Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Էթնոազգայնականության գործընթացներն Օսմանյան կայսրությունում. 19-րդ դարի վերջ և 20-րդ դարի սկիզբ

marut
February 2016

Hasmik-photo (1)
Հասմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մշակութաբան-ցեղասպանագետ
Երևան

19-րդ դարում հատկապես եվրոպական երկրներում մեծ թափ ստացան էթնոազգայնական շարժումները, որոնք, ձևավորվելով վերնախավի շրջանակներում (կայսրությունների և գաղութային պետությունների տապալման նպատակով), հետագայում զարգացան էթնոսի գերիշխանության հաստատման մոդելով:
Վերջինիս ձևավորման մեխանիզմները տարբեր ժողովուրդների մեջ հիմնականում կրկնվում են կարծրատիպերով: Անգլիացի հետազոտող Բենեդիկտ Անդերսոնը հիմնավորում է, որ ազգի և ազգայնականության ձևավորումը տեսականորեն կապվում է համընդհանուր մշակութային համակարգերում տեղի ունեցող վերափոխումների հետ: Ի վերջո, շատ տեղերում այն ընդունվում է որպես պետական գաղափարախոսություն և հիմք դառնում ներքին և արտաքին քաղաքականության համար: Համաձայն չեխ (ծագումով հրեա) փիլիսոփա և սոցիալական մարդաբան Էռնստ Գելների տեսակետի` ազգայնականությունն առաջին հերթին քաղաքական սկզբունք է, որում քաղաքական և ազգային միավորները պետք է համընկնեն: Օսմանյան կայսրությունում ավելի վաղ սկսված ազգայնականացման գործընթացը 20-րդ դարի սկզբներին ստանում է էթնոազգայնականության առանձնահատկություններ:1908թ. հուլիսին օսմանյան բանակի սպաները «երիտասարդ թուրքերի» գլխավորությամբ ապստամբություն բարձրացրին. հեղաշրջման արդյունքում տապալվեց Աբդուլ Համիդ 2-րդի իշխանությունը և վերականգնվեց 1876թ. սահմանադրությունը: Երիտասարդ թուրքերն իշխանության եկան «ազատություն, եղբայրություն, հավասարություն» կարգախոսներով և որդեգրեցին օսմանիզմի` «բոլոր ժողովուրդների միջև հավասարություն հաստատելու» քաղաքականությունը, սակայն իրականում առաջնորդվեցին թյուրքիզմի ու պանթյուրքիզմի ազգայնամոլական գաղափարախոսություններով:

19-րդ դարի վերջին ազգայնականության հիմքում ընկած էին առավելապես կրոնը և լեզուն, իսկ հետագայում ձևավորվեց էթնոազգայնականությունը, որի հիմքում դրվեց ողջ էթնոմշակույթի վերհանման գաղափարը: Երիտթուրքական գաղափարախոս Զ. Գյոք Ալփը նշում է. «Մինչև թյուրքականության ձևավորումը մեր երկրում կար երկու «մշակույթ»` կրոնական (ümmet) և արևմտականացված (Tanzimat), որոնք բարեկամական չէին միմյանց նկատմամբ»: Համաձայն Ն. Քեմալի` այս երկու մշակույթների բախման արդյունքում երիտասարդության մեջ ձևավորվում է նոր գաղափար, որը կարողանում է համադրել այս երկուսը: Այդ գաղափարը թյուրքիզմն էր, որը փոխարինեց ումմեթի մշակույթը ազգայինով, իսկ թանզիմաթյանը` ժամանակակից քաղաքակրթությամբ:

1904թ. պանթյուրքիզմի գաղափարախոս Աքչուրաօղլու Յուսուֆը տպագրում է «Üç Tarz-ι Siyaset» («Քաղաքականության երեք հիմունքները») հոդվածը, որտեղ առաջարկում է Օսմանյան պետության միավորման երեք ճանապարհ` օսմանիզմ, պանիսլամիզմ և թյուրքիզմ: Մանրամասն քննելով այս երեք ուղղությունների դրական և բացասական կողմերը` որպես լավագույն լուծում առաջարկում է երրորդը` «թուրքական ազգային քաղաքականություն` հիմնված թուրքական ռասայի վրա»: Սրանով նա արդեն մատնանշում էր Օսմանյան կայսրությունում էթնոմշակույթի ձևավորման երկու կարևոր բաղադրիչները՝ մարդաբանական տիպը և էթնոնիմը, որոնց ավելացան լեզուն, ընդհանուր տարածքի և ընդհանուր ծագման մասին գաղափարները:

Թուրք ազգի կարևորության գործոնը երիտթուրքերի կառավարության տարիներին արդեն վերածվեց «ընտրյալ ազգ» լինելու մոդելի` ամրապնդվելով պանթյուրքիզմի գաղափարախոսության մեջ: Երիտթուրքերի 1911թ. Սալոնիկում կայացած չորրորդ համագումարում պանթյուրքիզմը մշակվեց ու հռչակվեց որպես ամբողջական քաղաքականություն: Համագումարի ժամանակ որոշում կայացվեց վերակենդանացնել հին թյուրքական մշակույթը, ավանդույթները, ժողովրդականացնել նախաօսմանյան թուրքական պատմությունը, լեզուն, գրականությունը և կրոնը: 1920թ. տպագրված բրիտանական պետական փաստաթղթերում նկարագրվում է թուրքական քաղաքականությունը. «Չի կարող լինել այլ ազգ, բացի օսմանյան թուրքից, այլ պետական լեզու, բացի թուրքերենից, և այլ ղեկավարություն կայսրությունում: Դա ծրագիր էր մեկ ռասայի, մեկ լեզվի, մեկ ղեկավարության համար»:

Թուրք մտավորականության շրջանում մշակութային վերածննդի գաղափարն ուներ նաև արևմտյան ազդեցություն` կապված 20-րդ դարում ազգային ինքնության և ինքնագիտակցության հարցերի շուրջ ծավալվող քննարկումների աշխուժացման հետ: Թուրք ազգային գործիչները մեծապես հետաքրքրվում էին արևմտյան փիլիսոփայական ու սոցիալական գիտությունների տեսություններով: Հունգարիայում ու Լեհաստանում 1848թ. անհաջող հեղափոխություններից հետո այնտեղ բնակվող թուրք մտավորականները հաստատվեցին Օսմանյան կայսրությունում` իրենց հետ բերելով Կենտրոնական Եվրոպայի ազգայնականության գաղափարները: Թուրք ազգային գործիչները, մտահոգվելով հատկապես Թուրքիայի հասարակական-քաղաքական խնդիրներով, դրանց լուծումները փնտրում էին արևմտյան բուրժուական ազգայնականության տարբեր տեսություններում:

Սուլեյման փաշան իր «Tarih-i Alem» («Աշխարհի պատմություն») աշխատության մեջ թյուրքերի մինչիսլամական պատմությունը լուսաբանում էր ազգայնականության տեսանկյունից: Այս թեզը որդեգրվեց Զ. Գյոք Ալփի կողմից, ով թուրքերի «ոսկե անցյալը» տեսնում էր իսլամին նախորդած թյուրքական անցյալում: «Մենք ընդունել ենք արաբների, պարսիկների ու եվրոպացիների կրոնը», – ասում է մի իմաստուն «Kιzιl Elma» («Կարմիր խնձոր») բանաստեղծության մեջ: Զ. Գյոք Ալփը պարծենում էր այնպիսի «թյուրք» զավթիչներով, ինչպիսիք էին Աթիլան, Չինգիզ Խանը, Թիմուր Բաբուրը: Հատուկ նշանակություն էր տալիս թուրքերի և սկյութների, սամարացիների միջև իբր գոյություն ունեցող արյունակցական կապին: 1911թ. «Yeni Hayat» («Նոր կյանք») ամսագրում տպագրած հոդվածում Զ. Գյոք Ալփը գրում է, որ «ըստ գերմանացի փիլիսոփա Նիցշեի` թուրքերը գերմարդիկ են… Նոր կյանքը ծնվելու է թյուրքականությունից»: Ժամանակի գրականագետներն իրենց աշխատություններում հասնում են ծայրահեղ ռասիզմի, թուրքերի բացառիկության քարոզ են կարդում: Երիտթուրքական մամուլում թուրքերի մասին սկսեց ավելի հաճախ շրջանառվել «milleti hâkime» («տիրապետող ազգ») արտահայտությունը:
Մտավորական Մեհմեդ Իզեթը «Hayat» («Կյանք») շաբաթաթերթում գրում է, որ «թուրքերի դերը» որպես «գերիշխողի» ձեռք կբերվի միայն «թյուրքական ռասան» մաքրելու արդյունքում: Ժամանակի թուրքական մամուլում, պատմական ուսումնասիրություններում, գրական ստեղծագործություններում անընդհատ կրկնվում են աշխարհում թյուրքերի «հատուկ կոչման» մասին դատողությունները, նշվում է նրանց գերազանցությունը բոլոր այլ ժողովուրդներից: «Թուրքերը հայտնի են եղել դեռևս հին հույներին, հրեաներին, պարսիկներին», – գրում է «Ikdam» («Առաջընթաց») թերթը: Շրջանառության մեջ դրվեց այն միտքը, թե թյուրքերի վարած բոլոր պատերազմները «քաղաքակրթական բնույթ են ունեցել», իսկ առանց պատերազմելու հնարավոր չէ «մշակույթ և օրենք տարածել»:

Այսպիսով, Օսմանյան կայսրությունում թյուրքական մշակույթի վերածնունդը կյանքի կոչելու և ոչ միայն վերնախավի շրջանում, այլև ողջ հասարակությունում թյուրքականությունն ամրապնդելու անհրաժեշտություն էր առաջացել, հետևաբար այն պետք է մուտք գործեր հասարակության տարբեր ոլորտների մշակութային կյանք և մատչելի լիներ բոլորին: Վերնախավի և հասարակ ժողովրդի միջև սահմանները մոտեցնելու և թուրքերի ազգային ինքնագիտակցությունը զարգացնելու համար լավագույն «գործիք» պետք է ծառայեր լեզուն: Այս նպատակով աշխատանքներ տարվեցին թուրքերեն գրական լեզուն ժողովրդական լեզվին մոտեցնելու, այն պարզեցնելու և հղկելու ուղղությամբ: Բանաստեղծներ Ռ. Թեֆրիքը և Մ. Էմինը սկսեցին իրենց ստեղծագործությունները գրել ժողովրդական լեզվին մոտ թուրքերենով:

Մ. Էմինը հրատարակեց իր հանրածանոթ ազգային պոեմը, որը սկսվում է «Ben bir Türküm, dinim, cinsimuludur» («Ես թուրք եմ, իմ կրոնը, իմ ռասան ազնիվ են») տողով: Այն գրված էր հանրային լեզվով և թուրքական հանգավորմամբ: Լեզվի և գրականության ոլորտում թուրքականացման ակտիվ քարոզչություն էին իրականացնում «Yeni Lisan» («Նոր լեզու») և «Yeni Hayat» կազմակերպությունները: Առաջինի տպագրական մարմինը «Genç Kalemler» («Երիտասարդ գրողներ») թերթն էր, իսկ երկրորդը` «Yeni Felsefe»-ն («Նոր փիլիսոփայություն»): Զ. Գյոք Ալփի ազդեցությունն այնքան մեծ էր, որ թուրքերեն թարգմանվեց նաև Ղուրանը, և Կ. Պոլսի որոշ մզկիթներում ծիսական արարողություններն սկսեցին իրականացվել թուրքերենով:

Թյուրքականության գաղափարախոսներն ազգային գիտակցության կերտման նպատակով ժողովրդական զանգվածներին ներգրավում էին մշակութային ակտիվության մեջ: Օրինակ, մեծ նշանակություն էր տրվում «զանգվածային թատրոններին», որոնց ներկայացումներին կարող էին անվճար հաճախել թուրք հասարակության բոլոր խավերը: Հատկապես մեծ հեղինակություն էր վայելում օսմանյան ժողովրդական «Kara Göz» («Սև աչք») թատրոնը, որի խաղացանկում ներգրավված էին թուրքերի անցյալը փառաբանող ներկայացումներ:

Թուրքականության էթնոկենտրոն-էթնոազգայնական գաղափարներից մեկը պատմական ընդհանուր հայրենիքի` «Թուրանի» մասին պատկերացումներն էին: Մինչև 19-րդ դարը «հայրենիք» հասկացությունն Օսմանյան կայսրությունում շատ նեղ իմաստ ուներ, այն ընկալվում էր որպես «ծննդավայր» կամ «բնակավայր»: Իսկ Ջևդեթ փաշան նշում էր, որ թուրք զինվորի համար հայրենիքը պարզապես գյուղական հրապարակն է:

Երիտթուրք պարագլուխներն իրենց սկզբունքն ընդօրինակում էին «Մոնրոյի դոկտրինից» , հռչակելով «Թուրքիան թուրքերի համար» կարգախոսը: «Ետ դեպի Թուրան» կարգախոսով թուրք ազգայնամոլները կրկին վերադառնում էին «թյուրքական արմատներին»: Հատկապես Զ. Գյոք Ալփը «Turan» բանաստեղծության մեջ խնդրում է Աստծուն թուրքերին վերադարձնել «ոսկե դարաշրջանը», որպեսզի «թուրքերի հայրենիքը լինի միասնական…»: Նա համարում էր, որ թուրքերի հայրենիքի սահմանները պետք է ձգվեն այնքան հեռու, որքան տարածվում էր թյուրքերենը և թուրքերի քաղաքական մշակույթը: Ըստ նրա` այդ հայրենիքը ո´չ Թուրքիան էր, ո´չ էլ Թուրքեստանը, այլ` Թուրանը:

Նրանք մտահոգված էին միատարր հայրենիք ստեղծելու և դրա «ազգային սահմանները» գծելու խնդրով: Անատոլիան հռչակվեց թուրքերի «սուրբ հայրենիքը», որի հետ էլ նրանք կապեցին ապագայի ողջ հույսերը: Անատոլիայի թեման սկզբնական շրջանում լայնորեն քննարկվում էր Կահիրեում լույս տեսնող «Anadolu» և «Türk» թերթերի էջերում, իսկ հետագայում նաև երիտթուրքական մամուլում: Ուշագրավ է այն, որ «Անատոլիա» հասկացության մեջ թուրքականության գաղափարակիրները ներառեցին ոչ միայն Անատոլիայի աշխարհագրական տարածքը, այլև ողջ Արևմտյան Հայաստանն` այն անվանելով «Արևելյան Անատոլիա»: Սա նշանակում էր, որ այս տարածքում ապրելու իրավունք էին ունենալու միայն թրքախոս և իսլամ դավանող ժողովուրդները:

Թուրքական ազգային գիտակցության ձևավորումը բնականաբար հանգեցրեց այդ շրջանում նաև Եվրոպայում խիստ օրակարգային «ազգ» հասկացությունը սահմանելու անհրաժեշտությանը, որը բավական բարդ և խնդրահարույց էր բազմամշակութային, բազմէթնիկ և բազմակրոն Օսմանյան կայսրությունում: Զ. Գյոք Ալփն առաջին անգամ փորձեց բնորոշել թուրքերին, մասնավորապես Անատոլիայի թուրքերին, որպես «ազգ»: Նրա սահմանման համաձայն` թուրք ազգն անհատների ընդհանրությունն է` ընդհանուր լեզվով, կրոնով, բարոյականությամբ, գեղագիտությամբ: Սակայն, քանի որ այս բնորոշումը հակասում էր պանթյուրքիզմի գաղափարախոսությանն, անհրաժեշտ եղավ ձևակերպել այնպիսի սահմանում, որի դեպքում «թուրք ազգը» իր մեջ կներառեր թուրքալեզու բոլոր ժողովուրդներին: Զ. Գյոք Ալփի նոր սահմանման համաձայն` պանթյուրքական «ազգն» անհատների այն ընդհանրությունն է, որն ունի միևնույն լեզուն, կրոնը և տարածքը:

Նմանատիպ  նյութեր

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Արցախի հայաթափումը. նոր մարտահրավերներ

October 2023

2023 թվականի սեպտեմբերի վերջը, 44-օրյա պատերազմից երեք տարի անց, Պատմության մեջ կմտնի որպես Արցախի հայաթափման ժամանակաշրջան, որին նախորդել է Ադրբեջանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Հայաստանի ռազմավարական շրջադարձը. ընտրությու՞ն, թե՞ կոնյունկտուրային մանևրներ
  • Հայաստանը` պարադոքսների էպիկենտրոնում
  • Խաղաղությունը և նրա հակառակորդները

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.