Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երևան
Վիեննայի բանակցություններից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջին անգամ անդրադառնալով դրանց, նշել է` «Վիեննայի հանդիպումը հաջող էր։ Ակնկալում ենք, որ շուտով, առանց ժամանակ կորցնելու, կմեկնարկեն շատ լուրջ, միջնորդների խոսքով՝ էական, այսինքն՝ բովանդակային բանակցություններ»: Խոսելով բանակցային գործընթացի մասին, Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանն էլ է ցանկանում հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: Այն, որ Ադրբեջանը վաղուց է ձգտում ձևավորված ստատուս քվոն փոխել, գաղտնիք չէ, իսկ ապրիլյան ագրեսիան դրա լավագույն վկայությունն է և բանակցային գործընթացում ադրբեջանական դիրքերն ամրապնդելու միջոց:
Հատկանշական է, որ համանախագահները ևս խոսում են ներկայիս ստատուս քվոյի անընդունելի լինելու մասին, սակայն իրենց հայտարարություններում մշտապես հղում են կատարում 1994-1995թթ. համաձայնագրերին: Թվում է` Մինսկի խումբն այս երկու տասնամյակի ընթացքում այդպես էլ չի կարողանում նոր առաջարկներ մատուցել, որոնք որոշակի զիջումներով կբավարարեն երկու կողմերին էլ:
Եվ հարց է առաջանում` արդյո՞ք ակնհայտ չէ համանախագահների համար, որ նման քայլերով շարժվելու դեպքում հակամարտությանը քաղաքական լուծում չի տրվելու, և լայանածավալ պատերազմի վերսկսումն անխուսափելի է դառնալու:
Մինչ այժմ Արցախյան հակամարտության լուծման մի քանի տարբերակներ են շրջանառվել, իսկ ներկայումս էլ բանակցությունների սեղանին Մադրիդյան սկզբունքներն են: Ապրիլյան պատերազմի օրերից շրջանառվում են Արցախյան հակամարտության կարգավորման փուլային կամ փաթեթային տարբերակներին վերադառնալու հավանականության մասին կարծիքներ, ուստի անհրաժեշտություն կա ևս մեկ անգամ հիշեցնել, թե ինչ դրույթներ են բովանդակում կարգավորման այդ տարբերակները:
1997թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրեցին Արցախյան հակամարտության կարգավորման «փաթեթային» կոչվող տարբերակը, համաձայն որի նախատեսվում էր բուֆերային գոտու ստեղծում և խաղաղապահների տեղաբաշխում, ազատագրված տարածքների վերադարձ Ադրբեջանի կազմ, փախստականների վերադարձ, հաղորդակցական ուղիների ապաշրջափակում, երկաթուղային կապի ապահովում Ադրբեջանի և Հայաստանի միջև Բաքու-Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Նախիջևան-Երևան երթուղով, Լաչինի միջանցքի միջազգային վարձակալում (ԵԱՀԿ կողմից) և դրա տրամադրում ԼՂ իշխանություններին, Շուշիի և Շահումյանի շրջանի հարցերի լուծում և այլն: Այս տարբերակում խնդրի լուծումը դիտարկվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, որն, անշուշտ, անընդունելի էր հայկական կողմի համար:
Այնուհետև առաջ քաշվեց «փուլային» տարբերակը, որն իր անվանումը ստացել էր հակամարտության կարգավորման փուլային մեթոդաբանություն ընտրելու պատճառով: Ըստ այդ տրամաբանության՝ առաջնային էր համարվում զինված հակամարտության հետևանքների վերացման հիմնախնդիրը, այսինքն՝ զինված ուժերի դուրսբերման, բուֆերային գոտու ստեղծման և միջազգային խաղաղարար ուժերի տեղաբաշխման, փախստականների և տեղահանված անձանց վերադարձի խնդիրները և միայն դրանից հետո փաստաթուղթը ենթադրում էր, որ «երեք կողմերը, վերջ դնելով հակամարտության ռազմական կողմին, համաձայնության են գալիս բարեխղճորեն շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ մինչև հակամարտության մյուս ասպեկտների համապարփակ կարգավորումը, այդ թվում նաև քաղաքական ասպեկտը, որը ներառում է ԼՂ կարգավիճակի, ինչպես նաև Լաչինի, Շուշիի և Շահումյանի հիմնահարցերի լուծումը»: Այս մոտեցումը որպես հիմք ընդունեցին ՀՀ-ն և ԱՀ-ն, սակայն մերժվեց Լեռնային Ղարաբաղի կողմից, քանի որ երաշխիքներ չկային, թե ԼՂ կողմից վերահսկվող տարածքների վերադարձից հետո ադրբեջանական իշխանությունները չեն հրաժարվի բանակցային գործընթացից:
Այնուհետև՝ 1998թ. ներկայացվեց «Ընդհանուր պետության» ստեղծման տարբերակը, համաձայն որի «Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է պետական և տարածքային կազմավորում հանրապետության ձևով, որը կազմավորում է ընդհանուր պետություն Ադրբեջանի հետ» մեթոդաբանության վրա, այդ փաստաթղթում լուծում էր առաջարկվում նաև Շուշիի և Շահումյանի ապագա կարգավիճակներիհամար: Բացի վերը նշված ձեւակերպումից, ԼՂ կարգավիճակը ներառում էր նաև այնպիսի իրավասությունների ձեռքբերում, ինչպիսին էին հանրաքվեի միջոցով սեփական սահմանադրության ընդունումը, պետականության ատրիբուտները, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինները այլն:
Նախքան 2007թ. ներկայացված Մադրիդյան սկզբունքները 2001–ին առաջարկվեցին նաև «Փարիզյան սկզբունքները», որոնք տեղ գտան քիվեսթյան փաստաթղթում: Այնտեղ նշվում էր, որ նախկին ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ չէ և անցնում է Հայաստանի ինքնիշխանության ներքո: Հասկանալի է, որ ադրբեջանական կողմը հավանություն չտվեց այս տարբերակին:
2007-ից ի վեր բանակցությունների սեղանին են Մադրիդյան սկզբունքները: Հիմնական սկզբունքները երեքն են՝ տարածքային ամբողջականության պահպանում, ուժի չկիրառում և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքներ: Իսկ կարգավորման հրապարակված վեց տարրերը, ըստ Լ’Ակվիլայի հայտարարության, հետևյալն են.
• Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ,
• Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ, որը կտրամադրի անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ,
• Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք,
• Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում` իրավականորեն պարտադիր բնույթ կրող կամարտահայտման միջոցով,
• Ներքին տեղահանված և փախստական հանդիսացող բոլոր անձանց` իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք,
• Անվտանգության միջազգային երաշխիք, որ կներառի նաև միջազգային խաղաղապահ գործունեություն:
Չնայած այդ սկզբունքները ելակետային են ընդունվել և դրանց հռչակմանը հաջորդել են բազմաթիվ հանդիպումներ, որոնց մեծ մասը կազմակերպվել է ռուսական կողմի նախաձեռնողականությամբ, սակայն բանակցություններում առաջընթաց չի նկատվել: Նախագահների մակարդակով հանդիպումները նմանվում են մի գործընթացի, որտեղ կողմերը բանակցում են բանակցությունները շարունակելու շուրջ:
Ստացվում է, որ գրեթե տաս տարի ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկում է բանակցել հարցերի շուրջ, որոնք ի սկզբանե ընդունելի չեն կողմերի համար:Ապրիլյան քառօրյա պատերազմը պետք է որ նոր ազդակ հանդիսանա Մինսկի խմբի համանախագահների համար՝ ավելի իրատեսական լուծումներ առաջարկելու առումով: