Ամերիկա-իրանական տանդե՞մ

Էմիլ ՍԱՆԱՄՅԱՆ
Լրագրող
Վաշինգտոն, ԱՄՆ

2014թ. հունիսին «Իրաքի եւ Լեւանտի Իսլամական Պետություն» անվամբ հայտնի ուժերը գրավեցին Իրաքի հյուսիսի մեծ մասը: Իրենց վերահսկողության տակ հայտնված տարածքը, այդ թվում եւ Սիրիայի հյուսիս-արեւելքը, նրանք հռչակեցին Իսլամական Խալիֆայություն:

Խալիֆայությունը շարունակում է վերահսկել շուրջ 100 000 քառ. կմ. տարածք, որը գերազանցում է ոչ միայն Հորդանանի թագավորության, այլեւ առանձին վերցված յուրաքանչյուր կովկասյան պետության տարածքը: Այս տարածքը հավանաբար կշարունակեր ընդարձակվել, եթե ԱՄՆ-ն եւ Իրանը քայլեր չձեռնարկեին իսլամիստների առաջխաղացումը դեպի Բաղդադ եւ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլ կանգնեցնելու ուղղությամբ: Իրանի եւ Միացյալ Նահանգների կողմից համապատասխանաբար սիրիական կառավարությանն ու սիրիացի ապստամբներին աջակցությունը նույնպես նպաստել են այդ երկրում իսլամիստների առաջխաղացմանը:

Այդուամենայնիվ, Խալիֆաթը շարունակում է վերահսկել զգալի տարածք: Այն ներգրավել է տասնյակ հազարավոր «ներգաղթյալների» աշխարհի տարբեր ծագերից, այդ թվում` հետխորհրդային հանրապետություններից, որոնք այստեղ են գալիս հանուն այս նոր պետության պայքարելու համար:

Խալիֆայության իշխանությունները հաստատել են շարիաթի խիստ կարգեր. ոչնչացվել կամ ձեւափոխվել են ոչ սունի մահմեդական սրբավայրերը, ողջ մնացած քրիստոնյաներին հարկադրել են ընդունել մահմեդականություն, փախչել կամ «պաշտպանության» հատուկ հարկ վճարել: Քուրդ-եզդիներն առանձնահատուկ դաժանության հարված ստացան. նրանցից առնվազն հինգ հազար հոգի սպանվեց եւ նույնքան կանայք ստրկության մատնվեցին: Նախագահ Բարաք Օբաման եզդիների վրա հարձակումները ցեղասպանություն է որակել: Նա հրաման է տվել օդային ճանապարհով եզդիներին մարդասիրական օգնություն ցուցաբերել եւ Քուվեյթի տարածքից իսլամական ծայրահեղականներին օդային հարվածներ հասցնել:

Միեւնույն ժամանակ, Իրանի իսլամական հեղափոխության պահապանները զբաղված են նախկինում ԱՄՆ-ի  վարժեցրած եւ սպառազինած իրաքյան բանակի ուժեղացմամբ: Իրանն առավելագույնս շահագրգռված է պաշտպանել Բաղդադը եւ զերծ պահել Քերբելայում ու Նաջաֆում գտնվող շիա գլխավոր սրբավայրերն Իսլամական պետության ձեռքն ընկնելուց: Արդեն օգոստոս ամսին ԱՄՆ-ն եւ Իրանն արդյունավետ տանդեմով էին գործում. ամերիկյան օդանավերը ռմբակոծում էին Իսլամական պետության նշանակետերը, իսկ իրանցիները համակարգում էին  ցամաքային գործողությունները եւ, իրենց հերթին, օդային հարվածներ հասցնում: Վերջին ամիսներին Իրանը հաստատել է այն տեղեկությունները, որ Իսլամական պետության դեմ պայքարող հազարավոր իրանցիներից զոհվել է 11 զինվորական, այդ թվում եւ մի գեներալ: 2015թ. սկզբներին իրանական զինվորականների ներկայությունը Բաղդադում եւ Էրբիլում ավելացել է` կազմելով 4 500 հոգի:

ԱՄՆ իշխանություններն անուղղակի կերպով ողջունել են Իրաքում իրանական դերակատարության մեծացումը, իսկ Օբաման անգամ կարծիք է հայտնել, որ այն կարող է «կառուցողական» լինել: Միաժամանակ, ամերիկացիները բացառել են Իրանի հետ ուղիղ համագործակցությունը, հայտարարելով, որ իրաքյան կառավարությունն առանձին-առանձին է համակարգում իր գործողություններն ԱՄՆ-ի եւ Իրանի հետ: Իրանի առաջորդներն, իրենց հերթին, քննադատել են Իրաքում ԱՄՆ-ի միջամտությունը որպես «ոչ անկեղծ», ինչպես նաեւ` բացառել իրանա-ամերիկյան համագործակցությունը: Վերջին շաբաթներին իսլամական ծայրահեղականների դեմ պայքարի արդյունավետությամբ դժգոհ Իրաքի կառավարությունը սկսել է նվազեցնել Իրանի ռազմական դերակատարումը` հօգուտ ԱՄՆ ներգրավվածության ավելացման: ԱՄՆ-ն, իր հերթին, Իրանից պահանջել է նախապես իրաքյան կողմի հետ  համաձայնեցնել բոլոր ռազմական գործողությունները:

Այս խնդրահարույց «դաշինքը», թերեւս, նոր խթան է ստացել ապրիլի սկզբներին Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ: Իրանը, մասնավորապես, համաձայնվել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը եւ բացել այն ստուգումների համար` իր նկատմամբ պատժամիջոցների վերացման դիմաց: Այնուամենայնիվ, միջուկային գործարքի մանրամասները դեռ վերջնականապես համաձայնեցված չեն, եւ մի շարք խոչընդոտներ կարող են խանգարել դրա իրականացմանը թեկուզեւ այն պատճառով, որ ինչպես հենց ԱՄՆ-ում ու Իրանում, այնպես էլ երրորդ երկրներում կան այդ գործարքի մեծաթիվ հակառակորդներ:

Եվս մի կարեւոր գործոն է Ուկրինայի շուրջ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հարաբերությունների ճգնաժամը: Եթե Իրանի դեմ պատժամիջոցներն իսկապես վերացվելու են, ապա երկարաժամկետ հեռանկարում Թուրքիայի եւ եվրոպական երկրների գազամատակարարման ասպարեզում Իրանը կարող է հիմնական դերակատար դառնալ` խարխլելով հիշյալ շուկաներում Ռուսաստանի ունեցած գերիշխանությունը:

Սակայն, անգամ եթե Իրաքի եւ միջուկային հարցերի շուրջ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ կայանա որոշակի համագործակցություն, Սիրիայում եւ Յեմենում քաղաքացիական պատերազմների հարցում երկու երկրները շարունակելու են մնալ հակադիր բեւեռներում: Հաղորդվում է, որ վերջերս ԱՄՆ-ն օդանավատար ռազմանավ է ուղարկել` Խութի ուժերին իրանական զենքի մատակարարումները կասեցնելու համար:

Բացի դրանից, պետք չէ մոռանալ, որ իրանական հեղափոխությունից հետո սա առաջին դեպքը չէ, երբ երկու երկրներն ակտիվորեն համագործակցում են արմատական իսլամական սպառնալիքի դեմ: 2001թ. Իրանն արդյունավետորեն աջակցել է ԱՄՆ-ին` Աֆղանիստանից թալիբներին դուրս մղելու հարցում: Սակայն այս համագործակցությունը երկար չի տեւել, քանի որ թալիբների դեմ պայքարում ԱՄՆ-ն հենվում էր ոչ թե Իրանի, այլ Պակիստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների վրա:

Իրաքի պարագայում ԱՄՆ-ն վաղուց հույս ուներ, որ Թուրքիայի եւ Պարսից ծոցի երկրների որոշ դաշինք կկարողանա սահմանափակել Իրանի ազդեցությունը: Այնուամենայնիվ, Թուրքիան հետեւողականորեն հրաժարվում է Իսլամական պետության դեմ բաց առճակատման գնալ, իսկ Սաուդյան Արաբիան, որի հարաբերություններն Իրաքի շիա մեծամասնության կառավարության հետ խզման եզրին են, ներկայումս չի դիտում վերոհիշյալ դաշինքը որպես կենսունակ տարբերակ:

Սակայն այսօր իրավիճակն այսպիսին է. Իրաքում ԱՄՆ-ի եւ Իրանի ձեռնարկած զուգահեռ գործողությունները, նախագահ Օբամայի խոսքերով, նպաստել են եզդիների իսկական ցեղասպանության կանխմանը: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ եւ, որպես հետեւանք, Իրաքում ամերիկացիների ու իրանցիների պաշտպանած ուժերի միջեւ փոխվստահության եւ ուղղակի գործակցության բացակայությունն էլ, ըստ էության, հանգեցրել է Իսլամական պետության հետ դիմակայության ռազմական փակուղու:

Հայաստանի դերը 

Հայաստանն ամերիկա-իրանյան հարաբերությունների բարելավմանը երկար է սպասել եւ այն դիտարկում է որպես Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման հնարավորություն` առանց ԱՄՆ-ի դժգոհությունը հարուցելու: Սակայն առայժմ հայտնի չէ` կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը տնտեսական օգուտ ստանալ Իրանի առայժմ տեսական թվացող «բացումից»: Շատ բան կախված է լինելու իրանական շուկայի մատչելիությունից, քանի որ այդ շուկայում ավանդաբար դժվար է եղել առեւտուր անելը, ինչպես նաեւ այն բանից, թե ինչ արտադրանք կարող է առաջարկել Հայաստանը:

Ցայսօր հայկական միայն մեկ խոշոր արտադրողի է հաջողվել շահել Մերձավոր Արեւելքի նոր իրողություններից: Դա «Գրանդ Տոբակոն» է, որը 2014 թվականին Սիրիա եւ Իրաք է արտահանել ավելի քան 100 միլիոն դոլար գումարի ծխախոտային արտադրանք: Սույն ընկերությանը հաջողվել է օգուտ ստանալ Խալիֆաթի կողմից տարվող «ծխելու անթույլատրելիության» քաղաքականությունից, որի արդյունքում ողջ տարածաշրջանում համապատասխան արտադրանքի գինն աճել է, ինչն էլ առանձնակի եկամտաբեր է դարձրել հայկական արտահանումը:

Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա Խալիֆաթի ընդլայնումը, մասնավորապես` դեպի Կովկաս, պետք է, իհարկե, անհանգստացնի Հայաստանին: Հաղորդվում է, որ անցյալ տարի ավելի շատ ադրբեջանցիներ են զոհվել հանուն Իսլամական պետության պայքարում, քան ղարաբաղյան շփման գծի երկայնքով իրավիճակի սրման արդյունքում: Հայաստանը քիչ ռեսուրսներ ունի Իսլամական պետության դեմ պայքարում զգալի դեր խաղալու համար, սակայն այն կարեւոր դիվանագիտական ներկայություն է պահպանում Սիրիայում, իսկ իրաքյան Քուրդիստանի կառավարության հետ ուղղակի դիվանագիտական խողովակի բացմանը նպատակամիտված ոչ վաղեմի քայլերն արդյունքում ավելի նշանակալից կդառնան, քան ծխախոտի արտահանումը:

Միեւնույն ժամանակ, Հայաստանը շարունակում է հիմնականում անտեսել Սիրիայի եւ Իրաքի հայ փոքրամասնության աղետալի վիճակը: Շուրջ 10-15 հազար էթնիկ հայեր արդեն ապաստան են գտել Հայաստանում, ինչը չի կարելի ասել Հայաստանի հետ կապեր ունեցող էթնիկական այլ խմբերի` եզդիների կամ քրիստոնյա ասորիների ու արաբների մասին: Հանրապետությունն առանձնակի ոչինչ չի արել, որպեսզի այդ մարդիկ եւս Հայաստանը համարեն իրենց ապաստանը:

 

 

 

Share

Comments are closed.