Վարդգես ՕՎՅԱՆ
Գրող, հրապարակախոս
Ստեփանակերտ
ԶՐՈՒՅՑ ԱՌԱՋԻՆ
– Բարեւ ձեզ:
– Բարեւ:
– Կարելի՞ է ձեզ հետ մի քիչ զրուցել:
– Իսկ ինչի՞ մասին:
– Գրականության, գրողների մասին:
– Խնդրեմ: Բայց մինչ այդ գուցե սրբես քիթդ:
– Իսկ դա պարտադի՞ր է:
– Ցանկալի է:
– Ճիշտն ասած, մոտս թաշկինակ չկա: Այդպիսի երկրորդական բաներ չեմ պահում:
– Բայց պետք է պահես:
– Ձերը մի րոպեով չե՞ք տա:
– Ի՞նչը, թաշկինա՞կը:
– Հա:
– Բայց օգտագործված է:
– Ի՞նչ կա որ: Թաշկինակը օգտագործելու համար է:
– Խնդրեմ:
– Շատ մերսի:
(Նա երկար քչփորեց քիթն ու թաշկինակս մեկնեց ինձ):
– Թող մնա քեզ մոտ: Քեզ եմ նվիրում:
– Մերսի:
– Գրականության մասին էիր ուզում զրուցել:
– Հա, ճիշտ է: Չարենցի մասին էի ուզում զրուցել: Էդ Չարենցին լավ էլ թարգմանել են: Ո՞վ է թարգմանել:
– Չարենցը շատ լեզուներով է թարգմանվել:
– Շատի հետ գործ չունեմ, նրան ո՞վ է հայերեն թարգմանել: Նայեցի, ոչ մի տեղ թարգմանողի անունը չկար:
– Չարենցը հայերեն էր գրում:
– Հա՞… Հաստա՞տ: Բա որտե՞ղ է այդպես լավ սովորել հայերեն:
– Հայաստանում: Նա հայ է:
– Հա՞յ է… Ա՜յ քեզ բան… Մտքովս չէր անցել: Բա ինչո՞ւ ազգանունը «յան»-ով չի վերջանում:
ԶՐՈՒՅՑ ԵՐԿՐՈՐԴ
– «Գդակը պոպոզ, անունը Կիկոս…»: Ո՞վ է գրել դա:
– Հովհաննես Թումանյանը:
– Լավ է գրել, ինձ շատ դուր եկավ: Բայց այդ բանը չպիտի աներ:
– Ի՞նչը չպիտի աներ:
– Չպիտի թողներ, որ Կիկոսը ծառը բարձրանար: Կամ կարող էր, չէ՞, այդ գրողը՝ Թումանյանը, վազել դրանց տնեցիների մոտ ու ասեր՝ ձեր լակոտը բարձրացել է ծառը, եկեք իջեցրեք, թե չէ ընկնելու է եւ վարի գնա… Դրանից բացի մնացածը շատ լավ է գրել, շատ ապրի:
ԶՐՈՒՅՑ ԵՐՐՈՐԴ
– Եթե ես լինեի երկրի պրեզիդենտը, բոլոր այդ գրողներին կամ բանտ կնստեցնեի, կամ կգնդակահարեի:
– Գրողների հանդեպ նոր մոտեցում չէ: Այդպես վարվողներ եղել են արդեն: Բայց մի կարեւոր բան մոռացար:
– Ի՞նչը:
– Նրանց գրքերն այրելը:
– Հա, լավ հուշեցիք. գրքերն էլ կվառեի:
– Բայց ինչո՞ւ: Գրողներն ի՞նչ են արել քեզ:
– Նրանք բոլորը գող են:
– Հաստա՞տ:
– Հաստա՛տ:
– Իսկ ի՞նչ են գողացել:
– Նրանց գրածները ինտեռնետում կան: Այնտեղից գողացել, թռցրել են:
– Հա՞:
– Հաստա՛տ:
– Ահա՜ թե ինչ: Բայց, այնուամենայնիվ, շատ ուրախ եմ, որ դու էլ ես ինտերնետ մտնում:
– Շատ մերսի: Բայց առայժմ անձամբ չեմ եղել այնտեղ, դեռ միայն կոմպյուտերով եմ ինտեռնետ մտնում: Բայց մի բանում սխալվել եմ. եթե ես էլ գրող դառնայի, ամենահարուստը կլինեի:
– Բայց դու դրա կարիքը չունես:
– Ինչո՞ւ:
– Առանց այդ էլ դու շատ հարուստ ես:
– Չէ, շատ փող չունեմ դեռ: Ինձնից հարուստ մարդիկ շատ կան:
– Ես փողը նկատի չունեմ, այլ խելքը:
– Հա՜, էդ մի հարցում դուք լրիվ ճիշտ եք:
ԶՐՈՒՅՑ ՉՈՐՐՈՐԴ ԿԱՄ ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
– Գիտե՞ք ինչ եմ մտածում:
– Նախագահ դառնա՞լ:
– Դեռ չէ: Որոշել եմ դեպուտատ դառնալ: Ի՞նչ եք կարծում, կստացվի՞:
– Անպայման: Քեզ պես շատերն են պատգամավոր դարձել:
– Գիտեմ: Դրա համար եմ ասում: Որ դեպուտատ դառնամ, հետո հեշտ կլինի մինիստր դառնալը:
– Իրավացի ես:
– Լավ մարդ եք: Ինձ շատ դուր եկաք: Որ մինիստր դառնամ, ձեզ համար մի լավ պաշտոն կհաջողացնեմ: Չնայած, մեր մեջ ասած, էնքան քույր, եղբայր, բարեկամներ, ազգականներ ունեմ, որ բոլորին տեղավորելուց հետո կարող է ազատ տեղ չմնա ձեզ համար:
– Շնորհակալություն: Քեզ պես ինտելեկտուալ մարդու ղեկավարությամբ աշխատելը մեծ պատիվ կլինի:
– Միայն դուք եք հասկանում դա, իսկ շատերն ինձ ապուշ են համարում:
– Երբ նախարար դառնաս, շատ են փոշմանելու:
– Ճիշտ է: Հերթ են կանգնելու, որ ընդունեմ իրենց, իսկ ես քարտուղարուհուս հանձնարարելու եմ դրանց մի քանի օր շարունակ ասի՝ շեֆը խիստ զբաղված է, խորհրդակցություն է:
– Փայլուն գաղափար է:
– Գիտեմ:
– Կարծես էլի թաշկինակի կարիք է զգացվում:
– Հա, իրոք: Բայց ինչո՞ւ եք ինձ հետ դու-ով խոսում:
– Որովհետեւ դեռ մինիստր չես դարձել:
– Ճիշտ է: Մի պահ մոռացա… Ասացի, չէ՞, դուք լավ մարդ եք: Չէ՜, ինչ էլ պատահի, ձեզ համար անպայման մի լավ պաշտոն եմ պահելու…