Միավորված ընդդիմության թեկնածուին պետք է «հավելագրվեր» ընդամենը 25 տոկոսը
Ռաուֆ ՄԻՐԿԱԴԻՐՈՎ
Լրագրող
Բաքու
Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները: Իբր ո՞վ էր կասկածում:
Մեծ հաշվով ընտրությունները տեղի են ունեցել ծրագրային-կանխատեսելի ռեժիմով: Գործող նախագահը հավաքել է հոկտեմբերի 9-ին ընտրատարածքներ եկած ընտրողների ձայների համարյա 85 տոկոսը: Համենայն դեպս, այդպիսին են 2000 թվականից անընդմեջ Մազահիր Փանահովի ղեկավարած Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած տվյալները:
ԿԸՀ-ի ղեկավարի մասին արդեն իսկ կենդանության օրոք անեկդոտներ են հորինում: Փանահովին հրավիրել են Վաշինգտոն՝ ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների արդյունքները պարզելու համար: Նա խնդրել է իրեն ներկայացնել ուսումնասիրման ենթակա բոլոր փաստաթղթերը: Երկու ժամ անց պարոն Փանահովը դուրս է եկել մամուլի ներկայացուցիչների մոտ և հայտարարել, թե «ԱՄՆ նախագահի ընտրություններում ճնշող մեծամասնությամբ հաղթել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը»:
Չար լեզուները պնդում են, որ հենց այս անեկդոտի լույս տեսնելուց հետո, բարոյական վնասի հատուցման համար, Մ. Փանահովը ստացել է «Շոհրաթ» (փառքի) շքանշանը:
Հանուն արդարության հարկ է նշել, որ Ադրբեջանում ոչ ոք իշխանափոխություն չէր սպասում: Համարյա բոլոր, այդ թվում և ընդդիմադիր փորձագետները կարծում էին, որ Իլհամ Ալիևը հետագա հինգ տարին ևս մնալու է Ադրբեջանի նախագահ: Ադրբեջանն իշխանափոխության համար դեռևս չի «հասունացել» ո՛չ ժողովրդավարական ընտրությունների, ո՛չ էլ գունավոր հեղափոխության միջոցով:
Միամտություն է կարծել, որ մեր առաջատար գործընկերները չէին կարող լրջորեն ազդել Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակի զարգացման վրա: Կարող էին, բայց չեն ցանկացել:
ԱՄՆ-ն, հաշվի առնելով Հարավային Կովկասում, Միջին Ասիայում, Մերձավոր Արևելքում և հատկապես Իրանի շուրջ տեղի ունեցող գործընթացները, շահագրգռված է կայունության պահպանմամբ: Չ՞է որ «ժողովրդավարական գործընթացները» խթանելը հավասարազոր է ներքաղաքական իրավիճակի կտրուկ ապակայունացմանը, որը միանգամայն անցանկալի է՝ ելնելով տարածաշրջանում ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերից:
Ռուսաստանը տեսականորեն կարող էր հանդես գալ Ադրբեջանի «ժողովրդավարացման» լոկոմոտիվի դերում այն պարզ պատճառով, որ պաշտոնական Բաքվի արտաքին քաղաքականությունը Կրեմլին ոչ մի կերպ չի գոհացնում: Սակայն Վրաստանի և Ուկրաինայի փորձը ցույց է տալիս, որ անգամ եթե Կրեմլը ստանձներ Ադրբեջանի «ժողովրդավարացման» նախաձեռնությունը, Ռուսաստանը, միևնույն է, դրանից չէր շահելու, հատկապես՝ տարածաշրջանում սեփական աշխարհաքաղաքական շահերի առաջմղման ուղղությամբ:
Ընդ որում, հնարավոր էր զրկվել Ադրբեջանի առաջարկած որոշ ֆինանսատնտեսական առավելություններից: Այդ դեպքում, ինչո՞ւ կորցնել հիշյալ օգուտները:
Ժողովրդի կամքը պարզելու տեսանկյունից ընտրությունները ոչ մի արժեք չունեն: Մեծ հաշվով, մեզ մոտ ընտրությունները երբեք չեն եղել ժողովրդի իրական կամարտահայտման գործիք: Կանխատեսելի-ծրագրավորված ելքով ընտրությունները բնավ իսկ չեն կարող արտահայտել ժողովրդի կամքը: Ցավոք, այդպիսին էին անկախության հռչակումից հետո Ադրբեջանում անցկացված անխտիր բոլոր ընտրությունները: Ոչ մի նշանակություն չունի այն, թե դրանցից որոշներն անցկացվել են ավելի կամ նվազ ժողովրդավարական պայմաններում: Կարևոր է այլ հանգամանք. երբեք չի եղել որևէ ինտրիգ: Մենք մշտապես ունեցել ենք ընտրությունների ծրագրավորված-կանխատեսելի արդյունք:
Բայց դա բոլորովին չի նշանակում, որ ժողովուրդը ոչ մի ընտրություն չէր կատարում: Ընտրությունը միշտ ժողովրդինն էր: Ժողովուրդը հրաժարվել է ընտրության իր իրավունքի համար պայքարելուց: Չէի ասի, որ նա կամովին է հրաժարվել: Բայց չի կարել պնդել, որ մեր ժողովուրդը պատրաստ էր ընտրության իր իրավունքը պաշտպանել բարիկադներում:
Դա նման է կանխատեսելի-ծրագրված ավարտով պատերազմին: Ոչ ոք չի պայքարում մինչև վերջին փամփուշտը, նմանակում են դիմադրություն, ապա՝ նահանջում դեպի նախապես պատրաստված դիրքեր, որպեսզի, ի վերջո, հանձնվեն ուժեղի ողորմածությանը: Մենք միշտ այդպես ենք վարվել, և դրա պատճառները շատ են: Նախ՝ մենք ոչ թե օրինապաշտ, այլ իշխանահպատակ ժողովուրդ ենք: Մենք մեր գլուխների վրա սիրում ենք ունենալ ոչ թե կառավարիչ (անկախ կառավարման ձևից), այլ «տեր»:
Երկրորդ՝ մենք գտնվում ենք սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացման ավելի բարձր մակարդակի վրա, քան, ասենք, չեչենները: Այսինքն, մենք ավելի իրապաշտ ենք: Մեծամասնությունը միշտ կորցնելու բան ունի: Ոմանք դա կոչում են ինքնապաշտպանության բնազդ: Անգամ հանուն արդարության մենք չենք կարող հարվածի տակ դնել մեր ողջ ունեցածը: Ընդհանուր առմամբ, մենք արդարության կողմնակից ենք, բայց դա չպետք է սպառնա մեր հարմարավետությանը, կապիտալին և այլն: Մի խոսքով, մենք պայքարից ավելի հարմարավետությունն ենք նախընտրում և, որպես հետևանք, հետզհետե զրկվում ենք թե՛ հոգևոր, և թե՛ նյութական հարմարավետությունից: Թեև արդարության դեմ չմեղանչելու համար հարկ է խոստովանել, որ հոգևոր հարմարավետությունը մեզ համար երկրորդ տեղ է զբաղեցնում:
Դա սկզբունքորեն դրական երևույթ է, որն ազգին հետ է պահում իր գոյությանը սպառնացող ոչ իրապաշտ գործողություններից: Բայց այն խիստ բացասական ազդեցություն է ունենում, երբ խոսքը ազատության և արդարության համար պայքարի մասին է:
Երրորդ՝ արդարության և ազատության համար անհատի պայքարը, որքան էլ զարմանալի է, պահանջում է համատեղ գործողություններ: Այսինքն, յուրաքանչյուրի անհատական ազատության համար պայքարը հասարակությունից պահանջում է համատեղ ինքնակազմակերպման բարձր մակարդակ: Բայց մենք՝ ադրբեջանցիներս, անհատապաշտ ժողովուրդ ենք: Կարելի է ասել՝ եսասեր-էգոիստ ենք: Մենք չենք կամենում պայքարել բոլորի ազատության համար՝ յուրաքանչյուրիս ազատությունը ապահովելու համար: Սարսափելի է, երբ յուրաքանչյուր մարդու անհատական «ես»-ը խանգարում է հասարակության ամեն մի անդամին՝ իր իսկ ազատությունը երաշխավորելու գործում:
Չորրորդ՝ այսպիսի պայմաններում վերնախավը կարող է և սկզբունքորեն պարտավոր է դառնալ հասարակական առաջընթացի առաջատարը: Պարզ ասած՝ վերնախավը պարտավոր է «պարտադրել» ազատությունը: Մեր նորագույն պատմության մեջ վերնախավը մի անգամ է կատարել այդպիսի փորձ, ընդ որում՝ շատ ավելի վատ ներքին և արտաքին պայմաններում: Թերևս հենց դրա համար ժամանակակից վերնախավը փորձում է ջնջել 1918-1920թթ. իրադարձություններին անդրադարձող մեր պատմական հիշողության էջը:
Գործնականում ժողովրդավարությանն արտաքին աջակցություն չի եղել: Անգամ Արևմուտքում դեռևս հստակորեն մշակված չէին ժամանակակից ժողովրդավարության սկզբունքները, չխոսելով Ռուսաստանի և Թուրքիայի մասին, որոնց դիրքորոշումն էլ, ըստ էության, կանխորոշում էր իրադարձությունների զարգացումն Ադրբեջանում: Դեռ ընթանում էր համաշխարհային պատերազմը:
Ժողովուրդը շատ ավելի քիչ էր զարգացած և մի քանի անգամ ավելի պահպանողական էր: Այնուամենայնիվ, «տերերի կաստայից» ծագող վերնախավին իսկապես հաջողվել է ստեղծել ճշմարիտ և իր ժամանակի համար ամենահառաջացած ժողովրդավարությունը:
Այս անգամ մեր բախտը չի բերել: Ներկայիս վերնախավն, իր բոլոր դրական և բացասական կողմերով հանդերձ, ժողովրդավարական արժեքների կրողը չէ: Բնականաբար, նա ոչ մի ցանկություն չունի ժողովրդավարական արժեքներն «ուժով» պարտադրելու: Մի խոսքով, պարզվել է, որ «ազնվազարմ տերերը» շատ ավելի ազատասեր էին, քան «պրոլետար տերերի» հետնորդները:
Ընտրություններն ամբողջովին զուրկ էին որևէ ինտրիգից: Մեծ հաշվով, չկար անգամ ԱՊՀ-ԱՄՆ դիտորդական առաքելությունների ավանդական դիմակայությունը:
Բոլոր դիտորդական առաքելությունները՝ եվրախորհրդականները, ԵԽԽՎ և ԱՊՀ ներկայացուցիչները, մեր ընտրությունները ճանաչել են միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող: Պարզվել է, որ անգամ Մեծ Բրիտանիան կարող է մեզանից ժողովրդավարության դասեր քաղել: Ի՜նչ լավ կլիներ անգլիացիների հետ տեղերով փոխվել՝ նրանց որպես ժառանգություն թողնելով մեր «նոր ադրբեջանցիներին»: Հետաքրքիր է, թե այդ դեպքում ի՞նչ են նրանք երգելու:
Մի խոսքով, բոլորը գտնվել են մեր «նոր ադրբեջանցիների» մակարդակի վրա: Միայն ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաքելությունն է որոշել «առանձնանալ»: Նրանք հասկացել են, որ մենք վաղուց աճել և դուրս ենք եկել «կարճ տաբատիկների» տարիքից և, որպես հետևանք, չկարողացան հանդուրժել «անարգանքի» նման դրսևորում: Նրանք որոշել են «պատժել» և իրենց ուզածը կանեին, եթե չլիներ պահակախումբը…
Բայց պատասխանն էլ չուշացավ: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին սպառնացել են հարաբերությունների խզմամբ, մեղադրել են կեղծավորության և մեր ընտրությունները կեղծելու ոտնձգության մեջ: Առանձնապես աչքի է ընկել նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը: Վերջինիս պնդմամբ՝ Վաշինգտոնը խնդրում էր միացյալ ընդդիմության թեկնածու Ջամիլ Հասանլիին «հավելագրել» ընտրողների ձայների 25 տոկոսը:
1news.az -ի հետ ճեպազրույցում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվական ապահովության բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը նշել է, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևի բարձրաձայնած թվերը հնչել են նաև ամերիկյան կողմից, մասնավորապես՝ դեսպան Մորգենթաուի կողմից՝ կառավարության անդամների հետ տարբեր հանդիպումների ժամանակ: Նրա խոսքերով, ընտրությունների արդյունքները «կեղծելու» վերաբերյալ առաջարկություններն արվել են ԱՄՆ դեսպանի կողմից՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ: «Մենք անընդունելի ենք համարում, որ փակ հանդիպումների ժամանակ ասվում է մի բան, իսկ մամուլի համար՝ բոլորովին այլ: ԱՄՆ պետդեպարտամենտի դիրքորոշման կապակցությամբ կարելի է նշել սոսկ հետևյալը. թե ինչ արժեք ունեն նրանց հերքումներն ու իրական գործողությունները՝ ողջ աշխարհը տեսել է WikiLeaks-ի օրինակով», – ասել է Էլնուր Ասլանովը:1
Նախ՝ միջպետական հարաբերություններում ընդունված չէ բացել դիվանագիտական բանակցությունների մանրամասները, ինչ էլ խոսվեր փակ դռների հետևում: Ամերիկյան կողմը հենց դրա վրա էլ ուշադրություն է դարձրել: Ընդհանրապես, այդպիսի վարքագծի համար միանգամայն արդարացիորեն պատժում են: Կարելի է հիշել, թե ինչպես երկու տարի շարունակ Ադրբեջանը պայքարում էր ԱՄՆ-ի դեսպանին Բաքու վերադարձնելու համար:
Երկրորդ՝ հարց է ծագում. այդ ինչպե՞ս ենք մեզ պահում, որ թույլ ենք տալիս մեզ նման անպարկեշտ առաջարկություններ անել: Չէ՞ որ միայն ընտրությունների արդյունքների կեղծելը թույլատրելի համարող իշխանությունը կարող է հանդես գալ այդպիսի անպարկեշտ առաջարկություններով:
