Ռուսաստանի և Արևմուտքի հիբրիդային պատերազմը
Հակաամերիկյան տրամադրությունները դադարել են լինել այն մեծ ջրերը, որոնք լողարկում են բոլոր նավակները, այսինքն՝ մոբիլիզացնում են ռուսաստանցիներին։ Միջին վիճակագրական ռուսաստանցի-պատեհապաշտը վարժվել է հակաարևմտյան հռետորաբանությամբ հասարակությունը մոբիլիզացնելու իշխանությունների փորձերին, իսկ նրա ուշադրությունը վաղուց սևեռված է համարյա բացառապես ներքին խնդիրներին։
ABC-ին Բայդենի տված հարցազրույցում Պուտինին «մարդասպան» անվանելուն հաջորդած երկու նախագահների արտաքնապես տպավորիչ խոյաթռիչքների հետևում առկա է բովանդակային դատարկություն։ Առաջին հայացքից՝ տեղի ունեցածը մեծ աղմկահարույց իրադարձություն է, բայց այն ի մոտո քննելու պարագայում պարզվում է, որ այն ոչինչ չի փոխում Ռուսաստանի և ԱՄՆ-ի փոխհարաբերությունների մոդելում, որը կրկին հանգում է «rapprochement»-ի՝ մերձեցման, ջերմացման հնարավորության սկզբունքային բացակայությանը և սահմանափակվում է լոկ տեխնիկապես առարկայական համագործակցությամբ այնպիսի ոլորտներում, ինչպիսին են կլիման, համավարակը կամ միջուկային զենքի տարածման կանխարգելումը։
Թվում էր, որ Կրեմլը, օգտվելով ռուսաստանյան քարոզչության համար Բայդենի մատուցած այս նվերից, շարքային ռուսաստանցիներին ոտքի է կանգնեցնելու՝ հարազատ առաջնորդին պաշտպանելու համար։ Բայց Պուտինի շուրջ՝ հատկապես նրա հետղրիմյան վարկանիշին մերձեցող ոչ մի լուրջ մոբիլիզացիա տեղի չունեցավ․ 2018 թվականից ի վեր այն պարզապես անհնարին է։
Տեղի ունեցածն ամենօրյա տաղտկալի ընթացք է, որը և՛ ռուսաստանյան հասարակության տրամադրություններում, և՛ երկու տերությունների միջև միջպետական հարաբերություններում ոչինչ չի փոխում․ դրանցում մնայուն գործոններ են մնում Ղրիմն ու Ալեքսեյ Նավալնին։
Սառը կոնսենսուս
Այո՛, Պուտինն ու իր քաղաքական դասակարգն արել են ամեն հնարավոր բան, որպեսզի քարոզչաբար շահարկեն «մարդասպանի» հետ կապված պատմությունը, որը տեղի էր ունեցել Ղրիմի միացման յոթներորդ տարեդարձին նվիրված համաժողովրդական արհեստական ոգեցնծության ֆոնին։ Սակայն ամեն ինչ ավարտվել է Պուտինի թրոլինգով, որը Բայդենին բանավոր մենամարտի է հրավիրել։ Սա միանգամայն բնորոշ էր Ռուսաստանի նախագահի ոճին, և հասարակության կողմից հազիվ թե լրջորեն է նկատվել։
Երկու նախագահների հեռակա երկխոսությունը համընկել է Ղրիմի պատվին կայացած զանգվածային հանրահավաք-համերգին, որն անհարմարության և տարակուսանքի զգացողություն է առաջացրել ոչ միայն իշխանությունների նկատմամբ հոռետեսորեն տրամադրվածների շրջանում։ Ողջ ազգը պահպանում է համավարակային շրջանի սահմանափակող կարգավորումները, իսկ իշխանությունն օգտվում է դրանցից՝ իբր հակահամավարակային կանոնները խախտած բողոքողների դեմ «սանիտարական գործ» բացելու համար։ Երկրի խոշորագույն ստադիոնում, որտեղ ոչ ոք ոչ մի հակահամավարակային կանոն չի պահպանում, քաղաքացիների նկատմամբ կազակերպվում է կիկլոպյան գործողություն։ Կարճն ասած՝ ոմանց կարելի է, ոմանց էլ՝ ոչ։ Միջին վիճակագրական՝ անգամ իշխանամետ քաղաքացին կարող է միմիայն այս եզրակացությանը հանգել։
Այսօր ռուսաստանյան իշխանությունը դարձել է Լյուիս Քերոլի Կարմիր թագուհու գործոնի պատանդը․ այսինքն՝ վաղուց ի վեր նախաղրիմյան ժամանակների վարկանիշին վերադարձած իշխանությունը սոսկ տեղում դոփելու՝ այսինքն անգամ ներկա ցածր վարկանիշը պահպանելու համար, պետք է երկու անգամ ավելի արագ վազի։ Պուտինը պետք է անձամբ վարի հանրահավաքը։ Հակաարևմտյան քարոզչության աստիճանը պետք է պարբերաբար բարձրանա, իսկ քաղաքացիական հասարակության դեմ ճնշումը՝ մեծանա։ Իսկ միջին վիճակագրական քաղաքացին, միևնույն է, նախընտրում է հեռուստացույցի կամ համակարգչի մոտ պոպկորնով նստած կողմնակի դիտորդի դերը։
Սակայն իշխանության մեկ անզգույշ քայլը՝ թոշակառության բարեփոխումը, և ղրիմյան էֆեկտը, որն արտահայտվում էր ողջ իշխանության և նրա առաջին դեմքի հասարակական աջակցության ահռելի ցուցանիշներով, համարյա լիովին զրոյացել է։ Իհարկե, Ղրիմը դեռ պուտինյան դարաշրջանի համազգային համաձայնության անկյունաքարն է։ Ղրիմի միացման նկատմամբ բնակչության աջակցությունը 2019 թ․ Լևադա-կենտրոնի տվյալներով կազմում էր 86 տոկոս, իսկ 2021 թ․՝ ըստ «Համառուսաստանյան հանրային կարծիքի ուսումնասիրության կենտրոնի» անցկացրած սոցհարցումների, գտնվում է 81 տոկոսի մակարդակի վրա։
Բայց այս անկյունաքարը սառն է․ այն բոլորովին նման չէ 2014-2015 թթ․ Պուտինի արդարացիության վերաբերյալ բոլոր տարակուսանքներն ի չիք դարձնող հարձակողական հայրենասիրության շիկացած լավային, որն էլ մեծապես բարձրացնում էր իշխանության վարկանիշը։ Ղրիմն ազգային ինքնագիտակցության և նոր պուտինյան ինքնության կոնստանտ է, բայց այն արդեն իշխանության օգտին մոբիլիզացիոն գործիք չէ։ Այն սառը կոնսենսուս է՝ թեժ էյֆորիայի բացակայությամբ հանդերձ։
Նույն պատկերն է նաև Արևմուտքի հետ հարաբերություններում։ ԵՄ-ն և ԱՄՆ-ն Ռուսաստանը չեն սիրում․ դրա մասին գիտի անգամ յուրաքանչյուր աշակերտ։ Բայց Արևուտքի նկատմամբ Ռուսաստանի հաղթանակները, արևմտյան առաջնորդների թրոլինգը, Սիրիան, Լիբիան, Դոնբասը և այլ թեժ կետերը հանրային կարծիքը նախկինի պես էլ չեն գրգռում։ Այս ամենը վաղուց տաղտկալի առօրյա է։
Ավելին՝ այս տաղտկալի առօրյայից շատերը հոգնել են, հատկապես՝ բնակչության իրական եկամուտների բազմամյա նվազման, սոցիալ-տնտեսական խնդիրների խորացման և համավարակի պատճառած բացասական հոգեզգացմունքային վիճակի ֆոնին։ Իսկ Արևմուտքի նկատմամբ հաղթանակները վաղուց սահմանափակվել են ՌԴ ԱԳՆ-ի կողմից Ժոզեֆ Բորելի նվաստացմամբ։
Սթափությունը զգացմունքների փոխարեն
Վերջերս՝ 2021 թ․ հունվար-փետրվար ամիսներին, «Chicago Council on Global Affairs»-ի և Լևադա-կենտրոնի կատարած համատեղ հետազոտությունը ցույց է տվել, որ 2018 թվականից սկսած ԱՄՆ-ի նկատմամբ ռուսաստանցիների բացասական վերաբերմունքի աստիճանը նվազել է։ Ինչպես և այլ ցուցանիշների պարագայում՝ սա տեղի է ունեցել 2018 թ․ թոշակառության շոկային բարեփոխումից ու Պուտինի և իշխանության վարկանիշի նախաղրիմյան ցուցանիշներին վերադառնալուց հետո։
Ընդ որում՝ սովորական մարդիկ իրենց պահում են ճիշտ իրենց առաջնորդների պես․ չակնկալելով երկու տերությունների միջև հարաբերություների կտրուկ բարելավում՝ մարդիկ հնարավոր են համարում Իրանի և Հյուսիսային Կորեայի միջուկային զսպման և միջուկային զենքի տարածման կանխարգելման ոլորտներում համագործակցությունը։
Թե՛ ԱՄՆ-ում, թե՛ ՌԴ-ում քաղաքացիների շրջանում անցկացված հարցումների տվյաները վկայում են, որ սթափ գնահատականերն ու մոտեցումները գերակշռում են։ Այսպես՝ հարցված ամերիկացիների 43 և ռուսաստանցիների 42 տոկոսը համարում են, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները կմնան նույն մակարդակին, մինչդեռ ամերիկացիների 44 և ռուսաստանցիների 29 տոկոսը կանխատեսում են դրանց վատթարացումը։
Այս տվյալները համատեղվում են 2020 թ․ վերջերին Լևադա-կենտրոնի կատարած հետազոտության տվյալների հետ։ Եթե Թրամփի օրոք՝ 2017 թ․, ռուսաստանցի հարցվածների 46 տոկոսը հավատում էր ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավմանը, ապա Բայդենի օրոք ապագային լավատեսությամբ է նայում միայն հարցվածների 12 տոկոսը։ Ամերիկայում տեղի ունեցած ընտրությունների ֆոնին ռուսաստանցիների վերաբերմունքը ԱՄՆ-ի հանդեպ որոշակիորեն վատթարացել է, բայց այն շարունակում է նկատելիորեն ավելի դրական լինել, քան մի քանի տարի առաջ․ 2016 թ․ ՌԴ-ում ԱՄՆ-ի նկատմամբ դրական էր վերաբերվում հարցվածների 28, իսկ 2020 թ․՝ 35 տոկոսը։ Իսկ 2021 թ․ սկզբներին ԱՄՆ-ի նկատմամբ դրական վերաբերմունք ունեցող հարցվածնեի ցուցանիշը հասել է 40 տոկոսի։
Ավելին՝ այստեղ, ինչպես և այլ քաղաքական սյուժեների դեպքում, ի հայտ են գալիս տարիքային տարբերությունները։ ԱՄՆ-ի նկատմամբ առավել լավ են վերաբերվում բնակչության երիտասարդ խմբերը։ Այսպես՝ ԱՄՆ-ի հանդեպ դրականորեն է տրամադրված 18-24 տարեկան հարցվածների 59 տոկոսը և 25-39 տարեկան հարցվածների 49 տոկոսը։ 55+ խմբից ԱՄՆ-ի նկատմամբ դրականորեն է տրամադրված հարցվածների 33 տոկոսը, իսկ բացասաբար՝ 53 տոկոսը։
Ղրիմն ու հակաամերիկյան տրամադրությունները դադարել են լինել այն մեծ ջուրը, որը լողարկում էր բոլոր նավակները, այսինքն՝ մոբիլիզացնում էր ռուսաստանցիներին։ Կրեմլը ոչ մի կերպ դրա հետ հաշտվել չի ցանկանում և օգտագործում է ամեն հնարավոր առիթ հասարակությունը մոբիլիզացնելու համար։ Միջին վիճակագրական ռուսաստանցի-պատեհապաշտը ոչնչով դրան չի ընդդիմանում, որովհետև վարժվել է իշխանության այս հնարքներին և, ընդհանուր առմամբ, դրանց անգամ վատ չի վերաբերվում, բայց իր ուշադրությունը վաղուց և համարյա լիովին սևեռված է բացառապես ներքին խնդիրներին։ Իշխանությունն այդքանը հասկանում է, բայց շարունակում է լուծել խնդիրն այնպիսի միջոցներով, որոնք ժամանակի ընթացքում կարող են միայն վատթարացնել իրավիճակը․ օրինակ՝ նրանք սկսել են կարգավորել գները։
Բայդենը, ղրիմյան տարեդարձը, հակաարևմտյան հեռուստատեսային հիստերիան և երկրի ներսում թշնամիների ու գործակալների փնտրտուքն, իհարկե, շեղում են մարդկանց ուշադրությունն իրական խնդիրներից, բայց ո՛չ երկար և ո՛չ շատ արդյունավետորեն։ Բացի դրանից՝ անգամ Արևմուտքի չարակամության մեջ համոզված միջին վիճակագրական քաղաքացին, դատելով այլևայլ սոցիոլոգիական ֆոկուս-խմբերում ընթացող քննարկումներից, լավագույնս ըմբռնում է ավելի զարգացած տնտեսություններ ունեցող ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ համագործակցելու շահավետությունը։
Հոդվածը հրապարակվել է «Ռուսաստան-ԱՄՆ երկխոսություն․ սերնդափոխություն» նախագծի շրջանակում։ Հոդվածում առկա մտքերն արտահայտում են հեղինակի անձնական կարծիքը։
19.03.21.
Անդրեյ ԿՈԼԵՍՆԻԿՈՎ