կամ՝ Բոլոր ճանապարհները չէ, որ Հռոմ էին տանում
1992 թվականի հունիսի առաջին կեսին ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատվիրակությունն այցելեց Երեւան ու Մոսկվա եւ մի շարք լուրջ հանդիպումներ ունեցավ այնտեղ։ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանի գլխավորած պատվիրակության կազմում էին ԳԽ նախագահության անդամ Համլետ Գրիգորյանը եւ տողերիս հեղինակը՝ որպես ԳԽ լրատվական ծառայության ղեկավար։ Ներկայացնելով այդ հանդիպումներից մեկը, հուսով ենք, որ ա ն ըստ ամենայնի կօգնի ընթերցողներին պատկերացնելու այն ժամանակվա մթնոլորտը նոր սկսված բանակցային գործընթացում, եւ ինչպես էին ուզում մեզ ներգրավել դրանում։ Եւ այսպես՝ Մոսկվա, ՌԴ-ում Իտալիայի դեսպանատուն, հանդիպում ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի նախագահ Մարիո Ռաֆաելլիի եւ նրա տեղակալ Մարիո Սիկայի հետ։ Հունիսի 12, 1992 թվական։
Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Մարիո ՌԱՖԱԵԼԼԻ.- Մենք պիտի հանդիպեինք Ստեփանակերտում։ ԵԱՀԽ վերջին նիստում որոշվեց շարունակել երկխոսությունը։ Որպեսզի հաջողություն լինի՝ անհրաժեշտ են ձեր ներկայությունն ու ձեր կարծիքը։ Մեր դիրքորոշումը հայտնի է, ուստի կուզեինք լսել ձեր կարծիքն այս ամենի մասին։
Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ.- ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունում քանիցս քննարկել ենք հարցը։ Լուրջ կասկածներ ունենք, ուստի որոշեցինք լինել Երեւանում եւ Մոսկվայում, ծանոթանալ գործընթացի բոլոր մանրամասներին։ Նկատի ունենալով, որ պարոն Ռաֆաելլին Ստեփանակերտում չի եղել, մենք ցանկացանք հանդիպել նաեւ նրա հետ, որպեսզի պարզ լինեն մեր հետագա քայլերը։ Առաջին բանը, որ մեր տարակուսանքի տեղիք է տալիս, հրավերի տոնն է։ Մեզ մի քանի տեքստ են ուղարկել, որոնցում մեզ դիտարկում են որպես դիտորդ, համայնքի ներկայացուցիչ կամ էլ որպես ընտրված ներկայացուցիչներ։ Ահա այստեղից էլ սկսվում է միմյանց չհասկանալը, թյուրըմբռնումը։ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեսպանատներից ստացած հեռագրերը փոքր ինչ տարբերվում են իրարից։ Կուզեինք հստակ ասել մեր դիրքորոշման մասին, որը բխում է ԼՂՀ-ի հռչակագրից։ Մենք պետություն ենք կառուցում, խորհրդարան ենք ստեղծել, մենք այսօր պատերազմի մեջ ենք Ադրբեջանի հետ, որն ագրեսոր է, մենք չենք կարող ներկայանալ որպես համայնք։ Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ ադրբեջանական փոքրամասնության համար տեղ էինք հատկացրել մեր խորհրդարանում։ Երկրորդ հանգամանքը՝ ադրբեջանցիները չմասնակցեցին ընտրություններին, եւ, ելնելով դրանից, ադրբեջանական բնակավայրերը վերածվեցին ռազմական հենակետերի, եւ մենք ստիպված էինք զենքի դիմել՝ պաշտպանելու համար մեր հողն ու պատիվը։ Ահա մեր դիրքորոշման էությունը։ Եթե նայելու լինենք դեպքերի զարգացման տրամանաբանությանն ու ժամանակագրությանը, ապա մենք սովետական օրենքների շրջանակներում քայլ առ քայլ գնացել ենք դեպի անկախություն։
Մարիո ՌԱՖԱԵԼԼԻ.- Միգուցե մեր զրույցը շարունակենք ճաշի սեղանի շուրջ…
Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ.– Շնորհակալություն, մենք ճաշել ենք։ Կարող ենք սպասել մինչեւ պարոն Ռաֆաելլին ճաշի (ճաշից հրաժարումը զրույցի ամենայն լրջությունը պահպանելու նպատակ ուներ. աչքիս տակով նկատել էի, որ մինչ պարոն Ռաֆաելիի հրավերը՝ դահլիճի մուտքի մոտ «շարքով» կանգնեցին մի քանի տիկնայք, հավանաբար՝ պարոնայք Ռաֆաելլիի, Սիկայի եւ դեսպանատան առաջին դեմքերի ամուսինները, որոնք Գ.Պետրոսյանի մերժումից հետո շրջվեցին ու նույն շարքով էլ հեռացան.- Գ.Բ.)
Մարիո ՌԱՖԱԵԼԼԻ.– Օ, ոչ… (Փոքր դադարից հետո)…Լավ, շարունակենք։ Այն, ինչ Դուք ասացիք, մեզ արդեն ասել էր պարոն Շահնազարյանը Երեւանում։ Նա նույնիսկ ավելի հեռուն գնաց, ասելով, որ դուք կարող եք մասնակցել միայնումիայն պետության մակարդակով։ Ի պատասխան ես ձեզ կասեմ այն, ինչ ասել եմ այնտեղ, եւ իմ դիրքորոշումը համահունչ է նաեւ մյուս պետությունների դիրքորոշմանը։ Կուզեի ճշտել հետեւյալը. ԵԱՀԽ ուղերձի հիման վրա ինձ նշանակել են զբաղվելու այս հիմնախնդրով։ Ես կաշխատեմ ընդլայնել շրջանակները, բայց դուրս գալ այդ շրջանակներից ես չեմ կարող։ Կարծում եմ՝ դուք այդ մասին տեղյակ եք, բայց տեղին համարեցի մեկ անգամ եւս հիշեցնել դրա մասին։ Մի բան էլ՝ իմ լիազորությունները համաձայնեցվել են բոլոր արտգործնախարարների հետ, այդ թվում՝ Հայաստանի։ Տեքստն այսպիսին է. Ղարաբաղի հարցով խորհրդաժողովը կազմված է 11 երկրների ներկայացուցիչներից, որոնց հետ պայմանավորվածությամբ որոշվել է հրավիրել Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներին։ Տեքստը նույնպես համաձայնեցված է։ Այս առիթով կարող են լինել թյուրիմացություններ, եթե պարզ չխոսվի այս մասին։ Մենք չենք կարող ձեզ հրավիրել ուրիշ պետությունների նման։ Ձեզ մոտ ընտրություններ են եղել, կայացել է հանրաքվե, մենք տեղյակ ենք, որ Ադրբեջանը ձգտել է ազդել այդ ամենի վրա, եւ որ ադրբեջանցիները չեն մասնակցել այդ ընտրություններին։ Այն փաստը, որ ես հիմա հանդիպում եմ ընտրված ներկայացուցիչների հետ, արդեն իսկ նշանակում է, որ ես ճանաչում եմ նրանց, բայց սա ինքնաբերաբար չի նշանակում, որ նման բան անելով` ես ձեզ միջազգային կարգավիճակ եմ տալիս։ Նոր պետություններին պիտի ճանաչեն մյուս պետությունները, այլ ոչ թե խորհրդաժողովի նախագահը։ Ձեր՝ մասնակիցներիդ, կարգավիճակը բխում է ԼՂ ներկայիս կարգավիճակից, որ պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Դա կարող է արդյունք լինել, բայց ոչ մեկնակետ։ Ես ձգտել եմ գործել իմ լիազորությունների շրջանակում։ Եւ ՀՀ նախագահի, եւ արտգործնախարարի, եւ Լեւոն-Մելիք Շահնազարյանի, եւ մյուս կողմի՝ Ադրբեջանի կառավարության ու նախկին ընդդիմության՝ ԱԺՃ-ի հետ իմ զրույցների հիման վրա ես ձգտել եմ առաջարկություններ մշակել, որոնց բովանդակությունը կուզեինք քննարկել։ Պարոն Բալյանը ճիշտ չի արել՝ հրապարակելով այդ առաջարկությունները։ Համոզված եմ, որ հիմնախնդիրը պիտի լուծել ոչ թե ձեւական, ֆորմալ, այլ բովանդակային տեսակետից, այսինքն՝ ճանաչել ձեր կարգավիճակը բովանդակային առումով, ձեզ հնարավորություն տալ ակտիվորեն մասնակցելու գործընթացին, որպեսզի առանց ձեզ որոշում չընդունվի։ Առաջարկում եմ Մինսկի խորհրդաժողովը սկսել լիագումար (պլենար) նիստից, որին նախագահողի կողմից դուք կհրավիրվեք, բայց ոչ որպես դիտորդ։ Դուք կհրավիրվեք որպես շահագրգիռ կողմ։ Պլենար նիստ կլինի խորհրդաժողովի բացման ու փակման ժամանակ։ Ձեր ներկայությունը կազդի աշխատանքների ընթացքի վրա, առաջարկություններ կանեք նախագահողի միջոցով։ Այնտեղ ամեն երկիր իր կարծիքն է ասելու, իսկ դուք ձեր տեքստը կարող եք ինձ վստահել, եւ ես այն կտարածեմ։ Դուք կարող եք նստել իմ կողքին։ Խորհրդաժողովի աշխատանքի 90 տոկոսը ոչ թե լիագումար նիստում է լինելու, այլ աշխատանքային խմբերում, որոնք որոշվելու են տարբեր ասպեկտներից ելնելով։ Ոմանք կմասնակցեն ձեզ առնչվող կոնկրետ հարցերի շուրջ քննարկումներին՝ ԼՂ ապագա կարգավիճակի, հումանիտար օգնության, ԼՂ-ի շրջափակման եւ այլնի մասին։ Մյուսներն ավելի լայն հարցերով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով։ Սա միայն Լեռնային Ղարաբաղի պրոբլեմը չէ։ Ակնհայտ է, որ այս խմբերում (ձեզ վերաբերող) կարող եք մասնակցել մյուսներին հավասար։ Սա շատ կարեւոր է, քանի որ այդտեղ են փաստաթղթեր պատրաստվելու, եւ քանի որ կոնսենսուսով ենք աշխատում, դուք հնարավորություն կունենաք մի կողմ չմնալ որոշումների ընդունումից։ Եթե ցանկություն կա, իհարկե, երկխոսության միջոցով լուծել հիմնախնդիրը։ Իսկ առանց դրա միջազգային հանրությունը չի ընդունի ոչինչ։ Ինքնորոշման իրավունքն, այո, ակտիվորեն քննարկվում է միջազգային կառույցներում, բայց նաեւ կարծիք կա, որ ինքնորոշումը չի վերաբերում մի պետության ներսում ազգային փոքրամասնություններին։ Կան տեսաբաններ, որ գտնում են, թե այդ իրավունքն առավել մեծ ինքնուրույնություն է տալիս։ Բայց դա խորհրդաժողովում քննարկելիք թեմա է։ Ազգի ինքնորոշումն ընդունվում է, երբ ընդունվում է պետության վատ վերաբերմունքն այդ փոքրամասնության նկատմամբ։ Չեմ ուզում քննարկել, թե դուք իրավունք ունե՞ք ինքնորոշման, թե՞ ոչ։ Այդ իրավունքն ավելի հեշտ է պաշտպանել խորհրդաժողովում, քան զենքով։ Առկա սահմաններն ուժի միջոցով փոխելու քաղաքականություն՝ այսպես է ընկալվում ձեր դիրքորոշումը։ Ձեր մասնակցությունը խիստ նպատակահարմար կլիներ։
Համլետ ԳՐԻԳՈՐՅԱՆ.- Այսպիսի մի պարզաբանում։ Մոսկվայում հայեր են ապրում, որոնք ինքնորոշման մասին չեն էլ մտածում, քանի որ այստեղ պատմական հայրենիք չունեն։ Իսկ մենք զենք ենք վերցրել ինքնապաշտպանության բնազդից ել նելով։
Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ.- Ես կավելացնեի հետեւյալը։ Մեր շարժման էությունը հետեւյալն էր՝ միասին ապրել Հայաստանի մեր էթնիկ եղբայրների ու քույրերի հետ։ Եւ, հավանաբար, դա է մարդկանց համար առիթ դարձել խոսելու Հայաստանի ագրեսիայի մասին։ Մենք մեր ձայնն ենք բարձրացրել ընդդեմ խտրականության, եւ դա ազատության ձգտում էր։ Թե ով է մեզ զինված պայքարի հունի մեջ գցել՝ նույնպես հայտնի է։ ժողովրդավարական ընտրություններով ԼՂՀ-ի ստեղծումը համարում ենք քաղաքական փոխզիջում։ Ցավում ենք, որ Ադրբեջանն իր ցեղակիցներին օգտագործել է որպես «5-րդ շարասյուն» եւ լայնածավալ գործողություններ սկսել։ Ադրբեջանն ուզում է ոչնչացնել սեփական հողում ապրող ժողովրդին։ Ազատությունն արեւմտյան քաղաքակրթության ամենահիմնարար սկզբունքներից է, եւ պիտի այդ տեսանկյունից գնահատել։ Մենք չցանկացանք մորթվել որպես մատաղացու գառներ եւ ստիպված զենք վերցրինք։ Դա միակ միջոցն էր։ Մենք հակամարտությունը չենք ընկալում որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բախում։ Դա հակամարտություն է ազատության ձգտող ԼՂ-ի ու ագրեսոր Ադրբեջանի միջեւ։ Էլ չեմ խոսում շրջափակման մասին, որը նույնպես պատերազմական միջոց է, չեմ խոսում մեր ավերված գյուղերի, մեր զոհերի մասին։ Մեր հանրաքվեից հետո մենք չենք կարող որպես դիտորդ կամ համայնքի ներկայացուցիչներ ներկայանալ խորհրդաժողովին։ Այն, ինչ ներկայացվում է, ոչ այլ ինչ է, եթե ոչ նախկին վիճակին վերադարձնելու փորձ։ Մենք հիմք չունենք կասկածելու հիմնախնդիրը լուծելու հարցում շահագրգիռ լինելու՝ ԵԱՀԽ անդամների անկեղծությանը, եւ երախտապարտ ենք դրա համար, բայց կան բաներ, որոնք մեզ համար ամենակարեւորն են, եւ մենք չենք կարող զիջման գնալ։ Ինչ վերաբերում է ինքնորոշման իրավունքին եւ սահմանների անխախտությանը, ապա, իմ կարծիքով, ԵԱՀԽ-ն արդեն ընդունել է Սլովենիային, Խորվաթիային որպես իր անդամներ։ Դա, իհարկե, ունի իր իրավաբանական հիմնավորումը։ Կարծում եմ, որ նմանատիպ իրավիճակ է։ Այս երկու սկզբունքները չեն հակասում միմյանց, քանի որ պարզ չէ, թե ով եւ երբ է ճանաչել Ադրբեջանի ինքնորոշման իրավունքը։ Սա ինձ համար շատ կարեւոր է։ Երբ Ադրբեջանը հայտարարեց իր անկախության մասին, մենք էլ մեր հռչակագիրն ընդունեցինք։ Ղարաբաղը չէր մտնում Ադրբեջանի կազմի մեջ։ Եւ իմ պապերի մեղքը չէ, որ բոլշեւիկները Ղարաբաղն ուժով մտցրել են Ադրբեջանի կազմը։ Եւ հետո՝ ԼՂ ժողովուրդն իր վրա վերցրեց պատասխանատվությունը, եւ ինքը բարձրացրեց իր կարգավիճակը։ Չգիտեմ պատմական մի օրինակ, երբ ժողովրդին նորից ստիպեն ստրուկ դառնալ։ Մենք չենք համաձայնվի դրան։
Մարիո ՌԱՖԱԵԼԼԻ.- Ցավոք, պատմությունը լի է ազատության դեմ զանազան ոտնձգություններով։ Երբեմն էլ զենքի են դիմել։ Ես հարգում եմ ձեր կարծիքը եւ գիտեմ այն դերը, որ ունեցել են սովետներն ու Ստալինը Ղարաբաղի ճակատագրում։ Մյուս փաստարկները ճիշտ կլիներ ներկայացնել խորհրդաժողովում։ Ինչ վերաբերում է Սլովենիային, ապա տարբերություններ կան։ Եւ ճանաչմանը հասել են տարբեր ու երկարատեւ բանակցությունների, կոնսենսուսի միջոցով։ Մինչ այդ կոնսենսուսը ոչ ոք չճանաչեց այդ հանրապետություններին։ Դա կոնֆեդերատիվ պետություն էր, որ փլուզվեց։ Ինչու՞ Հայաստանը չի ճանաչում ձեր պետությունը։ Որովհետեւ եթե դա արվի, ապա վիճակն ավելի կբարդանա, եւ դժվար կլիներ միջազգային մակարդակով կոնսենսուսի հասնել, եւ Հայաստանն էլ կհայտնվեր ծանր վիճակի մեջ, ուրիշների քննադատության թիրախում։ Կա երկու հստակ ուղի։ Ես ուրախ եմ, որ բացահայտ վկայեցիք մեր անշահախնդրության մասին՝ ոչ միայն ԵԱՀԽ-ի, այլեւ Իտալիայի։ Ինչ որ է, առաջինը ռազմական ուղին է։ Այն, ինչ եղել է Նախիջեւանում եւ Լաչինում, արդեն բարդացրել է գործը։ Եւ կդառնա ոչ թե ԼՂ պրոբլեմ, այլ ավելի մեծ պրոբլեմ։ Գիտե՞ք, փորձեր են արվել խորհրդաժողովի անունը փոխել։ Այդ ուղին միայն վատ բանի կհասցնի։ Մյուս ուղին է՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Սա լավագույն ուղին է ձեր կարծիքի ճանաչման համար։ Եթե բացակայեք, ապա ձեզ կմեղադրեն, որ դուք ուզում եք խոչընդոտել բանակցային գործընթացը։ Հետեւանքները վատ կլինեն։ Հանդիպումը լինելու է ռազմական այս իրադարձություններից հետո…Այժմ ինձ թվում է, որ ապագա հանդիպումը կարելի է օգտագործել նաեւ խորհրդաժողովը հնարավոր դարձնելու եւ ձեր պրոբլեմները ներկայացնելու համար։ Ներկայումս Լաչինի եւ Շուշիի գրավումն ու միջանցքի բացումը պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծել։ Ադրբեջանական եւ թուրքական կողմերը դա օգտագործում են ասելու համար, որ խորհրդաժողով պետք չէ, եւ որ պետք է նախեւառաջ նախկին վիճակին վերադառնալ։ Հռոմում կայացած 4-օրյա խորհրդատվություններում մեծ ուշադրություն դարձրեցինք այդ պրոբլեմներին ավելի հավասարակշիռ վերաբերմունք ցուցաբերելու համար, որպեսզի հնարավոր դարձնենք խորհրդաժողովը։ Ինչ վերաբերում է Լաչինին, ապա կարեւոր է երաշխիքների այնպիսի համակարգի ստեղծումը, որը կարող է հակազդել ռազմական լարվածությանը։ Մինչեւ Մինսկը կարող ենք խոսել ԼՂ-ի ռազմական շրջափակման վերացման մասին։ Գիտեմ, որ Ստեփանակերտի վիճակը վատ էր։ Նույնը վերաբերում է նաեւ Շուշիին։ Մի բան է ադրբեջանցիներին թույլ տալ վերադառնալ (դա օրինական է եւ հասկանալի), մյուս կողմից էլ՝ դա կարելի է անել երաշխիքներ տալով, որ նրանք ապագայում չվնասեն Ստեփանակերտին։ Մենք կնախանշենք պրոբլեմների շրջանակը։ Չի կարելի ասել, որ այս հարցերը կլուծվեն մինչեւ Մինսկը։ Այս պահին մեր նպատակն է սառեցնել իրավիճակը։ Դուք դե-ֆակտո տիրապետում եք այդ վայրերին, բայց ադրբեջանցիները պիտի երաշխիքներ ունենան։ Դա անելով՝ ձեր իրավունքները ոտնահարված չեն լինի։ Ձեր կարծիքը կլսվի եւ ավելի մեծ վստահությամբ կընկալվի։
Համլետ ԳՐԻԳՈՐՅԱՆ.- Նորից մի փոքրիկ պարզաբանում։ Շուշիի հիմնադրման ժամանակից այն հինավուրց հայկական քաղաք է եղել եւ Արցախի մայրաքաղաքն էր։ Ազերի ղեկավարների մեղքով այն վերջնականորեն հայաթափվել է 2 տարի առաջ, ա սինքն՝ Շուշին մենք ոչ թե գրավե , այլ հետ ենք վերադարձրել։ Նույն վիճակը Նախիջեւանում է։
Մարիո ՌԱՖԱԵԼԼԻ.– Նախիջեւա՞նն էլ պիտի վերցնեք։ Սա սադրիչ հարց չէ։
Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ.- Դա Հայաստանի պրոբլեմն է։ Իսկ մենք չենք կարող մեր հարսանիքին ներկա լինել հյուրի կարգավիճակով։ Մենք արյուն ենք թափել, մեր արյամբ վճարել մեր քաղաքների ավերման ժամանակ, բայց մեր թիկունքին ժողովուրդն է, որի հետ կխնդրեինք հաշվի նստել։ Առաջարկներ անելիս պիտի դա նկատի ունենալ։ Պետականության բոլոր ատրիբուտները մենք ունենք։ Երբ մենք շրջափակման մեջ էինք, համաշխարհային հանրությունը մատների արանքով էր նայում դրան։
Մարիո ՌԱՖԱԵԼԼԻ.- Երբ միջանցք չկար՝ մենք Աղդամում էինք՝ ռումբերի տակ։ Ես կուզեի հստակ իմանալ, քանի որ եկել եմ եւ պիտի հաշվետվություն ներկայացնեմ։ Եթե ես ճիշտ եմ հասկացել՝ դուք կարող եք մասնակցել, եթե ընդունեն անկախ պետության ձեր կարգավիճա՞կը։
Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ.- Մենք իրավունք ունենք վճռորոշ դեր խաղալ մեր ժողովրդի ճակատագրի որոշման հարցում։ Այս պահին ես չեմ խոսում պետականության ճանաչման մասին։
Մարիո ՌԱՖԱԵԼԼԻ.- Ուրեմն՝ երբ ասում ենք շահագրգիռ կողմ…
Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ.- Մենք այդպիսին չենք, մենք պատերազմող կողմ ենք։ Հայաստանն է շահագրգիռ կողմ։
Մարիո ՌԱՖԱԵԼԼԻ.- Միայնա՞կ եք ուզում լուծել հարցը, թե՞ միասին։
Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ.- Նախորդ հանդիպումներում մեր առաջարկած մեխանիզմները չեն մշակվել եւ ուստի հետագա կոնսուլտացիաները պարոն Ռաֆաելլիի գործն է։
Մարիո ՌԱՖԱԵԼԼԻ.– Գուցե ճիշտ չեմ հասկացել, նորից ճշտեք՝ ինչպիսի՞ն եք տեսնում ձեր մասնակցությունը։
Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ.- Այն դեպքում, եթե վճռական ձայն ունենանք մեր ճակատագիրը լուծելիս, հակառակ դեպքում առանց մեզ կընդունվի որոշում, որն անցանկալի ու անհեռանկարային է։ Չկա պետական իշխանության ոչ մի մարմին, որ անտեսի ժողովրդի կամքը։ Եւ այն ձեւը, որ առաջարկվում է, չի հասկանա մեր ժողովուրդը, թեեւ մի շարք հարցերում ես պարոն Ռաֆաելլիի հետ համամիտ եմ։
Համլետ ԳՐԻԳՈՐՅԱՆ.- Ինչպես հայտնի է հրավեր են ստացել նաեւ ղարաբաղաբնակ ադրբեջանցիները։ Որքանո՞վ են այդ հրավերները տարբերվում միմյանցից։ Կարգավիճակով մենք չենք տարբերվում Հռոմ հրավիրված ադրբեջանցիներից։ Ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվել փետրվարի 28-ին Պրահայում։ Մենք բողոքում ենք նման վերաբերմունքից։
Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ.- Մենք Հայաստանին բողոք ենք ներկայացրել այն ստորագրելու համար։ Մեր անունից կարող են խոսել միայն մեր ներկայացուցիչները։
Մարիո ՌԱՖԱԵԼԼԻ.– Դա որոշում չէ, որ ձեզ մի կողմ է թողնում։ Ձեր եւ ԼՂ ադրբեջանցիների հրավերները համապատասխանում են ընդունված փաստաթղթին, որով ես իմ լիազորություններն եմ ստացել։ Ես կկարդամ դա։ Դա մարտի 24-ին էր։ ԵԱՀԽ Նախարարների խորհուրդը, բոլոր նախարարները համաձայն են, որ խորհրդաժողովն ունենա 11 անդամ-երկրներ, եւ որ ԼՂ ընտրված եւ այլ ներկայացուցիչները նախագահողի կողմից հրավիրվեն որպես շահագրգիռ կողմեր։ Այս մոտեցումն է տարբերում ձեզ ԼՂ-ի ադրբեջանցիներից, որովհետեւ ընտրված ներկայացուցիչները միայն դուք եք։ Հենց այս տարբերակումն էլ ընդգծում է, որ դուք ունեք հստակ կարգավիճակ։ Ասել՝ ընտրված ներկայացուցիչներ, նշանակում է ընդունել, որ եղել են ընտրություններ։ Միջազգային իրավունքի տեսանկյունից դա ինքնաբերաբար ենթադրում է, որ ընտրությունները նոր պետության ստեղծման հետեւանք են։ Մեր առաջարկները համահունչ են ձեր դիրքորոշմանը։ Միակ բանը, որ չենք կարող անել, դա ձեզ որպես անկախ պետության ներկայացուցիչներ հրավիրելն է։ Ձեր երկիրը միջազգային ճանաչում չի ստացել։ Եթե մի ամիս կամ մի տարի հետո դա լինի՝ ես հաճույքով ձեզ այդպես կանվանեմ։ Այս իմաստով սա պրոբլեմի էությունն է, ոչ թե ձեւը։ Ուստի կուզեի մի անգամ էլ ընդգծել, որ նման մթնոլորտում, այն է՝ ձեր մասնակցությամբ, չի կարող ձեր դեմ որոշում ընդունվել։ Եւ դա ոչ միայն այն պատճառով, որ ձեր ներկայացուցիչը նման հնարավորություն կունենա, այլեւ որ Հայաստանը կարող է վետո դնել։ Ամեն ինչից զատ՝ ձեր կարծիքն էական է լինելու։ Աբսուրդ է, որ 11 երկրներ մի որոշում ընդունեն ընտրված ներկայացուցիչների կարծիքին հակառակ։ Խոսենք նաեւ այն մասին, թե ինչ կարող է լինել, եթե չլինի ձեր համաձայնությունը։ Ամեն ինչ կմնա նույն վիճակում։ Բանակցությունները նրա համար են, որ ոչ մի երրորդ ուժ չմիջամտի։ Եթե չմասնակցեք՝ ձեր ձայնը չի լսվի, եւ այն կներկայացնի ՀՀ-ն, ինչը ճիշտ չէ, միեւնույն ժամանակ՝ ձեր հակառակորդներն անհաջողության համար մեղքը ձեզ վրա կբարդեն։
Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ.- Մի անգամ եւս ընտրված ներկայացուցիչների մասին։ Պարոն Ռաֆաելլին մի ասպեկտ մեկնաբանեց՝ կողմերի տարբեր կարգավիճակները։ Սակայն ոչ ոք Ադրբեջանին չի խանգարի Հռոմ ուղարկել ընտրված ներկայացուցիչներ, ասենք թե, մի քաղաքի մակարդակով, որովհետեւ հարկ է իմանալ ընտրական համակարգը, որ ժառանգել ենք Սովետական Միությունից, քանի որ տվյալ դեպքում անգամ քաղաքապետն է ընտրվում, եւ այդ մարդը կարող է ընտրված ներկայացուցիչ կոչվել։ Եւ հետո էլ՝ «եւ այլ ներկայացուցիչներ» ասելով բացահայտ ենթադրվում է տեղացի ադրբեջանցիներ։
Մարիո ՌԱՖԱԵԼԼԻ.- Այո, այդպես էլ կա։
Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ.- Կրկնում եմ՝ մենք ադրբեջանցիներին առաջարկել ենք մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Եւ մինչեւ վերջերս պահում էինք նրանց հատկացված տեղերը։ Այդ նույնն է, թե Ելցինի հետ հանդիպմանը մասնակցի նաեւ Թաթարստանը։ Մենք հարկ եղած հրավերը չենք ստացել, ավելին՝ ինֆորմացիա չունենք, եւ քանի որ հիմա պատերազմի մեջ ենք եւ ստիպված ենք պաշտպանվել, ապա հարցի նման դրվածքը տարակուսանք է առաջացնում։ Մի կողմից ասվում է, որ առանց մեզ ոչինչ չի արվի, մյուս կողմից՝ պետությունը չի ճանաչվում։
Մարիո ՌԱՖԱԵԼԼԻ.– Ազգային փոքրամասնության հարցը շատ լուրջ հարց է…
Մարիո ՍԻԿԱ.- Մի հարց կուզեի տալ։ Պարոն Պետրոսյանն ասաց, որ 3 տարբեր հրավեր է ստացել։ Տարբերությունը ձեւի՞ մեջ էր, թե՞ բովանդակության։
Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ.– Միայն հեռախոսակապ ունեինք, ուստի չկարողացանք ստանալ ֆաքսով։ Մեկում դիտորդ ենք անվանվում, մյուսում համայնքներ, երրորդում՝ ընտրված եւ այլ ներկայացուցիչներ։ Դժվար է հասկանալ, թե ինչ է նկատի առնվում։ Մենք պատասխանել ենք երկրորդ տեքստին, մենք կարող ենք սաթելիթով կապվել իրար հետ։
Մարիո ՍԻԿԱ.- Ըստ մեզ՝ 3-րդ տարբերակն է ճիշտը։ Դա մենք չենք հնարել, այլ ընդունել ենք մյուսների հետ համաձայնության գալով։ Ես խորհրդաժողովի նախագահի տեղակալն եմ։ Սինյոր պրեզիդենտ, մենք ուզում ենք ձեր հիմնախնդրի շուրջ խորհրդաժողով հրավիրել։ Մենք պիտի բովանդակությանը նայենք, այլ ոչ թե ձեւին։ Իրական լուծումը լինելու է աշխատանքային խմբերում, որոնց դուք լիիրավ մասնակցելու եք։
Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ.- Մենք վետոյի իրավունք ունե՞նք։
Մարիո ՍԻԿԱ.- Այո, բայց չի կարելի այս մասին «աղաղակել»։ Սա՝ Մինսկի մասին, բայց սա կուզեինք ընդունել նաեւ Հռոմում։ Եթե սահմանափակենք լիագումար նիստը եւ ընդլայնենք աշխատանքային խմբերի գործունեությունը՝ դուք կուզենա՞ք մասնակցել։
Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ.- Վճռական ձայնի իրավունք ադրբեջանցիներն էլ՞ են ունենալու։
Մարիո ՍԻԿԱ.– Դա ձեզ դուր չի՞ գալիս։
Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ.- Իհարկե՝ ոչ։
Մարիո ՍԻԿԱ.- Բայց մեծ տարբերություն կա 80 եւ 20 տոկոսների միջեւ։ Սա շատ էական հանգամանք է։ Դուք որպես ձեր տարածքում մեծամասնություն եք հանդես գալու եւ որպես ընտրված ներկայացուցիչներ։ Մինչդեռ դուք ձեւին եք ավելի մեծ կարեւորություն տալիս։
Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ.- Այս դեպքում ձեւը համապատասխանում է բովանդակությանը։ Եթե դուք ասում եք, որ մենք վճռորոշ ձայնի իրավունք ունենք աշխատանքային խմբերում եւ առանց մեզ որոշում չի ընդունվի, ապա նման իրավունք է տրվում նաեւ տեղացի ադրբեջանցիներին։ Ես Ձեզ ճի՞շտ եմ հասկացել։
Մարիո ՌԱՖԱԵԼԼԻ.- (փոքր ինչ բացակայելուց հետո վերադառնալով.-Գ.Բ.) Ես նոր եկա, բայց…
Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ.- Կուզեի, որ պարոն Սիկան պատասխաներ։
Մարիո ՍԻԿԱ.– Ես հասկանում եմ ձեր հարցը։ Դա համապատասխանում է ձեր դիրքորոշմանը։ Մեզ համար ձեր եւ ուրիշների դիրքորոշումը համարժեք չեն։ Վետոյի մասին խոսելիս դուք ձեւին եք ուշադրություն դարձնում։ Չեմ կարող ասել, թե ադրբեջանցիների կարծիքը հաշվի չի առնվելու, բայց նրանց ու ձեր խոսքը նույն կշիռը չունեն։ Եւ առանց ձեր կարծիքի իրոք ոչինչ չի լինի։
Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ.– Ստիպված եմ մեկ անգամ եւս կրկնել, որովհետեւ խուսափում եք հարցից։ Հրավերի ձեւը եւ վճռական ձայնի մասին մեր զրույցները վկայում են, որ 2 կողմերն էլ նույն իրավունքներն են ունենալու, ինչից, բնականաբար, օգտվելու է նաեւ մյուս կողմը։
Մարիո ՌԱՖԱԵԼԼԻ.– Կուզեի ընդգծել հետեւյալ հանգամանքը։ Բանակցությունների միջոցով կարելի է փոխզիջման հասնել։ Ամեն մեկը որոշակի կշիռ ունի։ Չի լինի, որ մեկը շատ կշիռ ունենա, մյուսը՝ ոչ մի։ Կլինեն տարբեր ուժեր բանակցությունների վրա ազդելու համար, եւ շատ բան կախված է լինելու քննարկվող փաստարկներից։ Ադրբեջանն ու Հայաստանը որպես պետություններ այս բանակցություններում ավելի մեծ կշիռ են ունենալու, քան Ֆրանսիան եւ Իտալիան։ Թուրքիան ավելի մեծ կշիռ է ունենալու, քան Շվեյցարիան։ Ձեւի տեսանկյունից 2 կողմերն էլ միեւնույն տեսակարար կշիռն ունեն։ Բայց մեծամասնության տեսակարար կշիռն ավելի մեծ է։ Սակայն, չեմ կարող ասել, թե կշիռ չի ունենա ադրբեջանցի փոքրամասնության կարծիքը։ Լավ գիտեք, Լեռնային Ղարաբաղի բոլոր ներկայացուցիչներն էլ պիտի Ադրբեջանի կազմում լինեին։ Մենք ասացինք, որ նման մոտեցումը կողմերից մեկին միայն կարող է բավարարել։ Եւ բոլոր երկրներն էլ ճիշտ համարեցին մեր առաջարկը, անգամ Ադրբեջանը, որը չկարողացավ ընդդիմանալ այս որոշմանը։ Ամեն մեկի կշիռը կախված է լինելու ընդունվելիք կոնկրետ որոշումից։ Օրինակ՝ անկախության հռչակման մասին։ Հարց է ծագում՝ ադրբեջանցիները կարո՞ղ են վետոյի իրավունք ունենալ։ Այս հարցում Ադրբեջանն է վիճելու, քանի որ իր տարածքի մի մասն է համարում Ղարաբաղը։ Գուցե հետեւյալ տեսակետին հարել՝ խորհրդաժողովի անցկացման ժամանակ հնարավոր չի լինելու ձեր կամքին հակառակ կամ ձեզ համար բացասական որոշում ընդունել։ Ստեղծված իրավիճակի ցանկացած փոփոխման համար բոլորի համաձայնությունն է պետք։ Դուք ասացիք, որ ադրբեջանցիների համար տեղ եք թողել խորհրդարանում։ Ուրեմն ցանկացել եք նրանց հարցերով էլ զբաղվել։ Եթե Ադրբեջանն առաջարկի ինքնավարություն՝ դուք կարող եք չհամաձայնվել…
Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ.- Ինքնավարություն մենք արդեն ունեցել ենք։
Մարիո ՌԱՖԱԵԼԼԻ.-…կամ ֆեդերացիա, կամ անկախություն։ Բոլոր դեպքերում էլ կոնսենսուս է պետք։ Դա հաճախ տարիներ է տեւում։ Բայց մի բան է, երբ այն երկար է տեւում խաղաղ, մեկ այլ բան, երբ պատերազմ է։
Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ.- Կներեք, բայց եթե մենք քննարկում ենք հիմնախնդրի քաղաքական հայեցակետերը, մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ Ադրբեջանի կառավարության իրական նպատակը մեզ ոչնչացնելն էր։ Որտե՞ղ է երաշխիքը, որ Ադրբեջանը չի շարունակի այդպես վարվել։ Դուք առաջարկում եք սառեցնել իրավիճակը, իսկ նրանք կարող են օգտվել դրանից ու նախապատրաստվել։ Ադրբեջանն ասիմիլացրել է ուրիշ ազգերի։ Ադրբեջանական բանակը դասալքում են լեզգիները, թալիշները։ Այս առումով Ադրբեջանը մոնոլիտ պետություն չէ եւ որպես պետություն մտածում է իրեն պահպանելու մասին։
Մարիո ՌԱՖԱԵԼԼԻ.– Խորհրդաժողովը լինելու է այս իրավիճակի պայմաններում, այն, ինչ ունենք այսօր։
Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ.- Դե-յուրե, թե դե-ֆակտո ԼՂՀ-ն կայացած է եւ ունի պետականության բոլոր ատրիբուտները։
Մարիո ՌԱՖԱԵԼԼԻ.- Ներքին տեսանկյունից։ Իսկ արտաքի՞ն։
Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ.- Մենք կսպասենք։
Մարիո ՌԱՖԱԵԼԼԻ.- Հետաքրքիր էր իրավիճակի սառեցման մասին ձեր ասածը։ Այն, ըստ Ձեզ, Ադրբեջանին կարող է թույլ տալ նախապատրաստվել նոր գործողությունների։ Ինչու՞ եք գտնում, որ այդ վտանգն ավելի մեծ է լինելու խորհրդաժողովի ժամանակ, այլ ոչ թե հիմա։
Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ.- Վտանգը կապ չունի խորհրդաժողովի հետ։ Դժվար թե որեւէ երկրի համար դա լուրջ խոչընդոտ լինի։
Մարիո ՌԱՖԱԵԼԼԻ.- Եթե մի կողմը չընդունի խորհրդաժողովի որոշումը, ապա մյուս կողմը, բնական է, կարող է ավելի ագրեսիվ լինել առանց այդ որոշման։ ԵԱՀԽ-ն կարող է մի քանի հարյուր դիտորդ ուղարկել հրադադարը եւ տեղափոխությունները վերահսկելու համար։ Բացառված չեն նաեւ ռազմական երաշխիքները։
Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ.- Մի փոքրիկ էքսկուրս՝ միջազգային հանրության պատմությունից։ Չնայած ՄԱԿ-ի դատապարտմանը՝ Թուրքիան կարողացավ Կիպրոսը զավթել։ Ուստի լուրջ կասկածներ ունենք, որ միջազգային հանրության դերը գերագնահատվում է։
Մարիո ՌԱՖԱԵԼԼԻ.- Դա, իրոք, այդպես է, քանի որ դեպքերն արագ են զարգանում։ Իրաքի օրինակը։
Մարիո ՍԻԿԱ.- Նախքան հրաժեշտ տալը խոսենք Մինսկի եւ Հռոմի մասին։ Հռոմում նպատակ կա ճշտել խորհրդաժողովի հետ կապված որոշ հանգամանքներ, բայց ձեւականորեն այն կապված չէ Մինսկի հետ։ Հռոմի որոշումները չեն խանգարի եւ չեն պարտավորեցնի Մինսկին։ Հռոմ գալով չի նշանակում, որ հարցը լուծված է։
Մարիո ՌԱՖԱԵԼԼԻ.– Եթե կարելի է՝ ավելի անկեղծ։ Այն, ինչ ասել եք ինձ, կարող եք ասել Հռոմում, եւ դա չի նշանակի, որ պարտավոր եք մասնակցել Մինսկին։ Կարող եք գալ Հռոմ եւ ներկայացնել ձեր առաջարկությունները Մինսկի համար։ Եթե դժգոհ լինեք Հռոմից՝ կարող եք չգալ Մինսկ։
Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ.- Շնորհակալ եմ, որ պարոն Ռաֆաելլին ընդունեց հանդիպման մեր առաջարկը։ Հարցը մենք կքննարկենք մեր խորհրդարանում եւ որոշում կընդունենք՝ հաշվի առնելով մեր գործընկերների կարծիքները։ Ըստ էության, շատ բան պարզվեց։ Մենք ձեզ անպայման տեղյակ կպահենք։
Վերջաբանի փոխարեն։ Տևական ու բուռն քննարկումներից հետո ԼՂՀ պատվիրակությունն, այդուամենայնիվ, մասնակցեց Հռոմի հանդիպմանը: Գ.Բ.
«Անալիտիկոն», մայիս, 2009