Ինքնիշխանություն VS անվտանգություն. Լեռնային Ղարաբաղում ապրիլյան պատերազմը բացահայտել է հայկական քաղաքականության արատավորությունը


manvel-sargsyanՄանվել
ՍԱՐԳՍՅԱՆ
ՌԱՀՀԿ տնօրեն
Երևան

Լեռնային Ղարաբաղում ապրիլի 2-5-ի քառօրյա պատերազմը կործանել է վերջին երկու տասնամյակում ձևավորված բազում առասպելաբանություններ։ Խոսքն, առաջին հերթին, Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության մեջ Լեռնային Ղարաբաղի դերի և հայ ժողովրդի կյանքում Լեռնային Ղարաբաղի տեղի մասին է։ Անվտանգության փիլիսոփայության սկզբունքի գերակայության վրա հիմնված հայկական քաղաքականության պրակտիկան և՛ արտաքին, և՛ ներքին չափումներում ցուցադրել է իր արատավոր բնույթը՝ անվտանգության օգտին ինքնիշխանությունից հրաժարվելու պատրաստակամությունը ՀՀ-ին և ԼՂՀ-ին կանգնեցրել է պատային իրավիճակի առջև։ Բացահայտվեց հայկական դիվանագիտության գոյություն ունեցող բոլոր քաղաքական, դիվանագիտական և ռազմական մեխանիզմների չկայացվածությունը։ Անվտանգության համակարգը խարխափում է անորոշության մեջ։

Նկարագրված հանգամանքի ըմբռնումը տեղի ունեցավ արդեն իսկ պատերազմի օրերին։ Ապրիլի 4-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ և Ադրբեջանի շփման գծում ստեղծված իրավիճակի կապակցությամբ հայտարարեց[1], որ Բաքվի կողմից ռազմական գործողությունները շարունակելու և դրանց լայնածավալ պատերազմին վերաճելու պարագայում Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Նաև հայտարարվեց, որ ՀՀ-ն, հանդիսանալով 1994թ. մայիսի 12-ի հրադադարը ստորագրած կողմերից մեկը, իրավունք ունի աջակցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։

Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու համար մի շարք նախապայմաններ առաջ քաշեց, իսկ ՀՀ Ազգային ժողով ներկայացվեց ԼՂՀ ճանաչման մասին օրինագիծ։ Մտադրությունների լրջությունը ցուցադրելու համար Հայաստանի կառավարությունը նիստի ժամանակ հավանության արժանացրեց վերոհիշյալ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին օրինագիծը։[2] Կառավարության հավանության արժանացած եզրակացությունում նշվում է, որ օրինագիծը Հայաստանի և Ղարաբաղի ներկայացուցիչների փոխադարձ քննարկումների արդյունք է, որը պայմանավորված է հնարավոր հետագա գործընթացներով և արտաքին գործոններով։

Այս բոլոր քայլերը դիտվում էին որպես ՀՀ արտաքին քաղաքականությունը վերանայելու փորձ։ Սակայն հետագա մի քանի օրերը ցույց տվեցին, որ տևապես իրականացվող քաղաքականության իներցիան շատ արագ կրկին տիրապետող դարձավ Հայաստանի քաղաքական դասակարգի գործողություններում։ Հերթով բոլոր ատյանները սկսեցին կասկածի տակ դնել ի հայտ եկած նոր միտումները՝ որպես փաստարկ դարձյալ վկայակոչելով անվտանգության խնդիրը։ Այս «հետդարձի» արշավի պսակը Հայաստանի առաջին նախագահ՝ այժմ ընդդիմադիր քաղաքական գործիչ Լևոն Տեր֊Պետրոսյանի հոդվածն[3] էր, որում Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության միակողմանի ճանաչումը բնութագրված էր որպես անկանխատեսելի հետևանքներով հղի «խելահեղ քայլ»։ Քանի որ այս հոդվածը լույս է տեսել Լևոն Տեր֊Պետրոսյանի՝ Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի հետ ունեցած հանդիպումներից հետո, ոչ ոքի մոտ կասկած անգամ չմնաց վերոհիշյալ դրույթների շուրջ ձեռք բերված նախնական պայմանավորվածության մասին։ Այսպիսով, պետության ինքնիշխան քայլերը կրկին հակադրվեցին անվտանգության խնդրին։

Թվում է, որ քառօրյա ռազմական բռնկումն ու պատերազմից հետո ստեղծված պատային իրավիճակը Հայաստանի, ԼՂՀ-ի և նույնքան բարդ իրավիճակում հայտնված Ադրբեջանի միջև տարիների ընթացքում ձևավորված փոխհարաբերությունների տրամաբանական ավարտն էր։ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություններից չհրաժարվող Ադրբեջանը շարունակում է վկայակոչել հարցը ռազմական ճանապարհով լուծելու իր իրավունքը։ Վերջին անգամ միջազգային բարձր մակարդակով դրա մասին հայտարարել է[4] Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը։ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 70-րդ նստաշրջանում իր ունեցած ելույթում նա մասնավորապես ասել է. «Եթե հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները չարձանագրեն արդյունք, այսինքն՝ Ադրբեջանի բռնազավթված հողերից Հայաստանի զինված ուժերի լիակատար և անվերապահ դուրսբերում, մենք հարկադրված կլինենք օգտվել ՄԱԿ Կանոնադրության 51-րդ հոդվածով երաշխավորված ինքնապաշտպանության անօտարելի իրավունքից՝ մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում վերականգնման համար»։

Հայաստանն ավելի լավ բան չի գտել, քան ԼՂՀ ճանաչման հարցը նույնպես կապել ռազմական գործոնի հետ։ Դեռևս 2010թ. դեկտեմբերի 2-ին Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովում Սերժ Սարգսյանը հայտարարել էր[5]. «Հայաստանը կտրականապես չի ընդունում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը։ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի վերսկսման դեպքում Հայաստանը չի ունենա այլ ելք, քան դե-յուրե ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և օգտագործել իր բոլոր հնարավորություններն Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար»։

Ի հակակշիռ այս մոտեցումների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում 2011թ. հունիսի 25-ին Կազանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ներկայացրել են հակամարտության կարգավորման հիմնարար  սկզբունքների «ճանապարհային քարտեզը»։[6] Սակայն Կազանում առաջընթացը հնարավոր չի դարձել, որովհետև Ադրբեջանը մերժել է այդ առաջարկությունները։ Բանակցային գործընթացը կախվել է օդում։

Ադրբեջանը, նորագույն սպառազինություններ գնելով ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանից, սկսել է կիրառել նոր ռազմավարություն, որն անվանել է «ռազմական դիվանագիտություն»։ Դրա էությունը շփման գծում հայ զինվորականների սպանությամբ ուղեկցվող նպատակասլաց սադրանքներ հրահրելն էր։ Սկզբում այս ռազմավարությունը որոշակի արդյունավետություն է ունեցել, բայց արդյունքում դրա պատճառով Ադրբեջանը մեծ քաղաքական փակուղում է հայտնվել։ Հարկադրված լինելով բարձրացնել հրադադարի գծում բախումների ուժգնության նշաձողը՝ Ադրբեջանը հասավ այն բանին, որ հայկական բանակը ստիպված եղավ որդեգրել նոր ռազմական հայեցակարգ, որը համառոտակիորեն կարող ենք կոչել հակառակորդի զսպման պատժիչ հայեցակարգ։

Փետրվարի 18-ին Վիեննայում կայացած ԵԱՀԿ «Հայեցակարգային պաշտպանական մոտեցումներ» սեմինարի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ներկայացնելով Հայաստանի ռազմական հայեցակարգի փոփոխությունները, հայտարարել է, որ երկրի անվտանգությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմաններն ապահովելու համար Հայաստանը մտադիր է մի շարք միջոցներ ձեռնարկել, մասնավորապես՝ անցում կատարել «Զսպման» (Deterrence system) մեթոդաբանությանը, որը կիրառվելու է ռազմական դիմակայության ներկայիս չափերը մեղմելու նպատակով։ Նոր մեթոդաբանությունը փոխարինելու է «Կրավորական պաշտպանությանը»։

Մինչ այդ՝ 2014թ. օգոստոսին այս հայեցակարգն արդեն իսկ գործադրվել է շփման գծում՝ հանգեցնելով բազմաթիվ կորուստների և խուճապային տրամադրությունների ադրբեջանական բանակի շարքերում։ Ժամանակային առումով Ադրբեջանը շատ բարդ իրավիճակում է հայտնվել։ Գործը հասել է ղարաբաղյան զորքերի հետ շփման գծից հեռու՝ խորքային ռազմական ենթակառուցվածքների կորստյան սպառնալիքին։ Այսպիսով, Բաքվի կողմից արդյունավետ համարվող ճնշման այս միակ մեխանիզմը շրջվել է հենց Ադրբեջանի դեմ՝ թե՛ ռազմական, և թե՛ քաղաքական առումով։ Այս իրավիճակում Բաքվին այլ բան չէր մնում, քան շրջել «շախմատի տախտակը»՝ հիշյալ միտումը կանգնեցնելու համար։

Այսպիսով, ապրիլյան պատերազմն Ադրբեջանի «ռազմական դիվանագիտության» հայեցակարգի ձախողման նշան էր, որի հետևանքով ձևավորվել է վերոնկարագրյալ պատային իրավիճակը։ Երկրները ստիպված են որոնել ազգային քաղաքականության նոր սկզբունքներ, որովհետև բուն ռազմական գործողությունները բացահայտել են ևս մի կարևոր հանգամանք՝ ԼՂՀ-ին անհնար է տիրանալ ռազմական ճանապարհով։ Երկու օրերի ընթացքում երկու կողմից խոցված 38 տանկը վկայում է, որ տարածքներ գրավելու այս գլխավոր զենքը կորցրել է իր նշանակությունը 21-րդ դարի պատերազմի պայմաններում։

Հայկական քաղաքական դասակարգը ստիպված է գիտակցել, որ ինքնիշխանության հակադրումն ազգային անվտանգությանը մեր պետական քաղաքականության գլխավոր արատն է։ Միջազգային հարաբերությունների էության և «սառը պատերազմի» հասկացություններով  միջազգային հանրության գործողությունների գնահատումը թույլ չի տալիս կազմել առկա սպառնալիքների և պաշարների բանական պատկերը։ Արմատական փոփոխությունների ներկայիս ժամանակաշրջանը ստիպում է նորովի գնահատել ինքնիշխան քայլերի ուժն ու պետության ինքնուրույնաբար կայացրած որոշումների արդյունավետությունը։ Պետք է հաղթահարել անվտանգության օգտին իրավունքներից հրաժարվելու ցայսօր վարվող քաղաքականության իներցիան և վերանայել ազգային քաղաքականության հիմնատարրերը։ 25 տարիների ընթացքում Հայաստանի և ԼՂՀ բոլոր «բաշխված» իրավունքները պետք է վերադարձվեն, իսկ ճորտացնող պայմանագրերը՝ վերանայվեն։ Հենց դրանից էլ կսկսվի նոր ինքնիշխան քաղաքականությունը։ Այս ճանապարհին ոչ մի խոչընդոտ չկա։

Իսկ սկսել հարկ է հետադարձ հայացքից։ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քառորդդարյա կայացման պատմության ընթացքում հայ ժողովուրդն ընդունել է երկու կարևորագույն ինքնիշխան որոշում։ Առաջինը՝ 1989թ. դեկտեմբերի 1-ի Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի որոշումն էր՝ Հայկական ԽՍՀ-ի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման վերաբերյալ։ Երկրորդը՝ 1994թ. հրադադարի հաստատումից հետո Լեռնային Ղարաբաղում ռուսական զորքերի տեղաբաշխման անընդունելի լինելու մասին որոշումն էր։ Առաջին որոշումից Հայաստանի Հանրապետության նոր իշխանությունները հրաժարվել են երկրի անկախության հռչակման օրը՝ 1991թ. սեպտեմբերին։ Այս հրաժարումը ձևավորել է ազգային քաղաքականության տձև և արատավոր հիմքերը։ ՀՀ Սահմանադրությունում պետությունը հռչակագրված է մի, իսկ կառուցված և օրինականացված է բոլորվին այլ տարածքում (իսկ ԼՂՀ-ն ճանաչված է այլ պետության՝ Ադրբեջանի մաս)։ Չեն մշակվել ՀՀ և ԼՂՀ հարաբերությունները կարգավորող իրավական շրջանակներ։ Այսօրինակ որոշման հետևանքով առաջացած Հայաստանի ինքնիշխանության թերարժեքությունն այսօր գլխավոր սպառնալիքն է՝ թե՛ արտաքին, և թե՛ ներքին քաղաքական կտրվածքներում։ Նմանատիպ իրավական լղոզվածությունը քայքայում է ՀՀ իրավաքաղաքական մոդելի և պետական քաղաքականության հիմքերը։ Ինչո՞ւ հայկական դիվանագիտությունն աշխարհի հետ չի կարողանում իրավունքի լեզվով խոսել։ Քանի որ համաշխարհային ասպարեզում Լեռնային Ղարաբաղը համարում են Ադրբեջանի բաղկացուցիչ մաս։ Այսպիսի պայմաններում պարզապես անհնարին է քաղաքականություն կառուցել։

Երկրի ներսում հնարավոր չեղավ կառուցել իրավական հարաբերությունների համակարգ, քանի որ կարգավորման ստվերային մեխանիզմները ներթափանցել են պետական կյանքի բոլոր ոլորտները։ Հասկանալի չէ, թե որտեղ են սկսվում քաղաքացիների իրավունքներն ու որտեղ ավարտվում։ Իրավունքները կարգավորվում են ոչ թե օրենքով, այլ ըմբռնմամբ (ազնիվ խոսքի հիման վրա)։ Դրա համար էլ ԻՐԱՎՈՒՆՔ բառի իմաստը քաղաքացիների և առաջին հերթին քաղաքական դասակարգի գիտակցության մեջ ամբողջովին արժեզրկվել է։ Պետական քաղաքականության մեջ իրավունքները սոսկ սակարկման առարկա են դարձել։ Շատերը շարունակում են մտածել, որ անվտանգությունը կարելի է ապահովել իրավունքներից հրաժարվելու միջոցով։ Սա մեծ մոլորություն է, որին նրանք խորապես հավատում են։

Այսինքն, կարելի է պնդել, որ անվտանգության ապահովման օգտին իրավունքներից հրաժարվելու սկսզբունքը ՀՀ քաղաքականության մեջ արմատավորվել է հենց նրա ձևավորման շրջանից։ Քչերն են հասկանում, որ սեփական իրավունքներից հրաժարվելու պատճառով դրանք փոխանցվում են ուրիշներին։ Իսկ այս ուրիշները դրա շնորհիվ ստանում են ուժի կիրառման օրինական իրավունք՝ ձեռք բերված իրավունքները պաշտպանելու համար։ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ հասկացության իմաստը հայ քաղաքական մտքի համար շարունակում է անհասանելի մնալ։ Մասնավորապես, չըմբռնված է մնում ինքնիշխանության՝ կայուն անվտանգություն ապահովելու հատկությունը։ Հայկական քաղաքական դասակարգն ընդունակ չէ լրջորեն ըմբռնել այն ակներև հանգամանքը, որ միայն ինքնիշխան սուբյեկտը կարող է լինել միջազգային ուժերի հավասարակշռության կայուն տարր՝ դրանով իսկ ապահովելով սեփական անվտանգությունը։ Անվտանգությունը կապվում է արտաքին հովանավորչության և իրավունքներից հրաժարվելու հետ։ Այդ իսկ պատճառով հասունացել է միևնույն հարցերին 25-ամյա հնության մոտեցումները վերափոխելու ժամանակը։

 

[1]             Серж Саргсян заявил о возможности признания независимости Нагорно-Карабахской Республики, http://www.arminfo.am/index.cfm?objectid=1297C990-FA60-11E5-9D010EB7C0D21663

[2]             http://newsarmenia.am/news/nagorno_karabakh/pravitelstvo-armenii-predstavilo-zaklyuchenie-pro-zakonoproektu-o-priznanii-karabakha/

[3]             Լեւոն Տեր-Պետրոսյան. Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ, http://www.ilur.am/news/view/53931.html

[4]             Азербайджан воспользуется правом на восстановление территориальной целостности в случае безрезультатности переговоров – глава МИДhttp://www.trend.az/azerbaijan/karabakh/2438778.html

[5]              ВЫСТУПЛЕНИЕ ПРЕЗИДЕНТА РА СЕРЖА САРГСЯНА НА САММИТЕ ОРГАНИЗАЦИИ ПО БЕЗОПАСНОСТИ И СОТРУДНИЧЕСТВУ В ЕВРОПЕ http://www.president.am/ru/statements-and-messages/item/2010/12/02/news-78/

[6]             Կազանյան փաստաթղթին առնչվող իրադարձությունների մանրամասն քննությունը տե՛ս՝ http://ru.aravot.am/2016/04/21/207437/

 

Share

Comments are closed.