիների մի խումբ, կարծեմ 100 հոգուց, եւ գնում է միանգամից վերցնելու Շուշին էլ, Ասկերանն էլ: Ասկերանի վրա գնացողների գլուխը լինում է հայտնի Դալի-Ղազարը, որ այնտեղ էլ սպանվում է կռվի մեջ: Իսկ Շուշիի դահիճ հանդիսանում է դաշնակցական սեւանուն Արսեն Միքայելյանը: Ոճրագործի հանդգնությամբ լցված այս մարդը 60 հոգով մտնում է Շուշի` նովրուզի (պարսկական նոր տարվա) օրը, երբ թուրքերն իրենց տոնով էին զբաղված: Գիշերը մի ինչ-որ տան արբեցությամբ անցկացնելով` առավոտյան գնում են զորանոցը վերցնելու եւ կրակ են բաց անում նրա դեմ: Թուրք զինվորները դուրս են վազում, կռիվ է սկսվում եւ մեր քաջերը կծիկս են դնում, իրենց անպետք գլուխներն ազատում` թողնելով ժողովրդին մուսավաթական ասկյարների, թուրք խուժանի եւ նրանց առաջնորդող երկու բժիշկների` Սուլթանովի եւ Մեհմանդարովի ձեռքին: Այդ երկու բժիշկները, տանջվող մարդկության ծառայելու ակադեմիական ուխտ արած, հրամայում են խուժանին. «Կոտորեցե°ք, այրեցե°ք, կողոպտեցե°ք, ձե°րն են հայերի կանայք ու աղջիկները»: Եվ դժբախտ քաղաքը լցվում է սարսափներով: Առնվազն 7 հազար անմեղ մարդ է մորթվում: Ոչ մի հատիկ տուն չի ազատվում բոցերից: Հայ կանանց եւ աղջիկների լլկումն ու տանջանքներն անցնում են ամեն չափ ու սահման: Մոտ 5 հազար հոգի կարողանում են փախչելով ազատվել: Մոտ 2-3 հազար հոգի գերի են մնում Սուլթանով եւ Մեհմանդարով բժիշկների ձեռքը: Գանձակի կողմից ադրբեջանական մեծ արշավանք է սկսվում, որ ճանապարհին ոչնչացնում է տասնյակներով հայ գյուղեր, եւ գալիս վերցնում է Դալի-Ղազարի ու նրա ընկերների գրաված Ասկերանը, իսկ Շուշի մտնելով` նոր կոտորած է սկսում գերիների մեջ»:
Վերջաբանի փոխարեն
Ըստ 1916 թվականի «Կովկասի տարեցույցի» տվյալների՝ Շուշի քաղաքի 43869 բնակիչներից 23400-ը հայեր էին: Տարբեր տվյալներով` 1920թ. մարտի 22-ի լույս 23-ի գիշերը Շուշիի հայության կոտորածին զոհ գնաց 8-12 հազար մարդ, որոնցից 2200 հոգի՝ հիմնականում կանայք եւ աղջիկներ, մոտ 5-6 հազար հոգի Քարին տակ գյուղ տանող ճանապարհով անցան Վարանդա ու Դիզակ: Շուշին լիովին հայաթափվեց:
Բացի մարդկային ու նյութական հսկայական կորուստներից` ոչնչացավ մշակութային մի հսկայական ժառանգություն: Այդ ժառանգության և Շուշիի մշակութային կյանքի մասին պատկերացում կազմելու համար բերեմ սոսկ մի փաստ: 1874-ից մինչև 1920 թվականը Շուշիում տարբեր տարիների և տարբեր տևողությամբ լույս է տեսել 29 անուն պարբերական (1874-ի «Հայկական աշխարհ» ամսագրից մինչև 1919-ի «Նոր կյանք» շաբաթաթերթը), որոնցից 26-ը հայերեն և 3-ը ռուսերեն, որ նույնպես հայերն են հրատարակել` 1911-ից հրատարակված «Шушинский листок» օրաթերթը, 1913-ից շաբաթական 3 անգամ լույս տեսած «Шушинска жизнь» թերթը և 1919-ից լույս տեսած «Голос Народа» պարբերականը): Ադրբեջաներեն առաջին թերթն այստեղ հրատարակվել է Շուշիի կոտորածից և երկրամասի խորհրդայնացումից հետո` 1923-ին («Ղարաբաղ աքինչիսի»):
Ահա մի իրականություն, որի մասին մեզ մոտ ընդունված չէ խոսել: Պատմությունը շատ ավելի բազմագույն ու հակասական է, քան մեր պատկերացումները նրա մասին: Ու այն չի տեղավորվում պարզունակ մոդելների ու շրջանակների մեջ: Այն իր ողջ բազմաշերտությամբ հասկանալու և դասեր քաղելու համար առաջին հերթին պետք է խորամուխ լինել անցյալի մեջ և այդ անցյալն իր բոլոր հակասական կողմերով (այլ ոչ թե ընտրովի) երևան հանել ու մատչելի դարձնել սերունդների համար:
Լուսանկարը` STR/AFP/GETTY IMAGES