Սահմանադրական փոփոխությունները՝ իշխանության վերարտադրության միջոց

 

hayk-khanumyan-2Հայկ ԽԱՆՈՒՄՅԱՆ
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր
Ստեփանակերտ

 

Արցախում սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը սովորաբար կապում են Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած գործընթացի հետ: Սակայն հանուն ճշմարտության պետք է նշել, որ Ստեփանակերտում քաղաքական գործիչները սահմանադրական փոփոխությունների օգտին հրապարակայնորեն արտահայտվում էին դեռևս նախքան ՀՀ-ում նման փոփոխությունների անհրաժեշտության մասին բարձրաձայնելը: Սկզբում այս մասին սկսեցին խոսել 2010-15թթ. ԱԺ-ում ամենաշատ պատգամավորներ ունեցած ՛՛Ազատ Հայրենիք՛՛ կուսակցության ներկայացուցիչները: Սույն կուսակցությունը հանդես էր գալիս խորհրդարանական կառավարման մոդելի օգտին: Այս մոտեցումն ավելի ամրապնդվեց 2015թ. մայիսյան ընտրություններից հետո, երբ կուսակցությունը 33 պատգամավորական տեղից վերցրեց 15-ը: Կուսակցության ղեկավարը Արցախի վարչապետն էր, 2005 թվականից ի վեր ՛՛Ազատ Հայրենիքն՛՛ անընդհատ ավելացրել էր իր տեղերն Ազգային ժողովում, և սահմանադրության նմանատիպ փոփոխությունների օգտին հանդես գալն ամբողջովին հասկանալի էր:Խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու գաղափարին առաջինը դրականորեն արձագանքեց Դաշնակցության արցախյան կառույցը: Այս կուսակցությունն ավանդաբար հանդես էր գալիս խորհրդարանական մոդելի օգտին, 1918-20թթ. Հայաստանի առաջին հանրապետությունը դաշնակցական մեծամասնությամբ խորհրդարանական հանրապետություն էր, նորօրյա Արցախը նույնպես անկախության առաջին տարիներին ուներ խորհրդարանական կառավարման մոդել՝ կրկին դաշնակցական մեծամասնությամբ:

Սրանք հրապարակային պատճառաբանություններն էին, սակայն խորքում մի կարևոր պատճառ կար, որը ստիպում էր այս կուսակցություններին ավելի համառորեն պնդել խորհրդրանական մոդելի վրա: 2012 թվականին Բակո Սահակյանի վերընտրությունից հետո (գործող սահմանադրությամբ նույն անձը չի կարող անընդմեջ ընտրվել նախագահի պաշտոնում առավել քան երկու անգամ), մամուլով և ոչ միայն, համառորեն լուրեր էին շրջում, որ Երևանը հաջորդ նախագահի պաշտոնում կցանկանար տեսնել ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին, ով զբաղեցնում է ՀՀ նախագահի հատուկ հարցերով դեսպանի պաշտոնը և մոտ է գտնվում Հայաստանում որոշում ընդունողներին:

Հինգերորդ գումարման Ազգային ժողովի խմբակցություն ձևավորած մյուս քաղաքական ուժը՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ, հանդես էր գալիս որպես նախագահական կառավարաման մոդելի կողմնակից և սկզբից դեմ էր խորհրդարանական մոդելի գաղափարին: Այս երեք քաղաքական ուժերի միջև վերոնշյալ հարցերի շուրջ տեղի էին ունենում քաղաքական խորհրդակցություններ:

2015թ. մայիսյան ընտրությունների արդյունքում խորհրդարանական մոդելի կողմնակից ուժերը՝ ՛՛Ազատ Հայրենիքն՛՛ ու ՛՛Դաշնակցությունը՛՛, զբաղեցրին համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերը, 33 պատգամավորական մանդատից ստանալով 15 և 7 տեղեր: Նախկին 3 քաղաքական ուժի փոխարեն խորհրդարան մտան 5 ուժեր: ՛՛Շարժում-88՛՛ և ՛՛Ազգային վերածնունդ՛՛ կուսակցությունները նույնպես ձևավորեցին խորհրդարանական խմբակցություններ, թեև բավականին սահմանափակ մասնակցությամբ, համապատասխանաբար՝ 3 և 1 պատգամավոր: Քանի որ այդ ժամանակ Հայաստանում ակտիվորեն ընթանում էր սահմանադրական փոփոխությունների գործընթաց՝ Ստեփանակերտում ուղղակի լուռ հետևում էին դրան: 2015թ. դեկտեմբերյան հանրաքվեն և ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ընդունումը խորհրդարանական մոդելի կողմնակից արցախյան ուժերին լրացուցիչ փաստարկ տվեցին իրենց գաղափարն առաջ մղելու հարցում:

2016թ. փետրվարին տեղի ունեցած քաղաքական խորհրդակցությունների ժամանակ, որին այս անգամ արդեն մասնակցում էին նաև ՛՛Շարժում-88՛՛ և ՛՛Ազգային վերածնունդ՛՛ կուսակցությունները, խորհրդարանական մոդելին կողմ արտահայտվեց նաև խորհրդարանի մեծությամբ երրորդ՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը: Նրանք գտնում էին, որ Արցախը չպետք է Հայաստանից տարբերվող կառավարման մոդել ունենա: ՛՛Շարժում-88՛՛-ն արտահայտվեց կիսանախագահական մոդելի օգտին, իսկ իմ ղեկավարած ՛՛Ազգային վերածնունդ՛՛ կուսակցությունը գտնում էր և մինչ այժմ էլ համարում է, որ Արցախին սահամանդրական փոփոխություններ պետք չեն: Մենք համարում ենք, որ Արցախի նման թույլ ժողովրդավարությունում սահմանդրական փոփոխությունները սովորաբար կատարվում են իշխանության վերարտադրության համար, որ կառվարման արդյունավետությունը կամ կառավարման համակարգի լավարկումը (օպտիմալացումը) բոլորովին կապ չունեն կառավարման մոդելի հետ: Այնուամենայնիվ, մենք նույնպես որոշեցինք մասնակցել փոփոխությունների գործընթացին՝ ձեռքը զարկերակի վրա պահելու և մեր ընտրողների շահերը պաշտպանելու նպատակով:

Քաղաքական խորհրդակցությունների հաջորդ փուլին խորհրդարանական կուսակցություններին միացան նաև արտախորհրդարանական մի շարք կուսակցություններ, որոնցից ամենահայտնին խորհրդարանական ընտրություններին մշտապես մասնակցող Արցախի կոմունիստական կուսակցությունն էր:

2016թ. մարտին ստեղծվեց ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ: Այն պետք է մինչև մայիսի 1-ը ներկայացներ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը: Սակայն Արցախ-Ադրբեջան սահմանին ապրիլին սկսված ռազմական գործողությունները հետաձգեցին այս ժամկետը:

Ամառվա ընթացքում թեմայի շուրջ տեղի ունեցան հետաքրքիր իրադարձություններ: Պարզվեց, որ ոչ թե քաղաքական ուժերի ներկայացրած տեսակետների հիման վրա է մշակվում սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, այլ որոշ փորձագետների առաջարկությամբ: Նրանցից առանցքային դեր ուներ ՀՀ արդարադատության նախկին նախարար, այժմ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ով էլ սկսեց հանդիպումներ անցկացնել քաղաքական ուժերի հետ՝ փորձելով նրանց համոզել նախագահական մոդելի առավելությունների մեջ: Արդեն իսկ հստակ էր, որ Ա.Ղուլյանի գլխավորած հանձնաժողովը նույնիսկ մեկ ստորակետ չի կարող փոխել հայեցակարգի և ապագա նախագծի մեջ:

Տարիներ շարունակ թմբկահարվող խորհրդարանական կառավարման մոդելը փոխարինվեց ՛՛սուպերնախագահական՛՛ մոդելով, որտեղ ԼՂՀ Ազգային ժողովի և ԼՂՀ նախագահի ընտրությունները կատարվում են միաժամանակ, համընդհանուր, ուղղակի ընտրություններով: Ազգային ժողովը նախագահի կողմից արձակվելու դեպքում տեղի են ունենում նաև նախագահի նոր ընտրություններ, իսկ նախագահին ԱԺ կողմից անվստահություն հայտնելու դեպքում տեղի էին ունենում նոր խորհրդարանական ընտրություններ:

Սակայն մտահոգիչը ոչ այնքան սա էր, ինչքան ենթադրվող անցումային ժամանակաշրջանը: Հաջորդ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան 2020թ., իսկ նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2017թ.: Այս միջանկյալ շրջանի համար ԱԺ-ն պետք է նշանակեր անցումային շրջանի նախագահ: Մեր ամենամեծ մտավախությունն այն է, որ այս պաշտոնին կարող է հավակնել գործող նախագահ Բակո Սահակյանը՝ պահպանելով նաև 2020թ. նախագահի ընտրություններում առաջադրվելու հնարավորությունը: Այս մտահոգության համար կան բավարար հիմքեր, այդ թվում՝ քաղաքական ուժերի և նախագահի միջև օգոստոսին տեղի ունեցած հանդիպումը: Այս սցենարի իրագործման դեպքում Արցախը կկորցնի վերջին տարիներին ունեցած ձեռքբերումները ժողովրդավարության, քաղաքական համակարգի զարգացման ասպարեզում և կգլորվի մի անդունդ, որտեղից դուրս գալու համար անհրաժեշտ կլինեն տասնամյակներ և համարձակ սերունդների նպատակամղված աշխատանք: Նկատենք, որ իշխանությունը մեկ հոգու/ընտանիքի ձեռքում պահելու պրակտիկան հաջողությամբ իրականցվում է միջինասիական երկրներում և Ադրբեջանում: Սեպտեմբերի 26-ին Բաքվում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նույնպես խոսում է դրա մասին:

Ինչու՞ նման անակնկալ զարգացումներ տեղի ունեցան սահամանադրական փոփոխությունների հետ կապված: Ես ունեմ մի քանի վարկած:

  1. Բակո Սահակյանի և նրա՝ քաղաքական ուժերում չընդգրկված շրջապատի լոբբինգը: Արդեն իսկ խորհրդարանական ընտրություններից հետո զգացվում էր, որ Արցախի նախագահը գնալով ավելի կապված է մնում իշխանությանը և պատրաստ է տրորել այնպիսի ՛՛մանր՛՛ արգելքներ, ինչպիսին են Արցախի հետագա զարգացման հեռանկարը, երկրի վարկանիշը և այլն:
  2. Պաշտոնական Երևանի ցանկությունը: Հունիսին ՀՀ նախագահականի պատվերով անցկացվել էր սոցհարցում, որտեղ, ի թիվս այլ հարցերի, կար նաև կառավարման մոդելին վերաբերող հարց: Հարցման մասնակիցների մեծամասնությունը հանդես էր եկել նախագահական մոդելի օգտին: Հաշվի առնելով ապրիլին արցախյան խորհրդարանականների հետ տեղի ունեցած ծանր հանդիպումը՝ Սերժ Սարգսյանը (որը նույնպես ուղիներ է որոնում հավերժ իշխանության մնալու համար) որոշել էր Արցախում գործ ունենալ ոչ թե անկանխատեսելի խորհրդարանի, այլ իրեն հավատարիմ մեկ անձի հետ:
  3. Առաջին և երկրորդ վարկածները չեն հակասում մեկը մյուսին և կարող են լրացնել միմյանց:
  4. Ապրիլյան ռազմական գործողությունները: Այս դեպքերի ժամանակ զգալիորեն աճեց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հեղինակությունը: 2012 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Վ.Բալասանյանը ստացել էր ձայների 1/3-ը, և ռիսկ կար, որ 2017 թվականին նոր ընտրության գնալով՝ նա կամ նրա գլխավորած քաղաքական ուժը կարող է ընտրությունների արդյունքում իշխանություն վերցնել: Թե՛ Երևանի, թե՛ Ստեփանակերտի համար Բալասանյանն անկանխատեսելի քաղաքական գործիչ է՝ չնայած իշխանությունների հետ հարաբերվելու իր ունակություններին: Սա էլ այն պատճառներից մեկը, թե ինչու է որոշվել նման լուծումներ գտնել սահմանադրության փոփոխությունների համար:

Որոնք էլ լինեն վարկածները, մի բան ակնհայտ է՝ սահմանադրական փոփոխությունները ներկա տեսքով ուղղված են իշխանության վերարտադրությանը: Սա ստեղծելու է անարդարության լրացուցիչ մթնոլորտ, ավելացնելու է անվստահությունն իշխանությունների նկատմամբ, զգալիորեն վնասելու է Արցախի միջազգային վարկանիշին: Քիչ հավանական է Ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների նախագծի տապալման հնարավորությունը, իսկ հանրաքվեի դնելու դեպքում՝ «դեմ»-ի հաղթանակը: Սա նույնպես չկայացած ժողովրդավարությունների առանձնահատկությունն է, երբ քաղաքական ուժերը գրեթե ամբողջությամբ իրականում դեմ են մի նախագծի, բայց ԱԺ-ում մեծամասնությունը հնարավոր է կողմ քվեարկի: Նույնը կարելի է ասել հանրաքվեի կամ ընտրությունների մասին ընդհանրապես:

 

Հ.Գ. Հոդվածը գրվել է հոկտեմբերի կեսերին, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը փոփոխությունների նախագիծը նախագահին պետք է ներկայացներ մինչև նոյեմբերի 20-ը:

 

 

Share

Comments are closed.