Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն և Ադրբեջանը. Կովկասի ապագան՝ «Ստրաթֆոր» աշխարհաքաղաքական նախագծի տեսանկյունից

marut
June 2013

Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Քաղաքագետ
Ստեփանակերտ 

Ուղեղային հանրահայտ տրեստ «Ստրաթֆորի» ղեկավար Ջորջ Ֆրիդմանի 2013թ. հունիսի 11-ին լույս տեսած հոդվածը նվիրված է Ադրբեջանի և ԱՄՆ-ի փոխհարաբերություններին:[1] Հոդվածի արդիականությունն ընդգծում է այն փաստը, որ այն հետագայում վերահրապարակվել է «Ֆորբսի» էջերում:[2] Սույն ամսագրային հոդվածի շրջանակում հնարավոր է քննել միայն առավել կարևոր պահերը:

Ջորջ Ֆրիդմանն ընդգծում է Կովկասի՝ որպես այն տարածաշրջանի կարևորությունը, որտեղ ներկա են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ուժի կենտրոնների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի և Թուրքիայի շահերը: Թեև հետխորհրդային տարածության բոլոր եզերային պետությունները կարևոր են ամերիկյան քաղաքականության համար և ունեն աջակցության կարիք, Ադրբեջանի դերակատարումն, ըստ հեղինակի, հարկ է ծայրահեղ կարևոր համարել: Ադրբեջանի հատուկ կարգավիճակը թելադրվում է իր աշխարհաքաղաքական ենթատեքստով և գործառույթներով: Ադրբեջանը սեպ է Իրանի և Ռուսաստանի միջև և հարմարավետ հարթակ՝ Ռուսաստանի և Իրանի (հենվելով նաև ադրբեջանական համայնքի վրա), ինչպես նաև Կենտրոնական Ասիայի վրա՝ դեպի եվրասիական տարածության խորքերն ամերիկյան հզորությունը տարածելու համար: Ադրբեջանի առանձին աշխարհաքաղաքական գործառույթ են հանդիսանում էներգետիկ նախագծերը: Գտնվելով ռուսական վերահսկողությունից դուրս՝ դրանք թույլ են տալիս խուսափել Եվրոպայի և Թուրքիայի վրա Ռուսաստանի ազդցեության աճից, որն այսօր էլ անընդունելիորեն մեծ է:

Եթե Ջորջ Ֆրիդմանը սահմանափակվեր այս կարգի փաստարկներով, ապա հոդվածը հարցեր չէր առաջացնի: Փորձագիտական հանրության խնդիրներից մեկը աշխարհաքաղաքական հարթությունում գործընթացների զարգացման սցենարների և սեփական վերլուծությունների մշակումն է: Սակայն, Ջորջ Ֆրիդմանի կառուցած նախագիծը հետապնդում է ավելի լայն նպատակներ՝ ստիպելով հեղինակին անցնել վերլուծությունն աշխարհաքաղաքական նախագծումից տարանջատող սահմանը: Սա, իր հերթին, հարկադրում է աշխարհաքաղաքական վերլուծության կոշտ առանցքը լրացնել հասարակական-քաղաքական կյանքին և, առհասարակ, ադրբեջանական հասարակությանը վերաբերվող փաստարկմամբ: Այսքան լայն ընդգրկումը ստիպում է ավելի ուշադիր զննել հեղինակի պատկերած կառույցը, որը կոչված է ոչ միայն նկարագրել ադրբեջանաամերիկյան հարաբերությունները, այլև ձևավորել տարածաշրջանի ցանկալի ապագայի տեսլականը: Տեքստին ցուցաբերած այս մոտեցումը բացահայտում է հեղինակի կողմից կիրառված մի շարք «կարգավորիչ հարաչափեր», որոնք միտված են ամրապնդելու Ադրբեջանի՝ որպես ԱՄՆ աշխարհաքաղաքական դաշնակցի «բացառիկության» դրույթը:

Ջորջ Ֆրիդմանը ջանքեր է գործադրում Ադրբեջանը որպես նախահարձ հարևաններով շրջապատված երկիր ներկայացնելու համար: Ընդ որում, նա ստիպված է գլխիվայր շրջել իրականությունը և «չնկատել», որ ներկայումս հենց Ադրբեջանն է տարածաշրջանի ամենանախահարձակ երկիրը, որը տարածքային պահանջներ ունի ոչ միայն «Արևմտյան Ադրբեջանի» տարածք հռչակվող Հայաստանի, այլև Իրանի նկատմամբ, որի մի պատկառելի հատվածը հռչակվում է «Հարավային Ադրբեջան»:[3] Նկարագրելով Ադրբեջանի նախահարձակ շրջապատը՝ Ջորջ Ֆրիդմանը «խոստովանում» է, որ Ռուսաստանն ու Իրանը հանդիսանում են «ԱՄՆ-ին հակադիր» ուժեր: Եթե Իրանին տրված նման բնութագրմանը կարելի է համաձայնվել, ապա Ռուսաստանի՝ որպես ԱՄՆ-ին հակադիր ուժի գնահատումը չափազանց անփույթ քայլ է: Քաղաքական իրականության նույնքան անընդունելի աղավաղում է Վրաստանի կառավարության իբր ռուսամետ կողմնորոշմ ունենալու պնդումը:

Նախահարձակ հարևաններով շրջապատված լինելու մասին հորինվող պատրանքն, իմիջիայլոց, հետապնդում է Ադրբեջանին ժամանակակից ամերիկյան սպառազինության վաճառքի անհրաժեշտության արդարացումը: Ընդ որում, կիրառվող փաստարկները ցինիզմի աստիճան իրատեսական են. «Իր դիրքի բերմամբ Ադրբեջանը կարիք ունի այնպիսի սպառազինության, որի համար նա պատրաստ է վճարել»: «Ադրբեջանը զենքի համար կանխիկ գումար է վճարում, և այն օգտագործելու է ադրբեջանական՝ ոչ թե ամերիկյան բանակը»:

Հեղինակը լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի ռազմավարությանը զուտ պաշտպանողական բնույթ հաղորդելու համար: Ադրբեջանը ներկայացվում է որպես մի երկիր, որն ԱՄՆ-ի դաշնակից լինելու կարիքն ունի, քանի որ նրան սպառնում է Իրանից շիա և Դաղստանից սուննի ահաբեկչությունը: Սակայն, մի քանի նախադասություն ներքև հեղինակն ասում է, որ Ադրբեջանի ռազմավարական դիրքը «հնարավորություն է տալիս ազդել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների վրա և սահմանափակում է Ռուսաստանի հզորությունը Եվրոպայում՝ ապահովելով էներգետիկ այլընտրանք՝ ներառյալ Կասպից ծովի հատակով Կենտրոնական Ասիա խողովակաշարերի անցկացումը»: Այս դեպքում պաշտպանության մասին խոսելը դառնում է ոչ կոռեկտ. խոսքն այստեղ այնպիսի նախագծի մասին է, որի շրջանակներում Ադրբեջանի տարածքն օգտագործվում է դեպի Եվրասիա ԱՄՆ-ի ազդեցությունը տարածելու համար:

Ադեկվատ անվանել տարածաշրջանում և աշխարհաքաղաքական ասպարեզում գործընթացների այսպիսի գնահատականը կամ մեկնաբանել Կովկասում գործընթացների այսչափ խեղված պատկերացումն՝ անշնորհակալ գործ է: Թերևս, բավական է արձանագրել, որ ո՛չ Ռուսաստանը կամ Իրանը, ո՛չ էլ հայկական պետություններն ու Վրաստանը Ադրբեջանի վրա հարձակվելու դույզն իսկ մտադրություն չունեն: Տարածաշրջանի միակ երկիրը, որը ներկայումս հարևանների նկատմամբ տարածքային հավակնություններ ունի՝ Ադրբեջանն է, որի հայատյաց քաղաքականությունը վաղուց կարելի էր թատերականացված կամ բուտաֆոր համարել, եթե այն չհանգեցներ մարդկային զոհերի:

Ֆրիդմանն օգտագործում է Ադրբեջանի համար վտանգավոր մի այլաբանություն, կոչելով նրան «Ռուսաստանի և Իրանի կոկորդում ոսկոր»: Կոկորդում ոսկոր լինելը նշանակում է եվրասիական տարածությունում ունենալ օտարածին տարրի կարգավիճակ:  Բացի դրանից, տվյալ կարգավիճակը Ռուսաստանի և Իրանի կողմից պահանջում է անհապաղ՝ մինչև իսկ վիրահատական գործողություններ՝ հարկադրելով նրանց Ադրբեջանին վերաբերվել որպես աշխարհաքաղաքական մարտահրավերի: Հոդվածի ամենավերջում Ջորջ Ֆրիդմանը կրակի մեջ յուղ է լցնում, հայտարարելով, թե «Հիտլերն ու Ստալինը հասկանում էին, որ Բաքուն վերահսկելը համազոր է եվրասիական տարածությունների վերահսկողությանը»: Այսպիսով, Բաքուն կամա թե ակամա ձեռք է բերում «Եվրասիայի Կարթագենի» կարգավիճակ, որը մայրցամաքային տերությունների կողմից պետք է անվերապահ հսկողության տակ առնվի, եթե նրանք մտադիր են Եվրասիայում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատել:

Սույն կառուցակարգի ոչ կոռեկտությունն ավելի ցայտուն է դառնում, երբ հեղինակն անցնում է Ադրբեջանի հասարակական խնդիրների քննարկմանը: Հասկանալով, որ մշակվող նախագիծը և առաջարկվող ռազմավարական դաշինքը պետք է հենվեն ոչ միայն ռազմաքաղաքական և տնտեսական փաստարկների վրա, հեղինակը փորձ է կատարում գեթ փոքր չափով դրական լույսի ներքո պատկերել առկա անպատկառ դրությունը: Ջորջ Ֆրիդմանը ստիպված է դիմել անընդունելի բարոյական հարաբերականության, երբ հասարակական կյանքի գործընթացների գնահատականները ձևավորվում են հետխորհրդային այլ հասարակությունների դրության հետ համեմատականի միջոցով: Ադրբեջանի ղեկավարության կլանայնությունն ու կոռումպացվածությունն արդարացնելու համար Ֆրիդմանը հարկադրված է ասել, թե հետխորհրդային տարածության բոլոր պետություններն այդպիսին են: Դա զգալի չափով ճշմարտանման է, բայց համեմատական քննությունը թույլատրելի է քաղաքական ասպարեզում և տնտեսության մեջ առկա գործընթացների դիտարկման ժամանակ, բայց ոչ երբեք հասարակության բարոյահոգեբանական կլիմայի գնահատման պարագայում:

Այո՛, «երկիրը չի կարող նախկին խորհրդային հանրապետությունից առանց կոռուպցիայի տնտեսության վերաճել ավելի արագ, քան 20-ամյա ժամկետում: Եվ նա չի կարող ազատական ժողովրդավարություն դառնալ այս ժամանակահատվածի ընթացքում…»: Սակայն ժոովրդին չի կարելի զրկել դեպի քաղաքացիական հասարակություն ընթանալու իրավունքից, վկա՝ «արաբական գարնան» բարդույթը, երբ ի տարբերություն փլուզված իշխանության՝ առաջանում է ավելի բռնարար վարչակարգ: Այն պնդումըկ, թե ԱՄՆ-ն պետք է անհրաժեշտաբար հենվի ավելի փոքր չարիքի, այսինքն՝ Ալիևի կլանի վրա, քանի որ վերջինիս փոխարեն իշխանությանը կարող է գալ շատ ավելի վատ ռուսամետ կամ իրանամետ վարչակազմ, ադրբեջանցի ժողովրդի համար վիրավորական է դիտվում անգամ հայ փորձագետի աչքերում:

Անտարակույս, Միացյալ Նահանգներն իրավունք ունեն և պարտավոր են տարածաշրջանում հետապնդել իրենց ռազմավարական շահերը, բայց իրականացվող քաղաքականության հիմքում չպետք է դրվի բռնարար ավտորիտար վարչակարգի պահածոյացման անհրաժեշտությունը: Այսպիսի հիմքի վրա ստեղծված կառույցը խոցելի է և անկայուն: Դրա համար էլ «ԱՄՆ-ի համար Ադրբեջանը կարևոր է ոչ թե որպես բարոյական որակների տեր պետություն, այլ որպես Ռուսաստանի և Իրանի միջև սեպ» թեզը բավարար և ընդունելի է դիտվում: Սակայն, «ներկայիս վարչակազմը փոխարինելու եկող որևէ այլ վարչակազմ բարոյական տեսանկյունից ամենայն հավանականությամբ շատ ավելի վատն ու ԱՄՆ-ի նկատմամբ թշնամական է լինելու» թեզի լրացումն արժեզրկում է ողջ կառույցը:

Այնուամենայնիվ, առաջարկվող նախագիծն իր հանդեպ պահանջում է լուրջ ուշադրություն և կա հույս, որ տարածաշրջանի ավանդական ուժի կենտրոնները բավական փորձառու են՝ վերջինիս թերությունները տեսնելու համար: Տարածաշրջանում վերջին տասնամյակներին ձևավորված ստատուս-քվոյի այլընտրանքը կարող է լինել միայն ավելի կայուն խաղաղությունը և ոչ թե նոր սրացումն ու պատերազմը: ԱՄՆ-ում, հենց նույն Ջորջ Ֆրիդմանի վկայությամբ, կան քաղաքական ուժեր, որոնց շնորհիվ Կովկասում ամերիկյան քաղաքականությունը ցայսօր կառուցվում է ոչ թե մտացածին խնդիրների և շեղված պատկերացումների, այլ իրականության վրա:  Դա հույս է ներշնչում, որ տարածաշրջանում կայունության պահպանումը և ադրբեջանական հավակնությունների վերացումը կարող են ապահովվել առանց ռազմական գործիքակազմի:

————————————————–


[1] Friedman, George “Geopolitical Journey: Azerbaijan and America,” Stratfor, Geopolitical Weekly, 11 June, 2013. 17 June 2013, <http://www.forbes.com/sites/stratfor/2013/06/11/why-azerbaijan-should-matter-to-america/>

[2] Friedman, George “Why Azerbaijan Should Matter To America,” Forbes, 11 June, 2013.
17 June 2013, <http://www.forbes.com/sites/stratfor/2013/06/11/why-azerbaijan-should-matter-to-america/>

[3] Herszenhorn, David M. “Iran and Azerbaijan, Already Wary Neighbors, Find Even Less to Agree On,” The NewYork Times, 5 June, 2012. 17 June 2013, <http://www.nytimes.com/2012/06/06/world/middleeast/iran-and-azerbaijan-wary-neighbors-find-less-to-agree-on.html>

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.