Արցախյան գլխավոր տաբուն և դրա փոխակերպումը

Tigran GrigoryanՏիգրան ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերլուծաբան
Ստեփանակերտ

Ինչպես նշում են «բիհեյվիորիստական» (վարքաբանական) խնդիրներով զբաղվող փորձագետները՝ մարդկային պահվածքը պայմանավորված չէ միայն ռացիոնալ որոշումներ կայացնելու ունակությամբ: Գրեթե բոլոր հասարակություններն  ունեն արժեքներ և ընդունելի պահվածքի չափանիշներ: Եվ գրեթե բոլոր հասարակություններն իրենց անդամներին քաջալերում, իսկ շատ դեպքերում էլ պարզապես պարտադրում են հավատարիմ լինել այդ արժեքներին ու չափանիշներին:Մշակույթները, կրոնները և հասարակությունները ուղղորդում են իրենց հետևորդների ևանդամների պահվածքն ու մտքերը համապատասխան սպասելիքներով, կանոններով և օրենքներով: Վարքագծային ուղեցույցների այդ ամբողջությունը գիտնականները նորմեր են անվանում, և տաբուներն այդ նորմերի մասն են: Վերջիններս հսկայական ազդեցություն ունեն մեր կյանքի ամենատարբեր ասպեկտների վրա: Այդ ուղեցույցների ամբողջությունից է շատ հաճախ կախված, թե մենք ինչպես ենք շփվում մարդկանց հետ, ինչ ենք հագնում, ինչ ենք ուտում և այլն:

Մասնագետների բնորոշմամբ` տաբուները սոցիալական ամուր նորմերն են: Այն նորմերը, որոնք կարող են նույնիսկ սակրալ բնույթ ունենալ: Տաբուները ուժեղացվում են պատիժներով, որոնք իրականացվում են սոցիումի այլ անդամների կողմից: Տաբուները, հետևաբար, կարող են բնորոշվել որպես սոցիալական ամուր նորմեր, որոնք աջակցվում են սոցիալական խիստ պատժամիջոցներով:
«Բրիտանիկա» հանրագիտարանի համաձայն` տաբուն որևէ գործողության արգելք է` հիմնված այն համոզմունքի վրա, որ այդպիսի պահվածքը հասարակ մարդկանց համար չափազանց սակրալ է կամ չափազանց վտանգավոր ու անիծված: Տաբուն աներևակայելի գործողություն է: Նույնիսկ տաբուի խախտման մասին մտածելը կարող է սոցիալական պատժի պատճառ դառնալ: Այս առումով տաբուն կարելի է մտքի ոստիկանության տեսակ համարել, որը կանխորոշում է ոչ միայն մարդու պահվածքը, այլև նրա մտքերն ու մտածելակերպը: Հասարակության մեջ տաբուները ժամանակի ընթացքում կարող են փոխվել: Որոշ տաբուներ կարող են թուլանալ կամ նույնիսկ վերանալ, իսկ մյուները կարող են ուժեղանալ կամ գերակշռող նշանակություն ստանալ:

Հարկ է նշել նաև, որ տաբուները սոցիալական ինքնության կարևոր մասն են: Որևէ ինքնության ընդունումը ենթադրում է նաև այդ ինքնության հետ կապված սոցիալական նորմերի և տաբուների ընդունում: Ինքնությունը պահպանելու ցանկությունը և այդ ինքնության շրջանակներում բարոյական անձ համարվելու ձգտումը ևս ստիպում է մարդկանց հաշվի նստել գոյություն ունեցող արգելքները խախտելու հնարավոր հետևանքների հետ:

Արցախում, ինչպես բոլոր մյուս փակ հասարակություններում, ևս գոյություն ունեն բազմաթիվ տաբուներ և արգելքներ, որոնց պատճառներն ու արմատները լուրջ ուսումնասիրության կարիք ունեն: Մեր հասարակության մեջ արգելքներ գոյություն ունեն կյանքի գրեթե բոլոր բնագավառներում և հիմնականում մշակութային և հասարակական-քաղաքական բնույթ են կրում: Սակայն եթե մշակութայինը կարելի է դասական տաբու համարել, որի խախտման դեպքում պատժամիջոց կիրառելու գործառույթը պատկանում է սոցիումին, ապա հասարակական-քաղաքական տաբուների արմատները պետք է փնտրել Արցախի քաղաքական համակարգի մեջ: Քաղաքական համակարգի գլխավոր ակտորը` քաղաքական ռեժիմը, իր իսկ կողմից գեներացված կամ ամրապնդված տաբուների խախտման դեպքում իրականացնում է պատժամիջոցների կիրառման անօրինական և հակասահմանադրական գործառույթ` հասարակության մեջ  տարատեսակ վախեր սերմանելով: Ընդ որում, ի տարբերություն մշակութային տաբուների, որոնց դեպքում արգելքը խախտած անհատի նկատմամբ սոցիումի կողմից կիրառվող պատժամիջոցները  հասարակական պարսավանքի կամ գոյություն ունեցող սոցիալական ինստիտուտներից հեռացման տեսք են ունենում, հասարակական-քաղաքական տաբուների խախտման դեպքում իշխող ռեժիմի կողմից կիրառվող պատժամիջոցները հիմնականում ռեպրեսիվ բնույթ են կրում:

Տաբուների ստեղծման, պահպանման և ուժեղացման գործընթացում որոշիչ դեր են խաղում նաև իշխող ռեժիմի կողմից օգտագործվող քարոզչական մեխանզիմները: Վերահսկողության տակ գտնվող տեղեկատվական ռեսուրսների միջոցով ԼՂՀ իշխանությունները միշտ փորձել և փորձում են տարբեր կարծրատիպեր ստեղծել, դեմոնիզացիայի ենթարկել իրենց համար անցանկալի գործողություններն ու երևույթները:
Հարկ է նշել նաև, որԱրցախի հասարակական և քաղաքական կյանքում ներկայումս գոյություն ունեցող տաբուների գերակշռող մեծամասնության արմատները պետք է փնտրել երկրի խորհրդային անցյալում:

Այսպիսով, ԼՂՀ իշխանությունները, օգտագործելով իրենց տրամադրության տակ գտնվող ռեպրեսիվ ապարատը, ադմինիստրատիվ ռեսուրսը և տեղեկատվական միջոցները, մշտապես փորձում են ամրացնել տարիների ընթացքում հասարակական-քաղաքական գործընթացների և երևույթների հետ կապված հանրության մեջ գոյություն ունեցող տաբուները: Խոսքն, առաջին հերթին,  վերաբերում է ընդդիմության և նրա դերի ընկալման, ընդդիամդիր լինելու կամ ընդդիմադիր որևէ ուժի սատարելու և անդամակցելու հետ կապված տաբուներին, ինչպես նաև այն արգելքներին, որոնք առնչվում են քաղաքացիական ակտիվությանը և նախաձեռնողականությանն ու ազատ արտահայտվելու իրավունքին:

2000-ական թվականներից ի վեր՝ ընդդիմադիր քաղաքական ուժի անդամ լինելը կամ ընդդիմությանը սատարելը մեր հասարակության մեջ գոյություն ունեցող գլխավոր տաբուներից է եղել: Անկախ Արցախի բոլոր իշխանությունները մշտապես փորձել են ամրապնդել այդ տաբուն: Ընդդիմադիր ուժերի մաս հանդիսացող կամ դրանց սատարող անհատները և նրանց ընտանիքի անդամներն  ազատվում էին աշխատանքից, ուժային կառույցների միջոցով նրանց փորձում էին ահաբեկել, հասարակության մեջ կարծրատիպեր էին ստեղծվում, որոնք քաղաքական ընդդիմությունը նույնականացնում էին թշնամու հետ: Իշխանությունները հմտորեն օգտագործել ու օգտագործում են սահմանային լարվածությունը, որպեսզի հասարակության մեջ թշնամանք առաջացնեն ընդդիմադիրների նկատմամբ, իսկ ընդդիմադիր գործունեությունը ներկայացնեն որպես հակապետական գործունեություն: Պատահական չէ, որ ռեժիմի ջանքերով մեր հասարակության մի ստվար զանգվածի համար որևէ տարբերություն չկա «իշխանություն» և «պետություն» հասկացությունների միջև:

Արցախում իշխող վերնախավի այդպիսի գործելաոճը առաջին պլան մղվեց հատկապես վերջին տարիներին, երբ կեղծ միասնականության ու հայրենասիրության պատրվակով հասարակության մեջ բացահայտ թշնամանք էր տարածվում բոլոր ընդդիամախոսների նկատմամբ: Բանը հասել էր նրան, որ ԼՂՀ իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներն արդեն չէին դիմում իրենց պրոպագանդիստների օգնությանը և իրենք էին հրապարակայնորեն զուգահեռներ անցկացնում ընդդիմության և թշնամու միջև: Օրինակ, 2012 թվականի փետրվարին այն ժամանակ ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանը, պատասխանելով «Առավոտ» թերթի լրագրողի հարցին, հայտարարել էր.« Ես միշտ ասել եմ, որ ամենամեծ ընդդիմությունը ունի Արցախի ժողովուրդը՝ հանձին Ադրբեջանի»: Այսինքն, պարոն Թովմասյանի համար ընդդիմությունը Ադրբեջանի հետ էր ասոցացվում:

Սակայն իրավիճակը սկսվեց փոխվել, երբ 2012 թվականի նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրեց Վիտալի Բալասանյանը: Չնայած իշխանությունները չէին խորշում օգտագործել մեղմ ասած՝ անազնիվ միջոցներ Բալասանյանի կողմնակիցներին ճնշելու համար, այնուամենայնիվ, հասարակության մեջ ընդդիմության ընկալման առումով լուրջ փոփոխություններ տեղի ունեցան: Շատ մարդկանց մոտ, ովքեր տարիների ընթացքում իշխանությունների քարոզչության զոհ էին դարձել, ում համար քաղաքական ընդդիմությունը հակապետական երևույթ էր և խարխլում էր երկրի կայունությունը ու նպաստում հակառակորդի դիրքերի ուժեղացմանը, յուրահատուկ կոգնիտիվ դիսոնանս էր: Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին չափազանց դժվար էր թշնամու դերում պատկերացնել, և իշխանությունների կողմից տարիների ընթացքում օգտագործվող քարոզչական հնարքներն այլևս նախկին արդյունավետությունը չէին ապահովում:
Արցախում այդ տաբուի թուլացմանը մեծապես նպաստեց նաև սոցիալական մեդիայի արագ տարածումը, որը փաստորեն քաղաքական դիսկուրսի միակ հարթակը դարձավ և մարդկանց ինքնաարտահայտվելու հնարավորություն տվեց: Որպես արդյունք` վերջին տարիների ընթացքում բավականին ակտիվացավ քաղաքական կյանքն ու քաղաքացիական հասարակությունը: Արախյան հանրությունն ավելի հեշտ սկսեց քննարկել գոյություն ունեցող խնդիրները և ավելի հաճախ սկսեց իր բողոքն արտահայտել իշխանությունների կողմից վարվող քաղաքականության վերաբերյալ: Իսկ բոլորովին վերջերս նույն Արթուր Թովմասյանը, ում համար ընդդիմությունը 3 տարի առաջ Ադրբեջանի հետ էր ասոցացվում, պատասխանելով «Արցախպրես» գործակալության հարցերին, նշել էր. «Խորհրդարանական աշխատանքը ենթադրում է նաև քննարկումներ՝տարբեր տեսակետների, գաղափարների և մոտեցումների շուրջ, և այս պարագայում ընդիմադիր ուժերի ներկայությունն ավելի հետաքրքիր է դարձրել մեր աշխատանքը»: Շարունակելով իր խոսքը` նա ավելացրել էր. «Մենք պարտավոր ենք միայն մեկ՝ Արցախի հիմնախնդրի վերջնական կարգավորման հարցում ունենալ միասնական մոտեցում, իսկ մյուս բոլոր հարցերում մոտեցումներն, իհարկե, կարող են տարբեր լինել: Կարևորն այն է, որ այդ քննարկումները լինեն առողջ մթնոլորտում»: Ինչպես տեսնում ենք, պարոն Թովմասյանի մոտեցումները ընդդիմության դերի և նշանակության մասին զգալիորեն փոխվել են վերջին տարիների ընթացքում:

Այնուամենայնիվ, ընդդիմադիր լինելը կամ ընդդիմադիր կուսակցության սատարելը այսօր ևս շարունակում է Արցախի գլխավոր տաբուներից մեկը մնալ: Վերջին տարիների ընթացքում հասարակության կողմից ընդդիմության բացասական ընկալումը ահագին նվազել է, բայց իշխանություններն, անշուշտ, շարունակում են օգտագործել ռեպրեսիվ ապարատը և ադմինիստրատիվ ռեսուրսը քաղաքական ակտիվություն ցուցաբերողներին ճնշելու և ահաբեկելու համար: Իշխող ռեժիմի կողմից հովանավորվող քարոզչամեքենաները ևս շարունակում են զրպարտել նրանց ընդդիմախոսներին և հասարակության մեջ անհանդուրժողականության մթնոլորտ տարածել:

Ու ակնհայտ է, որ Արցախում իրական քաղաքական և տնտեսական առաջընթաց ունենալու համար պետք է կարողանանք հաղթահարել ու վերացնել հասարակության գլխին փաթաթած այդ արհեստական տաբուներն ու արգելքները:

Share

Comments are closed.