Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Արցախում էլեկտրաէներգիայի աննախադեպ թանկացումը ոչ մի տնտեսական հիմնավորում չունի

marut
September 2013

Սերգեյ ՔԱՄԱԼՅԱՆ
Անկախ վերլուծաբան
Երևան

Արցախում էլեկտրաէներգիայի կտրուկ և աննախադեպ թանկացման հետ կապված իրավիճակը չունի ոչ մի տնտեսական հիմնավորում, եթե անտեսենք 1%-ի*  սահմաններում տնտեսական հիմնավորման հնարավորությունը՝ ռուսական գազի թանկացման կապակցությամբ: Էլեկտրաէներգիայի փաստացի թանկացումը 50 և 100 անգամ ավելի մեծ է և կարող է բացատրվել միայն քաղաքական պատճառներով:

Թե քաղաքական որ պատճառներն են մղում Արցախի իշխանություններին էլեկտրաէներգիայի չհիմնավորված թանկացմանը` սույն հոդվածի թեմայից դուրս է: Մենք կսահմանափակվենք միայն այն գերշահույթի չափերի գնահատմամբ, որն ապահովելու են նոր սակագներն ի հաշիվ Արցախի բնակչության հետագա աղքատացման:

Որպես ելակետ ընդունենք էլեկտրաէներգիայի տարեկան սպառման` Արցախի կառավարության ղեկավարի բարձրաձայնած 250 միլիոն կվտ/ժամ թիվը և Արցախի բնակչության թվաքանակի մասին հանրապետության վիճակագրական ազգային ծառայության հրապարակած պաշտոնական տվյալները՝ ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ 146.6 հազար: Այսպիսով, մեկ բնակչի հաշվով արցախցիները տարեկան սպառում են շուրջ 1705 կվտ/ժամ էլեկտրաէներգիա, որը մի քիչ ավել է Հայաստանի բնակիչների սպառած շուրջ 1606 կվտ/ժամ և Ադրբեջանում մեկ շնչի կողմից սպառվող 1603 կվտ/ժամ չափից: Արցախցիների մեկ շնչի կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի չափը մոտենում է Վրաստանի 1743 կվտ/ժամ ցուցանիշին՝ ըստ International Energy Agency, IEA Statistics-ի 2012-ի տվյալների:

Հայտնի են նաև Արցախի կառավարության հավակնոտ և լայնորեն գովազդված ծրագրերը՝ 2012թ. հասնել հանրապետության ընդհանուր ներքին պահանջարկը գերազանցող էլեկտաէներգիայի արտադրության մակարդակին՝ այդ նույն 250 միլիոն կվտ/ժամ-ին և անցնել էլեկտրաէներգիայի արտահանմանը: Տեղին է նաև հիշատակել, որ ներդրողների հրավիրման համար «ԱրցախՀԷԿ» ԲԲԸ արժեթղթերի սկզբնական և հետագա թողարկման ժամանակ լայնորեն շրջանառվում էին Արցախի էներգետիկ անկախության և, ինչն ավելի ուշագրավ է, «էլեկտրաէներգիայի սակագների հետագա նվազեցման» մասին հավաստիացումներ: Այս ամենը ենթադրում էր բնակչության կենսամակարդակի օրինաչափ բարձրացում և Արցախի գրավչության աճ ներգաղթի և հայրենադարձության համար:   Դեռևս այս հավաստիացում-հայտարարությունները շարունակում են մնալ սոսկ բարի ցանկություններ, որոնցով, ինչպես հայտնի է, հարթված է ներկայումս շատ ապրողների վերջնակետի ճանապարհը:

Իսկ կոշտ և չափազանց կոռումպացված արցախյան իրականության մեջ բնակչությունը կանգնած է էլեկտրաէներգիայի ծայրահեղորեն բարձրացված սակագների արդեն իսկ կատարված փաստի առջև:

Ինչպես հայտնի է, ընթացիկ թվականի հուլիսից ցերեկային սակագինն աճել է 52%-ով՝ կազմելով 38 դրամ մեկ կվտ/ժամի համար՝ նախկին 25 դրամի փոխարեն,  իսկ գիշերային սակագինը թանկացել է 120 %-ով՝ կազմելով 33 դրամ մեկ կվտ/ժամի համար՝ նախկին 15 դրամի դիմաց:

Հարկ է նշել, որ Արցախի կառավարությունը բնակչության համար սուբսիդիաներ է նախատեսել՝ 13 ցերեկային և 8 դրամ գիշերային սակագների համար:

Արդյունքում, հաշվի առնելով կառավարական սուբսիդիաները, էլեկտրաէներգիայի կենցաղային սպառողների համար ցերեկային սակագինը չի փոխվել՝ պահպանելով 25 դրամ արժողությունը մեկ կվտ/ժամի համար,  իսկ գիշերային սակագինը թանկացել է 66,7%-ով՝ կազմելով 25 դրամ մեկ կվտ/ժամի համար՝ նախկին 15 դրամի փոխարեն:

Սակայն, Արցախի կառավարության պաշտոնական ներկայացուցիչները հայտարարում են, որ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագները անփոփոխ են մնացել: Սա ի՞նչ է՝ անամոթ սո՞ւտ, թե՞ աղաղակող անտեղյակություն:

Եթե ելնենք էներգիայի երկսակագնային սպառումը կիրառող այլ երկրների փորձից, ապա էլեկտրաէներգիայի գիշերային սպառման մասնաբաժինը տեղավորվում է օրվա ընդհանուր սպառման 12-20%-ի արանքում: Ուրեմն, կենցաղային սպառողների համար անկախ օրվա ժամից էլեկտրաէներգիայի սպառվող յուրաքանչյուր կվտ/ժամի արժեքը միջին հաշվով աճել է 1.2 դրամով՝ հաշվի առնելով նաև պետական սուբսիդիաները: Արդյունքում, ամեն տեսակ սուբսիդիաների հաշվառմամբ, Արցախում կենցաղային սպառողի համար 25 դրամ կազմող հիմնարար ցերեկային  սակագնից ելնելով՝ էլեկտրաէներգիայի գինը մեկ կվտ/ժամի համար ուղղիղ կերպով աճել է ոչ պակաս քան 5%-ով:

Բայց սա ընդամենը ուղիղ թանկացումն է, որը կազմում է ընդհանուր թանկացման սոսկ փոքր բաժինը՝ էլեկտրաէներգիայի թանկացման «այսբերգի գագաթը», որն անուղղակիորեն ազդելու է տեղի արտադրողների կողմից արցախցիներին մատուցվող ապրանքների և ծառայությունների ներքին գների վրա, որոնք էլեկտրաէներգիայի համար կվճարեն նոր սակագներով և առանց որևէ պետական սուբսիդիայի: Արցախի կառավարության ղեկավարը բնակչությանը տրամադրվող սուբսիդիաների մասին խոսելիս դրանք ներկայացրել է որպես բնակչության բարեկեցության հանդեպ «առանձնահատուկ խնամքի» վկայություն և մասնավորապես նշել է, որ բնակչությունը կվճարի ցածր սակագներ, իսկ ահա «կաֆեների սեփականատերերը»՝ ըստ նոր ամբողջական սակագների:

Այստեղ ծագում է օրինաչափ մի հարց. իսկ ո՞ւմ են սպասարկում «կաֆեների սեփականատերերը», արդյո՞ք միայն արտասահմանցիներին և զբոսաշրջիկներին: Եվ ո՞վ է Արցախի բնակչությունից բացի, ի վերջո, կրելու էներգակիրների թանկացման ողջ բեռը: Ե՛վ «կաֆեների տերերը», և՛ ալրաղացների, հացի փռերի, գյուղատնտեսական մթերքների վերամշակման, թռչնաբուծական ֆաբրիկաների, անասնապահական տնտեսությունների սեփականատերերն ու ոչ պարենային ապրանքների արտադրողներն իրենց ուղիղ ծախսերի աճի հետևանքով կա՛մ ստիպված կլինեն բարձրացնել իրենց արտադրանքի և ծառայությունների գինը, կա՛մ՝ սնանկանալ:

Արցախի Հանրապետությունն ապրում է շուկայական տնտեսության պայմաններում, ուստի այդ տնտեսության բոլոր սուբյեկտներն ու օբյեկտները միմյանց հետ փոխկապակցված են հեղուկ պարունակող հաղորդակից անոթների նման:  Անոթներից մեկում որևէ փոփոխություն ողջ համակարգում շղթայական արձագանք է առաջացնում և արդյունքում ամեն ինչի համար վճարում է ապրանքների և ծառայությունների վերջին սպառողը՝ Արցախի Հանրապետության շարքային քաղաքացին: Այն դեպքում, երբ Արցախի Հանրապետության արտաքին առևտրային հաշվեկշիռը խիստ բացասական է, արտահանման փոքր մասնաբաժինը տվյալ հաշվարկներում միանգամայն տեղին է անտեսել: Դրանից բխում է, որ նոր սակագներով էլեկտրաէներգիայի վաճառքից ստացվող ողջ գերշահույթն, ըստ էության, գոյանում է Արցախի աղքատացող բնակչությունից փողի հավելյալ կորզման հաշվին:

Փորձենք գնահատել գերշահույթի չափերը կամ, այլ կերպ ասած, Արցախի բնակչության «օրինականացված» թալանի ծավալները՝ էլեկտրաէներգիայի սակագների վերոհիշյալ խայտառակ և տնտեսապես չհիմնավորված թանկացման հետևանքով:

Գաղտնիք չէ, որ մինչև էլեկտրաէներգիայի թանկացումը «ԱրցախՀԷԿ» ԲԲԸ-ն և «Արցախէներգո» ՓԲԸ-ն աշխատում էին նորմալ եկամտաբերությամբ: «ԱրցախՀԷԿ»-ի աշխատակիցների վարձատրությունը շուրջ 20%-ով գերազանցում էր հանրապետությունում վճարվող միջին աշխատավարձը, իսկ բուն բաժնետիրական  ընկերությունն առանց դժվարության կատարում էր արժեթղթերի նոր էմիսիաներ (երկու անգամ): «ԱրցախՀԷԿ»-ի պատասխանատու ներկայացուցիչները հայտարարում էին, որ միանգամայն ի վիճակի են շահույթ ապահովել իրենց բաժնետերերի համար՝ հավաստիացնելով գերշահույթներ չունենալու մասին:  Հավատ ընծայենք նրանց խոսքերին և հավատանք, որ նրանք գերշահույթ չեն ունեցել: Բայց գերշահույթը չէր կարող չառաջանալ սակագների կտրուկ թանկացման պատճառով՝ առանց էլեկտրաէներգիայի արտադրության ծախսերի մեծացման:  Ռուսական գազի թանկացումն, ի դեպ, բոլորովին չի ազդում բացառապես հիդրոպաշարներից գազի զուտ կենցաղային աննշան օգտագործմամբ ստացվող արցախյան էլեկտրաէներգիայի ինքնարժեքի վրա: Ուստի, թանկացման հետևանքով ստացվող բոլոր եկամուտները կարելի է համարձակ դասել «գերշահույթի» շարքը:

Որպես հիմք ընդունելով պաշտոնապես հրապարակված տվյալները՝ ընդունենք, որ «ԱրցախՀԷԿ» ԲԲԸ տարեկան արտադրությունը կազմում է 170 միլիոն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Ելնելով ցերեկային և գիշերային սպառման մոտավոր կառուցվածքից՝ մեկ կվտ/ժամի միջին թանկացումը կազմում է 2.16 + 11.4 = 13.56 դրամ:  Արդյունքում, «ԱրցախՀԷԿ» ԲԲԸ ընդհանուր արտադրանքը թանկացել է 2 միլիարդ 305 միլիոն 200 հազար դրամով կամ՝ 5 միլիոն 622 հազար ԱՄՆ դոլարով: Արցախի յուրաքանչյուր բնակչի հաշվով՝ տարեկան 15 հազար 724  դրամ: Բացի դրանից, «Արցախէներգո» ՓԲԸ-ն յուրաքանչյուր արցախցուց կկորզի ևս 6 հազար 739 դրամ գերշահույթ, բայց ոչ թե «ԱրցախՀԷԿ» ԲԲԸ-ի մասնակցությամբ, այլ Հայաստանից էլեկտրաէներգիայի մատակարարների օգնությամբ՝ գերշահույթը, բնականաբար, նրանց հետ կիսելու պայմանով:

Հայաստանից եկող էլեկտրաէներգիայի գերշահույթի գումարը պետք է նվազեցնել 4%-ով՝ հաշվի առնելով գազի թանկացման հետ կապված ծախսերի աճը: Արդյունքում ստանում ենք 6 հազար 469 դրամ: Տվյալ դիտարկման մեջ կարևոր չէ, թե մասնակիցների միջև ինչ հարաբերակցությամբ  է բաժանվում գերշահույթը: Կարևոր է, որ «օրինականացված թալանի» արդյունքում յուրաքանչյուր արցախցի տարեկան կորցնելու է 22 հազար 194  դրամ: Կան, թե չկան սուբսիդիաներ՝ տվյալ դեպքում նույնպես կարևոր չէ: Այս կամ այն կերպ թանկացման բեռը դրվում է Արցախի բնակչության՝ նորածին երեխայից մինչև զառամյալ ծերունիների, ուսերի վրա:

Անտարակույս, սուբսիդիաներն ունեն սահմանափակ և բավականին նեղ նշանակություն՝ պաշտպանելով բնակչության առավել անապահով շերտերն արագացված աղքատացումից, բայց ոչ աղքատացումից՝ որպես ընդհանուր երևույթ: Սուբսիդավորման աղբյուրներն, ի վերջո, ենթադրում են հենց բնակչության մոտ առկա դրամի կորզում, քանի որ այլուստ դրանք հավաքագրվել չեն կարող: Եթե արցախյան կառավարության ներկայացուցիչները հայտարարում են, որ «ԱրցախՀԷԿ» ԲԲԸ-ն կփոխհատուցի սուբսիդիաների համար տրամադրվող ծախսերը, ապա, ըստ երևույթին, պետք է հասկանանք, որ խոսքը շահույթների մեջ պետական մասնակցության մասնաբաժնի հաշվին արվելիք փոխհատուցումների մասին է:

Հիշեցնենք, որ «ԱրցախՀԷԿ» ԲԲԸ-ում արժեթղթերի պետական մասնաբաժինը կազմում է 47.9%: Փոխհատուցումների մյուս տարբերակները, օրինակ՝ այլ բաժնետերերի շահույթների հաշվին, պատկանում են բաժնետերերի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը, և օրինաչափ է ենթադրել, որ, անկախ զբաղեցրած դիրքից, ոչ մի պետական պաշտոնյա չի կարող խոսել բաժնետերերի չկայացած ընդհանուր ժողովի անունից:

Արդյունքում այս ամենից ի՞նչն է նպաստում իրերի դրության բարեփոխմանը: Ոչի՛նչ: Պետության եկամուտները «ԱրցախՀԷԿ»-ի շահույթների պետական մասնակցությունից կարող էին ուղղվել հրատապ սոցիալական ծրագրերի վրա, որոնց կարիքն Արցախի բնակչությունը զգում է անչափ ավելի շատ, քան էներգետիկայի ոլորտում գերշահույթ ապահովելուն միտված ծախսերի փոխհատուցումը:

 

* Տե’ս “Անալիտիկոն N8 (56), Սերգեյ Քամալյան, «Հայաստան. որտեղի՞ց է գալիս եւ ու՞ր է գնում էներգակիրների թանկացումը»

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.