Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Աբխազիայի Թղուարչալ քաղաքը․ քարածխի նախկին մայրաքաղաքի ինքն իրեն պահպանելու փորձը

hghazaryan
August 2020

Ինալ Հաշիգ, Սուխում

Աբխազիայի Թղուարչալ հանքափորների քաղաքը դանդաղ մահանում է։ Հանքերը վաղուց փակ են, ուրիշ աշխատանք գրեթե չկա։ Տեղացիների մեծ մասը հեռացել է։ Մնացածների համար կենդանի մնալու հույսը կապված է թերևս զբոսաշրջության հետ, որի զարգացման համար դեռևս քիչ բան է արվել։

Միակ բենզալցակայանը ողջ քաղաքում

— 95–րդ տեսակի բենզին չունենք, երբեք էլ չենք ունեցել։ Կարող ենք 92 լցնել։

— Ինչպե՞ս թե 95 չկա, – զարմանում եմ ես։ – Մի՞թե պահանջարկ չկա։

—Մեզ մոտ մեքենաներն, առանց այն էլ, քիչ են, իսկ լավերը ձեռքի մատների վրա կարելի է հաշվել։ Սուխումում (Աբխազիայի մայրաքաղաք) են հարուստները շատ, իսկ այստեղ մարդիկ ծայրը ծայրին են հասցնում, դեռ քաղաք չմտած ինձ դաժան իրականությանն է ծանոթացնում բենզալցակայանի օպերատորը։  

Ստիպված էի այն բենզինից օգտվել, որը կար։ Չէ՞ որ Թղուարչալի մուտքի մոտ գտնվող այդ լցակայանից բացի ուրիշը չկա քաղաքում։

— Դու այստեղ «Մաքդոնալդս» էլ ման կգաս։ Ասում էի, չէ՞, բենզին լցրու կենտրոնական մայրուղում, — ինձ ծաղրում է Իբրահիմը։

Նա այս կողմերում է ծնվել, ութսունականների կեսերին դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Սուխումի համալսարան։ Այդ օրվանից էլ այնտեղ է ապրում։ Վրաց–աբխազական պատերազմից հետո ծնողներին էլ է տեղափոխել մայրաքաղաքին ավելի մոտ՝ Ագուձերա ավան։ Թղուարչալից այն ժամանակ մարդիկ ընդհանրապես զանգվածաբար հեռանում էին՝ ոմանք Սուխում, մյուսները՝ Ռուսաստան։

Քաղաքն ու պատերազմը

1992-93 թթ–ի վրաց–աբխազական պատերազմի հետքերն այստեղ ամենուր են։ Հենց քաղաք ես մտնում, այն սկսվում է արդյունաբերական գոտուց։ Ճանապարհի երկու կողմերում, տխրություն և հուսալքություն հաղորդելով, ավերված ձեռնարկությունների փլատակներ են, որոնք տեղ–տեղ պատված են մերձարևադարձային բուսականությամբ։ Դրանց ֆոնին հանքափորին նվիրված թարմ ոսկեգույն ներկած արձանը կարծես Թղուարչալի խորհրդային արդյունաբերական հզորության կորած բեկոր լինի։

 
Հանքափորի հուշարձան Թղուարչալ քաղաքում, Աբխազիա։ Լուսանկարն՝ Իբրահիմ Չկադուայի, JAMnews
 

Ողջ վրաց–աբխազական պատերազմի ընթացքում քաղաքը շրջափակման մեջ է եղել։

«Առջևում վրացական զորքերն էին, որոնք մշտապես գնդակոծում էին Թղուարչալը, հետևում՝ սարերը։ Սնունդ գրեթե չկար։ Միայն հազվադեպ ուղղաթիռով «մեծ աշխարհից» պարեն էր բերվում։ Սակայն այն, բնականաար, չէր հերիքում։ Մարդիկ կիսվում էին՝ ով ինչով կարող էր, – պատմում է Իբրահիմը։

Պատերազմի ժամանակ նա տեղի աշխարհազորում էր։

– Մի ժամանակաշրջան եմ հիշում, երբ տանն ուտելու միայն մեղր կար, ուրիշ՝ ոչինչ։ Նախաճաշին՝ մեղր, ճաշին՝ մեղր, ընթրիքին՝ մեղր․․․ Ժամանակ էր լինում դիրքերում ավելի շատ մտածում էի ուտելիքի, այլ ոչ թե թշնամու գնդակի մասին։ Սովի մշտական զգացումն այն բանն է, ինչի հետ ինձ մոտ ասոցացվում է շրջափակման ժամանակահատվածը»։

Թղուարչալցիների հիշողությունը վաղուց բաժանվել է նրա, թե ինչպիսին էր քաղաքը խորհրդային տարիներին, վրաց–աբխազական պատերազմի ժամանակ և այժմ։

 
Նախկին շենք Թղուարչալ քաղաքում, Աբխազիա։ Լուսանկարն՝ Իբրահիմ Չկադուայի, JAMnews

Երբեմնի վեհություն

Թղուարչալն Աբխազիայի միակ քաղաքն է, որն ափամերձ գոտում չէ։ Այն ամբողջությամբ շրջապատված է սարերով, և միայն մեկ ճանապարհ է, երկաթուղին ներառյալ, տանում դեպի ելք և մուտք։

Նախորդ հարյուրամյակի 20-ական թվականների վերջին այստեղ քարածխի մեծ պաշարներ են հայտնաբերվել։

Խորհրդային Միությունում այն ժամանակ մեծ թափով ինդուստրիացում էր գնում, այնպես որ արդյունաբերական մշակումը երկրի ղեկավարությունը երկար չձգձգեց։ Կարճ ժամկետներում այդ լեռնային գոտում մի քանի հանք և վերամշակող ձեռնարկություն բացվեց, երկաթուղի անցկացվեց, որով տանում էին Թղուարչալի ածուխը։ Հիմնականում բարձրորակ անտրացիտ էր արդյունահանվում, առանց որի անհնար է մետաղագործական կոմբինատների աշխատանքը։

 
Թղուարչալ քաղաքն, Աբխազիա։ Լուսանկարն՝ Իբրահիմ Չկադուայի, JAMnews

Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ երկրի համար Թղուարչալի ածխի նշանակությունը կտրուկ աճեց։

«Երբ գերմանացիներն օկուպացրին Դոնբասը, երկրի ողջ հարավի թիկունքի արդյունաբերական ձեռնարկություններն, ինչպես նաև Սևծովյան նավատորմն ածուխով ապահովելու ողջ ծանրությունն ընկավ մեր հանքերի վրա։ Այդ պատճառով էլ 1942 թ–ին՝ պատերազմի ամենաթեժ պահին, երբ թշնամին սպառնում էր Կովկասյան մեծ լեռնաշղթային և քիչ էր մնացել՝ հարձակվեր Աբխազիայի վրա, մեր Թղուարչալը, որն այն ժամանակ կոչվում էր Թղվարչելի, քաղաքի կարգավիճակ ստացավ», — ասում է տեղի դպրոցի պատմության ուսուցիչ Դմիտրի Շոուան։

Թղվարչելիի վարչական և հասարակական շենքերի, ինչպես նաև կենտրոնական հատվածի բնակելի շենքերի մեծ մասը կառուցել են գերեվարված գերմանացի զինվորները պատերազմի վերջում և հետպատերազմական առաջին  տարիներին։ Շենքերի նախագծմանը մասնակցել են գերմանացի ճարտարապետներ և ինժեներներ։ Գոթական ոճն ու ստալինյան ամպիրը Թղուարչալը տարբեր են դարձրել մնացած փոքր քաղաքներից։

Շենք Թղուարչալ քաղաքում, Աբխազիա։ Լուսանկարն՝ Իբրահիմ Չկադուայի, JAMnews

Նույն կերպ բարեխղճորեն են կառուցել ոչ միայն Թղուարչալն, այլև դրա մերձակայքում գտնվող հանքափորային ավաններն՝ Ակարմարան, Ջանտուխը, Պոլյանան։

Թղուարչալի բնակչությունը խորհրդային տարիներին կազմում էր մոտ 30 հազար մարդ։ Բացի այդ, նրան հարող հանքափորային ավաններից յուրաքանչյուրում երկու–երեք հազար մարդ էր բնակվում։

«Մեզ մոտ՝ Ջանտուխում ողջ անհրաժեշտ ենթակառուցվածքները կային՝ կինոթատրոն, խանութներ, այդ թվում՝ գրախանութ։ Վարսավիրանոց կար, քիմմաքրման կետ, խնայդրամարկղ։ Նույնիսկ ոստիկանական բաժանմունք կար, – հիշում է Իբրահիմը։ – Խանութներն ամեն ինչով լիքն էին։ Դեֆիցիտ ապրանքի համար այստեղ Սուխումից և Գագրայից էին գալիս։ Այն ժամանակ ԽՍՀՄ–ում հանքափորի մասնագիտությունը պատվաբեր էր»։

Անկում

Այժմ երբեմնի վեհությունն ու ուշադրությունը որպես քաղցր երազ է ընկալվում։

Ութսունականների վերջում խորհրդային տնտեսության անկմանը զուգահեռ Թղուարչալի բնակչությունը սկսեց լքել քաղաքը։ Իսկ վրաց–աբխազական պատերազմից հետո արտագաղթն ուժեղացավ։

 
Շենք Թղուարչալ քաղաքում, Աբխազիա։ Լուսանկարն՝ Իբրահիմ Չկադուայի, JAMnews

Այսօր քաղաքում հինգ հազարից ոչ ավելի մարդ է ապրում։ Աշխատանքի բացակայությունը Թղուարչալի գլխավոր խնդիրն է։ Քարածխի հանքերը լքված են։ 2000-ականներին թուրքական մի ընկերություն զբաղվեց ածխի նոր մեթոդով արդյունահանմամբ, սակայն արդեն հինգ տարի է՝ տնտեսական ճգնաժամի պատճառով ստիպված էր դադարեցնել գործունեությունը։

Խորհրդային տարիներին աշխատող մի քանի գործարաններից գործում է միայն մեկն, այն էլ՝ ծայրահեղ սահմանափակ ռեժիմով․ այդտեղ աշխատում է աբխազական պետական պարգևների պատրաստման արտադրամաս։

Պարբերաբար Աբխազիայի իշխանությունները փորձում են կասեցնել բնակչության արտահոսքը։ Վերանորոգել են Մշակույթի տուն ու մարզաաառողջարանային համալիրը, այժմ ավարտվում է հիվանդանոցի շինարարությունը։ Անգամ մարզական լողավազան էր նախատեսվում, սակայն նախագծի իրականացման համար փողը չհերիքեց, և շինարարությունն արդեն տասը տարի է սառեցված է։

Քաղաքում կա թատրոն։ Այն ստեղծվել է որպես սիրողական, սակայն դրա կարգավիճակը բարձրացվել է․ այն դարձել է պետական թատրոն։ Թատերախումբը մեծ չէ․ ընդամենը 14 դերասան։ Ռեժիսոր Ռոման Սաբուան բողոքում է կադրային խնդրից․

«Տղամարդկանց պակաս ունենք։ Տեղի տղաները չեն ուզում դերասան դառնալ, ամաչում են, իսկ ուրիշ տեղից եկած դերասանին փոքր աշխատավարձով չես գրավի։ Այնպես որ, ներկայացում ընտրելիս ստիպված ենք հաշվի առնել կադրային իրողությունները»։

Ջանտուխ ավան․ մի քանի մուտք՝ մեկ ընտանիքի համար 

Եթե Թղուարչալին աջակցելու ռեսուրս աբխազական իշխանություններն ինչ–որ չափով ունեն, ապա հանքափորների ավանների համար՝ ընդհանրապես չունեն։

«Սա իմ շենքն է, իսկ մյուսը՝ Կոլյա Սինյակովինը։ Ճիշտ է, նրա շենքում միայն երկու մուտք կա, իսկ իմ շենքում՝ երեք», — ասում է Ջանտուխ ավանի բնակիչ Վովա Բարգանջիան։ Սկզբից կարծեցի, թե կատակում է, սակայն տեսնելով դատարկ շենքերը, որոնց պատուհաններից երևում էր, որ այնտեղ ոչ ոք չի ապրում, սկսեցի հասկանալ լսածիս ողջ լրջությունը։

 
Վովա Բարգանջիա՝ հանքափորների Ջանտուխ ավանի վերջին բնակիչներից մեկն, Աբխազիա։ Լուսանկարն՝ Իբրահիմ Չկադուայի, JAMnews

Վովայի գոթական ոճի շենքը կառուցվել է գերմանացի գերիների կողմից։ Այն բարեխղճորեն է կառուցված՝ տաշած քարից։ Պատերի հաստությունը գրեթե մեկ մետր է։ Նրա խոսքով՝ մի քանի դար կարող է կանգուն մնալ, «եթե տանիքը համը չհանի»։

Նա պարբերաբար կարկատում է տանիքը, սակայն միայն կոսմետիկ վերանորոգումը բավարար չէ։ Այն լրիվ մաշվել է և կապիտալ նորոգման կարիք ունի։

«Այս բնակարանում խորդանոցս է։ Ժամանակին այստեղ ապրում էր մեր ուսուցչուհի Վերա Պավլովնան։ Իսկ այս բնակարանն օգտագործում եմ հյուրերի համար», – իր «պալատներում» էքսկուրսիա է անցկացնում Վովան։ Ավանի բնակարաններից ոչ մեկը բանալիով չի փակվում, անհրաժեշտություն չկա։ Մարդիկ շատ աղքատ են ապրում, և նրանք քիչ են։

Ջանտուխում ութ ընտանիք է մնացել։ Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ապա տասը տարուց ավանում ոչ ոք չի մնա։ Այստեղ բացարձակ ոչ մի ենթակառուցվածք չկա։ Ոչ դպրոց կա, ոչ բուժկետ, անգամ փոքր առևտրի կետ չկա։ Հացի համար քարքարոտ ճանապարհով ստիպված են Թղուարչալ մեկնել։ Իսկ դա տասը կիլոմետր է։

Վովա Բարգանջիան փակված թուրքական ածխաարդյունաբերական ընկերության վարչական շենքում պահակ է։ Աշխատավարձը 15 հազար ռուբլի է։ Ասում է, որ բախտը բերել է․ «ցերեկը լույսով այդպիսի աշխատավարձով աշխատանք Թղուարչալում չես գտնի»։

Ավանի մյուս բնակիչները հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվում։ Գրեթե բոլորը որսորդ են։ Որսի համար էլ հեռու չեն գնում․ վարազներն ու արջերն իրենք են մեկ–մեկ գալիս։

Փլատակները՝ որպես զբոսաշրջության շարժիչ ո՞ւժ

Տեղի բնակչությունը Թղուարչալն ու դրա ավանները պահպանելու հույսը կապում է ոչ թե արդյունաբերության վերականգնման, այլ զբոսաշրջության հետ։ Վերջին տարիներին այդ շրջանը գովազդել են ռուս բլոգերները։ Նրանցից շատերը հիացած են լքված պալատների և կանաչի մեջ թաղված գործարանների փլատակների տեսականիով։

Բացի այդ, այստեղ գեղեցիկ ջրվեժներ և կիրճեր կան, որոնք լրացուցիչ գրավչություն են ռուս զբոսաշրջիկների համար։ Համացանցում տարածված մի շարք լուսանկաներն ու տեսանյութերը փաստացի անվճար գովազդ են Թղուարչալի համար։

 
Թղուարչալ քաղաքի շրջակայքն, Աբխազիա։ Լուսանկարն՝ Իբրահիմ Չկադուայի, JAMnews

Զբոսաշրջիկների հոսքը դեպի բնակավայր համեմատելի չէ նրա հետ, թե որքան են նրանք գալիս Գագրայի և Պիցունդի հայտնի աբխազական հանգստավայրեր․ այստեղ միայն մեկ փոքր հյուրանոց կա և օրական մի քանի էքսկուրսիոն խումբ, սակայն նման ուշադրություն չտեսած թղուարչալցիների համար դա արդեն ինչ–որ բան է։

«Օրական, լինում է, զբոսաշրջիկներով հարյուր մեքենա է այստեղով անցնում։ Անպայման կանգնում են, մեղր ու հոնի կոմպոտ գնում», — զբոսաշրջային հետաքրքրության մասշտաբների մասին է պատմում Նոնա Բերզենիան։ Նրա փոքր վաճառակետը, որտեղ պահածոներ է վաճառում, միակն է տարածքում։

Այն տեղակայված է Ակարմարա ավանում՝ դեպի երկու ջրվեժներ տանող ճամփաբաժանին։ Նոնան երեք աղջիկ ունի։ Բոլորն ամուսնացած են, ապրում են Սուխումում։ Պարբերաբար այցելում են մորը, որը չի ուզում ոչ մի տեղ գնալ։ Քանի որ հավատում է, որ վաղ թե ուշ կյանքն այստեղ կկարգավորվի։

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.