Կառավարման համակարգը
Շվեյցարիան աշխարհի ամենաժողովրդավար երկրներից մեկն է: Բրիտանական «Էկոնոմիստ» հեղինակավոր պարբերականի «Ժողովրդավարական ինդեքս–2016»-ի ցուցակում Շվեյցարիան առաջին 10 ամենաժողովրդավար երկրների թվում է[1]: Նոմինալ ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով 2017-ին կազմել է 80,837 դոլար, որն աշխարհում երկրորդն է Լյուքսեմբուրգից հետո[2]: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցոն կազմակերպության Կոռուպցիայի ընկալման համաթվով (ԿԸՀ) չափվում է պետական հատվածում առկա կոռուպցիայի ընկալման մակարդակը այս կամ այն երկրում: ԿԸՀ-ն բաղադրյալ համաթիվ է` հիմնված գործարարների և փորձագետների շրջանում անցկացված տարբեր հարցումների վրա: 2016 թվականին Շվեյցարիայում կոռուպցիայի ընկալման համաթիվը եղել է 86, և 176 երկրների շարքում այն զբաղեցրել է 5-րդ տեղը:
Շվեյցարիայի նման հաջողության գաղտիքը ոչ թե իր բնական ռեսուրսներն են, որոնք այլ երկրների համեմատ շատ նվազ են, այլ քաղաքական ինստիտուտները, որոնք ապահովում են քաղաքացիների մասնակցությունը քաղաքական որոշումներ կայացնելու գործընթացում, ինչպես նաև քաղաքացիներին հնարավորություն են տալիս ակտիվ մասնակցություն ունենալ երկրի կառավարման գործում:Քաղաքացիները նույնիսկ կարևոր խոսք ունեն միջազգային պայմանագրերի վավերացման գործում: Ըստ երկրի սահմանադրության՝ կարևոր պայմանագրերը դրվում են հանրաքվեի, որպեսզի քաղաքացիներն իրենց խոսքն ասեն պայմանագրի ընդունման գործում: Ռեֆերենդումը պարտադիր է, եթե պայմանագիրը ենթադրում է Շվեյցարիայի անդամակցություն հավաքական անվտանգության համակարգի կամ վերազգային կազմակերպության: Այդ պայմանագրերը ոչ միայն քննարկվում են խորհրդարանում, այլ նաև քաղաքացիների շրջանում: Այս ճանապարհով քաղաքացիական հասարակությունը ներգրավվում է երկրի արտաքին քաղաքականության ձևավորման գործընթացում[3]:
Ուշագրավ է, որ այդ երկրում հարկերը ևս բարձր տոկոս չեն կազմում։ Քաղաքացիներից գանձվում են հարկեր դաշնային կառավարության, կանտոնների եւ համայնքների բյուջեների համար։ 2016-ին հարկերը կազմել են ՀՆԱ-ի 27,8 տոկոսը[4]: Հարկերի մեծ մասն ուղղակի և ցածր հարկեր են: Շվեյցարիայում հարկերը ցածր են, սակայն բյուջեի մեծ մասը ծախսվում է կրթության վրա[5]: Համեմատության համար կարելի է նշել, որ Հայաստանում 2016-ին հարկերը կազմել են ՀՆԱ-ի 23,1 տոկոսը[6]։
Արդյունավետ կառավարում Շվեյցարիայում հաստատվել է, երբ կառավարիչները պատասխանատվության են ենթարկվել եւ հաշվետվողականություն ապահովել քաղաքացիների առաջ, երբ քաղաքացիները հնարավորություն են ստացել մասնակցել որոշումների ընդունմանը, ինչպես նաև հեռացնել իրենց մանդատը չարաշահող ընտրված գործիչներին[7]:
Չեզոքության գործոնը
Շվեյցարացիների ինքնությունը հիմնված է ֆեդերալիզմի, ուղղակի ժողովրդավարության և ռազմական չեզոքության վրա: Նրանք ավանդաբար երկրի ինքնապաշտպանությունը համարել են անվտանգության քաղաքականության հետ համատեղելի միակ արդյունավետ ձևը[8]:
Ինքնապաշտպանության կազմակերպման հետաքրքիր դրսևորում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շվեյցարացիների մոբիլիզացիան։ Մի շարք առումներով երկրորդ աշխարհամարտը լուրջ մարտահրավեր էր նետել երկրի անվտանգությանը: 1940-41թթ. Գերմանիայի և Իտալիայի հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար շվեյցարացիները աննախադեպ մակարդակով համախմբվել են գեներալ Հենրի Գիսանի շուրջ և Ալպերում ինքնապաշտպանական համակարգ ձևավորել հնարավոր հարձակման դեպքում թշնամուն պատժելու համար: Վերը նշված հանգամանքը հաշվի առնելով՝ Գերմանիան ու Իտալիան խուսափել են հարձակվել Շվեյցարիայի վրա, արդյունքում երկիրը խուսափել է օկուպացիայից, ինչին չկարողացան հասնել մյուս չեզոք երկրները՝ Բելգիան, Դանիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Նիդեռլանդները[9]:
Շվեյցարիայի ինքնապաշտպանության գործում կարևոր դեր ունի նաև երկրի անդամակցությունը, մասնակցությունը միջազգային կազմակերպություններին: Եթե շվեյցարացիները հիմնականում մերժում են վերազգային կամ հավաքական անվտանգության կազմակերպություններին անդամակցությունը, ապա միջազգային կազմակերպությունների անդամակցությունը խրախուսում են և մեծ ներդրում են կատարում այդ կազմակերպություններում, որովհետև դա հավելյալ երաշխիք է երկրի անվտանգության համար[10]: Շվեյցարիան մեծ ռեսուրսներ է դնում միջազգային համագործակցության, հակամարտությունների լուծման և խաղաղության պահպանման նպատակով։ Պատահական չէ, որ մի շարք միջազգային կազմակերպությունների գլխավոր գրասենյակները գտնվում են այստեղ։ Այս պահին Շվեյցարիայում է գտնվում 25 միջազգային կազմակերպությունների գլխավոր գրասենյակ, բացի դրանից՝ մոտ 250 միջազգային ոչ կառավարական կազմակերպություններ, որոնք գործում են որպես ՄԱԿ-ի խորհրդատվական կազմակերպություններ, նույնպես գտնվում են Շվեյցարիայում[11]։
Շվեյցարիայի կառավարման համակարգը նաև ճկուն է և հեշտ ադապտացվում է երկրի առաջ ծառացած մարտահրավերներին։ Ժամանակի ընթացքում երկրի առաջ ծառացած անվտանգության խնդիրների բնույթը նույնպես փոխվել է: Օրինակ, ներգաղթը, կազմակերպված հանցագործությունը եւ ահաբեկչությունը դարձել են անվտանգություն խնդիրներ Շվեյցարիայի համար, սակայն ուժային կառույցները չեն կարող լուծել այս խնդիրները: Այդ իսկ պատճառով Շվեյցարիան խորացրել է իր համագործակցությունը միջազգային կառույցների հետ (ԵՄ, ՆԱՏՕ, ՄԱԿ), որոնք մեծ դերակատարություն ունեն վերը նշված մարտահրավերներին դիմագրավելու համար[12]:
Բանակի կառավարումը
Շվեյցարիան ունի արդյունավետ կազմակերպված և կառավարվող զինված ուժեր, որոնք պետք է երկիրը պաշտպանեն օտարերկրյա ներխուժումից: Շվեյցարիայի բանակի կազմը 2017 թվականի դրությամբ 160 000 զինվոր էր[13]: Զինվորական ծառայությունը համընդհանուր եւ պարտադիր է արական սեռի բոլոր ներկայացուցիչների համար[14]: Զինվորական ծառայությունը կանանց համար կամավոր է, եւ ներկայումս ավելի քան 1000 կին է ներգրավված զինվորական ծառայությում որպես կամավոր, որոնց կեսից ավելին պատրաստվում է սպա դառնալ: Զինված ուժերում կանանց մասնաբաժինը կազմում է մոտ 0.6%: Համեմատության համար նշենք, որ Գերմանիայում 12% է, իսկ Շվեդիայում՝ 18%[15]:
2017-ին երկրի իշխանությունները հայտարարել են, որ ցանկանում են նորվեգական մոդելի զինվորական հավաքագրման համակարգ ներդնել կանանց ներգրավելու համար: Շվեյցարական կանտոնները նաեւ նախատեսում են մինչեւ 2020 թվականը բանակի մասին իրազեկմանը մասնակցությունը պարտադիր դարձնել նաև կանանց համար, որը թույլ կտա ավելի շատ կանանց ներգրավել բանակում[16]:
Զինվորական ծառայությանը ոչ պիտանի տղամարդիկ պարտավոր են 3 տոկոս հավելյալ եկամտահարկ մուծել կամ ծառայություն իրականացնել քաղաքացիական պաշտպանության հաստատություններում, օրինակ՝ հրշեջ ծառայությունում կամ հիվանդանոցներում: Զորակոչիկները կարող են մաս-մաս ծառայել 260 օր, որի համար նրանք մասնակցում են զորավարժությունների և դասընթացների տարբեր օրաքանակներով: Կամ՝ միանգամից ծառայել 300 օր[17]:
Շվեյցարական բանակում դասընթացների հիմնական նպատակն է քաղաքացիներին սովորեցնել գործնական ռազմական հմտություններ, իսկ ոչ ռազմական գիտելիքները, ինչպիսին են քաղաքացիականը, երկրորդական են համարվում: Բոլոր զորակոչիկները գիտելիք են ստանում անվտանգության քաղաքականության և Զինված հակամարտության մասին օրենքի հիմնական դրույթների վերաբերյալ: Զինվորական ծառայության մասին օրենքի համաձայն՝ ռազմական կրթության նպատակն է հնարավորություն ընձեռել զինված ուժերի բոլոր անդամներին պատերազմի ժամանակ եւ ճգնաժամային այլ իրավիճակներում կատարելու իրենց առաքելությունը նույնիսկ կյանքի ռիսկի գնով[18]:
Բանակը հասարակական կյանքում օգտագործվում է մեծապես որպես հասարակության կազմակերպման ձև, որը հենված է հանրապետության գաղափարախոսության վրա, որտեղ այն քաղաքացին, որը որոշակի կարողություններ ունի, պետք է ստանձնի հասարակական պարտականություններ: Ըստ Անդրեաս Կլեյի՝ քաղաքացիական բանակի սկզբունքը վերցված է Ֆրանսիայի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների հեղափոխական բանակներից: Այն ամրագրվել է Հելվետյան Հանրապետության սահմանադրությունում, ինչպես նաև ռազմական ներգրավվածության կանոններում (1804-1817թթ): Բանակի կառավարման համակարգը նաև թույլ է տալիս քաղաքացիներին ներգրավվել քաղաքական կյանքում՝ տեղական մակարդակում[19]։
Սահմանադրությունում նշված է՝ «զինված ուժերը սկզբունքորեն պետք է կազմակերպվեն որպես ոստիկանություն»: Ըստ սահմանադրության՝ չպետք է լինի մշտական կամ պրոֆեսիոնալ բանակ: Հետևաբար, շվեյցարական բանակը ոչ մշտական բանակ է, որն իր բնույթով նման է ԱՄՆ ազգային գվարդիային: Այդ իսկ պատճառով բանակի կազմակերպչական ձևը հանդիսանում են ժամանակավոր և կրկնվող զորավարժությունները, ինչպես նաև կարճաժամկետ ուսուցումները: Բանակն, ընդհանուր առմամբ, գործում է ըստ պահանջի[20]:
Շվեյցարիայում «Ազգ-բանակ»-ի հայեցակարգն, ընդհանուր առմամբ, խարսխված է մի քանի կարևոր գործոնների վրա։ Ժողովրդավարությունը, տեղական, համազգային և միջազգային քաղաքականության մշակմանը քաղաքացիների ակտիվ մասնակցությունը, պարտադիր ծառայությունը, ռազմական չեզոքությունը կազմում են այդ հայեցակարգի կարևոր հենքը։
Ժողովրդավարությունը լեգիտիմ իշխանության ձևավորման համար կարևոր գործոն է։ Լեգիտիմությունն օգնում է, որ իշխանության կողմից ընդունված որոշումները ընդունելի լինեն հասարակության համար։ Եթե որևիցե իշխանավոր չարաշահում է հանրության վստահությունը, ապա քաղաքացիները հնարավորություն ունեն ընտրությունների միջոցով զրկել նման գործիչներին իրենց պաշտոնից։ Լեգիտիմությունը իշխանությունների որոշումների միակ հիմքը չի։ Համընդհանուր կոնսենսուս ձևավորելու համար շվեյցարացիները կիրառում են նաև ուղղակի ժողովրդավարության գործիքը, ինչպիսին է ռեֆերենդումը։ Տեղական, ազգային և միջազգային քաղաքականության մշակման գործում ակտիվ մասնակցություն են ունենում քաղաքացիները, ինչն էլ նպաստում է համընդհանուր կոնսենսուսի ձևավորմանը։
Շվեյցարիան Եվրոպայի եզակի երկրներից է, որտեղ ծառայությունը պարտադիր է։ Պարտադիր ծառայության գաղափարը ուժեղ արմատավորված է այդ երկրում։ Չնայած այն հանգամանքին, որ Շվեյցարիան ավելի քան 200 տարի պատերազմ չի ունեցել, ամեն դեպքում պարտադիր ծառայությունը հանդիսանում է այդ երկրի ներքաղաքական կյանքի մասը։ Նույնիսկ 2013 թվականին կազմակերպված ռեֆերենդումի ժամանակ, որի ընթացքում դրվել էր պարտադիր ծառայության վերացման հարցը, շվեյցարացիների 73 տոկոսը «ոչ» է ասել՝ այդպիսով պահպանելով պարտադիր ծառայության սկզբունքը[21]։
Շվեյցարիան իր չեզոքությունը պահպանելու և անվտանգությունն ուժեղացնելու համար ակտիվ մասնակցություն է ունենում միջազգային կառուցներրի հետ։ Միջազգային կառույցներին մասնակցությունը նաև օգնում է այդ երկրին լուծել այնպիսի անվտանգության մարտահրավերներ, որոնք իր անվտանգության համակարգը հնարավորություն չունի լուծել։ Այսպիսի խնդիրներից են ներգաղթը, կազմակերպված հանցագործությունը եւ ահաբեկչությունը, որոնց լուծումը Շվեյցարիան կազմակերպում է միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցելով։
Բանակի կազմավորման սկզբունքները. օգտակար զուգահեռներ
Հայաստանում վաղուց է շրջանառվում այն միտքը, որ հնարավորինս կարճ ժամկետներում ստեղծվելիք պրոֆեսիոնալ բանակը ոչ միայն կարող է լուծել զինված ուժերում առկա հիմնախնդիրները, այլև դառնալ երկրի և ժողովրդի անվտանգության շատ ավելի հուսալի երաշխիք։ Ի պատասխան նման պնդումների՝ իշխանությունները, որպես կանոն, հակաճառում են, որ պրոֆեսիոնալ բանակը թե թանկ հաճույք է և թե երկար տարիների ջանքեր են պահանջվում դրան նախապատրաստվելու համար։ Շվեյցարական բանակի փորձը ցույց է տալիս, որ այս երկու իրարամերժ դիրքորոշումները «հաշտեցնելու» ձև կա։ Ավելին՝ երկրավեր արտագաղթի պայմաններում բանակի համալրման գնալով մեծացող խնդիրների հաշվառմամբ շվեյցարական մոդելը կարող է անչափ պիտանի լինել Հայաստանի և հատկապես Արցախի պարագայում։
Բանն այն է, որ Շվեյցարիայում 18-50 տարեկան բոլոր տղամարդիկ զինծառայող են համարվում։ Պետությունն ի վիճակի է իր ռեզերվի հաշվին տառացիորեն մի քանի ժամվա ընթացքում իր 22 հազարանոց բանակը դարձնել 650 հազար, իսկ երկու օր հետո՝ 1.7-միլիոնանոց։ Ընդ որում, խոսքը չի գնում «պարտիզանական» համալրման մասին, քանի որ բանակն աճում է լավ ուսուցված և կարգապահ մարտիկների հաշվին, որոնք արդեն իսկ զինված են։ 18 տարեկանում պատանին զորակոչվում է ռեկրուտների դպրոց (Rekrutenschule – Ecole de recrue), որտեղ 18-21 շաբաթների ընթացքում (էլիտային զորամասերում՝ մինչև 25 շաբաթ) երիտասարդ մարտիկի դասընթաց է անցնում և ստանում ռազմական մասնագիտություն։ Դրանից հետո պետությունը հայրենիքի նորաթուխ պաշտպանին տալիս է պարենի անձեռնմխելի պաշար, զինվորական 3 համազգեստ՝ տարվա բոլոր եղանակների համար, հրացան, զրահաբաճկոն և սաղավարտ։ Շվեյցարացիները դրանք պահում են տանը և հետները վերցնում զորավարժությունների ժամանակ։
Շվեյցարացին ծառայում է ամբողջ կյանքի ընթացքում։ Մինչև 31 տարեկանը նա 8 անգամ մասնակցում է զորավարժությունների, որոնցից յուրաքանչյուրը տևում է 3 շաբաթ։ 32-ից մինչև 42 տարեկանը 3 անգամ է մասնակցում զորավարժությունների՝ երկուական շաբաթով։ Նախքան զորացրվելը՝ վերջին 8 տարիներին, նա միայն մի անգամ է մասնակցում զորավարժության՝ 2 շաբաթով։ Իսկ զորավարժությունները սոսկ ձևականություն չեն. դրանք մեծ ջանքեր են պահանջում, և լուրջ փորձություն են զինծառայողների համար, քանի որ առավելագույնս մերձեցված են մարտական պայմաններին։ Մինչև 32 տարեկանը զինվորականը համարվում է «աուսցուգ», մինչև 42 տարեկանը՝ «լանդվեր», և մինչև 50 տարեկանը՝ «լանդշտուրմ»։ 51 տարեկանը լրանալուն պես նրան պաշտոնապես զորացրում են, հետ վերցնում հրացանը, տալիս օդամղիչ հրացան և «մեծ անախորժությունների» կամ համատարած զինակոչի դեպքում զինակոչվելու հրահանգ։
Կա այլընտրանքային ծառայություն՝ պացիֆիստների ու այլոց համար։ Նրանք հիմնականում զբաղվում են զորամասերում և բնակավայրերում սանիտարահիգիենիկ պայմանների ապահովմամբ և տնտեսական աշխատանքներով, ինչից ազատված են «իսկական» զինվորականները։
Մեկ այլ՝ մեզ համար ընկալելի առանձնահատկություն։ Շվեյցարիայում լեռնային տարածքները վերածվել են բնական պաշտպանական ամրությունների։ Տեղի բնակիչների և հիմնականում ռեզերվիստների ուժերով այդ տարածքներում կառուցվել են ապաստարաններ, զինամթերքի ու պարենի պահեստարաններ, ինչպես նաև կրակակետեր։ Այսինքն՝ պատերազմի կամ «մեծ անախորժությունների» ժամանակ տղամարդիկ միշտ էլ պատրաստ են հայրենիքի պաշտպանությանը՝ զենքը, համազգեստը և պարենը նրանց մոտ է, գիտեն իրենց անհրաժեշտ պահեստարանների ու կրակակետերի տեղը։
Վերլուծելով հայ-ադրբեջանական զինված հակամարտության դինամիկան, ինչպես նաև հակառակորդի կողմից ձեռնարկվող դիվերսիաների մարտավարությունը՝ կամա թե ակամա գալիս ես այն եզրակացության, որ շվեյցարական մոդելը իսկը մեզ համար է։ Հարկ է, սակայն, հաշվի առնել, գործող քրեաօլիգարխիկ համակարգի և օրինապաշտության ցածր մակարդակի պայմաններում համատարած զինվածությանն առնչվող մարտահրավերները։ Հայաստանում ներկայումս ընթացող բարեփոխումների գործընթացի հաջող ընթացքի պարագայում շվեյցարական մոդելը, կարծում ենք, շատ ավելի լուրջ ուշադրության կարժանանա։
Եզրակացություն
2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի իրական հերոսները 18-19 տարեկան երիտասարդներն էին՝ առաջնագծի զինվորները։ Նրանք էին, որ իրենց կյանքի կամ առողջության գնով փրկեցին երկիրը անդառնալի կորուստներից և ժամանակի մեջ հետընթացից։ Նրանք հայրենասիրության հատուկ դասընթաց չէին անցել, նրանց ոչ ոք չէր բացատրել հայրենիքի անփոխարինելիությունը, նրանց ոչ ոք չէր հրամայել կամ պարտադրել սիրել հայրենիքը։ Նրանք դա արեցին այն ժամանակ, երբ դեռ գոյություն չուներ «Ազգ-բանակ» հայեցակարգը, ու չէր սկսվել ռազմահայրենասիրական նախահարձակ քարոզչությունը։
2018 թվականի «թավշյա հեղափոխության» շարժիչ ուժը կամ մերօրյա «մատեան գունդը» ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների այսօրվա հասակակիցներն էին։ Նրանք էին, որ իրենց քաղաքացիական հասունության, քաղաքացիական-քաղաքական ինքնագիտակցության բարձր մակարդակի շնորհիվ երկիրը փրկեցին հետադիմության ճիրաններից և հիմք դրեցին դեպի քաղաքակիրթ ապագա մեր քայլքին։ Նրանք արդեն հասցրել էին ապրել «Ազգ-բանակ» հայեցակարգի ու ռազմահայրենասիրական նախահարձակ ու տոտալ քարոզչության պայմաններում։ Բայց հենց նրանք էին այդ հայեցակարգի առաջին ու գլխավոր ընդդիմախոսները։ Հայեցակարգը վիճարկող ուսանողական շարժումը և նրանց առաջնորդների խելացի ու գիտակից, սկզբունքային ու համարձակ պահվածքը մեկ անգամ ևս փաստեցին, որ հանրությունը շատ ավելի հայրենասեր է, քան իրեն հայրենասիրություն քարոզող իշխանությունը։ Ավելին՝ որ բևեռայնորեն տարբեր են հայրենասիրության մասին պատկերացումները։
Այս ամենը վկայում է, որ իրականում ոչ մի հատուկ հայեցակարգի կարիք չկա էլ։ Հատուկ հայեցակարգը և հայրենասիրության մասին ամենօրյա բարձրագոչ հայտարարությունները չէին լինի, եթե երկրում վիճակը բարվոք լիներ, ինչը նշանակում է, որ հենց այդ անբարվոք վիճակը քողարկելուն էր կոչված նման միջոցների ձեռնարկումը։ Իշխանությունների կողմից շատ ավելի խելամիտ կլիներ անհապաղ ու արմատականորեն ձեռնամուխ լինել առկա վիճակի բարելավմանը։ Սակայն դրա կամքն ու ցանկությունը չունեին։ Ուստի և ստիպված եղան հանրային ընդվզման ալիքի տակ ընկնել։
Կատարվածի ամենամեծ դասն, ըստ մեզ, հետևյալն է՝ նման հայեցակարգերը չպիտի ունենան ներքաղաքական բաղադրիչ, առավել ևս իշխանության պահպանման կամ վերարտադրման նպատակ։ Նման հայեցակարգերը կամ պիտի բխեն ողջ հանրության շահերից կամ էլ չպիտի լինեն ընդհանրապես։ Անպարտելի է այն բանակը, որը կազմավորվում և կազմակերպվում է սոցիալական արդարության պայմաններում։
Եվ ամենակարևորը՝ քաղաքակիրթ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ, պատկերավոր ասած, հնարավոր չէ «կոմունիզմ» կառուցել առանձին վերցրած մի ոլորտում, այն էլ այնպիսի մի ոլորտում, որը պատասխանատու է երկրի ու հանրության անվտանգության համար։
Կայուն ժողովրդավարություններում, այդ թվում և սույն ծրագրի շրջանակներում մեր ուսումնասիրած երկրներում, անվտանգությունն ապահովվում է ռազմական, քաղաքական, իրավական, տնտեսական ու կրթամշակութային մի բազմաշերտ համապատկերում։ Անգնահատելի է հատկապես այնպիսի քաղաքական ինստիտուտների դերը, որոնք ապահովում են քաղաքացիների մասնակցությունը քաղաքական որոշումներ կայացնելու գործընթացում, ինչպես նաև քաղաքացիներին հնարավորություն են տալիս ակտիվ մասնակցություն ունենալ երկրի կառավարման գործում:
_________________
[1] https://www.eiu.com/topic/democracy-index
[2] http://www.imf.org/external/datamapper/NGDPDPC@WEO/OEMDC/ADVEC/WEOWORLD
[3] Parliamentary oversight of the security sector: http://archive.ipu.org/PDF/publications/decaf-e.pdf
[4] https://www.oecd.org/tax/revenue-statistics-switzerland.pdf
[5] https://liberty-intl.org/2000/03/the-swiss-cantonal-system-a-model-democracy/
[6] http://www.yerkir.am/news/view/130097.html
[7] https://liberty-intl.org/2000/03/the-swiss-cantonal-system-a-model-democracy/
[8] From Armed Neutrality to External Dependence: Swiss Security in the 21st Century: http://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/j.1662-6370.2011.02003.x/full
[9] From Armed Neutrality to External Dependence: Swiss Security in the 21st Century: http://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/j.1662-6370.2011.02003.x/full
[10] From Armed Neutrality to External Dependence: Swiss Security in the 21st Century: http://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/j.1662-6370.2011.02003.x/full
[11] https://www.eda.admin.ch/eda/en/home/foreign-policy/international-organizations/international-organizations-switzerland.html
[12] From Armed Neutrality to External Dependence: Swiss Security in the 21st Century: http://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/j.1662-6370.2011.02003.x/full
[13] https://www.iiss.org/
[14] https://liberty-intl.org/2000/03/the-swiss-cantonal-system-a-model-democracy/
[15] https://www.swissinfo.ch/eng/more-women-opt-for-swiss-military-service/43822928
[16] https://www.swissinfo.ch/eng/swiss-army_army-hopes-mandatory-info-session-will-attract-women-/43204190
[17] Sabine Mannitz / Rabea Haß, The Swiss Concept of Soldiering in Practice The Swiss Case https://www.hsfk.de/fileadmin/HSFK/hsfk_downloads/Switzerland_III_01.pdf
[18] Sabine Mannitz / Rabea Haß, The Swiss Concept of Soldiering in Practice The Swiss Case https://www.hsfk.de/fileadmin/HSFK/hsfk_downloads/Switzerland_III_01.pdf
[19] G.S. JEAN-BAPTISTE THALMANN, SWISS ARMED FORCES CONSCRIPTION AND MILITIA SYSTEM: MUST THEY BE CHANGED?
[20] G.S. JEAN-BAPTISTE THALMANN, SWISS ARMED FORCES CONSCRIPTION AND MILITIA SYSTEM: MUST THEY BE CHANGED?
[21] https://www.reuters.com/article/swiss-conscription/swiss-voters-reject-bid-to-scrap-military-conscription-idUSL5N0HI0MR20130922