Հայաստանի ՆԱՏՕ-ական հեռանկարները. միջազգային ձևաչափից դեպի երկկողմանի ձևաչափ  


Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լրագրող
Երևան

 

 Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները նման են երիտասարդ տղայի և աղջկա հարաբերություններին, որոնց իրար հետ լինելը հարմարավետ է, բայց երկուսն էլ հասկանում են, որ հարաբերությունները վերջնականապես ձևակերպելն իրատեսական չէ անգամ հեռանկարում։ Աղջիկն ամուսնացած է, և տղայի հետ հարաբերությունների մակարդակը որոշում է իր ամուսինը…

Սույն այլաբանական պատկերը, որի հեղինակը բավականին հեղինակավոր և հարգված քաղաքական գործիչ է, ում Հայաստանում շատ հաճախ անհիմն կերպով «արևմտմամետ» են կոչում, թերևս առավել ճշգրտորեն է բնութագրում Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև առկա հարաբերությունները։ Անկախության ձեռքբերումից  26 տարի անց Երրորդ Հանրապետությունը շարունակում է Ռուսաստանից այլևայլ պարտավորություններով լիովին կախված մնալ, իսկ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ իր՝ թեպետև արգասաբեր ու արդյունավետ, հարաբերությունները զարգանում են բացառապես միջազգային ձևաչափերի շրջանակներում։ Հիշյալ ձևաչափերից ամենաակտիվը ՆԱՏՕ-ի հովանու ներքո միջազգային խաղաղարար գործողություններին Հայաստանի Զինված ուժերի մասնակցությունն է։ Ընդ որում, տվյալ համագործակցության միջազգային ձևաչափերից դեպի երկկողմանի մակարդակ դուրս բերման հեռանկարը թեև բավականին մշուշոտ է, բայց դեռևս որոշակիորեն հավանական է։

Իրողությունները

Վերջին անգամ նման հեռանկարի առնչությամբ հույս է հայտնել Հայաստանում երկօրյա այցով գտնված Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը։ «Մենք հասկանում ենք, հաշվի ենք առնում, բայց, այնուամենայնիվ» ոճով մի շարք հայտարարություններ անելուց հետո նատօական սպան հայտարարել է, որ հեռանում է Երևանից արդյունավետ համագործակցությունը շարունակելու վճռականությամբ։ Ուշագրավ է, որ նատօականների նմանատիպ յուրաքանչյուր այց և նրանց անգամ ամենաչեզոք հայտարարությունները Ռուսաստանում գերազանցապես ոչ կառուցողական տեսակի քննադատությունների հեղեղ են առաջացնում։ Ռուսաստանցի գործընկերները դաշնակից Հայաստանին փորձում են «դավաճանության» մեջ մեղադրել՝ դրա դեմ որպես կանխարգելիչ միջոց հնչեցնելով Արցախը հայերի ձեռքից վերցնելու և այն Ռուսաստանի գործընկեր Ադրբեջանին նվիրաբերելու հնարավորությունը։ Ընդ որում, ադրբեջանական ազգային անվտանգության ռազմավարության «ոչ պաշտոնական» մասում Ռուսաստանը՝ որպես Ադրբեջանի ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիք հռչակելու հանգամանքը զարմանալիորեն վրիպում է ռուսաստանցի «դերժավնիկ» գործընկերենրի ուշադրությունից։

Այս համապատկերում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին Երևան այցելելու՝ Բրյուսելում հնչած հրավերը Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործնական հարաբերությունների պահպանմանն ու զարգացմանը միտված կարևորագույն քայլերից է։  Այս ուղղությամբ ևս մի քայլ է Հայաստանի մասնակցությունը հարևան Վրաստանում օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 12-ը նախատեսված NАТО Agile Spirit 2017 միջազգային զորավարժություններին։ Կարևոր է նաև, որ այդ զորավարժություններն անցկացվում են ԱՄՆ և Դաշինքի անդամ կամ գործընկեր երկրների զինվորականների միջև փոխգործակցության մակարդակի բարձրացման նպատակով։

Հայաստանը Բրյուսելի կողմից դեռևս դիտվում է որպես Սևծովյան-կովկասյան տարածաշրջանում կարևոր գործընկեր։ Ի հեճուկս Հայաստանի՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից լինելու  հանգամանքի կամ հենց այդ պատճառով՝ ՆԱՏՕ-ն դեռևս ձգտում է պահպանել և խորացնել Երևանի հետ իր հարաբերությունները։ Դրա համար որպես հարթակ է ծառայում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրը, որը պատասխանատու է ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցող գործընկեր երկրների հետ ռազմական ծրագրավորման մակարդակի համար։

Երկրորդ ծրագիրը՝ «Գործընկերության գործողությունների անհատական պլանը» (IPAP), կարևոր սանդղակ է Հյուսիսատլանտյան դաշինիքի անդամագրվելու ուղին բռնած պետությունների համար։ Հայաստանի համար երրորդ հիմնական հարթակը՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան բանակի հասարակական վերահսկողության բարձրացման և ռազմաքաղաքական հաստատությունների բարեփոխման համար մշակված՝ «Պաշտպանական հաստատությունների ամրապնդման համագործակցության գործողությունների պլան»  ծրագիրն է։

Հայաստանի նատօական հեռանկարները

Սակայն Երևանի և Բրյուսելի գործընկերության ասպարեզում և, հատկապես, նրանց հետագա համագործակցության հեռանկարում թե՛ խնդիրներ, և թե՛ բավական լուրջ սպառնալիքներ են ուրվագծվում։ Հիմնական խնդիրը ՀԱՊԿ անդամակցությամբ ամրագրված Հայաստանի ռազմավարական դաշինքն է ՆԱՏՕ-ի գլխավոր հակառակորդ Ռուսաստանի հետ։ Հյուսիսատլանտյան դաշինքի՝ հատկապես Հարավային Կովկասի համար պատասխանատու սպաները խուսափում են Երևանի հասցեին հրապարակային խիստ քննադատություն հնչեցնել՝ չկամենալով հակադրվել Դաշինքի պաշտոնական դիրքորոշմանը։ Սակայն հարցի շուրջ նրանց մասնավոր արտահայտությունները զգալիորեն տարբերվում են Դաշինքի ղեկավարության զուսպ ու հավասարակշռված պաշտոնական դիրքորոշումից։ Հետևաբար, եթե ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև դիմակայության սրացման ժամանակահատվածները համընկնեն Հայաստանում Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայության ընդլայնման հետ, ապա բոլորովին էլ բացառված չէ, որ Բրյուսելը կվերանայի Երևանի հետ իր հարաբերությունները։

Հաշվի առնելով Մոսկվայի և Թբիլիսիի միջև սառը և Մոսկվայի ու Բաքվի միջև զգուշավոր-բարեկամական հարաբերությունները՝ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը բավական հիմնավոր կերպով Հայաստանը դիտում է որպես Հարավային Կովկասում Ռուսաստանի գլխավոր հենարան։ Բրյուսելյան միջանցքներում Վրաստանին, Ուկրաինային եւ անգամ Մոլդովային հետզհետե ավելի հաճախ են բնութագրում որպես «իրական գործընկերներ», Հայաստանն ավելի ու ավելի հաճախ, ընդ որում առարկայորեն, դիտվում է որպես «ձևական» գործընկեր։ Ի վերջո, Բրյուսելը կարող է նաև պաշտոնապես որակել Հայաստանը որպես «ձևական գործընկեր», ինչից Երևանը պետք է ամեն կերպ խուսափի։ Ի տարբերություն ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության ծրագրերի ընդլայնման ձգտող Ադրբեջանի՝ Սևծովյան-կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի շահերին անձնատուր և Ռուսաստանի հետ հակաօդային միացյալ պաշտպանություն ու ցամաքային զորքերի ընդհանուր հրամանատարական կազմ ունեցող «ֆորպոստ» Հայաստանն Արևմուտքում օրըստօրե ավելի բացասաբար է ընկալվում։

Ի հեճուկս անվտանգության ապահովման ոլորտում Ռուսաստանից առկա կախվածությունից՝ վերջնականապես «բոլոր ձվերը մի զամբյուղի մեջ դնելն» արդյունավետ մոտեցում չէ, քանի որ այն հղի է մինչև իսկ հայոց պետականության ֆիզիկական գոյության համար սպառնալիքներով։ Համապատասխանաբար՝ Երևանը պետք է բոլոր հնարավոր միջոցներով պահպանի և խորացնի Դաշինքի հետ առկա համագործակցությունը։ Այս առումով՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Երևան սպասվող այցը միանգամայն ընդունակ է ի հայտ բերելու համագործակցությունը խորացնելու համար նոր հնարավորություններ։ Առաջին հերթին՝ կարելի է ակտիվացնել հայ զինծառայողների մասնակցությունը Արևելյան Եվրոպայում և հետխորհրդային տարածությունում ՆԱՏՕ-ի կազմակերպած ամենամյա միջազգային զորավարժություններին, այսինքն՝ ՆԱՏՕ-ի միջազգային համագործակցության ձևաչափով։

Ընդ որում, չի ուրվագծվում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործընկերության միջազգային մակարդակից երկկողմանի մակարդակի վերաճելու կարճաժամկետ հեռանկարը։ Քիչ հավանական է նաև Երևանի կողմից Բրյուսելի հանդեպ քաղաքական համերաշխության դրսևորումը, մասնավորապես՝ սպառնալիքների ու ռիսկերի գնահատման հարցերում։ Լինելով ՀԱՊԿ անդամ՝ դրանից բխող բոլոր հարակից հետևանքներով, Հայաստանը ՆԱՏՕ-ի նկատմամբ անգամ չեզոք երկիր չէ, ինչպիսին են, օրինակ, Ադրբեջանն ու Մոլդովան։ Այս հանգամանքը ՆԱՏՕ-ի հետ ուղիղ իրական գործընկերության հեռանկարներն էլ ավելի մշուշոտ է դարձնում։

ՆԱՏՕ-ն և Լեռնային Ղարաբաղը    

Ռուսականի կողմից Ադրբեջանին մատակարարվող սպառազինությունների անընդհատ աճով պայմանավորված՝ տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը սպառնացող միտումների ահագնացումն ավելի ու ավելի հաճախ է ստիպում Երևանում ապրող ողջամիտ մարդկանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Մոսկվայի աճող ազդեցությանն ի հակակշիռ հայացք նետել Հյուսիսատլանտյան դաշինքին։ Բրյուսելը դատապարտել է Վրաստանի դեմ Ռուսաստանի գործողությունները, մինչդեռ Հայաստանի և Արցախի պարագայում ՆԱՏՕ- նման շահագրգռություն չունի։

ՆԱՏՕ-ի գործընկերներ Հայաստանը և Ադրբեջանը Դաշինքի անդամ ու անգամ անդամության թեկնածու չեն, ինչն ինքնաբերաբար հեռացնում է Դաշինքը ղարաբաղյան հիմնախնդրից։ Հաշվի առնելով երկու երկրների հեռավորությունը ՆԱՏՕ-ի անվտանգության ռազմավարորեն կարևոր շրջագծից, որի մեջ, օրինակ, միանշանակ մտնում է Վրաստանը, Բրյուսելում կարող են անհանգստանալ բացառապես իրենց փաստացի դաշնակից Վրաստանի, բայց ոչ Ռուսաստանի դաշնակից և ՀԱՊԿ անդամ Հայաստանի  կամ արտաբլոկային ու ավտորիտար Ադրբեջանի անվտանգության հարցերով։

Այսպիսով, ղարաբաղյան հակամարտության հանդեպ Դաշինքի դիրքորոշումը լիովին հիմնավորված է և արդարացված կերպով կրում է հավասարակշռված-կրավորական բնույթ։  Չկարգավորված հակամարտությունները դիտելով որպես Կրեմլի ձեռքում ազդեցության ընդլայնման գործիքներ՝ Բրյուսելը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ համարելով այն հակամարտության կարգավորման միակ օրինավոր/լեգիտիմ հարթակ։

Եզրակացություն

Սակայն, ինչպես հայտնի է, ոչ մի հավերժ բան չկա։ Հավերժ չէ նաև ՆԱՏՕ-ի չեզոքությունը։ Դաշինքի քաղաքականությունը կարող է կտրուկ փոխվել Հայաստանի կամ Ադրբեջանի ազգային անվտանգության ապահովման հարցերում արտաքին քաղաքական առաջնահերթությունների փոփոխության դեպքում։ Այս առումով Դաշինքի անդամակցության թեկնածու դառնալը ղարաբաղյան հակամարտության երկու կողմերի համար էլ կարող է լավ խթան դառնալ հակամարտությունն իր շահերի տեսանկյունից հաջողությամբ հանգուցալուծելու համար։ Այս դեպքում Բրյուսելը ստիպված կլինի հրաժարվել Ղարաբաղի հարցում հավասարակշռված մոտեցումից։ Սակայն, որպեսզի այդպիսի սցենարն իրականություն դառնա, առնվազն անհրաժեշտ է, որ Հայաստանում կամ Ադրբեջանում տեղի ունենա իշխանության արմատական փոփոխություն կամ տարածաշրջանում սկսվի կովկասյան աշխարհաքաղաքականության համապարփակ վերաձևում։ Առայժմ և՛ մեկին, և՛ մյուսին ակտիվորեն ընդդիմանում է Ռուսաստանը, որն օգտագործում է ղարաբաղյան ստատուս-քվոն՝ որպես Հայաստանն ու Ադրբեջանը դանդաղ, բայց և անխուսափելիորեն կլանելու գործիք։

 

Share

Comments are closed.