Տեսաբան Բ. Անդերսոնի հայացքները ազգի և ազգայնականության մասին

10656273_956277011105513_695600014_n
Հայկ ԱՆՏՈՆՅԱՆ
Քաղաքագիտության մագիստրոս
Երևան

Ժամանակակից ազգայնականության տեսությունը բաժանվում է երկու հիմնական ուղղությունների` պրիմորդիալիստական և կոնստրուկտիվիստական: Ավելի վաղ հայեցակարգի` պրիմորդիալիզմի առավել հայտնի տեսաբաններից է հանդիսանում Է. Սմիթը, ով ցույց է տալիս միջէթնիկական հանրույթների տարբերակման 6 նշաններ/չափումներ` 1.ընդհանուր անուն (էթնանուն) 2. ծագման ընդհանուր միֆ 3. ընդհանուր պատմություն 4.ընդհանուր տարբերակիչ մշակույթ 5. որոշակի տարածքի հետ ասոցիացիա 6.համերաշխության զգացողություն:

Այսինքն, այս պարագայում էթնիկությունը դիտվում էր որպես որոշակի պատմական զարգացման գործընթացում մշակութային հոմոգենության, միասնության և համերաշխության զգացողության ձևավորում և ինքնագիտակցություն, որն արտահայտվում էր էթնանվանման միջոցով: Էթնիկության և ազգայնականության ավելի ժամանակակից տեսությունը` կոնստրուկտիվիզմը, շեշտադրում է կատարում ոչ թե կոշտ, օբեկտիվ տարբերակիչների (տարածք, լեզու, կրոն և այլն), այլ ընդհանուր մշակութային համապատկերի վրա, որտեղ էթնիկությունը հանդես է գալիս որոշակի էլիտաների կողմից նախագծված արհեստական կառույցի ձևով: Ինչպես Մ. Մոերմանն է նշում՝ այսպիսի «կառույցի» ներսում չկան «ոչ առանձնահատուկ կենսակերպ, ոչ տարբերակիչ լեզու, ոչ բացառիկ ավանդույթներ, ոչ էլ առանձին կրոն»: Այս ուղղության տեսական բազան ձևավորվել է «մանչեսթրական դպրոցի» (Մ. Գլակման, Կ. Միտչել, Ֆ. Մայեր, Ա. Կոեն, Ա. Էպշտեյն), Ֆրեդերիկ Բարտի դպրոցի, ինչպես նաև Էռնեստ Գելների և Բենեդիկտ Անդերսոնի տեսությունների հիման վրա:

Որպես կոնստրուկտիվիստական շարժման կողմնակից՝ Բ. Անդերսոնն իր մտքերն արտահայտեց «Երևակայական հանրություն» (Imagined communities) աշխատության մեջ:

Անդերսոնի գրքի հիմնական նպատակն է մի շարք նախնական մեկնաբանություններ անել ազգայնականության «անոմալիաների» վերաբերյալ: Ըստ նրա այս տերմինի և՛ մարքսիստական, և՛ լիբերալ տեսության շրջանակներում քննարկումները ուշացած պտղոմեոսյան փորձեր են «փրկելու երևույթները», ուստի անհրաժեշտություն է առաջացել եզրի (տերմինի) բացատրության հեռանկարները տանել «կոպեռնիկոսյան ոգուն» համապատասխան: Ազգայնականությունը, ըստ նրա, ավելի շուտ հանդիսանում է մշակութային յուրօրինակ կառույց: Որպեսզի պատշաճ ձևով փորձենք հասկանալ, մենք պետք է դիտարկենք թե ինչպես է այն պատմականորեն ձևավորվել, ինչ ճանապարհներով է փոխվել ժամանակի ընթացքում և թե ինչու այսօր այն այդքան խորը զգայական լեգիտիմություն ունի: Անդերսոնը նշում է, որ այս երևույթն ի հայտ է եկել ինքնաբուխ կերպով XVIII դարի վերջում՝ որոշակի վերացական պատմական ուժերի միջոցով: Այս շրջանակների կողմից այդ գաղափարները տարածում գտան հասարակության ամենատարբեր շերտերի մոտ և լայն զանգվածների մոտ կոնսոլիդացրեցին քաղաքական և գաղափարական այն մշակութային կառույցը, որը գեներացնում էր մարդկանց:

Ազգի և ազգայնականության աշխատանքային սահմանումը տալիս տեսաբանները շատ հաճախ հայտնվում են փակուղում, որը կապված է հետևյալ պարադոքսների հետ.

1.Պատմաբանների աչքով ազգերի արդիականության օբեկտիվությունը մի կողմից, մյուս կողմից՝ ազգերի սուբեկտիվ հնությունը ազգայնականի աչքերով:

2. Մի կողմից ազգայնականության պաշտոնական ունիվերսալությունը որպես սոցիո-մշակութային հասկացություն, մյուս կողմից դրա հատուկ դրսևորումների ասիմետրիկ առանձնահատկությունները:

3. Մի կողմից ազգայանականության քաղաքական հզորությունը, մյուս կողմից նրա փիլիսոփայական աղքատությունը և նույնիսկ ներքին անհամաձայնեցվածությունը: Այլ կերպ ասած, ի տարբերություն մյուս «իզմերի»՝ նացիոնալիզմը դեռևս չունի իր մեծագույն մտածողներին` հոբսերին, մարքսներին և վեբերներին:

Անդերսոնը առաջ է քաշում ազգի հետևյալ սահմանումը` դա երևակայական քաղաքական համայնք է, որն անպայմանորեն սահամանափակ է պատկերացվում, բայց միևնույն ժամանակ ունի ինքնիշխանություն:

Այն երևակայական է այնքանով, որ անգամ ամենափոքր ազգերի անդամները չեն ճանաչում իրենց ազգակիցներին, չեն տեսել կամ լսել նրանց մասին, բայց նրանց մտքում ունեն ձևավորված որոշակի հարազատ համայնքի պատկեր: Այս առումով դիպուկ է նշում Գելները. «Ազգերի ինքնորոշման զարթոնքը ազգայնականությունը չէ, այլ այն ուղղակի հորինում է ազգը այնպես, կարծես թե հենց այդպես էլ այն գոյություն ունի»:

Ազգի սահմանները, այնուամենայնիվ, պատկերացվում է սահմանափակորեն, քանի որ նույնիսկ միլիարդավոր բնակչությամբ ազգերը ևս ունեն սահմաններ, որից այն կողմ ապրում են այլ ազգեր, և նույնիսկ մեսիականությամբ տոգորված ազգերն իրենց չեն պատկերացնում համամարդկային տեսանկյունից:

Այն պատկերացվում է ինքնիշխան, որը դրսևորվեց Լուսավորչականության դարաշրջանում կրոնական բազմակարծության ի հայտ գալով, որը հանգեցնում էր նրան, որ ազգը պետք է լինի ազատ: Այդ ազատության խորհրդանիշն ինքնիշխան պետությունն է:

Ի վերջո, ազգը հանդիսանում է երևակայական համայնք, և չնայած անհավասարությանն ու շահագործմանը՝ ազգը դիտվում է որպես խորը և հորիզոնական ընկերակցություն: Վերջին 200 տարում մարդիկ ոչ այքան սպանվել են, որքան գիտակցաբար մահացել են այդ մտացածին «արտադրանքի» համար:

Ըստ Անդերսոնի՝ ազգը և ազգայնականությունը հանդիսանում են որպես «առանձնահատուկ մշակութային կառույց», «քաղաքական կյանքի ամենաունիվերսալ արժեքը», այլ ոչ թե գաղափարախոսություն: Ստացվում է, որ նրանք ունեն արժեբանական բնույթ, որը վերջիններիս մոտեցնում է դյուրկհեյմյան «բարոյական համայնքին»` ամրապնդված համոզմունքներով ու սովորույթներով:

Նա գրում է. «Ես ընդհամենը ենթադրում եմ, որ ազգայնականությունը չի կարելի դիտարկել միայն քաղաքական գաղափարախոսության մակարդակում, այլ հսկայական մշակութային համակարգում: Անցյալում մեր առջև ծառացած այս խնդրի լուծումը կարող է դիտարկվել միայն երկու մշակութային համակարգերի հարաբերությամբ` կրոնական հանրույթներ և դինաստիական պետություններ: Երկուսն էլ իրենց ծաղկման շրջանում ունեցել են համակարգաստեղծ ունակություններ, ինչպես որ այժմ ազգայնականությունն է»: Հեղինակը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այդ երկու համակարգերն էլ նպատակուղղված էին ժողովրդի միասնության պահպանմանը` առաջինը լատիներենի միջոցով էր դա անում, իսկ երկրորդը դինաստիաների նկատմամբ հավատք ներարկելով:

Ըստ Անդերսոնի ազգայանականության դիսկուրսի տարածման կարևոր նախադրյալներից էր XVI դարի սկզբից կապիտալիստական տպագիր արդյունաբերության ձևավորումը: Գրքերի տպագրությունը դարձավ շատ կարևոր կապիտալիստական արտադրանք մինչ արդյունաբերական հեղափոխության սկիզբը: Սա սկիզբ դրեց լատինական լեզվի տպագրության տեղական լեզուներով փոխարինելու գործընթացին: Անդերսոնը առանձնացնում է ևս երկու այլ կարևոր ֆակտորներ տեղական լեզուներին ամրապնդման գործընթացում ` Ռեֆորմացիան և բացարձակ միապետությունների ամրապնդումը: Այս երեք գործընթացները փոխկապակցված էին միմյանց հետ և Անդերսոնը խոսում էր «Ռեֆորմացիայի և տպագիր կապիտալիզմի կոալիցիայի» մասին:

Հեղինակը հատուկ ուշադրություն է հրավիրում իսպանական թագի ներքո ամերիկյան ազգ-պետությունների կազմավորմանը: Այս օրինակը նրա համար կարևոր է այնքանով, որ հեղինակին թույլ էր տալիս ապացուցել, որ այստեղ ոչ տնտեսական շահը, ոչ լիբերալիզմը, ոչ Լուսավորությունը, ոչ մշակութային և լեզվական տարբերությունները չէին խաղում սկզբունքային դեր: Որոշիչ ֆակտորների թվում նա առանձնացնում էր երկուսը` իրենց պրովինցիաների սահմաններում գաղութարար բյուրակրատիայի իշխանության հաստատումը, որոնք հետո վերածվեցին ազգային պետությունների և տեղական հրատարակչությունների գործունեությունը:

Ամերիկյան աշխարհամասում ազգային-ազատագրական պայքարի մայրամուտը համընկավ Եվրոպայում ազգայանականության վերելքի շրջանի հետ (1820-1920): XIX դարի երկրորդ կեսում գրագիտության մակարդակի, առևտրի, արդյուանբերության արագ աճը նոր թափ հաղորդեց նաև Եվրոպայում դինաստիական պետությունների լեզվական քաղաքականության լոկալիզացման համար: Պետական պաշտոնական լեզուները ավելի մեծ իշխանություն և կարգավիճակ ձեռք բերեցին: Հենց այս շրջանում ձևավորվեց «պաշտոնական նացիոնալիզմը»: Դա հանդիսացավ իշխող էլիտաների ռեակցիան երևակայան հանրույթների ձևավորման մարգինալացման բացառմանը: Ամեն պարագայում պաշտոնական ազգայնականությունը թաքցնում էր ազգի և դինաստիական պետության միջև անհամապատասխանությունը:

Ազգայնականության «վերջին ալիքը» նետվեց նաև Ասիայի և Աֆրիկայի գաղութային տարածքներ, որը արտահայտվեց համաշխարհային կապիտալիզմի նոր էքսպանսիայով: Ինչպես Մարքսն էր նշում իրենց արտադրանքի ընդլայնման համար բուրժուազիան ձգտում էր հասնել համաշխարհային տիրապետման: Իրենց ազդեցության ամրապնդման համար գաղութարար պետությունները հիմնում էին ստանդարտացված դպրոցներ գաղութային մայրաքաղաքներում: Կրթական և վարչական համակարգի այս բարեփոխումները հիմք էին ստեղծում նոր «երևակայական համայնքների» ձևավորման համար, որում տեղաբնիկները տեսնում էին իրենց «ազգայինը»:

Հայրենասիրության և ռասիզմի հարցում Անդերսոնը ձեռք է բերում փաստաբանի դեր: Նա կտրուկ հակադրում է այս հասկացությունները, նշելով, որ ազգայանականության (հայրենասիրության) «ազգային զգացողության մեջ զարմանալիորեն աննշան դեր է խաղում»: Թշնամու նկատմամբ ևս չկա այդչափ ատելություն, բայց ինքնազոհությունը և սերը հայրենիքի հանդեպ հանդիսանում են ազգայնականակնության զգայական հիմքը, որը ազգայանմոլության մշակութային արտադրանքն է: Անդերսոնը այս քաղաքական էմոցիան կապում է ընտանեկան սիրո և հավատարմության զգացողության հետ: Այսպիսի էմոցիաների առանձնահատկությունը «բնականությունն է», բնական կանխորոշվածությունը: Այս դիսկուրսում Անդերսոնը իրավացիորեն նշում, որ իրենց ազգային պատկանելիությունը չեն ընտրում: Հավատարմությունը ազգին, ինչպես նաև հավատարմությունը ընտանիքին պահանջում է զոհաբերություն: «Ազգի համար մեռնելը բարոյական մեծություն է ցույց տալիս…»,-գրում է Անդերսոնը հանդես գալով ավելի շատ որպես ազգայնականության դիսկուրսի ներկայացուցիչ, քան նրա վերլուծաբան:

Այս դիսկուրսում կարևոր նշանակություն ունի ազգային հիշողության հարցը: Օրինակ, յուրաքանչյուր հայի համար էական նշանակություն ունի Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակը, որը գիտակցության մեջ ամրանդվում է որպես սեփական «հարազատների պատմություն»: Սա ևս ազգային գենետիկայի կառուցման մեխանիզմներից է:

Այսպիսով, Անդերսոնը գտնում է, որ ազգերն ըստ էության երևակայական հանրույթներ են: Մարդիկ ծնվում են ինչ-որ համայնքում, յուրացնում են այդ համայնքի վերաբերյալ որոշակի պատկերացումներ, մասամբ նաև «քաղաքական գովազդի» ազդեցությամբ նրանք իրենց տարանջատում են այլ ժողովուրդներից:

Ըստ Անդերսոնի համայնքների միջև էական տարբերություններ չկան, բայց նրանք բավականին ազդեցիկ են մեր գործողությունների կառավարման առումով: Բնականաբար, Անդերսոնի տեսակետը քննադատվել է շատ այլ տեսաբանների կողմից, ովքեր գտնում են, որ ազգերը խորքային առումով տարբերվում են իրարից և դա պարզապես երևակայության հարց չէ:

Share

Comments are closed.