«Ես չէի սպասում, որ հրադադարը Ղարաբաղում այսքան երկար կտեւի»

 

Maresca and SG

Ամերիկացի նախկին միջնորդ Ջեք ՄԱՐԵՍԿԱՆ «Անալիտիկոն»-ի մշտական հեղինակ եւ “The Armenian Reporter” թերթի թղթակից Էմիլ ՍԱՆԱՄՅԱՆԻՆ պատմել է բանակցային գործընթացի սկզբի մասին

Մայիս, 2009

Դեսպան Ջոն (Ջեք) Մարեսկան 1992-ին սկսված ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում ԱՄՆ առաջին ներկայացուցիչն էր։ 1994-ին այս պաշտոնը թողնելուց հետո Մարեսկան գլխավորում էր «Ազատություն» ռադիոկայանի հետազոտական ինստիտուտը Պրահայում, իսկ այնուհետեւ «Յունոկալ» նավթային ընկերության փոխնախագահն էր։ Վերջին տարիներին նա ռեկտոր է աշխատում Կոստա Ռիկայում ՄԱԿ-ի ստեղծած «Հանուն խաղաղության» համալսարանում։

-Երբ հակամարտության կողմերը 1994-ին պայմանավորվում էին հրադադարի մասին՝ ակնկալու՞մ էինք, որ հրադադարը 15 տարի կտեւի։
-Ոչ, ես չէի սպասում, քանի որ մինչ այդ եւս պայմանավորվածություններ կային կրակի դադարեցման մասին, որոնք այնուհետեւ խախտվում էին։ Թե ինչու այս մեկը հաջողվեց՝ դժվար է ասել, քանի որ ես չեմ հետեւում ներկայիս իրավիճակին։
Ինչպես ի հայտ եկավ Մինսկի խումբը

-1992-ի սկզբին ՄԱԿ-ն առաջինը ղարաբաղյան հակամարտության գոտի ուղարկեց իր պատվիրակին՝ ամերիկյան նախկին պետքարտուղար Սայրուս Վենսին։ Ինչպե՞ս պատահեց, որ արդեն մի քանի ամիս անց ղարաբաղյան կարգավորման մանդատն անցավ ԵԱՀԽ-ին (ԵԱՀԿ-ին)։

-ԽՍՀՄ փլուզումից հետո ես հասա նրան, որ ԵԱՀԽ-ն իր մեջ ներառի նաեւ նորանկախ պետությունները, քանի որ լինելով ԽՍՀՄ մասեր՝ դրանք արդեն իսկ մտնում էին այս նոր կառույցի մեջ։ Որոշ դիմադրությունից հետո իմ առաջարկն ընդունվեց, ավելի կոնկրետ՝ 1992թ. հունվարի 30-31-ին Պրահայում կայացած ԵԱՀԽ հանդիպման ժամանակ։ Այդ նույն հանդիպման ժամանակ նշվել է, որ Կովկասում կա մի հակամարտություն, որում ներգրավված են ԵԱՀԽ նոր անդամները, եւ առաջարկ եղավ, որպեսզի ԵԱՀԽ-ն հատուկ համաժողով անցկացնի այս առիթով ու փորձի խաղաղ լուծում գտնել։ Բելառուսի կառավարությունը համաձայնվեց այդ համաժողովն անցկացնել իր մոտ եւ այդ ժամանակից ի վեր այդ դեռեւս չկայացած միջոցառումն սկսեց անվանվել «Մինսկի համաժողով»։
Մենք նաեւ համաձայնվեցինք, որպեսզի ԵԱՀԽ անդամներ հանդիսացող շահագրգիռ երկրների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունն այցելի հակամարտության գոտի։ Ինձ տրամադրված՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռով մենք թռանք Բաքու եւ Երեւան, իսկ ապա, ռուսաստանյան բանակի տրամադրած ուղղաթիռով, հասանք Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղ։

-Իսկ ինչպե՞ս ի հայտ եկավ Մինսկի խումբը։ Ինչպե՞ս որոշվեցին նրա անդամները։ Եւ ինչու՞ խումբ ստեղծվեց, այլ ոչ թե, ասենք, հենց իր՝ ԵԱՀԽ-ի պատվիրակ նշանակվեց։ Խումբն ինչի՞ հասավ 1992-94-ին։

-Չնայած այն բանին, որ մենք պայմանավորվել էինք խաղաղ համաժողովի եւ ԵԱՀԽ անդամ երկրների ներկայացուցիչների տարածաշրջանային այցի մասին, հակամարտությունում կազմակերպության մեխանիզմի եւ դերի մասին այլ պայմանավորվածություններ չեն եղել։
Իտալիան իր վրա վերցրեց Մինսկի համաժողովում նախագահելու նախաձեռնությունը եւ նախագահի պաշտոնի համար առաջարկեց քաղաքական ֆիգուրի՝ Մարիո Ռաֆաելլիին։ ԱՄՆ-ի անունից ես հասա այն բանին, որ իտալացի նախագահն անհապաղ սկսի բանակցային գործընթաց, որի միջոցով կարելի կլիներ լուծել հակամարտության հիմնական հարցերը եւ նախապատրաստել Մինսկի համաժողովը։ Այս ճնշման տակ իտալացիները կազմակերպեցին հակամարտության կողմերի միջեւ առաջին քննարկումները։ Այդ հանդիպումը (1992-ի հունիսին) անցկացվեց Հռոմից ոչ հեռու գտնվող Վիլլա Մադամա դաստակերտում։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։
Այն ժամանակ տեւական վեճեր էին ընթանում քննարկումների ձեւաչափի շուրջ, քանի որ Լեռնային Ղարաբաղը ճանաչված չէր որպես ինքնիշխան պետություն։ Ի լրումն Իտալիայի՝ մի քանի երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, Թուրքիան եւ Շվեդիան, համաձայնվեցին մասնակցել հանդիպմանը որպես դիտորդներ եւ աջակից երկրներ։ Այս եւ այլ մասնակից երկրներն արդյունքում ձեւավորեցին «Մինսկի խումբը»։ Այն ժամանակ ցանկություն առկա չէր Ղարաբաղի գծով հատուկ պատվիրակ նշանակել, քանի որ հակամարտությունը բավականին պրոբլեմատիկ էր, գտնվում էր բավականին հեռու եւ կարող էր միանգամայն անհուսալի լինել (լուծում գտնելու առումով)։ Ահա թե ինչու որոշվել է բաշխել հակամարտության լուծման համար պատասխանատվությունը մի քանի շահագրգիռ երկրների միջեւ։ Իսկ Խմբի հիմնական ձեռքբերումն այն ժամանակ եղել է հրադադարի համար պայմանների ստեղծումը։ Իհարկե, հրադադարը վերջնական լուծում չէ եւ կարող է ընդամենը հակամարտությունը «սառեցնել» որոշ ժամանակ, բայց, համենայն դեպս, հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը։

-Դուք Ղարաբաղի գծով ԱՄՆ-ի առաջին պատվիրակն էիք։ Ի՞նչ ռեսուրսների հիման վրա եք Դուք կառուցել Ձեր աշխատանքը։ Ինչպե՞ս էիք տեղեկություններ ստանում հակամարտության գոտուց։

-Ռեսուրսները սահմանափակ էին, բայց, կարծում եմ, մենք տիրապետում էինք բավարար տեղեկատվության դեպքերի զարգացման մասին։ Ես կարող էի օգտագործել ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը եւ ռուսաստանյան բանակի ուղղաթիռի կամ ցամաքային փոխադրամիջոցի օգնությամբ լինել նաեւ Ղարաբաղում։ Ես հանդիպումներ էի անցկացնում նախագահների, արտգործնախարարների եւ ուժայինների հետ Բաքվում, Երեւանում եւ Ստեփանակերտում։ Ես նաեւ եղել եմ ռազմաճակատի գծում՝ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից։ Ինձ հաջողվում էր այցելել գործնականում ցանկացած հատված։ Մենք տարածաշրջանում նաեւ սերտ խորհրդատվություններ էինք անցկացնում Ռուսաստանի ԱԳՆ-ի ու Պաշտպանության նախարարության հետ։ Դե, բավականին էլ արագ ԱՄՆ դեսպանատներ ստեղծվեցին Բաքվում եւ Երեւանում։

-ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ղարաբաղի հարցով իր առաջին բանաձեւն ընդունեց հայկական զորքերի կողմից Քելբաջարի առումից հետո։ Ու՞մ նախաձեռնությամբ ընդունվեց այդ բանաձեւը։ Եւ ինչու՞ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերն ընդունվեցին միայն 1993-ին, այլ ոչ թե 1992-ին, երբ տեղի ունեցան առաջին լուրջ ռազմական գործողությունները, կամ էլ 1994-ին, երբ հակամարտության սկզբից ի վեր զոհերն ամենաշատն էին երկու կողմից էլ։

-Ես չեմ հետեւել ՄԱԿ-ում զարգացող դեպքերին։ Բայց ինձ թվում է, որ այն ժամանակ լուրջ հույս կար, որ ԵԱՀԽ-ի (ԵԱՀԿ-ի) միջոցով կհաջողվի առաջընթաց ապահովել, ուստի միջազգային հանրության շահագրգիռ անդամները չէին ձգտում «իրենց կողմը քաշել» այս հարցը եւ քննարկել այլ ձեւաչափում։
Մրցակցող շահեր

-Ինչպե՞ս էին դասավորվում Ձեր հարաբերությունները Ղարաբաղի գծով Ռուսաստանի հատուկ պատվիրակ Վլադիմիր Կազիմիրովի հետ։ Պարոն Կազիմիրովը մի անգամ չէ, որ ասել է, թե բանակցային գործընթացում ԱՄՆ-ն հաճախ փորձել է «առաջ անցնել» Ռուսաստանից։

-Ինձ թվում է, որ Կազիմիրովի հետ մեր հարաբերությունները բարեկամական էին, թեեւ կային նաեւ երկուստեք կասկածներ։ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի հետ գործ ունենալը հեշտ չէր մի շարք պատճառներով։ Եղել են ժամանակներ, երբ ռուսաստանյան կառավարության զանազան մասերի գործունեությունը լիովին համակարգված չէր։

-Պարոն Կազիմիրովը հրապարակավ հայտարարել է, որ 1993-ի սեպտեմբերին Մոսկվայում ամերիկյան պաշտոնատար անձինք իրեն են ներկայացրել այսպես կոչված “non-paper” (ԱՄՆ-ի ոչ հրապարակային, բայց պաշտոնական) դիրքորոշումը, ըստ որի առկա էր ԱՄՆ ընդդիմությունը Ղարաբաղի գծով խաղաղ պայմանագրի հանդեպ այն դեպքում, եթե այն ենթադրի ռուսաստանյան խաղաղապահների տեղաբաշխում հակամարտության գոտում։ Ինչպե՞ս դա կմեկնաբանեիք։

-Չգիտեմ, թե ինչ “non-paper” Դուք նկատի ունեք։ Բայց ես երբեք էլ չեմ պաշտպանել ռուսաստանյան խաղաղապահների օգտագործման գաղափարը, քանի որ համարում էի, որ Ռուսաստանն իր նպատակներն ունի հակամարտության գոտում։

-Որքանո՞վ էր Կովկասի նկատմամբ ԱՄՆ հետաքրքրությունը բացատրվում կասպիական էներգակիրներով։ Դուք աշխատել եք ինչպես ԱՄՆ կառավարությունում, այնպես էլ նավթային ընկերություններից մեկում. ինչպե՞ս էին, ըստ Ձեզ, հավասարակշռվում պետական եւ մասնավոր շահերը։

-Մինսկի խմբում ԱՄՆ-ի մասնակցության գլխավոր մոտիվը եղել է բուն հակամարտության նկատմամբ մտահոգությունը, եւ, ի դեպ, հայազգի ամերիկացիները կիսում էին այդ մտահոգությունը։
Փոքր ինչ ավելի ուշ, երբ տարածաշրջանում հայտնվեցին ամերիկյան էներգետիկ ընկերությունները, էներգակիրների՝ մեզ համար մատչելիությունը նույնպես կարեւորվեց։
Բայց այս ամենով հանդերձ միշտ էլ բավականին կոշտ սահմանափակումներ կային այն ամենի հանդեպ, ինչ ԱՄՆ-ն կարող էր, կամ էլ նույնիսկ ուզում էր նախաձեռնել կովկասյան տարածաշրջանում։

«Անալիտիկոն», մայիս, 2009

Share

Comments are closed.