Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ամերիկյան “Մագնիտսկու ակտը”. ի՞նչ կարող է այն նշանակել հայերի համար

marut
January 2013

Էմիլ ՍԱՆԱՄՅԱՆ
“The Armenian Reporter” պարբերականի խմբագիր
Վաշինգտոն

2012 թ. դեկտեմբերի 14-ին նախագահ Օբաման ստորագրել է ՙՄագնիտսկու ակտ՚ անվամբ հայտնի օրենքը: Այս օրենքը պատժամիջոցներ է սահմանում մարդու իրավունքների կոպիտ խախտման մեջ կասկածվող մի շարք ռուսաստանյան պաշտոնյաների դեմ, արգելում նրանց մուտքն ԱՄՆ եւ սառեցնում նրանց բանկային հաշիվներն ամերիկյան բանկերում: Նման պատժամիջոցների ընդունում սպասվում է նաեւ Եվրոպայում:

Ռուսաստանի կառավարությունն ի պատասխան արգելել է ՙահաբեկչության դեմ՚ պատերազմի ընթացքում մարդու իրավունքների ոտնահարման մեջ մեղադրվող մի շարք ամերիկյան պաշտոնյաների մուտքը Ռուսաստան: Բացի դրանից, ընդունվել է ամերիկացի ծնողների կողմից Ռուսաստանի մանկատներից երեխաների որդեգրումն արգելող վիճելի որոշումը:

Քաղաքական առումով ՙՄագնիտսկու ակտը՚ ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա դիմակայության եւս մի փուլն է: Եվ, իրոք, ընդամենը մի քանի շաբաթ առաջ Հիլարի Քլինթոնը խոստովանել է, որ Միացյալ Նահանգները ձգտում են խոչընդոտել Վլադիմիր Պուտինի ՙԵվրասիական միության՚ գաղափարի` որպես ՙտարածաշրջանը կրկին խորհրդայնացնելու՚ փորձերի իրականացմանը: Երկկողմանի հարաբերությունները հասել են հերթական ցածր նշաձողի, որը համեմատելի է 2008 թ. Հարավային Օսիայում բռնկված պատերազմի հետեւանքով առաջացած ճգնաժամին: Սակայն, ՆԱՏՕ-ի` Աֆղանստանում տեղակայված օկուպացիոն զորքերի կողմից Ուլյանովսկի տարանցիկ հենակետի օգտագործումը վկայում է համագործակցության պահպանման հանդեպ Ռուսաստանի շահագրգռվածության մասին: Ընդհանուր առմամբ, Օբամայի վարչակազմի խոստացած ՙվերբեռնումը՚ առկա խնդիրների բազմության պատճառով դարձել է ՙծանրաբեռնված՚:[1]

Բացի իր անմիջական քաղաքական հետեւանքներից` ՙակտը՚ ստեղծում է կարեւոր նախադեպ, որն էապես դուրս է գալիս ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ երկկողմանի հարաբերությունների շրջանակներից: Օրենքն ընդունվել է գրեթե երեք տարի տեւած պայքարից հետո, որը սկսվել է 2009 թ. բանտում փաստաբան Սերգեյ Մագնիտսկու սպանությունից հետո: Նա ձերբակալվել եւ շուրջ մեկ տարի պահվել է նախնական կալանքի խցում` ռուսաստանյան ոստիկանությանն ու հարկային գերատեսչության աշխատակիցներին հանցավոր համաձայնության մեջ մեղադրելուց հետո: Դրա արդյունքում Մագնիտսկու ներկայացրած ներդրումային ընկերությունը եւ Ռուսաստանի կառավարությունը կորցրել են 230 միլիոն դոլար:

Այն բանից հետո, երբ կառավարությունը հրաժարվել է լրջորեն հետաքննել Մագնիտսկու մեղադրանքներն ու նրա մահվան հանգեցրած հանգամանքները, վերջինիս ամերիկացի գործընկեր Բիլ Բրաուդերը2  նախաձեռնել է իրավապաշտպաններից, Պուտինի դեմ տրամադրված ռուսաստանյան քաղաքական գործիչներից եւ Ռուսաստանի հանդեպ պահպանողաբար հոռետեսորեն վերաբերվող վաշինգտոնյան պաշտոնյաներից բաղկացած լայն ճակատի ստեղծմանը` Կոնգրեսի միջոցով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու համար:

Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցելուց հետո Միացյալ Նահանգները պարտավոր էին վերացնել Ռուսաստանի հետ առեւտրին խոչընդոտող արգելապատնեշները: Դա ենթադրում էր Ջեքսոն-Վենիկի լրացման չեղարկումը, որը Խորհրդային Միության հետ առեւտրային հարաբերությունները կախման մեջ էր դնում ԽՍՀՄ-ից Արեւմուտք արտագաղթի ազատությունից:  Ավելի վաղ Կոնգրեսը չեղարկել է Ջեքսոն-Վենիկի լրացման գործողությունը Ղրղստանի (2000 թ.), Վրաստանի (2001 թ.), Հայաստանի (2004 թ.) եւ Ուկրաինայի (2005 թ.) նկատմամբ, երբ այդ երկրներից յուրաքանչյուրն ընդունվել է ԱՀԿ-ի մեջ: Հետխորհրդային մյուս հանրապետությունները` Բելառուսը, Ադրբեջանը եւ միջինասիական պետությունների մեծամասնությունը ԱՀԿ-ին չեն միացել, հետեւաբար, ըստ Ջեքսոն-Վենիկի լրացման` նրանց դեմ գործող միջոցները շարունակում են մնալ ուժի մեջ:

Ռուսաստանի պարագայում վաղուց սպասված Ջեքսոն-Վենիկի չեղարկումը ճանապարհ է հարթել ՙՄագնիտսկու՚ օրենքի ընդունման համար: Փաստորեն, պատժամիջոցները պետության կողմից մարդու իրավունքների խախտումներից տեղաշարժվել են դեպի անհատ անձանց գործողությունները: Խախտողների անունները, անմեղության կանխավարկածից ելնելով, հրապարակված չեն, բայց մեկնաբանները համոզված են, որ ՙսեւ ցուցակը՚ պարունակում է տասնյակ անուններ:

Հայերի համար հնարավոր հետեւանքներ

Մագնիտսկու ընկերության գործով զբաղվող հայտնի իրավաբան եւ իրավապաշտպան Ջեֆրի Ռոբերթսոնի կարծիքով` նրանց պայքարի արդյունքում ընդունված օրենքը ՙկարեւոր զարգացում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում՚: Նա համոզված է, որ այս օրենքը թույլ կտա ՙհասնել օսվենցիմյան գնացքի մեքենավարին, տեխսպասարկման աշխատակիցներին` բոլոր այն մարդկանց, ովքեր մարդու իրավունքների ոտնահարումից գեթ փոքր գումար են վաստակում եւ, ընդհանրապես, այս ամենը տեսադաշտում պահել՚:

Ընդհանուր առմամբ, այս նոր ակտը միտված է որոշում ընդունելու մակարդակից ցածր գտնվող, բայց եւ մարդու իրավունքների խախտմանը կամ զանգվածային ոճրագործություններին հանգեցնող որոշումների իրականացմանը մասնակցող պաշտոնյաներին հարկադրել ավելի շատ մտահոգվել իրենց անմիջական պարտականությունների մեջ մտնող խնդիրներով:  Տեսականորեն դա պետք է նպաստի ոճրագործությունների թվի նվազմանը. հուսանք, որ այսուհետ դրանք ավելի սակավ կլինեն:

Արդեն 2011թ. Սպիտակ տունը հրապարակել է ՙզանգվածային ոճրագործություններ եւ մարդու իրավունքների լուրջ ոտնահարումներ կանխարգելելու հարցում Միացյալ Նահանգների կառավարության հնարավորություններն ընդլայնող՚ նախագահական հրահանգ`3  մարդու իրավունքների առավել մերժելի խախտողների ԱՄՆ մուտքն արգելող կարգի ներդրմամբ:  Անցած տարի Օբաման հիմնադրել է նաեւ Ոճրագործությունների կանխարգելման գրասենյակ (Atrocities Prevention Board)` Սամանթա Փաուերի նախագահությամբ:

Փաուերը ցեղասպանությունների կանխման կողմնակից է: 2008 թ. ընտրություններից առաջ նա ամերիկացի հայերին տեսահոլովակով է դիմել` հորդորելով սատարել Օբամային`[4] որպես ցեղասպանության խնդրով մտահոգ համայնքի ակնկալիքներին լրջորեն վերաբերվող նախագահի թեկնածու: Օբաման, իհարկե, չի կատարել հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումն` ի նշան հարգանքի Թուրքիայի հանդեպ:

Ի դեպ, Ռոբերթսոնն առնչվել է նաեւ հայերի ցեղասպանության խնդրի հետ: 2009 թ. նա տեղեկատվության ազատության վերաբերյալ հարցումների դիմաց բրիտանական կառավարության տրամադրած փաստաթղթերի հիման վրա մի ուշագրավ զեկույց5  է պատրաստել: Զեկույցից հայտնի է դառնում, որ բրիտանական պաշտոնյաները զգուշացված էին հայերի ցեղասպանության վերաբերյալ մեկնաբանություններից խուսափելու անհրաժեշտության վերաբերյալ` թուրքական կառավարությանը չզայրացնելու նպատակով:

Երբ հետզհետե մարդու իրավունքներին վերաբերող դատողությունները հակասության մեջ են մտնելու ազգային անվտանգության պահանջների հետ, չկարգավորված ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող անձինք պետք է համատեղեն իրենց ջանքերը ԱՄՆ կառավարությունում եւ նրանից դուրս մարդու իրավունքների  պաշտպանությանը հետամուտ գործիչների հետ` տարածաշրջանում պատերազմի վերսկսման դեպքում սպասվելիք ոճրագործությունները կանխելու նպատակով:

ՙՄագնիտսկու ակտի՚ պես միջոցն ամենուր նախադեպ է ստեղծում մարդու իրավունքները խախտողների նկատմամբ: Գրասենյակը պարտավոր է լինելու առնվազն իր ուշադրությունը դարձնել ադրբեջանական վարչակազմի անթաքույց ատելություն սփռող հռետորաբանության, սպառնալիքների եւ գործողությունների վրա, որոնք իրենց բնույթով շատ մոտ են ցեղասպանականին: Նավթային եկամուտներով հղփացած եւ կապիտալի էքսպանսիայի հնարավորություններ ունեցող վարչակարգի համար արտասահմանում տեղաշարժվելու արգելքի ու բանկային ակտիվների սառեցման հեռանկարները կարող են վերածվել լուրջ զսպող միջոցի:

 

—————————————————————————–

1.  Հայտնի է, որ Քլինթոնն իր ռուսաստանցի գործընկերոջ հետ մամլո ասուլիսին խորրդանշական ՙվեռբեռնման կոճակն՚ է բերել, որը, սակայն, ռուսերեն է թարգմանվել որպես ՙծանրաբեռնում՚ (overload)` ՙվերբեռնում՚ նշանակող (reset) բառի փոխարեն: 

2. Ճակատագրի հեգնանքով Բրաուդերի պապը` Էռլ Բրաուդերը 1920-1930-ական թթ. ԱՄՆ Կոմունիստական կուսակցության ղեկավարն էր: Կան ենթադրություններ, որ նա կապեր ուներ անվտանգության խորհրդային ծառայությունների հետ: 

3. President Obama Directs New Steps to Prevent Mass Atrocities and Impose Consequences on Serious Human Rights Violators, http://www.whitehouse.gov/the-press-office/2011/08/04/fact-sheet-president-obama-directs-new-steps-prevent-mass-atrocities-and 

4. Samantha Power on Obama and Armenian American Issues, http://www.youtube.com/watch?v=8yNt7XsV-Dg 

5.  Was there an Armenian Genocide?, http://groong.usc.edu/Geoffrey-Robertson-QC-Genocide.pdf

Նմանատիպ  նյութեր

Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի պակասի պայմաններում

September 2023

Արցախի նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը, որն ավարտվեց նախագահի ընտրությամբ, տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի...

Կարդալ ավելին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

July 2023

Ռուբեն Մեհրաբյան Հունիսի 11-12-ին Վիլնյուսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հարուստ էր պատմական որոշումներով, որոնք կանխորոշում են ապագա աշխարհակարգում Դաշինքի ամենահզոր...

Կարդալ ավելին
Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

March 2023

Մանվել Սարգսյան Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը)՝ դրա հետ ինչ-որ հույսեր կապելով։ Ադրբեջանի հասարակության մեջ...

Կարդալ ավելին
ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

November 2022

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ «Ռուսաստանը արդարացնում է իրեն որպես դաշնակից», -ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Պրիմակովյան ընթերցումների շրջանակում պատասխանելով Երևանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Վրաստանի եվրաինտեգրումն ու նախագահի շուրջ ներքաղաքական դիմակայությունը
  • Նախագահ Զուրաբիշվիլիի իմպիչմենտը՝ Եվրամիության դռների մոտ
  • Եվրաինտեգրման հերթական սաբոտաժը՝ Վրաստանի իշխանության կողմից

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.