Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Աղջիկները՝ հոգատար ու լալկան, տղաները՝ չարաճճի ու համարձակ

marut
February 2017

Գենդերային դերերը դասագրքերում

 

Ռուզաննա  Ծատուրյան
Հետազոտող
Երևան

Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես հայտարարել է գենդերային հավասարությանն ուղղված պետական քաղաքականության  իրականացման մասին: Հայաստանում ընդունված գենդերային ոլորտի իրավական տարբեր փաստաթղթերը՝ միջազգային կոնվենցիաներ, օրենքներ, հայեցակարգեր, ռազմավարական և ազգային ծրագրեր[1] թիրախավորում են նաև կրթության ոլորտը՝ որպես գենդերային էգալիտար պատկերացումների հաստատմանն ուղղված կարևոր հարթակ: Այս առումով առանձնանում է հատկապես դասագրքերի ազդեցությունը՝ որպես անցումային հասարակությունների համար կարևորվող հնից նորի անցման գործընթացի յուրօրինակ լակմուս: Սովորողները դասագրքերի հետ ամենօրյա շփման արդյունքում յուրացնում են դրանցում ներկայացված պատկերներն ու հասկացությունները, քանի որ դասագրքերը, որպես օրինականացված «գիտելիք» սահմանում են «հասարակության կանոնները, ինչպես նաև համակեցության նորմերը»[2]: Տարրական դպրոցի դասագրքերն այս իմաստով համարվում են կարևոր սոցիալիզացիայի գործիք: Հատկապես Հայաստանի նման կենտրոնացված կրթական համակարգի պայմաններում, աշակերտները դասաժամանակի ընթացքում հիմնականում օգտագործում են դասագիրք և «ուսուցիչներն իրենց կրթական ցուցումները կառուցում են՝ հիմնվելով դասագրքի վրա»:[3]Փորձագետներն արձանագրում են, որ լավ դասագիրքը պետք է զերծ լինի գենդերային կարծրատիպերից, քանի որ այն առնչվում է երեխայի՝ սովորողի հնարավորությունների և ցանկությունների կառուցարկման գործընթացին:Իսկապե՞ս Հայաստանի Հանրապետության հանրակրթական միջավայրը և հատկապես դպրոցական դասագրքերը խոսում են գենդերային հավասարության և գենդերային բռնությունից զերծ միջավայրի, կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների մասին:

Իրավական ակտերով ՀՀ ստանձնած պարտավորություններն այս ոլորտում դեռևս չեն վերածվել հստակ հանձնառության և հավատամքի: Ցավալիորեն, կրթական համակարգի գենդերային զգայունության խնդիրները՝ չնայած պաշտոնական ձևակերպումներին, դեռևս չեն համարվում օրակարգային, դրանք լայն հասարակական ընկալումներում, անգամ կրթական քաղաքականության միջավայրում   ընկալվում են  իբրև «դրսից, Արևմուտքի պարտադրանքով» ներմուծված պայման ու պահանջ, կամ որպես լուսանցքային, բացարձակ ոչ կարևոր հարցադրումներ: Այս քննարկումներում չեն թիրախավորվում ընդունված պետական քաղաքականության և իրականացված գործողությունների միջև թույլ համադրելիության, սահմանված նպատակների և վերջնարդյուքների անհամապատասխանության և առհասարակ կրթության ոլորտում գենդերային հարցադրումների հետ կապված մարտահրավերների հարցերը[4]: Հաստատված միջոցառումների ծրագրերն ու դրանց իրականացման հաշվետվությունների համադրումը տարիների կտրվածքով հնարավորություն է տալիս տեսնել, որ պետական քաղաքականությունն այս ոլորտում չի կարևորում և թիրախավորում դասագրքերի դերը՝ որպես նոր, անկախ Հայաստանի  կրթական փիլիսոփայության ներդրման կարևոր գործիքի: Պարբերաբար վերատպվող դասագրքերում դեռևս շարունակվում են վերարտադրվել խտրական ուղերձներ՝  կանացի և տղամարդկային դերերի նորմավորման մասին:       ՀՀ տարրական դպրոցի գրեթե բոլոր դասագրքերում՝ Այբբենարան, Մայրենի 1-4, Մաթեմատիկա 1-4, Ես և շրջակա աշխարհը 2-4, Տեխնոլոգիա 1-4, Ֆիզկուլտուրա 2-3, Կերպարվեստ 1-4, Երաժշտություն 2-4 դասարանների հիմնական և այլընտրանքային դասագրքերում առկա է գենդերային դերերի անհամաչափ ներկայացվածություն` արական դերերի գերակշռությամբ: Այսպես, ընդհանուր առմամբ բոլոր դասագրքերում ներկայացված  նկարների 65%-ում պատկերված են  արական սեռի կերպարներ: Բացի քանակական անհամաչափ ներկայացվածությունից՝ դասագրքերի նկարների և տեքստերի միջոցով ստեղծվում կամ վերարտադրվում են կանացի և տղամարդկային կարծրատիպային դերեր, հատկանիշներ, մասնագիտություններ և պարտականություններ:

Առհասարակ, տարրական դպրոցի բոլոր դասագրքերում կինը ներկայացվում է ավելի հաճախ ներընտանեկան, կենցաղային հոգսերի ու իրողությունների շրջանակում: Այս մոտեցումը ավելի քան խտացված ներկայացված է դասագրքերում հանդիպող ընտանեկան պատկերներում` ի դեմս «մայրիկի» կերպարի: Դասագրքերում ընդհանուր արական դերերի գերակշռության պայմաններում, օրինակ՝ Մայրենի 1 դասագրքրում[5] «Իմ ընտանիքը» բաժնում ներկայացված են 49 իգական և  44 արական ընտանեկան դերեր, ընդ որում՝ դրանցից ընդամենը 9-ը աղջիկ են, 30-ը տղա, 8-ը` տատիկ, 5-ը՝ պապիկ, 9 անգամ պատկերված է հայրիկի դեր,  և 32 անգամ մայրիկի դեր, ում հետ կապվում են գրեթե բոլոր ներընտանեկան հոգսերը և պարտականությունները` երեխաների խնամք, տնային գործեր, ճաշի պատրաստում և այլն: Այսօրինակ «երջանիկ ընտանեկան» պատկերներում չեն թիրախավորվում համագործակցային փոխհարաբերությունները, այլ ընտանիքի անդամները բացառապես հանդես են գալիս առանձին դերերում` ցուցելով կանացի և տղամարդկային զբաղմունքների հստակ շրջանակը. շյուղերով գործող տատիկ,  հեռուստացույց դիտող պապիկ, մայրիկը աղջկան դաս է սովորեցնում, հայրիկը բազմոցին թիկնած  թերթ է կարդում, աղջիկը տիկնիկով է խաղում, տղան` գնդակով, սրով:

Արական դերերն ավելի բազմազան են` առնչվելով հանրային ոլորտին. նրանք ծառ են մագլցում, լողում, հեծանիվ քշում, մարզվում: Աղջիկները ներգրավված են հիմնականում լրացնող, երկրորդական դերերում` հաճախ ընդամենը կրկնօրինակելով կանացի կամ մայրական դերերը: Այսպես, Այբբենարանի նկարներից մեկում[6] պատկերված են երեխաներ բնության գրկում, որտեղ տղաները վրան են պատրաստում, ծառ մագլցում, լողում, իսկ աղջիկները ներգրավված են խարույկի վրա ճաշ պատրաստելու գործում:

Հատուկ ուշադրության է արժանի դասագրքերում մասնագիտական դերերի ներկայացումը: Մասնագիտական գենդերային խտրազատման առկա վիճակի պայմաններում խնդիրը թիրախավորվում է նաև Գենդերային քաղաքականության հայեցակարգում՝ նշելով, որ պետք է «Խրախուսել աղջիկներին ստանալ այնպիսի կրթություն, որը կապահովի մուտք դեպի աշխատաշուկայի ազդեցիկ և պահանջարկ ունեցող մասնագիտություններ, ստանալու տեխնիկական և բնական գիտությունների կրթություն, իսկ տղաների և տղամարդկանց մանկավարժական գործունեության և միջնակարգ կրթության համակարգում մասնակցության խթանում»[7]: Մինչդեռ, տարրական դպրոցի դասագրքերում ներկայացված մասնագիտական դերերը շարունակում են կրկնօրինակել կամ վերստեղծում են մասնագիտությունների գենդերային բաժանման պատկերը՝ փաստելով հետազոտողի պնդումը, որ խորհրդային շրջանի տարրական դպրոցի դասագրքերում հաճախ հանդիպող տիեզերագնացի, գործարանային բանվորների պատկերները հետխորհրդային դասագրքրերում արագորեն փոխարինվեցին տնային տնտեսուհիների կերպարներով:[8]

Ուսուցչի կերպարը դասագրքերում ներկայացված է բացառապես իգական դերով: «Իգական»  մասնագիտություններից են պարուհու, վաճառողի, հացթուխի, կար անողի, հազվադեպ՝ բժշկի մասնագիտական դերերը: «Լուրջ, կարևոր և տղամարդկային» մասնագիտությունների և զբաղմունքների ցանկն ավելի ընդգրկուն է՝ նկարիչ, օդաչու, տանկիստ, զինվոր, վարորդ, շինարար, հյուսն, նավաստի, մարզիչ,  ոստիկան, քանդակագործ, դարբին, ջութակահար, լուսանկարիչ, տիեզերագնաց և այլն:

Դասագրքերի պատկերներն ու տեքստերը «սովորեցնում են» նաև, թե ինչպիսին պետք է լինի տղան կամ աղջիկը, երբ որպես արական բնութագրիչներ ներկայացվում են ուժեղ, ֆիզիկական ուժ ենթադրող, կամային հատկանիշներով կերպարները, մինչդեռ որպես իգական հատկանիշներ են ներկայացվում քնքշությունը, մեղմությունը, լալկանությունը, համեստությունը: Անգամ մաթեմատիկայի դասագրքերում է նկատվում գենդերային հատկանիշների խտրական ներկայացումը, երբ խնդիր առաջադրանքների բովանդակության մեջ տղաները ներկայացված են  «արական» զբաղմունքներում`շինարարություն, մետաղալարով իրերի պատրաստում, ոչ մթերային գնումներ, դրամային  հարցեր, իսկ աղջիկները տորթ են թխում, ճաշ պատրաստում, գուլպա գործում, ժապավեն, ուլունք, ծաղիկներ, մթերք գնում և այլն:

Իսկ ի՞նչն է պայմանավորում դասագրքերում գենդերային խտրական ուղերձների շարունակական առկայության փաստը: Միանշանակորեն՝ այն իրողությունը, որ կրթական քաղաքականության կողմից չի իրականացվում դասագրքերի գենդերային զգայունության պարտադիր և կանոնակարգված փորձաքննություն: Իսկ նման պայմանի բացակայության և հասարակակական գենդերային թույլ զգայունության կամ տեղեկացվածության  իրավիճակում պատակահական չէ, որ դասագրքերի ստեղծման գործընթացում ներգրավված օղակները՝ հրատարակիչները, հեղինակները, նկարիչները կարող են դասագրքերում ներառել կարծրատիպեր վերարտադրող ուղերձներ: Դպրոցական միջավայրի դերակատարներն էլ շարունակելով շղթան՝ իրենց անձնական, հասարակական տիրապետող պատկերացումներից բխող կարծրատիպային և ավանդական ուղերձներով շարունակում են համալրել և կայունացնել հասարակական տիրապետող պատկերացումները կանացի և տղամարդկային «ի վերուստ» տրված դերերի մասին:

Արդյունքում, կրթական միջավայրը դեռևս չի դառնում այն հարթակը, որտեղ շրջանառվում են բոլոր սովորողների համար հավասար մեկնարկային հնարավորությունների և իրավունքների հարցադրումները ոչ միայն կրթության մեջ երկու սեռերի համար ֆիզիկական ներգրավվածության տեսանկյունից, այլև  բացառելով կրթության տարբերակված բովանդակության իրողությունները:

[1]Փաստաթղթերի ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ. http://un.am/hy/p/repository-of-national-documents-on-gender

[2]Pingel, F. (2010). UNESCO guidebook on textbook research and textbook revision.

[3]Blumberg, R. L. (2007). Gender bias in textbooks: a hidden obstacle on the road to gender equality in education. Background paper prepared for the Education for All Global Monitoring Report 2008 Education for All by 2015: will we make it?

[4]Հանրակրթության ոլորտում գենդերային քաղաքականության արդյունավետության վերլուծության արդյունքներին կարելի է ծանոթանալ հետևյալ հետազոտության միջոցով. Ընդդեմ գենդերային բռնության ՀՀ ազգային պլանի, 2011-2015թթ. Ռազմավարական ծրագրի հանրակրթական բաղադրիչի իրականացման մշտադիտարկման/գնահատման հետազոտության հաշվետվություն, Ռ. Ծատուրյան, Հասարակություն առանց բռնության ՀԿ, Երևան, 2016, 48 էջ:

[5]Մայրենի 1, հեղինակ Վ. Սարգսյան, Երևան, Մանմար հրատ., էջ 17-32

[6]Այբբենարան, Վ. Սարգսյան, Երևան Մանմար հրատ., 2010, էջ 37

[7]Գենդերային քաղաքականության հայեցակարգը, ՀավելվածՀՀկառավարության 2010 թ. փետրվարի 11-ի N5 արձանագրային որոշման

[8]Magno, T. i.-b., & Silova, I. (2007). Teaching in transition: Examining school-based gender inequities in central/southeastern Europe and the former Soviet Union. International Journal of Educational Development, 27, 647-660, p.651

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.