Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քողարկված ձևով մեկնարկեց նախագահական արտահերթ ընտրությունների նախապատրաստությունը, ընտրություներ, որոնք կարող են անցկացվել տարեվերջին։
Հոկտեմբերի 7-ին ելույթ ունենալով կառավարության՝ անցած տարվա ինն ամսվա սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված նիստում՝ Ալիևը ժողովի բացման ժամանակ կոշտ կերպով քննադատեց Արևմուտքին, առաջ քաշելով մեղադրանքների մի ամբողջ ցանկ, ներառյալ երկակի չափորոշիչներն Ադրբեջանի, իսլամական աշխարհի, արաբ փախստականների նկատմամբ։Նրա ելույթի թեման ոչ մի կերպ առնչված չէր կառավարության նիստի թեմային (կառավարությունը բան չուներ ասելու ինն ամսվա անմխիթար արդյունքների մասին), այլ ինչ-որ մի ուղերձ էր համաշխարհային ժողովրդավարությանն առ այն, որ Ադրբեջանի վարչակարգը նախընտրում է զարգացման այս փուլում դիստանցիա պահել, որն առայժմ պետք է սահմանափակվի համագործակցության տարրերով, բայց ոչ ինտեգրացիոն գործընթացներով։
Ինչպես փորձը ցույց է տալիս, 2008 թվականի նախագահական ընտրություններից ի վեր (որոնք բացեցին հետագայում նրա ճանապարհը դեպի անսահման իշխանություն) Ալիևը կարևոր ընտրությունների ու հանրաքվեների նախօրեին ուժեղացնում է Արևմուտքի քննադատությունը՝ նպատակ ունենալով նվազագույնի հասցնել արևմտյան հաստատությունների մասնակցությունը քվեարկության դիտարկման և արդյունքների ամփոփման ընթացքին, ինչպես նաև ընդդիմության և քաղաքացիական հասարակության աջակցության գործում։ Այդպես է եղել նաև սեպտեմբերի 26-ի հանրաքվեից առաջ, հանրաքվե, որը լեգիտիմացրեց նրա կառավարումը առաջիկա 7 տարիների համար և էլ ավելի մեծ լիազորություներով ու պատասխանատվությամբ օժտեց։
Ալիևի այսօրինակ մեկուսի դիրքորոշումը, որքան էլ տարօրինակ թվա առաջին հայացքից, ընկալվում է միջազգային ժողովրդավարության հակառակ ճամբարում, որը միայն նուրբ ու ձևական է արտահայտում ոչ ժողովրդավարական գործընթացների նկատմամբ իր հերթապահ տարակուսանքը և ոչ ավելին։ Դա հատկապես վառ դրսևորվեց վերջին հանրաքվեի նախօրեին և դրանից հետո, ինչը վկայում է այն մասին, որ այդ միջոցառումը Արևմուտքի հետ համաձայնեցված ճանապարհ է բացում դեպի կառուցակարգային և քաղաքական-տնտեսական լուրջ փոփոխություններ։ Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ համակարգի բարեփոխման պահանջով ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից Ալիևի վրա ուժեղ ճնշումն իսկույն ևեթ դադարեց՝ սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին (որոնք ընդլայնում են նախագահի լիազորությունները) հուլիսի 18-ին արված հայտարարությունից հետո։
Նման վարքագիծն, անկասկած, իր շարունակությունը կգտնի նաև գալիք նախագահական ընտրություններում և փաստացի ընտրական գործընթացը կվերածվի տեխնիկական ընթացակարգի, բայց ոչ երբեք քաղաքական մրցակցության իշխանության և ընդդիմության տարբեր խմբերի միջև։
Նախագահի պաշտոնում Ալիևի գործնեությունը ձեռնտու է Արևմուտքին՝ չնայած նրա հակաարևմտյան հայտարարություններին ու ընդդիմադիր ձայները ճնշելուն։ Իր կառավարման տարիներին նա զգալիորեն հանգուցեց տնտեսական կապերը Եվրոպայի հետ՝ աջակցելով Եվրամիության ռազմավարական, խողովակաշարային, տրանսպորտային ծրագրերին, Արևմուտքը դարձնելով Ադրբեջանի հիմնական տնտեսական գործընկերը։ Եթե հաշվի առնենք, որ էներգետիկ ոլորտը հիմնաքարային է Ադրբեջանի համար, ապա դժվար չէ նկատել, թե որ ուղղությամբ է արդեն իսկ ինտեգրվել Ադրբեջանը՝ Ալիևի ողջ արևմտամերժ հռետորությամբ հանդերձ։
«Ո՞ր Եվրոպային մենք պետք է ինտեգրվենք։ Ճգնաժամով պատվա՞ծ Եվրոպային, որտեղ մուսուլմանների վրա արգելք է դրված։ Ահա հենց այսպիսի հարցեր տալու համար են մեզ վրա ճնշում գործադրում և մեղադրանքներ հասցեագրում»,- ասել է Իլհամ Ալիևը, բայց անմիջապես էլ հավելել, որ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է Եվրամիության հետ։
Գաղտնիք չէ, որ կողմերն ինտենսիվ աշխատանքներ են տանում Ադրբեջանում հետխորհրդային համակարգը բարեփոխելու և բարեփոխումների մի այնպիսի մեծ փաթեթ նախապատրաստելու ուղղությամբ, որոնք պետք է մեկնարկեն մոտ ապագայում։ Ըստ էության, և հանրաքվեն, և դրան հետևող ընտրությունները հանդիսանում են կողմերի արտոնած բարեփոխումների ծրագրի բաղկացուցիչ մասը։ Ալիևն ու արևմտյան գործընկերները դեռևս չեն բացում գալիք փոփոխությունների խաղաքարտերը, սահմանափակվելով տեղեկատվության չափավոր արտահոսքով, ինչը կարող է սոսկ ուրվագծել փոփոխությունները։ Հենց դրան կարելի է վերագրել Ալիևի ելույթը վերոնշյալ խորհրդակցությունում, որում այդպես էլ չամփոփեցին ինն ամսվա արդյունքները։ Նախագահն իր ելույթի վերջնամասը նվիրեց գալիք ծրագրերին, հիմնականում՝ գյուղատնտեսության ոլորտում։ Այդ ելույթից տեսանելի էր դառնում, որ խոսքը գնում է յուրաքանչյուր ագրարային ճյուղի զարգացման առանձին ծավալուն ծրագրի մասին։ Եվրամիությունը նախօրեին արդեն իսկ ձեռնամուխ էր եղել մասնավոր արտադրողների զարգացման աջակցության ծրագրերի իրականացմանը։
Ըստ էության, երկրի էկոնոմիկայի վրա էներգետիկ հատվածի ազդեցության երկարատև նվազման պայմաններում Ադրբեջանի ոչ նավթային ոլորտի բարենորոգումն անխուսափելի է դառնում վարչակարգի համար և, կարելի է ասել, հանդիսանում է Արևմուտքի հետ Ադրբեջանի ինտեգրման իր նշանակությամբ երկրորդ ծրագիրը՝ 1994-ին ստորագրված Դարի պայմանագրի ծրագրի իրականացումից հետո։ Փաստորեն կառավարության նիստում Ալիևն ընդունել է ադրբեջանական էկոնոմիկայի ծանր վիճակը, խուսափելով այս անգամ վիճակագրության թվերի ձեռնածության մարտավարությունից, թվեր, որոնք աջուահյակ ներկայացնում են անմխիթար իրավիճակը։
Չնայած իր ողջ արևմտամերժ հռետորությանը՝ Ադրբեջանն այլ ճանապարհ չունի, բացի եվրոպական ինտեգրման շարունակումից։ Այս մասին, ինչպես արդեն ասել ենք, վկայում են Ադրբեջանում բարեփոխումների աջակցության թեմայով միջազգային ֆինանսական հաստատությունների հետ ինտենսիվ բանակցությունները, որոնք արդեն եզրափակիչ փուլ են դուրս եկել համաշխարհային և առաջին հերթին արևմտյան էկոնոմիկային ինտեգրվելուն առնչվող սկզբունքային հարցերի շուրջ՝ այստեղից բխող բոլոր քաղաքական հետևանքներով։
Հոկտեմբեր, 2016
«Թուրան» գործակալության վերլուծական բաժին