Ավետյաց երկրի հետ Հայաստանի բարեկամանալու ժամանակը



Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ*
Փորձագետ
Երևան

Հայաստանի անկախության առաջին քայլերը եղան տարբեր երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ձևով։ Այդ գործընթացը  քաղաքական մեծ հնչեղություն էր ստանում և հպարտություն պատճառում անկախություն վերագտած մեր հայրենակիցներին` հայրենիքում և սփյուռքում։

Այդ ընդհանուր ոգևորության մթնոլորտում աննկատ մնաց Երևանում և Թել-Ավիվում  Հայաստանի ու Իսրայելի դեսպանությունների չբացվելը։ Հայկական կողմը դա բացատրում էր նրանով, որ չի ցանկանում «նեղացնել» բարեկամական Իրանին, ինչպես նաև «փչացնել» հարաբերություններն արաբական աշխարհի հետ։ Սա ՀՀ դիվանագիտության վատ հաշվարկված քայլերից և վրիպումներից մեկն էր, որի բացասական հետևանքներն ի հայտ եկան անմիջապես և  իրենց զգացնել են տալիս առ այսօր։Դիվանագիտական պրակտիկայում չկա երկրների հարաբերությունների նորմալ զարգացում առանց դեսպանությունների (Իսրայելը Հայաստանում ներկայացնում է  նրա դեսպանը Վրաստանում, իսկ Հայաստանն Իսրայելում` մեր դեսպանը Եգիպտոսում)։ Ինչպես ֆիզիկայում,  այնպես էլ դիվանագիտությունում դատարկ տարածություն (վակուում) մշտապես չի լինում։ Ուրեմն, այն լցրեցին մեր հարևաններ Վրաստանն ու Ադրբեջանը։ Արեցին դա արագ ու արդյունավետ։

Պաշտոնական Թել-Ավիվի կարծիքով՝ վրաց-իսրայելյան հարաբերությունները զարգանում են «սրընթաց և ճիշտ ուղղությամբ», իսկ «երկու ժողովուրդների 26-դարյա բարեկամությունը կշարունակվի դեռ շատ դարեր»։ Վրացիների համար Իսրայելն աննախընթաց հաջողությունների երկիր է բոլոր ասպարեզներում։  Վրացիների երազանքն իրենց երկիրը «կովկասյան Իսրայել» տեսնելն է։

Վրաստանն ակտիվ կապեր է զարգացնում  Իսրայելի հետ մի շարք, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության բնագավառներում։ Նա Իսրայելից ստանում է  անօդաչու ինքնաթիռներ և հրետանային ժամանակակից սարքեր, կատարելագործում է T-72տանկերը, պատրաստում է բանակային կադրեր։

Իսրայելի հարաբերություններն Ադրբեջանի հետ շատ ավելի խորն են, բազմակողմ և հեռանկարային։ Ադրբեջանը մուսուլմանական աշխարհի այն քիչ երկրներից է (Թուրքիան, Եգիտոսը և Հորդանանը չհաշված), որը երկկողմ հարաբերություններ է զարգացնում Ւսրայելի հետ։ Իսրայելն ունի շատ ակտիվ գործող դեսպանություն Բաքվում։ Սակայն վերջինս զգուշանում է բացել իր ներկայացուցչությունը Թել-Ալիվում` արդարանալով հրեաների առաջ, թե վախենում է արաբական աշխարհի և Իրանի բացասական արձագանքից։ Սա դիվանագիտական  բլեֆ է, երկակի ստանդարտ։ Միայն այն հանգամանքը, որ Ադրբեջանի տարածքում տեղադրված է իրանական ատոմային ծրագիրը հսկող իսրայելական էլեկտրոնային հետախուզական սարք, բավական է հասկանալու համար մուսուլմանների նկատմամբ ադրբեջանական «սիրո» չափն ու անկեղծությունը։ Ադրբեջանին և Իսրայելին միավորում են քաղաքական, ռազմավարական, տնտեսական և մշակութային շահերը։ Անգամ Թուրքիայի և Իսրայելի միջև 2011 թվականին ծագած լուրջ տարաձայնություններն ու լարվածությունը չկարողացան խարխլել նրանց երկկողմ հարաբերությունները։ Ռուսաստանի հետ միասին Իսրայելը Ադրբեջանին ժամանակակից զենքի հիմնական մատակարարն է։  Այստեղ ստեղծվել են իսրայելական անօդաչու սարքերի և ժամանակակից ռազմատեսակների հավաքման գործարաններ։ Ըստ ադրբեջանական տվյալների՝ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հայկական կողմին հարվածող ռազմատեխնիկան հիմնականում իսրայելական էր։

Ոչ պաշտոնական հանդիպումների ընթացքում իսրայելցիները փորձում են մեզ համոզել, որ Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունները կրում են զուտ տնտեսական-բիզնես բնույթ և հեռու են քաղաքական խնդիրներից։ Դա, անշուշտ, այդպես չէ։ Ադրբեջանն Իսրայելի հետ կապված է մի շարք քաղաքական հանգամանքներով`ա) ղարաբաղյան հակամարտությունում Իսրայելի աներկբա ադրբեջանամետ դիրքորոշում, բ) Քնեսետում Հայոց ցեղասպանության ընդունման արգելափակում, գ) ԱՄՆ-ի հայկական և իսրայելյան լոբբիների միասնությունը տրոհելու փորձեր` հօգուտ իր և Թուրքիայի քաղաքական նպատակների, դ) Իսրայելի միջոցով Դոնալդ Թրամպի վարչակարգի հետ ամուր կապեր հաստատելու ձգտում։

Գալով Հայաստանին` պետք է փաստել, որ  մեր հարաբերություններն Իսրայելի հետ անցնող 25 տարիների ընթացքում ընթացել  են վայրընթաց գծով ։Չկա ոչ մի շոշափելի քաղաքական ու տնտեսական կապ (Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016 թվականին Հայաստանի և Իսրայելի միջև առևտուրը կազմել է ընդամենը 8 միլիոն 525 հազար դոլար կամ Հայաստանի ողջ արտաքին առևտրի ընդամենը 0,1%-ը): Երկու կողմից կարծես արվել է հնարավորը երկրները խորթացնելու և նրանց միջև անանց պատ շարելու համար։ Կառավարական մակարդակով Իսրայելի նկատմամբ վերաբերմունքը եղել է սառը-կրավորական, իսկ հայաստանյան հասարակության մեջ  և մամուլում պարբերաբար շրջանառվել է հետևյալ թեզը. հրեաներն ակտիվ մասնակցություն են ունեցել 1915 թվականի ոճրագործությանը, Իսրայելը չի ընդունում հայկական Եղեռնի գոյությունը, հրեաները «չեն սիրում և նախանձում են հայերին» և, ընդհանրապես, չի կարելի նրանց հետ առնչվել նաև այն պատճառով, որ մեր բարեկամ Իրանը «կնեղանա մեզնից», նույն` նախկին սինդրոմը։

Իսրայելը մեզ «վճարում է նույն դրամով»։ Քնեսետը ձայների մեծամասնությամբ շարունակաբար մերժում է Եղեռնի ճանաչումը։ Երկու երկրների հարաբերությունների նորմալացման դեմ հանդես եկողները, որոնք փոքր թիվ չեն կազմում,  այն միտքն են արտահայտում և տարածում, որ «Հայաստանը հետխորհրդային տարածքում հակասեմիտիզմի հարցում առաջատար երկիր է,  և որ այդտեղ միշտ էլ վատ են վերաբերվել հրեաներին»։  Լրատվամիջոցները, հատկապես «Ջերուզալեմ պոստ» ազդեցիկ օրաթերթը, հանդես են գալիս հակահայկական դիրքերից։ Այս ամենի ետևում պարզորոշ ուրվագծվում են թուրք-ադրբեջական ականջները, որոնց տերերը համակարգված աշխատանք են տանում հայ-հրեական հարաբերությունների կարգավորման դեմ ինչպես Իսրայելում, այնպես էլ Միացյալ Նահանգներում և այլ երկրներում։

Երկկողմ հարաբերությունների նման իրավիճակում կարելի է քաղաքական անակնկալ և հետաքրքիր շրջադարձ համարել վերջերս Իսրայելի կողմից հնչող ազդանշանները Հայաստանին մերձենալու և հարաբերությունները շտկելու ցանկություններով։

Երևան են այցելում պատվիրակություններ Իսրայելի նախարարությունների և խորհրդարանի մակարդակով, ինչպես նաև հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ։ Վերջիններիս թվում հիշատակման է արժանի Ավիգդոր Էսքինի այցելությունը Երևան և Ստեփանակերտ, ինչը հիստերիա առաջացրեց Բաքվում։ Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին Երևանում մի շարք միջպետական համաձայնագրեր ստորագրեց արտաքին գործերի և մշակույթի նախարարների հետ։ Նա հայտարարեց, որ իր երկիրը «ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ»։ Սեպտեմբերին Հայաստանում կայացավ «Հայաստան-Իսրայել» հասարակական կազմակերպության երրորդ համաժողովը, իսկ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի 20-ամյակի կապակցությամբ անցկացվեց գիտական համաժողով Թել-Ավիվի համալսարանի մասնակցությամբ։ Հունվարին Իսրայել այցելեց հայկական խորհրդարանական պատվիրակությունը։ Երկկողմ հարաբերությունների սպասվելիք զարգացման համապատկերում Երևանում և Թել-Ավիվում հույսեր են փայփայում ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ։ Բացառված չէ, որ Հայաստանի միջոցով Իսրայելը կարող է միանալ ԵՏՄ ենթակառուցվածքային ծրագրերին, մասնավորապես՝ Հյուսիս-Հարավ միջանցքին։ Հայկական Ավիաընկերությունը բանակացում է հայ-իսրայելյան Առևտրական պալատի հետ Գյումրիում լոգիստական կենտրոն բացելու համար։

Երկու մայրաքաղաքներում որոշ փորձագետներ գտնում են, թե տեղի է ունենում «ճեղքում» Հայաստան-Իսրայել հարաբերություններում և որ հալվում է նրանց միջև գոյություն ունեցող սառույցը։ Ձեռնպահ մնալով զգացմունքային  այս տրամադրություններին միանալու կամ դրանք ժխտելու գայթակղությունից`փորձենք վերլուծել տեղի ունեցող տեղաշարժերի դրդապատճառները և դրանց ներքին տրամաբանությունը` Հայաստանի ու Իսրայելի տեսանկյունից։

Իսրայել

1) Թել-Ավիվի «հանկարծակի» ի հայտ եկած միտումը` փոխել իր արտաքին քաղաքանության վեկտորը Հայաստանի նկատմամբ, պայմանավորված է գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացներով, տարածաշրջանային իրադրությամբ և պետությունների ուժերի հարաբերակցությամբ։

2) Վրաստանի և Ադրբեջանի հետ բազմակողմ հարաբերություններին զուգահեռ Իսրայելն, ըստ  երևույթին, մտադիր է կարգավորել կապերն իր դիվանագիտական աշխարհագրությունից դուրս մնացած Հայաստանի հետ` ելնելով հեռահար ռազմավարական հետաքրքրություններից։

3) ԱՄՆ-ի ստեղծած և Սաուդյան Արաբիայի կողմից գլխավորվող «մերձավորարևելյան փոքր ՆԱՏՕ»-ն պետք է որ Իսրայելի կողմից համարվեր բարեկամ ալյանս` իր հակաիրանական  ուղղվածության պատճառով։ Սակայն, արհեստածին միությունն ամենևին էլ վստահություն չի ներշնչում Իսրայելին։ Այդ իսկ պատճառով Թել-Ավիվի դիվանագիտությունը ուղիներ է փնտրում երկու մուսուլմանական պետությունների` Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև «բուտերբրոդ չդառնալու համար»։ Բացի այդ, Իսրայելը փորձելու է նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ` նկատի ունենալով, որ նա ՀԱՊԿ-ի անդամ է և Ռուսաստանի միակ ռազմավարական դաշնակիցը Հարավային Կովկասում։ Իսրայելի կարծիքով, այդ քայլը որոշ չափով կապահովի իր անվտանգությունը տարածաշրջանի արդի տուրբուլենտային իրավիճակում։ Իսրայելը հասկանում է, որ Իրանի հետ հարաբերությունների սրությունը մեղմելու համար ավելի նախընտրելի է Հայաստանը, քան Ադրբեջանը (իսրայելցի գործիչները ոչ պաշտոնական շփումների ժամանակ մեզնից չեն թաքցնում իրենց այս մտայնությունը, կասկածի տակ դնելով Իրան-Ադրբեջան կապերի հուսալիությունը` չնայած նրանց աշխույժ տնտեսական և ռազմական կապերին)։

4)Հայաստանի հետ հարաբերությունները կանոնակարգելու դեպքում Իսրայելը կփորձի օգտագործել  հայկական սփյուռքի հնարավորություններն իր քաղաքական և այլ նպատակների համար։

Հայաստան

1) Իսրայելի հետ հարաբերությունների զարգացումը բխում է մեր պետականության ամրապնդման և ազգային  շահերից։ Երկկողմ հարաբերությունների զրոյական մակարդակից դուրս գալը հնարավորություն կստեղծի  զարգացնելու համագործակցությունը  մի շարք կարևոր ոլորտներում`գիտություն, բարձր տեխնոլոգիաներ, բանկային համակարգ, բժշկություն, գյուղատնտեսություն, հաղորդակցություն, առևտուր, տրանսպորտ և այլն։ Բացառված չէ համագործակցությունը նաև ռազմաարդյունաբերության և հատուկ ծառայությունների ուղղությամբ, որոնք այդ երկրում գտնվում են շատ բարձր մակարդակի վրա։

2) Հայ-իսրայելական համագործակցությունը կարող է զարգանալ բազմակողմ դիվանագիտության ոլորտում։ Այստեղ մեծ դեր կարող են խաղալ երկու ժողովուրդների դիասպորալ հնարավորությունները` պետական  և հանրային դիվանագիտության ու փափուկ ուժի մասնակցությամբ։

3) Բացառված չէ, որ  ժամանակի ընթացքում երևան գա քրդական հարցում, ինչպես նաև մերձավորարևելյան քաղաքական մյուս գործընթացներում հայ-իսրայելյան համագործակցության անհրաժեշտություն։

4) Աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների և բարենպաստ մթնոլորտի առկայության պարագայում Հայաստանը կարող է միջնորդական դեր խաղալ Իսրայելի և Իրանի միջև, ինչը մտնում է Թել-Ավիվի այսօրվա ռազմավարական պլանների մեջ։

5) 2016 թվականից ձևավորվում է Իսրայել-Հունաստան-Կիպրոս ռազմա-քաղաքական, տնտեսական և մշակութային միությունը (ունի հակաթուրքական ուղղվածութուն)։ Այն բաց է բոլոր երկրների համար։ Մեր կարծիքով,  ալյանսին միանալը կամ հարելը կամրապնդի կապերն  այդ երկրների հետ,  կընդլայնի Հայաստանի արտաքին  քաղաքականության  հնարավորությունները և գործողությունների շրջանակները։

6) Հարաբերությունների նորմալացումը կնպաստի Երուսաղեմի հայկական եկեղեցիների և ունեցվածքի կառավարման ու պահպանման, ինչպես նաև ս.Էջմիածնի հետ նրանց կապերի ամրապնդման գործին։

 

*Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի Համաշխարհային քաղաքականության և Միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Արտակարգ և Լիազոր դեսպան

 

Share

Comments are closed.