Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Անհնարինն արել ենք, մնացել է դժվարը

marut
October 2018



Լևոն ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ժուռնալիստների «Ասպարեզ»
ակումբի խորհրդի նախագահ
Գյումրի

 

Պիտի որ դժվար լինի տասնամյակներով իշխանություն ունեցած, այդ իշխանությունը պարբերաբար վերազավթած, զանգվածային հանցագործությունների մեխանիզմով, մարդկանց ճակատագրերի վրայով սեփական դիրքը ձեւավորած եւ հարստություն դիզած մարդկանց ու քաղաքական վերնախավի համար պատկերացնել իշխանություն չունենալը: Երեւի մահացու մտածմունք կլինի, մեկ տասնյակ հիվանդության պատճառ: Տրամաբանական է, որ հատկապես ՀՀԿ վերնախավը Մարտի մեկի հերոսի հետ պիտի տառապեր այդ դարդով եւ մտածեր հեղափոխություն խափանելու մասին:

Էլ ավելի բնական էր, որ տասնամյակներով ստորացված մարդիկ, որ ունեզրկման եւ իրավազրկման առարկա են եղել, մտածեին, որ այս հեղափոխությունը երազ է ընդամենը, թյուրիմացություն, որ իրականում այսպես չի լինում, որ անհնարին է արնախումների այս կուռ բանակին հաղթել բաց ու մաքուր ձեռքերով եւ փռել հենց թիակների վրա, մտածում էին, թե մի տեղ մի բան սխալ է եւ, առնվազն, շատ անբնական: Այդ ինչպե՞ս կարող է Սերժիկը իր խմբով այդպես հեշտ հանձնվել ու գնալ նստել-սպասել ծանուցագրի: Այս վախերը երեւի ավելի շատ էին սնում երեւութական հակահեղափոխության տեսլիքը, քան թե հյուծվող իշխանության հնարավոր ռազմավարությունը:Առաջին անգամ հակահեղափոխության մասին խոսք բացվեց Օսիպյանի նշանակման օրը, հետո՝ երբ Քոչարյանը սկսեց ելույթներ ունենալ, ավելի ուշ՝ երբ Քոչարյանը ազատվեց կալանքից, ու երբ մոտեցավ Օգոստոսի 17-ի հանրահավաքը, ողբին մոտեցող տրամադրություն էր տիրում հանրային որոշ շրջանակներում, եւ այդ ողբն ուներ «մեր մահը եկել է» խորագիրը:

Այնինչ, օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում պարզվեց, որ հակահեղափոխություն, եթե կար էլ, ապա միայն ոմանց վառ երեւակայության մեջ էր: Անցավ մեկ ամիս, ու Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի միջոցին նորից սկսեցին շրջանառվել հեղափոխության շուտալուտ պարտության, նոր իշխանություներին վերագրվող կոպիտ սխալների պատճառով ցածր քվեներ տանելու հեռանկար: Մեկ էլ պարզվեց՝ ոչ մեկը չէր կարողացել գուշակել այն քվեն, որ պիտի տաներ «Իմ քայլը» դաշինքը: Պարզվեց՝որ դաշինքը տարավ ավագանու ընտրությունների համար աննախադեպ բարձր քվե՝ 81 տոկոս: Այդ ընտրությունները հատկանշական եղան նաեւ նրանով, որ ի տարբերություն անցած տարվա ընտրությունների, երբ մասնակցեց 3 քաղաքական ուժ, այս անգամ մասնակցեց 12 քաղաքական հայտատու: Այսինքն քաղաքական ուժերը, անկախ իրենց ունեցած փորձից եւ հավաքած քվեներից, մտածեցին, որ այս ընտրություններին արժե մասնակցել եւ հարկավոր է մասնակցել, որովհետեւ գալիք խորհրդարանական ընտրությունների համար լավ փորձախաղ էր: Այսինքն՝ մի շարք քաղաքական ուժեր համոզված էին, որ վերադարձ սերժաբարո ժամանակների չի լինելու:

Երեւանի ավագանու այդ ընտրությունն էր, որ խռովեց խորհրդանական ուժերի հոգիները եւ հազիվ 8 օր անց, մտածելով հրատապ արտահերթ ընտրությունների դեմն առնելու անհաջող մի սցենար, խայտառակ մի օրենքի նախագիծ մշակեցին, փութով բերեցին ԱԺ եւ ընդունեցին: Հավանաբար, կարծեցին, թե իրենք դեռ իշխանություն են, որովհետեւ գրպանում մանդատ ունեն ու կկարողանան հեղափոխության հերթական ալիքի դեմն առնել: Կես ժամ անց հասկացան, որ իրենք իրենց բանտարկել են ԱԺ շենքում եւ դժվարէ ասել, թե ինչ կլիներ, եթե Նիկոլը չզսպեր սաստիկ զայրացած ցուցարարներին հոկտեմբերի 2-ի երեկոյան: Երկուստեք էժան պրծանք:

Այդ գիշեր ՀՀԿ+ԲՀԿ+ՀՅԴ միացյալ սրտում հակահեղափոխության մլմլացող կրակը վերջնականապես հանգավ, եւ հոկտեմբերի 2-ի՝ հանրության իրավունքները անուղղակիորեն սահմանափակող օրենքը դարձավ այդ եռյակ միության կարապի երգը: Եռյակը քանդվեց հերթական եւ, երեւի, վերջին անգամ:

Հավանաբար, դեռ ապրիլի 22-ին, երբ Ս.Սարգսյանը հազիվ 2,5 րոպե հատկացնելով Ն.Փաշինյանի հետ առերեսմանը, ելավ գնաց, արդեն մտքում ուներ իր լավատեսական եւ հոռետեսական սցենարները: Լավատեսականն այն էր, որ մոտակա ժամվա ընթացքում կձերբակալեր Նիկոլին ու էլի հնարավորինս մեծ թվով մարդկանց, ծեծել կտար ժողովրդին ու մի 200 հոգու կդատեր մինչեւ 15 տարվա պատժաժամկետներով, իսկ հոռետեսականն այն էր, որ, եթե Նիկոլին, Արարատին, Սասունին եւ մյուսներին ձերբակալելով ու բանտերը լցնելով չկարենար ճնշել հեղափոխության աննախադեպ ալիքը եւ ստիպված լիներ զիջել, կհրաժարվեր վարչապետի պաշտոնից, ձեռքում պահելով խորհդարանի հանրապետական մեծամասնությամբ լծակը եւ կսկսեր խափանել ու սաբոտաժով տապալել բոլոր որակյալ փոփոխությունները: Ավելի ուշ, արդեն մայիսի 1-ին, խորհրդարանում հանրապետականների ճնշող մեծամասնությունը Նիկոլի վարչապետ դառնալուն դեմ քվեարկելով ատամ ցույց տվեց, բայց մի քանի ժամ դիմացավ, համաժողովրդկան չափալախն ուտելուց հետո մայիսի երկուսին արդեն խոստացավ հաջորդ անգամ կողմ քվեարկել Նիկոլին այնպես, որ դառնա վարչապետ:

Որոշ ժամանակ անց հանրապետականները սկսեցին համոզվել, որ իրենց կարծիքը, թե էս ջահելների խելքը բան չի կտրում, չեն կարողանալու էշը ցեխից հանել, իշխանությունը խաղալիք է՝ կխաղան-կխաղան ու ետ կտան, խոր մոլորություն էր: Մի կողմից՝ կոռուպցիոն գործերի դեմ հնարավոր պայքարը, տուշոնկիստների բացահայտումները եւ կալանքները, Մարտի մեկի կծիկի պոչը բռնելու եւ Ընտրական օրենսգրքի փոփոխություների ինտենսիվ աշխատանքը, սկսեց համոզել հանրապետական վերնախավին, որ շատ գեշ են թերագնահատել Նիկոլին եւ համաժողովրդական շարժումը: Հետզհետե հալվեց ու գոլորշիացավ այն հույսը, թե Պուտինը մի բան կանի, ոչ մեկը չվախեցավ իշխանական կերակրատաշտին տարիներով կապած այն բլբուլների այն զառանցանքից, թե էս է՝ քաղաքացիական պատերազմ է մեկնարկում Նիկոլի մեղքով, զանգվածային լրատվամիջոցների եւ վարձկան ֆեյքերի ոհմակների ջանքերը արագ փոշիացան համաժողովրդական այն կամքի առաջ, որ արագ եւ որակյալ փոփոխություն էր պահանջում:

Սերժ Սարգսյանն ու իր կլանը, գերագնահատելով Նիկոլի կադրային քաղաքականության որոշ վրիպումները, հավանաբար, թերագնահատել էին համաժողովրդական զայրույթով եւ հարաճուն արիությամբ ձեւավորված ըմբոստության ծավալը: Տպավորություն կա, թե այդպես էլ չհասկացան, թե ինչ օրն են գցել քաղաքացուն ու մարդուն սեփական պետության մեջ եւ գուցե մինչեւ հիմա ու դեռ երկար տարիներ մտածելու են, որ սկսված հեղափոխությունը մի առեղծվածային դավադրություն էր հատկապես իրենց եւ իրենց փայլուն կառավարման դեմ: Մնացին այն վիճակում, ինչ Սերժիկ Սարգսյանն էր ապրիլի 22-ին՝ իրավիճակին անտեղյակ: Այդպես էլ չհասկացան, թե այդ ինչպես կարող է 7 տոկոս հավաքած ուժը 97 տոկոսանոց ժողովրդական հուզում ձեւավորել եւ առաջնորդել այն: Իսկ եղածը ապացույցն էր այն բանի, որ ընտրությունները, մեղմ ասած, կեղծվել էին:

Առջեւում այդ սխալը ուղղելու ժամանակն է: Իրականում հեղափոխությունը նոր է մեկնարկել:

Նոր խորհրդարանը ամենից առաջ պարտավոր է քաղաքական գնահատական տալ անցած բռնատիրական համակարգին, մատնանշելով այն վնասակար գործողությունները եւ հանցագործությունները, որոնք իրականացվել են Հայաստանի եւ ՀՀ քաղաքացիների դեմ: Այդ գնահատականը շատերը կարող են ծանր տանել, կամ համարել, թե անցածն անցած է, չարժե փորփրել անցյալը, սակայն դրա պատմական կարիքը կա: Նաեւ այդպիսով է, որ պիտի խափանվի նահանջի կամ վերադարձի որեւէ հնարավորություն: Այդպիսի գնահատականը պիտի հաջորդի Ազգային ժողովի կողմից նախաձեռնելիք հանրային լսումներին, հանրության բոլոր հետաքրքրված խավերն ու շերտերը պետք է ներգրավվեն բռնատիրության գնահատման գործին: Այսպիսի գնահատականը ԱԺ որոշման կամ հայտարարությանտեսքով պետք է մեկնարկ տա Անցումային արդարադատության համակարգի գործարկմանը, որը պիտի լյուստրացիայի գործընթաց ներառի նույնպես: Հայաստանի ժողովրդի համար պիտի բացահայտվեն պետության եւ ժողովրդի դեմ այս կամ այն հանցագործության մեջ ներգրավված անձինք եւ այդ հանցագործությունների իրական ծավալները: Միաժամանակ, պատասխանատվության մեխանիզմները պիտի համաչափ սահմանվեն, որպեսզի այն ցեղասպանության չնմանվի:

Մնացածը ավելի հեշտ է լինելու: Ոչ մի ֆանտաստիկ բան չկա այն ալգորիթմում, որ իշխանությունը պետք է ժողովրդից լինի, մեզնից ընտրված եւ մեզնով կառավարվող: Իսկ հակահեղափոխությունը, որքան էլ երազեին ոմանք, երբեք այնպիսի լրջություն չի ունեցել, որքան երեւայակել են դրա մասին երազողները: Ալգորիթմը խախտել էին կոպտորեն եւ պարբերաբար, հիմա սխալների ուղղման ժամանակն է:

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.