Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

ԵՄ-ն լուռ դիտորդ Արցախում և ակտիվ հաշտարար` ռուս-վրացական պատերազմի ժամանակ

hayk
November 2020

 

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Վերլուծաբան

Երևան

Արցախյան երկրորդ պատերազմն այլևս իրողություն է: Այն ուժերի նոր հավասարակշռություն առաջացրեց Հարավային Կովկասում, ամրապնդեց տարածաշրջանային որոշ հսկաների դերը, նոր խաղացողներ ինտեգրեց Արցախյան հակամարտությունում, իսկ որոշներն ուղղակի մնացին լուսանցքից այն կողմ: Արցախյան պատերազմի հետաքրքիր դրվագներից էր ԵՄ-ի անգործունեությունը կամ պասիվ կեցվածքը պատերազմի ողջ ընթացքում: Չնայած Հայաստանն ու Ադրբեջանը հանդիսանում են ԵՄ-ի Արևելյան գործընկերության վեց անդամներից, ԵՄ-ն կարծես թե չէր շտապում գործնական որևէ քայլ ձեռնարկել իր անմիջական հարևանության գոտում կայունություն ու խաղաղություն հաստատելու համար: Համեմատության համար նշենք, որ Արևելյան հարևանության այլ երկրներում, ինչպիսիք Վրաստանն ու Ուկրաինան են, ԵՄ-ն միանգամայն այլ` պրոակտիվ կեցվածք  դրսևորեց:

Արցախյան պատերազմի վերսկսման առաջին իսկ օրերից ԵՄ-ն կրավորական դիրքորոշում ցուցաբերեց, որը չէր հատում խորը մտահոգությունների և անհասցե կոչերի սահմանը: Սեպտեմբերի 27-ին Եվրոպական Միության արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ջուզեպ Բորելին հայտարարություն  տարածեց, ըստ որի՝ Եվրոպական միությունը կոչ էր անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ապահովել իրավիճակի դեէսկալացիա և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: «Հրատապ անհրաժեշտ է վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին, առանց նախապայմանների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,-ասվում էր հայտարարության մեջ: Հայտարարությունը, ինչպես գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունների և երկրների` այդ օրերին հնչող հայտարարությունները, անատամ էր և չուներ հասցեական ուղղվածություն: Որևէ մեկի համար գաղտնիք չէր, թե ով էր ագրեսորը և ով էր սկսել խաղաղ բնակչության հրետակոծումն արգելված զինատեսակներով, սակայն ԵՄ-ն ևս բոլորի նման փորձեց  հավասարության նշան դնել և չդատապարտել ադրբեջանական ագրեսիան: Պատերազմից ընդամենը մի քանի օր անց` հոկտեմբերի 2-ին, ԵՄ-ն  որոշում կայացրեց տրամադրել 500.000  եվրո մարդասիրական աջակցություն: 

Պատերազմական օրերին հատկապես ակտիվ էին գործում Եվրոպական խորհրդարանի անդամները, որոնք անդադար հարցեր էին ուղղում Եվրոպական հանձնաժողովին և պահանջում դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան: Հատկանշական էր հատկապես Եվրոպական  խորհրդարանում հոկտեմբերի 7-ին կայացած բանավեճը, որտեղ ելույթ ունեցող պատգամավորների գերակշիռ մեծամասնությունն (65-ից 60-ը) անկախ իր քաղաքական և կուսակցական պատկանելությունից  լիակատար աջակցություն հայտնեց Արցախի հայությանը, դատապարտեցին Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը պատերազմական գործողություններում և պահանջ ներկայացրեց ճանաչել Արցախը: Սակայն Եվրոպական խորհրդարանը, լինելով միակ ժողովրդավարական մարմինը, չունի որոշումներ և օրենքներ ընդունելու ուժ, ուստի այդ հայտարարությունները մնացին միայն խորհրդարանական պատերի ներսում:

Ի տարբերություն Եվրախորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովը միանգամայն այլ բառամթերք էր օգտագործում և կեցվածք ցուցաբերում պատերազմի նկատմամբ: Ավելին` Ստեփանակերտի և Շուշիի քսանօրյա հրետակոծությունների ժամանակ ԵՄ-ն ոչ մի հասցեական  դատապարտող հայտարարություն չտարածեց, սակայն Գյանջայի հրետակոծության ժամանակ ԵՄ-ն դատապարտեց Հայաստանի գործողությունները: Ավելի ուշ ԵՄ-ն ևս 400.000 եվրո մարդասիրական օգնություն տրամադրեց պատերազմից տուժած կողմերին:  Պատերազմի ավարտից հետո Եվրոպական հանձնաժողովը հայտարարեց հավելյալ 3 մլն եվրո մարդասիրական օգնություն տրամադրելու մասին, որը թույլ կտա ապահովել կարևոր աջակցություն Լեռնային Ղարաբաղի տարածքում և նրա շուրջ հակամարտության հետևանքով առավել տուժած քաղաքացիական բնակչությանը։ ԵՄ-ի ցուցաբերած պահվածքը խոսուն վկայություն էր, որ ԵՄ-ն հետաքրքրված չէ տարածաշրջանում իր դերակատարության բարձրացմամբ:

ԵՄ-ի որոշման վրա ազդում են տարբեր շահեր ունեցող բազմաթիվ դերակատարներ։ Նախ, կարող ենք առանձնացնել պետական և անդրազգային խաղացողներին: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի էներգետիկ սեկտորում բազմաթիվ խոշոր եվրոպական անդրազգային կորպորացիաներ ներդրումներ են կատարել, ուստի շահագրգռված են խաղաղության և կայունության պահպանմամբ: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, խոշոր բաժնեմասեր ունի որոշ եվրոպական երկրների էներգետիկ ոլորտում, որի արդյունքում վերջիններս միջազգային ասպարեզում հանդես են գալիս ադրբեջանանպաստ դիրքորոշումներով: Ուստի պատահական չէ, որ ԵՄ-ն չարձագանքեց նաև իր անվտանգության  ուղղակի սպառնալիքներին, որոնք Թուրքիան և Ադրբեջանը ստեղծել էին տարածաշրջանում: ԵՄ-ի ազդեցիկ անդամ Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ  ունի հետախուզական տվյալներ Թուրքիայի կողմից դեպի Ադրբեջան տեղափոխվող սիրիական վարձկանների վերաբերյալ: Համաշխարհային լրատվամիջոցներն աղաղակում էին այդ մասին, սակայն ԵՄ-ն գերադասեց փակել աչքերը տարածաշրջանում անվտանգային լուրջ խնդիրներ առաջացնող  այդ փաստի վրա:

Այսպիսով, եթե ամփոփենք, ապա ակնհայտ է, որ ԵՄ-ն ամենևին էլ  հետաքրքրված չէր  տարածաշրջանում  նոր փրկչի դեր կատարելու առաքելությամբ: ԵՄ-ն փորձում է փափուկ ուժի մեթոդներով սահմանափակ ազդեցություն ունենալ  Հայաստանի վրա, սակայն պատրաստակամ չէ հատել այդ սահմանը և առանցքային դերակատարություն ստանձնել հակամարտության կարգավորման և  տարածաշրջանային խնդիրների լուծման գործում, ինչպես դա արվել էր ռուս- վրացական պատերազմի ժամանակ:

 Փորձենք հասկանալ, թե  ինչու ԵՄ-ն միանգամայն այլ կեցվածք ցուցաբերեց 2008-ի ռուս-վրացական պատերազմի ժամանակ: 2003-ին Վրաստանի նախագահ դարձավ Մ. Սաակաշավիլին, ով չէր թաքցրել իր հավակնությունը՝ վերականգնելու Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ազատելու երկիրը ռուսական ազդեցությունից և հետագայում դառնալու ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ: ՌԴ-ն փափուկ միջոցներով՝ պատժամիջոցներով բազմիցս նախազգուշացնում էր Սաակաշվիլուն վտանգավոր խաղ սկսելու մասին, սակայն Սաակաշվիլին անդրդվելի էր իր ցանկությունների մեջ, մանավանդ որ ուներ Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի բացարձակ աջակցությունը:

Հաջորդ գործոնը, որը նպաստեց ռուս-վրացական ռազմական բախմանը 2008-ի գարնանը, Արևմուտքի կողմից Կոսովոյի անկախության ճանաչումն էր: ՌԴ-ի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի ճանաչումը դարձավ Արևմուտքի գործողությունների պատասխան քայլը: Կոսովոյի անկախության ճանաչումից մի քանի շաբաթ անց Բուխարեստում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որտեղ որոշում ընդունվեց Վրաստանի և Ուկրաինայի համար ճանապարհային քարտեզ ընդունելու մասին: Սա նշանակում էր, որ տրվում էր Վրաստանի և Ուկրաինայի ՆԱՏՕ-ի անդամակցության տեսլականն, ինչն, անշուշտ, անընդունելի էր ՌԴ-ի համար: Պետք է նշել, որ այդ որոշումը հատկապես պաշտպանվում էր ԱՄՆ-ի կողմից, իսկ ԵՄ-ի առաջատար երկրներ Գերմանիան և Ֆրանսիան բավականին կասկածամտորեն էին վերաբերվում այդ մոտեցմանը: Արդյունքում տեղի ունեցավ 2008-ի օգոստոսի հնգօրյա պատերազմը, որի  հետևանքով Վրաստանը ոչ միայն կորցրեց Հարավային Օսիան և Աբխազիան, այլև ռուսական զորքերի կողմից գնդակոծվեցին նաև բուն Վրաստանի տարածքները: Արդյունքում Վրաստանը կորցրեց այն, ինչ արդեն վաղուց կորցրել էր, սակայն դրա փոխարեն կարող ենք նշել, որ ձերբազատվեց հակամարտությունները՝ որպես ազեցության գործիք կիրառող ռուսական ազդեցությունից: Այսինքն, Վրաստանի արևմտամետ քաղաքականության գինը դարձավ տարածքային ամբողջականության դե ֆակտո ամրագրումը: 

Հնգօրյա պատերազմը լավ հնարավորություն էր ԵՄ-ին առանց ռազմական միջամտության մուտք գործելու տարածաշրջան և մեծացնելու իր քաղաքական կշիռն այս տարածաշրջանում: Մինչ 2008-ը տարածաշրջանային հակամարտություններում ԵՄ-ն հանդես էր գալիս միջնորդավորված կերպով՝ այլ կազմակերպությունների շրջանակներում, սակայն հնգօրյա պատերազմը փոխեց հակամարտություններում ԵՄ-ի ներգրավվածություն ձևաչափը: Ռուս-վրացական պատերազմի ժամանակ ԵՄ-ն նախագահող երկրի` Ֆրանսիայի ղեկավար Ն. Սարկոզիի գլխավորությամբ, հանդես եկավ միջնորդական առաքելությամբ: Արդյունքում ստորագրվեց վեց կետից բաղկացած հրադադարի ռեժիմի սահմանման փաստաթուղթ: Այդ կերպ ԵՄ-ն ցույց տվեց ՌԴ-ին, որ ինքն էլ տարածաշրջանային ակտիվ դերակատար է, որը կարող է միջնորդություն ունենալ այնպիսի հարցերում, որոնք նախկինում եղել են միայն ՌԴ-ի մենաշնորհը: Միևնույն ժամանակ, կարծում ենք, որ դա տարածաշրջանում իր հիմնական ռազմավարական նպատակները լուծած ՌԴ-ի և իր հեղինակությունը փրկելու և տարածաշրջանում այն ամրապնդել ձգտող ԵՄ-ի միջև առկա լռությամբ ձեռք բերված փոխշահավետ գործարքի արդյունք էր: Սակայն ՌԴ-ի համար տարածաշրջանում «տաք» հակամարտությունների առկայությունը ևս մի ակնարկ էր, որ ԵՄ-ի էներգետիկ քաղաքականությունը հակասում է ՌԴ-ի շահերին, ուստի ՌԴ-ն չի երկմտի դիմել նաև ռազմական ուժի:

Այսպիսով,  ռուս-վրացական պատերազմն ազդարարեց ԵՄ-ի մուտքը արևելյան գործընկերության տարածաշրջան, որը 2009-ին ստացավ ինստիտուցիոնալ բնույթ:  Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ ԵՄ-ն կարողացավ   հստակ մեծացնել  իր դերակատարությունը Ռուսաստանի մերձավոր արտասահմանում: Արցախյան երկրորդ  պատերազմը փորձաքար դարձավ նաև ԵՄ-ի համար և բազմաթիվ  հարցեր առաջացրեց  տարածաշրջանում ԵՄ-ի կշռի և ազդեցության վերաբերյալ:




Նմանատիպ  նյութեր

Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի պակասի պայմաններում

September 2023

Արցախի նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը, որն ավարտվեց նախագահի ընտրությամբ, տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի...

Կարդալ ավելին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

July 2023

Ռուբեն Մեհրաբյան Հունիսի 11-12-ին Վիլնյուսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հարուստ էր պատմական որոշումներով, որոնք կանխորոշում են ապագա աշխարհակարգում Դաշինքի ամենահզոր...

Կարդալ ավելին
Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

March 2023

Մանվել Սարգսյան Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը)՝ դրա հետ ինչ-որ հույսեր կապելով։ Ադրբեջանի հասարակության մեջ...

Կարդալ ավելին
ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

November 2022

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ «Ռուսաստանը արդարացնում է իրեն որպես դաշնակից», -ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Պրիմակովյան ընթերցումների շրջանակում պատասխանելով Երևանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Վրաստանի եվրաինտեգրումն ու նախագահի շուրջ ներքաղաքական դիմակայությունը
  • Նախագահ Զուրաբիշվիլիի իմպիչմենտը՝ Եվրամիության դռների մոտ
  • Եվրաինտեգրման հերթական սաբոտաժը՝ Վրաստանի իշխանության կողմից

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.