Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ադրբեջան. հարաբերությունների թեսթավորման տարի

marut
December 2017


Ավազ ՀԱՍԱՆՈՎ
Հումանիտար հետազոտությունների
հանրային միավորում
Բաքու

2017 թվականն Ադրբեջանի համար կհիշվի որպես լարված փորձությունների և որոշումների ընդունման տարի: Այս տարի երկրի արտաքին քաղաքականության մեջ առկա հարաշարժ գործընթացներին զուգահեռ մենք նաև ականատեսը դարձանք երկրի ներսում բարեփոխումների թուլացման: Մինչդեռ տարեսկզբին՝ 2016 թվականին անցկացված հանրաքվեի արդյունքներին համապատասխան, մեկնարկ էր տրվել կադրային և կառուցվածքային փոփոխություններին: Հանրաքվեի արդյունքների համաձայն՝ Ադրբեջանում ստեղծվեց փոխնախագահի ինստիտուտը, իսկ այդ պաշտոնում թեկնածուների հաստատումն էլ անցավ նախագահի լիազորությանը: Փետրվարին նախագահ Իլհամ Ալիևը, օգտագործելով իր լիազորությունները, փոխնախագահի պաշտոնում հաստատեց առաջին տիկին Մեհրիբան Ալիևային: Միաժամանակ մեկնարկ տրվեց փոխնախագահի ինստիտուտի ձևավորմանը՝ առաջին տիկնոջ թիմի անդամներից: Սակայն չնայած այն հանգամանքին, որ տարին ավարտին է մոտենում, առայժմ հնարավոր չէ որևէ լուրջ կարծիք հայտնել այդ հաստատության բոլոր գործառույթների և կառավարման գործում դրա ներդրման մասին: Քանի որ 2018 թվականը նախագահական ընտրություների տարի է (դրանք պետք է անցկացվեն հոկտեմբերին), կարելի է հուսալ, որ տարեսկզբին ավելի հստակ ծրագիր կներկայացվի այդ հաստատության գործառնության վերաբերյալ:2016 թվականի ապրիլյան դեպքերն ընդհատել էին ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև ընթացող բանակցությունները: Անցած ժամանակահատվածում և հատկապես 2017-ի տարեսկզբից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ձգտում էին վերականգնել բանանակցություները Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ու արտգործնախարարների միջև, սակայն դա հաջողվեց անել միայն հոկտեմբերին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև հանդիպում կազմակերպելու շնորհիվ (այն կայացավ հոկտեմբերի 16-ին, Ժնևում) ավելացան բանակցությունների գործընթացի վերականգնման հույսերը: Սակայն այդ հանդիպման ժամանակ քննարկման համար փաստաթղթի կամ էլ կողմերին բավարարող առաջարկների բացակայությունը թույլ էր տաիս վաղօրոք կանխատեսելու, որ լուրջ արդյունք չի լինի: ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքին ժամանակավոր փոխարինած Ռիչարդ Հոգլանդի բարձրաձայնած սկզբունքներից և “Լավրովի պլան” հորջորջված հին առաջարկներից բացի որևէ նոր առաջարկ կամ դրա մասին խոսակցություն չկա: Իրականում, այդ բոլոր առաջարկները, որոնց վրա խարսխված են “Մադրիդյան սկզբունքները”, նորություն չեն հակամարտության կողմերի համար:

Թվում է՝ Ադրբեջանն առանձնակի մղումներ չի դրսևորում Արևելյան գործընկերության ծրագրին համապատասխան Եվրամիության հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: 2014 թվականին հրաժարվելով ԵՄ հետ ասոցացման տիպային համաձայնագրի կնքումից և նախապատվությունը տալով անհատական ռազմավարական համագործակցությանը՝ երկիրը դրանով իսկ հիմք է տվել եզրահանգելու, որ պատրաստ չէ ԵՄ հետ կնքելու առևտրի ազատ գոտու մասին պայմանագիրը (DCFTA): Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամագրվելը, որը  ԵՄ  հետ համաձայնագրի պայմաններից մեկն է, նույնպես ներկայումս Ադրբեջանի առաջնահերթ խնդիրներից չէ: Չնայած դրան՝ ներկայումս մշակվում է ԵՄ հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր, և այդ առնչությամբ արդեն իսկ Եվրախորհրդարանը Եվրոպական հանձնաժողովին տվել է համապատասխան մանդատ: Տարեսկզբին Բաքու են այցելել Եվրահանձնաժողովի մի շարք անդամներ, որից հետո ԵՄ անդամ երկրների դեսպանները կառավարության հետ բանակցություներ են սկսել այդ ուղղությամբ: Բանակցությունների ընթացքն արագացնելու նպատակով գործում են երեք աշխատանքային խմբեր, որոնք ինտենսիվ խորհրդատվություններ են անցկացրել 2017-ին: Ինչ խոսք, ադրբեջանական հանրությանը քիչ են իրազեկում ԵՄ հետ առնչվող գործընթացների մասին: Մամուլն ու քաղաքացիական հասարակությունը կարող են ընթացող բանակցությունների, քննարկվող ռազմավարական փաստաթղթի բովանդակության մասին խոսել ու գրել միայնումիայն սեփական պատկերացումների հիման վրա:

Ադրբեջանի հետ այս անորոշ համագործակցության համապատկերում Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը խառնել է բոլոր խաղաքարտերը երկրի ներսում: Բրյուսելում նոյեմբերի 24-ին համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը Հայաստանի՝ մի երկրի հետ, որը ՀԱՊԿ, ԵԱՏՄ և դրա մաքսային միության անդամ է, Ադրբեջանին հնարավորություն է տվել թեսթավորելու իր ունեցած հնարավորությունները: Ադրբեջանը երբեք չի հրաժարվել ԵՄ հետ համագործակցությունից, ընդհակառակը՝ նա շահագրգռված է համաձայնագիր կնքել՝ երկրի համար առավել բարձր կարգավիճակի հիման վրա: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու մեջ: Իսկ հիմա Հայաստանի օրինակը (որը Ռուսաստանի հիմնական գործընկերն է Կովկասում) ընդլայնել է Ադրբեջանի մանրևելու հնարավորությունը: ԵՄ հետ նախկին կապերի խորացման հետ մեկտեղ Ադրբեջանը թեսթավորում է Ռուսաստանի նախաձեռնությանը միանալու հնարավորությունը: Տարեվերջին շատացել են զրույցները Ռուսաստանի գլխավորած ԵԱՏՄ հետ կապեր հաստատելու և համագործակցելու վերաբերյալ:

Սակայն ԵԱՏՄ-ին անդամակցելու պաշտոնական հրավեր Ադրբեջանին չի եղել՝ չնայած քաղաքական գործիչների և Մոսկվայի էմիսարների ելույթներում այդ մասին հիշատակումների: Այս մասին խոսվել է 1news.az կայքին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի տված հարցազրույցում: Նախարարի ասածներից պարզ դարձավ, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու հարց ներկայումս Ադրբեջանի օրակարգում չկա: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով Ադրբեջանական դիվանագիտական ակադեմիայի ուսանողների առաջ, փաստորեն ակնարկեց, որ Ռուսաստանը բավարարված կլիներ, եթե Ադրբեջանին տեսներ ԵԱՏՄ-ում: Լավրովի այսօրինակ բավարարվածությունը ցայսօր իր պաշտոնական հաստատումը չի գտել Ռուսաստանի և կազմակերպության անդամ այլ պետությունների պաշտոնական անձանց կողմից: Ուստի Ադրբեջանի վրա այս ուղղությամբ գործադրվող ճնշման (որպեսզի մինչև տարեվերջ երկիրն անդամակցի նշված կազմակերպությանը) և ջանքերի մասին պնդումները շարունակում են որպես միֆ մնալ: ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների նկատմամբ լուրջ հետաքրքրություն չկար նաև Հեյդար Ալիևի նախագահության օրոք, ինչն էլ կառավարությանը մղում է ձեռնպահ մնալու վաղաժամ որոշումներից: Բոլորի համար էլ պարզ է, որ Ադրբեջանի համար որպես հիմնական տնտեսական գործընկերներ շարունակում են մնալ եվրոպական երկրները: Ադրբեջանի պարենային, արդյունաբերական և գյուղատնտեսական շուկայում Ռուսաստանի տեսակարար կշիռը զիջում է Եվրոպային, Թուրքիային և այլ երկրների:

Մեկ այլ ուշագրավ հանգամանք է այն, որ տարեվերջին մենք ականատես եղանք Ադրբեջանի նկատմամբ հարգալից վերաբերմունքի ռուսաստանցի փորձագետների և անգամ այն վերլուծաբանների հարցազրույցներում, որոնք կոշտ կանխատեսումներ էին անում Ադրբեջանի վերաբերյալ: Դա արվում էր ի նշան բողոքի առ այն, որ Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր է կնքվել, և միտված էր ԱՊՀ տարածքում Ադրբեջանի ակտիվության խրախուսմանը: Ռուսաստանի նման պահվածքի համապատկերում այս տարի Ադրբեջանի վերաբերյալ Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի հայտարարություններն ու բանաձևերը հանգեցրին եվրաինտեգրման առնչությամբ կառավարության տատանումներին, ստիպելով չշտապել համագործակցության մասին համաձայնագրերի կնքման հարցում:

Ադրբեջանը 2017 թվականը եզրափակում է առանց քաղաքական լուրջ նախապատվությունների այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ ավելի հստակ են երևակվում տարածաշրջանային շահերը: Չնայած դրան՝ “Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ նախագահի որոշումը” դատապարտող սթամբուլյան արշավը սատարելու՝ Թուրքիայի նախագահի կոչին միանալը կարելի է համարել անցնող տարվա ամենառիսկային քայլերից մեկը:

2018 թվականին երկրում անցկացվելու են նախագահակն ընտրություններ, և ակնկալվում է, որ Ադրբեջանը կստորագրի ԵՄ հետ համագործակցության համաձայնագիր: Այս առումով 2018 թվականը խոստանում է երկրում դառնալ քաղաքական հետաքրքիր քայլերի տարի:

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.