Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Եռաստիճան երկխոսությունը որպես ուղիղ ճանապարհ

marut
December 2013

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր
Ստեփանակերտ

Անցնող տարում շատ են եղել նաեւ խաղաղարարության, ավելի ճիշտ՝ քաղաքացիական խաղաղարարության արդյունքներն ամփոփելու եւ  գնահատելու փորձերը: Նորերս էլ Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի ու Հայաստանի մի խումբ փորձագետների հետ նման հետազոտություն է անցկացրել International Alert կազմակերպությունը: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Եվրոպական գործընկերության շրջանակներում (EPNK) իրականացված սույն ուսումնասիրությունը կոչվում է «Խաղաղության հեռանկարի մերձեցում. քաղաքացիական խաղաղարարության 20 տարին` ղարաբաղյան հիմնախնդրի համապատկերում»:

 

Ընդհանրապես, հանրությունում եզրահանգումները, մեղմ ասած, լավատեսական չեն: Սակայն ամեն ինչ կախված է գնահատման չափանիշներից: Մարդիկ սովորաբար դատում են ըստ կոնկրետ ու շոշափելի արդյունքի, այլ ոչ թե ըստ ներուժի ու հեռանկարի: Մինչդեռ խաղաղարարությունը կամ, ինչպես ընդունված է ասել, ժողովրդական դիվանագիտությունը կամ Track-2-ը, այն ոլորտը չէ, որտեղ զգայարաններից ամենակարեւորը շոշափելիքն է: Ավելին, հաճախ հարկ է լինում այն զգալ հավելյալ՝ վեցերորդ զգայարանով: Այսպես, հյուսիսիռլանդական հակամարտությունում այդպիսի հավելյալ զգայարանով է նոր ժամանակներն զգացել քաղաքական գործիչ Ջոն Հյումը, ով, ինչպես Բելֆաստում են ասում, իր հոգու ու մտքի «ալեհավաքով» որսացել է խաղաղության ուղերձը:

Քաղաքացիական հասարակության խաղաղարար գործունեության մասին մարդիկ դատում են ըստ առկա իրավիճակի: Իրոք, այս չափանիշով դժվար է տեսանելի դարձնել խաղաղարարության արդյունքները, քանի որ հակամարտությթան մեջ ներգրավված կողմերի ռազմական բյուջեն տարեցտարի մեծանում է (հայկական կողմերը ստիպված են ներգրավվել Ադրբեջանի նախաձեռնած սպառազինությունների մրցավազքում), ուժգնանում է ռազմատենչ հռետորաբանությունը, շարունակվում է տեղեկատվական պատերազմը եւ այդ պատերազմի ծնծղաների տակ պարբերաբար զինվորականներ են զոհվում սահմանի երկու կողմերում էլ: Այս ամենի համապատկերում էլ՝ բանակցային գործընթացում ոչ մի առաջընթաց չկա, ինչպես չկա ոչ մի որակական փոփոխություն կամ դրա միտում նույն այդ գործընթացում:

Սակայն, ինչպես ասում են, նայած ով ինչպես է նայում կիսատ բաժակին: Խաղաղարարների համար այն կիսով չափ լիքն է, այն է` ակտիվ ռազմական գործողություններ չկան, մերթընդմերթ խոսվում է բանակցային գործընթացում ճեղքման կամ ոսկե հնարավորության մասին, տեղեկատվական պատերազմի պայմաններում համագործակցում են Ադրբեջանի, Հայաստանի ու ԼՂՀ-ի լրագրողական որոշ շրջանակներ` փորձելով հրաժարվել թշնամու կերպարի ու ատելության սերմանումից, հակամարտող այս կամ այն երկրում երբեմն-երբեմն հայտնվում են «սպիտակ ագռավներ», ովքեր հարգանքով ու համակրանքով են խոսում մյուս կողմի մասին եւ իրենց վրա վերցնում հանրության զայրույթը, իմա՝ «դիվերսիֆիկացնելով»  ատելությունը: Այս ամենը չափելը դժվար է, դա չես անի ոչ կիլոգրամով, ոչ մետրով, մեկ բնակչին հասնող ինչ-որ բանի հաշվարկով, մեկ հեկտարին բաժին ընկնող բերքի քանակով, լրագրային մակերեսով կամ մեկ այլ բանով: Այն, ինչ, զորօրինակ, անցնող տարում արել է ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին, կարելի է չափել միայն սրտամետրով:

Սակայն, ամեն ինչից զատ, ինձ թվում է, որ խաղաղարարության արդյունքների թերագնահատման կամ սխալ գնահատման հիմնական պատճառը երեւույթի սխալ դեֆինիցիան է՝ ձեւակերպումը: Իրականում՝ հակամարտող կողմերի միջեւ երկխոսության եւ վստահության կամուրջների ստեղծմամբ զբաղվող ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը չի  կարելի խաղաղարարություն որակել: Դա շատ հավակնոտ, պատասխանատու եւ այլ քաշային կարգ ունեցող ձեւակերպում է: Իրականում խաղաղություն արարում են պաշտոնական՝ Track-1-ի մակարդակով, հակամարտության մեջ ներգրավված երկրների կառավարող էլիտաների կողմից: Քաղաքացիական հասարակությունն ավելի շատ կոչված է զբաղվելու խաղաղության արարումից հետո դրա ամրապնդմամբ ու հանրայնացմամբ կամ էլ քաղաքական էլիտաների կողմից խաղաղության ու հաշտեցման որոշման ընդունման համար բարենպաստ հողի ու հասարակական կարծիքի նախապատրաստմամբ:

Այո, քաղաքական էլիտաները որոշում ընդունում են հանրության, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ազդեցության տակ: Ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված երեք կողմերում քաղաքական էլիտաների ու հասարակության այս կապը չկա, ինչը նշանակում է, որ քաղաքացիական հասարակությունը ոչ միայն բնականորեն զրկված է խաղաղություն արարելու հնարավորություններից, այլեւ անբնականորեն հեռացված է նաեւ քաղաքական էլիտաների վրա ազդելու լծակներից:

Ահա թե ինչու դժվար է շոշափուկներով դատել ժողովրդական դիվանագիտության ձեռքբերումների մասին: Բայց դրանք կան, միանշանակ կան:

Հակամարտության մեջ ներգրավված երեք հանրությունների որոշակի շերտերի միջեւ գնալով ընդլայնվող շփումները, դրանց մասին հանրային տեղեկատվությունն օգնում են եթե ոչ թշնամու կերպարից ընդհանրապես ձերբազատվելու, ապա այդ կերպարն անդեմ-ընդհանրական կաղապարից դուրս բերելուն, ինչն էլ թշնամու կերպարից ձերբազատվելու առաջին քայլն է: Վերջերս կայացած հայ-ադրբեջանական հանդիպումներից մեկի ժամանակ ես այսկերպ դիմեցի ադրբեջանցի մասնակիցներին՝ «Եթե ձեզ համար առայժմ դժվար է լիովին ձերբազատվել ատելությունից, ապա ես ուզում եմ, որ դուք իմ ժողովրդին ատեք ի դեմս ինձ ու ի դեմս այն մարդկանց, ում դուք անձամբ ճանաչում եք: Ու որոշ ժամանակ հետո հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչու եք ինձ ատում: Ահա այստեղից է սկսվելու իսկական երկխոսությունը՝ սկզբում ինքներդ ձեզ հետ ու հետո՝ ինձ հետ: Հնարավոր չէ սիրել կամ ատել ընդհանրապես»:

Ի դեպ, հակված եմ կարծելու, որ մեր այս ընդհանրական ատելության մեջ որոշակի տարբերություն կա: Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում նույնպես կա ընդհանրական կամ կույր ատելության համախտանիշ, բայց, ի տարբերություն ադրբեջանական հասարակության, մեզ մոտ ատելությունն ավելի հասցեական է՝ ատում են Ռամիլ Սաֆարովին, Իլհամ Ալիեւին, համացանցում տարածված լուսանկարում հայի գլուխը ձեռքին ու նեանդերթալյան ժպիտը դեմքին ստահակին եւ նմաններին:

Կարծում եմ, որ հաշտեցումը կսկսվի այն ժամանակ, երբ այդ ընդհանրական ատելությունն ուղղակի զզվանք կառաջացնի մարդկանց մոտ, երբ մարդիկ կհասկանան, որ դա նախամարդուն հատուկ հոգեվիճակ է: Ամեն ինչի համար մեղքն ուրիշի վրա բարդելը եւ սեփական անձը պատասխանատվությունից տոտալ ազատումն աղճատում է համարժեք աշխարհընկալումը եւ մարդուն թերարժեք դարձնում:

Կուզեի իմ սուբյեկտիվ ընկալմամբ անդրադառնալ քաղաքացիական հասարակության խաղաղարար գործունեությանը խոչընդոտած երեք հանգամանքներին:

Առաջին: Ընդունված է կարծել, որ քաղաքացիական ակտիվիստներիս ջանքերն անարդյունավետ են եղել այն պատճառով, որ մենք՝ ակտիվիստներս, փոքրաթիվ ենք: Կտրականապես համաձայն չեմ՝ առաջին հերթին եւ ավելի շատ պիտի բազմանան գաղափարները, այլ ոչ թե մենք: Գաղափարների մրցունակությունն է գաղափարակիրների ու համախոհների թվի աճի գլխավոր ռեսուրսը:

Երկրորդ: Խաղաղարարության նվազ արդյունավետության պատճառներից մեկն էլ այն է, որ այն իրականացվել է հակամարտության մեջ ներգրավված երկրների ժողովրդավարական բարեփոխումներից անջատ: Մինչդեռ միայն ժողովրդավարական բարեփոխումները կարող են  քաղաքացիական հասարակությանը օժտել կառավարող էլիտայի վրա ներազդելու լծակներով: Ուրեմն՝ խաղաղարար գործունեության մեջ միջազգային ակտորներն ու դոնորները շեշտը պետք է դնեն երեք երկրների ժողովրդավարացման վրա:

Եվ, վերջապես, երրորդ հանգամանքը հակամարտության կողմերի անպատրաստությունն է առանց միջնորդների ելք որոնելու ստեղծված իրավիճակից: Թե՛ պաշտոնական բանակցային գործընթացը, եւ թե՛ քաղաքացիական խաղաղարարությունը տեղի են ունենում միջնորդավորված՝ միջազգային միջկառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների միջնորդությամբ: Հակամարտող կողմերը բավականին քննադատական մոտեցումներ ունեն միջնորդների գործունեության վերաբերյալ, եւ ինչ-որ տեղ դա արդարացի է: Սեփական խնդիրներով խճճված մեր հարաբերությունների գորդյան հանգույցին միջնորդները կամա թե ակամա ավելացրին նաեւ իրենց իսկ խնդիրները: Ու մենք համատեղ փորձում ենք լուծել մեր ու իրենց խնդիրները:

Սակայն միջնորդներից բողոքելն ամենաազնիվ ճանապարհը չէ: Հարկ է ընդունել, որ մենք դեռեւս համապատասխան կամք, մակարդակ, անկեղծություն ու շահագրգռվածություն չունենք դեմ առ դեմ քաղաքակիրթ քննարկելու մեր խնդիրները: Միջազգային միջկառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունները շատ բան են արել եւ շարունակում են անել հակամարտող կողմերի միջեւ երկխոսության ու վստահության կամուրջների ապահովման համար: Դժվար է միջնորդներից պահանջել ավելի սրտացավ ու հոգատար լինել մեր նկատմամբ, քան ինքներս ենք մեր իսկ նկատմամբ:

Այլ ճանապարհ չկա` մենք երկխոսելու ենք վաղ թե ուշ: Ու երկխոսությունն այդ եռաստիճան է լինելու: Սկզբում մարդ խոսելու է ինքն իր (իր խղճի կամ երկրորդ «ես»-ի)  հետ, ապա իր նմանների հետ ու, վերջապես, մյուս կողմի հետ:

Այս եռաստիճան կամ եռամիասնական երկխոսությունն է խաղաղարարության երաշխիքը: Առանց երկխոսվող հոգեվիճակի հնարավոր չէ բանավիճել սեփական հանրությունում: Առավել եւս՝ հակամարտության մյուս կողմի հետ: Վիճեք ինքներդ ձեզ հետ, տիկնայք եւ պարոնայք: Ու վեճը թող անողոք լինի:

Նմանատիպ  նյութեր

Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի պակասի պայմաններում

September 2023

Արցախի նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը, որն ավարտվեց նախագահի ընտրությամբ, տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի...

Կարդալ ավելին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

July 2023

Ռուբեն Մեհրաբյան Հունիսի 11-12-ին Վիլնյուսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հարուստ էր պատմական որոշումներով, որոնք կանխորոշում են ապագա աշխարհակարգում Դաշինքի ամենահզոր...

Կարդալ ավելին
Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

March 2023

Մանվել Սարգսյան Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը)՝ դրա հետ ինչ-որ հույսեր կապելով։ Ադրբեջանի հասարակության մեջ...

Կարդալ ավելին
ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

November 2022

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ «Ռուսաստանը արդարացնում է իրեն որպես դաշնակից», -ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Պրիմակովյան ընթերցումների շրջանակում պատասխանելով Երևանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Վրաստանի եվրաինտեգրումն ու նախագահի շուրջ ներքաղաքական դիմակայությունը
  • Նախագահ Զուրաբիշվիլիի իմպիչմենտը՝ Եվրամիության դռների մոտ
  • Եվրաինտեգրման հերթական սաբոտաժը՝ Վրաստանի իշխանության կողմից

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.