Ինչու պետք է կործանվեր Ավստրիան. ազգայնականությունը և ազատական արժեքները  

 

Zolyan-photoՄիքայել ԶՈԼՅԱՆ
Վերլուծաբան
Երևան

«Ազգայնականություն» հասկացությունը հաճախ կապվում է ծայրահեղ պահպանողականության, ժողովրդավարական և ազատական արժեքների ժխտման, հակա-արևմտյան և հակա-արդիական դիրքորոշումների հետ: Ընդ որում, այս մտայնությունը հաճախ կիսում են ոչ միայն ազգայնականության քննադատները, այլև իրենց ազգայնական համարողներից շատերը: Այսպես, իրենց ազգայնական համարող որոշ գործիչներ դեմ են արտահայտվում ժողովրդավարության և մարդու իրավունքների վրա հիմնված արժեքային համակարգին, ընդ որում այս դիրքորոշումը բացատրվում է հենց իրենց` ազգայնական լինելու հանգամանքով: Որքանո՞վ է հիմնավորված այս դիրքորոշումը: Արդյո՞ք անհամատեղելի են ազգայնականությունը և ժողովրդավարությունը, կամ ազգայնականությունը և ազատականությունը: Չհավակնելով այդ խնդրի համակողմանի լուսաբանման` կփորձենք այս հոդվածում անդրադառնալ այդ խնդրի որոշ կողմերին:

Ազգայնականներ, ազգայնամոլներ, թե՞ ծայրահեղ աջ պահպանողականներ

Ակնհայտ է, որ ազգայնականության նկարագրված ընկալումները դատարկ տեղում չեն առաջացել: Ազգայնականության առավել ծայրահեղական ձևերը, որոնք հայերեն հիանալի բնորոշվում են «ազգայնամոլություն» բառով, ինքնըստինքյան անհամատեղելի են ազատական արժեքային համակարգի հետ: Սակայն, ազգայնականության ուսումնասիրողների կարծիքով, ազգայնականությունը շատ ավելի լայն երևույթ է, որն ամենևին չի կարելի  նույնացնել ազգայնամոլության հետ: Այս ոլորտի դասական համարվող Էրնեստ Գելներն այսպես էր բնորոշում այն. «ազգայնականությունը քաղաքական սկզբունք է, ըստ որի ազգային միավորը պետք է համընկնի պետական միավորին»[1]: Կարծում եմ, Հայաստանի և ետխորհրդային տարածության բնակիչների մեծամասնությունը կիսում է այս սկզբունքը, այսինքն, Գելների եզրաբանությամբ, ազգայնական են, թեև նրանց մեծամասնությունը դժվար թե համաձայնվեր նման բնորոշման հետ:

Սա, ի դեպ, մի երևույթ է, որը բնորոշ է ոչ միայն ետխորհրդային տարածքին: Բրիտանացի սոցիալական հոգեբան Մայքլ Բիլիգը գնտում է, որ հաճախ «ազգայնականությունը» նույնացվում է ազգայնական գաղափարախոսության ծայրահեղ դրսևորվումների հետ: Իսկ ազգայնականության ավելի սովորական, առօրեական, քաղաքական մեյնսթրիմին բնորոշ դրսևորումները, որոնք Բիլիգը անվանում է «ծեծված», չեն գիտակցվում որպես այդպիսին. «ըստ ընդունված բառօգտագործման՝ Ջորջ Բուշը ազգայնական չէ, բայց Քվեբեքի կամ Բրետանի անջատողականները ազգայնական են, ինչպես նաև ծայրահեղ աջ կուսակցությունները, ինչպես, օրինակ, Ազգային ճակատը Ֆրանսիայում»[2]:

Չնայած նրան, որ արդի հասարակական գիտության մեջ «ազգայնականություն» տերմինը հասկանում են մոտավորապես այն իմատով, որով այն օգտագործում է Գելները, իրական քաղաքականության մեջ սովորաբար «ազգայնական» են համարվում այն ուժերը, որոնք հանդես են գալիս ծայրահեղ աջ, խիստ պահպանողական դիրքորոշումներով: Այսպես, Ռուսաստանում «նացիոնալիստ» տերմինն օգտագործվում է գրեթե բացառապես ծայրահեղ աջ, էթնիկ ատելություն քարոզող ծայրահեղական ուժերին բնորոշելու համար: Եվրոպայի շատ երկրներում ևս «ազգայնական» դրոշը կրում են ծայրահեղ աջ կուսակցությունները, որոնք հանդես են գալիս միասնական Եվրոպայի դեմ և կասկածի տակ են առնում ազատական ժողովրդավարության արժեքները:

Դրանք բավականին բազմազան են` համեմատաբար չափավորներից մինչև գրեթե բացահայտորեն ֆաշիստական, ինչպես, օրինակ, հունական «Ոսկե արշալույսը» և հունգարական «Յոբբիկը»: Նրանց միավորում է այս կամ այն աստիճանի բացասական վերաբերմունքը գլոբալացման, տարածաշրջանային ինտեգրման և փոքրամասնությունների հանդեպ` համեմված դավադրաբանական (կոնսպիրոլոգիական) մտածելակերպով: Նրանց գաղափարաբանության հիմքում ընկած է արդիականության հանդեպ բացասական վերաբերմունքը. արդիականությունը նույնացվում է ճգնաժամի հետ, իսկ անցյալը իդեալականացվում է, ներկայացվում իբրև յուրահատուկ «ոսկե դար», դեպի որը պետք է վերադառնալ:

Ռուսսոյի, Գարիբալդիի և Գանդիի ազգայնականությունը

Սակայն, միշտ չէ, որ ազգայնականությունը եղել է պահպանողական, միշտ չէ, որ այն նայել է դեպի ետ և վախեցել ապագայից: Ընդհակառակն, այն ժամանակ, երբ ազգայնականությունը ձևավորվում էր որպես քաղաքական գաղափարախոսություն և քաղաքական շարժում, այն տրամագծորեն հակառակ դիրքերում էր: Սովորաբար համարվում է, որ որպես քաղաքական գաղափարախոսություն ազգայնականությունը մուտք է գործել իրական քաղաքականության դաշտ ֆրանսիական հեղափոխության տարիներին[3]: Ազգայնական գաղափարները սերտորեն կապված էին ֆրանսիական հեղափոխության բերած մյուս քաղաքական սկզբունքների հետ: Պատահական չէ, որ ազգայնականության գաղափարները ձևավորումը հաճախ կապում են Լուսավորականության դարաշրջանի մտածողների, մասնավորապես Ժան Ժակ Ռուսսոյի հետ:

19-րդ դարի առաջին կեսին ազգայնականությունը և ազատականությունը գրեթե անբաժանելի էին Եվրոպայում տեղի ունեցող հեղափոխական շարժումներում: Նրանց նպատակն էր ազատվել միապետական դինաստիական վարչակարգերից և դրանք փոխարինել ազգային պետություններով, որոնք իրենց հերթին պետք է հիմնված լինեին ազատական և ժողովրդավարական սկզբունքների վրա: Այդպիսի հեղափոխական էր, օրինակ, Ջուզեպպե Գարիբալդին, ով պայքարում էր Ավստրիական կայսրության և իտալական մանր իշխանապետությունների դեմ` Իտալիան միավորելու և այնտեղ ժողովրդավարական քաղաքական համակարգ ստեղծելու համար: Իտալական հեղափոխական շարժումներն այն ժամանակ ոգևորում էին հեղափոխականներին Եվրոպայի ամենատարբեր անկյուններում: Պատահական չէ, որ Միքայել Նալբանդյանի՝ Հայաստանի օրհներգի հիմք դարձած բանաստեղծության հերոս «իտալացի աղջիկը» ցանկանում է, որ «կործանվի Ավստրիան»:

Այս ամենի շնորհիվ 19-րդ դարի առաջին կեսը հաճախ անվանում են «ազատական» կամ ժողովրդավարական ազգայնականության դարաշրջան: Դրա բարձրակետն էր այսպես կոչված «ազգերի գարունը»` 1848-49թթ. հեղափոխությունների շարքը եվրոպական երկրներում: Իրավիճակը սկսեց փոխվել, երբ 19-րդ դարի երկրորդ կեսին միապետական վարչակարգերը սկսեցին հասկանալ, որ ազգայնականությունը կարելի է օգտագործել: Ազգայնականությունը զտվում է ազատական-ժողովրդավարական գաղափարներից, սկսում է օգտագործվել իշխող վարչակարգերի կողմից` իրենց լեգիտիմությունը հաստատելու համար:

19-րդ դարի վերջին տասնամյակներում ազգայնականության մեջ ուժեղանում է օտարատյացության գործոնը, հաճախ արտահայտվում էր կրոնական և ազգային փոքրամասնությունների հետապնդումով, ինչը հիմնավորելու համար օգտագործում էին տարատեսակ դավադրաբանական տեսություններ և ռասիստական կարծրատիպեր: Պատահական չէ, որ 19-րդ դարի վերջին տասնամյակները նշանավորվեցին այնպիսի իրադարձություններով, ինչպիսին էին հայկական կոտորածները Թուրքիայում և հրեական ջարդերը Ռուսաստանում: Անգամ Արևմտյան Եվրոպայի երկրներում այդ ժամանակաշրջանում տարածվում են ռասիստական և հակասեմական գաղափարները, ինչի արտահայտությունն էր, օրինակ, Դրեյֆուսի գործը Ֆրանսիայում:

Սա, իհարկե, չի նշանակում, որ ազգայնականությունը 19-րդ դարի վերջից մինչև այսօր բացառապես աջ պահպանողական բնույթ է ունեցել: Աշխարհի ամենատարբեր մասերում տարածված են եղել ազգայնական շարժումներ, որոնց նպատակն էր կառուցել այնպիսի պետություն, որը կլիներ միաժամանակ ազգային և ժողովրդավարական: Ազատականության և ազգայնականության արժեքներով առաջնորդվող շարժումներին ավելանում են նաև այնպիսիները, որոնք փորձում էին համատեղել ազգայնական և սոցիալիստական կամ սոցիալ-դեմոկրատական գաղափարները: Այդ մասին մենք լավ գիտենք հայ ավանդական կուսակցությունների պատմությունից: Այսօր էլ աշխարհի տարբեր մասերում կարելի է հանդիպել քաղաքական ուժերի, որոնք հավասարապես նվիրված են ազգային պետության և սոցիալական պետության կերտմանը: Այդպիսին է, օրինակ, Շոտլանդիայի ազգայնական կուսակցությունը, որի նպատակն է Մեծ Բրիտանիայի կազմից դուրս բերել Շոտլանդիան և այնտեղ սկանդինավյան տիպի սոցիալ-դեմոկրատական համակարգ ձևավորել:

Ազատական և ձախ գաղափարների համակցումը ազգայնական քաղաքական ծրագրերի հետ նաև բավականին բնորոշ է երրորդ աշխարհի երկրների համար, մասնավորապես այն շրջանում, երբ այս երկրներում ընթանում էր պայքար ապագաղութացման համար: Թերևս Մահաթմա Գանդիի մասին խոսելիս մեր ժամանակակիցները դժվար թե նրան բնութագրեն իբրև «ազգայնական», սակայն իրականում նրա ղեկավարած Հնդկաստանի Ազգային կոնգրեսի գաղափարախոսությունը միանգամայն տեղավորվում էր այս հոսանքի շրջանակներում:

Ազգայնականության բազմազանությունն այսօր

Պահպանողական ազգայնականությունը չփրկեց Եվրոպայի կայսրությունները կործանումից: Սակայն, Առաջին համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցավ աջ-պահպանողական, հակաժողովրդավարական ազգայնականության հաղթարշավը Եվրոպայում: 1920-1930-ական թվականներին Եվրոպայի մի շարք երկրներում հաստատվեցին աջ պահպանողական ազգայնական գաղափախոսության կրող վարչակարգեր: Այսպիսին էր, օրինակ, Իսպանիայում Ֆրանկոյի վարչակարգը, որն իր գաղափարախոսությունն անվանում էր «ազգային կաթոլիկություն» (nacionalcatolicismo): Իհարկե, այս աջ-ազգայնական ալիքի գագաթնակետն էին իտալական ֆաշիզմը և գերմանական նացիոնալ-սոցիալիզմը, որոնք աջ-պահպանողական ազգայնականության գաղափարները հասցրեցին ծայրահեղության:

Երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպայում ազգայնականությունը վերածվում է լուսանցքային երևույթի: Մի կողմից, Աշխարհամարտի ողբերգության արդյունքներից մեկը եղավ ոչ միայն ֆաշիզմի և նացիոնալ-սոցիալիզմի, այլև ընդհանրապես ազգայնական գաղափարների վարկաբեկումը: Մյուս կողմից, Եվրոպայում արդեն իրականություն էին դարձել ազգայնականության հիմնական նպատակները (Գելներյան մեկնաբանությամբ). կայսրությունները և մանր իշխանապետությունները անցել էին պատմության գիրկը, և նրանց փոխարինել էին ազգային պետությունները: Ճիշտ է, հենց այստեղ է սկսվում տարածաշրջանային ինտեգրման գործընթացը, բայց պետք չէ մոռանալ, որ այդ ինտեգրումը, առնվազն իր նախնական փուլերում, հարցականի տակ չէր դնում ազգային պետությունների համակարգի գոյությունը, այլ, ընդհակառակը, համագործակցության միջոցով օգնում էր ուժեղացնել ազգային պետության դիրքերը: Այնպես որ, ազգայնականությունը Եվրոպայում վերածվել էր նրան, ինչ Բիլիգը անվանում էր «ծեծված ազգայնականություն» և այլևս չէր գիտակցվում որպես քաղաքական գաղափարախոսություն կամ քաղաքական շարժում: Ահե թե ինչու «ազգայնական» քաղաքական դաշտը մնաց այն ուժերին, որոնք հայտնվել էին քաղաքական կամ հասարակական լուսանցքում:

Իրավիճակը Երկաթե վարագույրից այն կողմ մի փոքր այլ էր: Մի կողմից այստեղ ևս ազգայնականության իդեալը մասամբ իրականացվել էր. Արևելյան Եվրոպայում գոյություն ունեին ազգային պետություններ, իսկ ԽՍՀՄ կազմում առկա էին կվազի-ազգային պետություններ՝ այսպես կոչված ազգային հանրապետությունները: Մյուս կողմից, սակայն, բացահայտորեն ազգայնական գաղափարների կրողները, ինչպես և մյուս այլախոհները, սոցիալիստական ճամբարում ենթարկվում էին հետապնդումների: Այդ հետապնդումների հետևանքով, ի տարբերություն Արևմտյան Եվրոպայի, որտեղ ազգայնական գաղափարները վարկաբեկված էին, սոցիալիստական ճամբարի երկրներում ազգայնականությունը շարունակում էր դիտվել իբրև այլընտրանք իշխող կոմունիստական վարչակարգին:

Արդյունքում, կոմունիստական վարչակարգերը տապալվեցին Արևելյան Եվրոպայում, և նախկին ԽՍՀՄ-ում տեղի ունեցավ ազգայնականության յուրահատուկ վերածնունդ, որը ևս մեկ անգամ ի ցույց դրեց ազգայնականության երկակի բնույթը: Մի կողմից, ազգայնականության վերելքը նպաստեց ամբողջատիրական համակարգերի տապալմանը, մյուս կողմից, շատ դեպքերում, այդ թվում նաև մեր տարածաշրջանում, այն նաև հանգեցրեց էթնոքաղաքական հակամարտությունների առաջացմանը:

Վերջաբանի փոխարեն

Այսպիսով, ազգայնականությունը կարող է տարբեր իրավիճակներում հանդես գալ կա՛մ ժողովրդավարության և ազատության, կա՛մ բռնատիրության դիրքերից: Մի կողմից ազգայնականությունը սերտորեն կապված է ժողովրդավարության հետ: Չէ՞ որ եթե իշխանությունը պատկանում է ժողովրդին՝ «դեմոսին», ապա հարց է առաջանում. ու՞մից է կազմված ժողովուրդը: Այս հարցին պատասխանում է ազգայնականությունը` «դեմոսը» ազգն է, այսինքն մարդկանց հանրություն, որը, ֆրանսիացի փիլիսոփա Էրնեստ Ռենանի խոսքերով, ունի ընդհանուր պատմական անցյալ և ապագայում միասնաբար ապրելու պատրաստակամություն[4]: Սակայն, այդ հանրությունը չի կարող լինել անվերջ մեծ. այն ունի որոշակի սահման, որով պայմանավորված է, թե ով է պատկանում այդ հանրությանը, իսկ ով՝ ոչ: Եվ ահա այս սահմանները գծելիս է, որ կարող ենք հանդիպել ազգայնականության առավել մութ կողմերին:

Ժամանակակից ազգերից յուրաքանչյուրն ունի ուրույն պատկերացումներ այն մասին, թե ինչ է նշանակում լինել այդ ազգի ներկայացուցիչ: Արևմուտքում սովորաբար որոշիչ հատկանիշը քաղաքացիությունն է, որոշակի տարածքի բնակիչ լինելը: Արևելյան Եվրոպայում և Ասիայի շատ երկրներում քաղաքացությունը երկրորդական դեր է խաղում, առավել կարևոր են այլ հատկանիշներ, ինչպես, օրինակ, էթնիկ ծագումը, մշակութային ավանդույթները, կրոնը, և այլն: Սակայն, ինչպես էլ սահմանենք ազգը, անպայման կլինեն մարդիկ, որոնք դուրս կմնան այդ սահմանումից: Մի դեպքում դա կարող են լինել լեզվական, էթնիկ, ռասայական և այլ փոքրամասնությունները, մեկ այլ դեպքում՝ փախստականները և միգրանտները: Եվ ինչքան էլ ազգայնականությունը ձգտի լինել ազատական և ժողովրդավարական, այդ ազգի սահմանման շրջանակներից դուրս մնացողների վրա դա սովորաբար չի տարածվում: Թերևս, այստեղ խնդիրը շատ ավելի խորն է: Մարդուն ընդհանրապես բնորոշ է միավորվել հանրությունների մեջ, որոնք ունեն որոշակի սահմաններ: Հարյուրամյակների և հազարամյակների ընթացքում փոխվում են այն հատկանիշները, որոնց հիման վրա մարդիկ բաժանում են միմյանց տարբեր խմբերի: Բայց ինքնին խմբերի բաժանվելու սկզբունքը, կարծես թե, անբաժան է մարդկությունից:

 

[1] E. Gellner. Nations and Nationalism. Cornell University Press, 1983. p. 1

[2] M. Billig. Banal Nationalism, Sage Publications, London, 1995, p. 5.

[3] Ճիշտ է, որոշ հեղինակներ առարկում են. օրինակ, Բենեդիկտ Անդերսոնը ազգայնականության առաջին դրսևորումները կապում էր Նոր Աշխարհի` ամերիկյան մայրցամաքի հետ, իսկ Լիա Գրինֆիլդը ազգայնականության արմատները տեսնում էր 16-17-րդ դարերի Անգլիայում)

[4] E. Renan.  “What is a Nation?” in Eley, Geoff and Suny, Ronald Grigor, ed. 1996. Becoming National: a Reader. New York and Oxford: Oxford University Press, 1996: pp. 52-54.

Share

Comments are closed.