ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն
10 նոյեմբեր, 1998թ.
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ներառյալ` պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներին համապատասխան իրագործելու վճռականությամբ Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը պայմանավորվում են.
Համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին
Կողմերը կնքում են համաձայնագիր ԼՂ կարգավիճակի մասին, որը կներառի հետևյալ դրույթները.ԼՂ-ն հանրապետության ձևի պետական եւ տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ՙԸնդհանուր պետություն՚` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում:
Ադրբեջանը և ԼՂ-ն կստորագրեն համաձայնագիր տնօրինման առարկաների և պետական իշխանության համապատասխան մարմինների միջև իրավասությունների փոխադարձ տարանջատման մասին, որը սահմանադրական օրենքի ուժ կունենա:
Ադրբեջանը և ԼՂ-ն կազմավորում են համատեղ կոմիտե, որի կազմում կընդգրկվեն նախագահների, վարչապետների, խորհրդարանների նախագահների ներկայացուցիչները` սահմանելու համատեղ տնօրինման ոլորտի քաղաքականությունն ու գործունեությունը:
Փոխադարձ կապեր պահպանելու և համատեղ գործողությունները համակարգելու նպատակով Բաքվում և Ստեփանակերտում ստեղծվում են համապատասխանաբար ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցչություններ:
ԼՂ-ն կունենա արտասահմանյան պետությունների հետ տնտեսական, առեւտրական, գիտական, մշակութային, մարզական, մարդասիրական ոլորտներում արտաքին ուղիղ կապերի իրագործման իրավունք, ինչպես նաև այդ խնդիրներով զբաղվող տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ: ԼՂ քաղաքական կուսակցությունները և հասարակական կազմակերպություններն իրավունք կունենան կապեր հաստատելու արտասահմանյան պետությունների քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ:
ԼՂ-ը մասնակցում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության իրագործմանն այն հարցերում, որոնք շոշափում են իր շահերը: Այդ հարցերի վերաբերյալ որոշումները չեն կարող ընդունվել առանց երկու կողմերի համաձայնության:
ԼՂ կառավարությունն իր ներկայացուցիչները կարող է ունենալ արտասահմանյան պետություններում Ադրբեջանի այն դեսպանություններում կամ հյուպատոսական հաստատություններում, որտեղ ունի իր հատուկ շահերը, ինչպես նաև կարող է ադրբեջանական պատվիրակությունների կազմում իր փորձագետներին ուղարկել` մասնակցելու միջազգային բանակցություններին, եթե դրանք վերաբերում են ԼՂ շահերին:
ԼՂ սահմանները կհամապատասխանեն նախկին ԼՂԻՄ սահմաններին: Դրանց հնարավոր ճշգրտումները կամ փոփոխությունները կարող են լինել Ադրբեջանի և ԼՂ-ի միջևհատուկ փոխադարձ պայմանավորվածությունների առարկա:
Ադրբեջանի և ԼՂ-ի միջև սահմանները փոխադարձաբար բաց են անզեն քաղաքացիների ազատ տեղաշարժման համար: Այցելություններ իրագործելիս և գործնական կապեր վարելիս նրանք ազատվում են մաքսային կամ այլ տուրքերից: Մշտական բնակության իրավունքի տրամադրումը համապատասխան կառավարության իրավասությունն է:
Ադրբեջանը և ԼՂ-ն վեճերի կարգավորման հարցում չեն դիմի ուժի կամ դրա կիրառման սպառնալիքի:
Համատեղ կոմիտեի շրջանակներում անհաղթահարելի վեճերի կամ տարաձայնությունների ծագման դեպքում կողմերը կարող են հարցումով ստանալ ԵԱՀԿ գործող նախագահի խորհրդատվական կարծիքը, որը հաշվի կառնվի վերջնական որոշում ընդունելիս:
ԼՂ կարգավիճակը կներառի նաև ներքոշարադրյալ իրավունքներն ու արտոնություններն այնպես, ինչպես ձևակերպվելու են Մինսկի խորհրդաժողովի հավանությանն արժանացած ՙԼՂ կարգավիճակի մասին՚ համաձայնագրի մեջ:
ԼՂ կունենա սեփական Սահմանադրություն, որը հանրաքվեով կընդունվի ԼՂ ժողովրդի կողմից: Այդ Սահմանադրությունը կներմարմնավորի ԼՂ կարգավիճակի մասին համաձայնագրի դրույթները: Ադրբեջանը համապատասխանաբար փոփոխություններ կմտցնի իր Սահմանադրության մեջ` այդ համաձայնագիրը ներառելու համար: Այս համաձայնագրի դրույթները կամ ԼՂ եւ Ադրբեջանի Սահմանադրությունների այն մասերը, որոնք ներառում են դրանք, չեն կարող փոփոխվել առանց բոլոր երեք կողմերի համաձայնության:
ԼՂ տարածքում գործում են ԼՂ Սահմանադրությունն ու օրենքները: Ադրբեջանի օրենքները, կանոնները եւ գործադիր որոշումներն ուժի մեջ են ԼՂ տարածքում, եթե չեն հակասում վերջինի Սահմանադրությանը եւ օրենքներին:
ԼՂ-ն կունենա իր դրոշը, զինանշանը և օրհներգը:
ԼՂ-ն` համաձայն իր Սահմանադրության, ինքնուրույն է կազմավորում իր օրենսդիր, գործադիր և դատական մարմինները:
ԼՂ քաղաքացիները որպես անձը հաստատող վկայական` կունենան Ադրբեջանի անձնագիր` ՙԼեռնային Ղարաբաղ՚ հատուկ նշումով: Միայն ԼՂ կառավարությունն իրավունք կունենա նման անձնագրեր հանձնել: ԼՂ հայկական ծագում ունեցող քաղաքացիները կարող են արտագաղթել Հայաստան և մշտական բնակություն հաստատելու համար այնտեղ տեղափոխվելու դեպքում հայկական քաղաքացիություն ստանալ այդ երկրի օրենքների համաձայն:
ԼՂ բնակչությունն իրավունք ունի ընտրելու իր ներկայացուցիչներին Ադրբեջանի խորհրդարանում եւ մասնակցելու Ադրբեջանի նախագահի ընտրություններին:
ԼՂ-ն կլինի ազատ տնտեսական գոտի, որն իրավունք կունենա թողարկելու իր սեփական դրամանիշները, որոնք կշրջանառվեն ադրբեջանական դրամանիշների հետ համատեղ, ինչպես նաև իրավունք կունենա թողարկել սեփական դրոշմանիշներ:
ԼՂ-ն կունենա Հայաստանի և Ադրբեջանի հետ ազատ և անարգել տրանսպորտային հաղորդակցման և կապի իրավունք:
ԼՂ-ն կունենա Ազգային գվարդիա (անվտանգության ուժեր) և ոստիկանական ուժեր, որոնք կկազմավորվեն կամավորության սկզբունքով: Այդ ուժերը չեն կարող գործել ԼՂ-ից դուրս` առանց Ադրբեջանի կառավարության համաձայնության:
Ադրբեջանի բանակը, անվտանգության ուժերը և ոստիկանությունը իրավունք չեն ունենա մտնել ԼՂ տարածք` առանց ԼՂ իշխանությունների համաձայնության:
ԼՂ-ում հիմնական պաշտոնական լեզուն հայերենն է, իսկ երկրորդ պաշտոնական լեզուն` ադրբեջաներենը: Նրա քաղաքացիները կարող են օգտագործել նաև այլ լեզուներ բոլոր պաշտոնական եւ ոչ պաշտոնական դեպքերում:
ԼՂ բյուջեն բաղկացած է լինելու սեփական աղբյուրներից ստացված միջոցներից: ԼՂ կառավարությունը կխրախուսի և կերաշխավորի ադրբեջանական եւ արտասահմանյան ընկերությունների ու անձանց կապիտալ ներդրումները:
Լաչինի միջանցքի մասին
Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անարգել հաղորդակցություն ապահովելու նպատակներով ԼՂ կողմից Լաչինի միջանցքն օգտագործելու հարցը առանձին պայմանավորվածության առարկա է, եթե Ադրբեջանի և ԼՂ համաձայնությամբ չընդունվեն այլ որոշումներ Լաչինի շրջանի հատուկ ռեժիմի վերաբերյալ: Լաչինի շրջանը մշտապես պետք է մնա լիովին ապառազմականացված գոտի:
Շուշի և Շահումյան քաղաքների մասին
Կողմերը համաձայնում են, որ բոլոր ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ Շուշի քաղաքի իրենց բնակատեղիները: Նրանց անվտանգությունը կերաշխավորվի ԼՂ համապատասխան իշխանությունների կողմից: Նրանք կունենան ԼՂ բոլոր քաղաքացիներին հավասար իրավունքներ, այդ թվում` քաղաքական կուսակցություններ ստեղծելու, բոլոր մակարդակի ընտրություններին մասնակցելու, պետական օրենսդիր եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրվելու, պետական ծառայության, այդ թվում` իրավապահ մարմիններում ծառայության ընդունվելու իրավունք:
Նույնպիսի իրավունքներ կստանան նաև հայ փախստականները` քաղաք Շահումյան վերադառնալու դեպքում:
Շուշի և Շահումյան քաղաքների բնակիչները որևէ սահմանափակում չեն ունենա` օգտվելու ճանապարհներից, կապից և այլ հարաբերություններից մնացած Ադրբեջանի և ԼՂ-ի հետ: ԼՂ և Ադրբեջանի իշխանությունները կաջակցեն համապատասխանաբար Շուշի և Շահումյան քաղաքներում ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցչությունների տեղակայմանն ու գործունեությանը:
ԼՂ կարգավիճակի մասին համաձայնագիրը կստորագրեն երեք կողմերը, և դա ուժի մեջ կմտնի Մինսկի խորհրդաժողովի հավանությունն ստանալուց հետո:
Զինված հակամարտության դադարեցման
համաձայնագիր
Կողմերը համաձայն են, որ զինված հակամարտության դադարեցման համաձայնագիրը ներառելու է հետեւյալ դրույթները.
Կողմերը հրաժարվում են իրենց միջև ծագած վեճերը կարգավորելու համար ուժի կիրառման սպառնալիքից կամ դրա գործադրումից: Նրանք խաղաղ միջոցներով, առաջին հերթին` ուղիղ բանակցությունների ճանապարհով կամ էլ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի շրջանակներում են լուծում նման բոլոր վեճերը, ներառյալ նրանք, որոնք կարող են ծագել զինված հակամարտության դադարեցման համաձայնագրի իրագործման ընթացքում:
Կողմերը դուրս են բերում իրենց զինված ուժերը` համաձայն հետևյալ դրույթների և ինչպես մանրամասն շարադրված է առաջին հավելվածում:
Ա. Առաջին փուլում ԼՂ-ից հարավ և արեւելք ընկած գծի երկայնքով տեղակայված ուժերը հեռացվում են դեպի այն գծերը, որոնք նշված են առաջին հավելվածում` համաձայն այնտեղ պարունակվող ժամանակացույցի` հավուր պատշաճի նկատի ունենալով Բարձր մակարդակի ծրագրավորման խմբի (ԲՄԾԽ) երաշխավորությունները, որոնք նպատակ ունեն հնարավորություն ստեղծել ԵԱՀԿ բազմազգ ուժերի առաջավոր ջոկատի սկզբնական ծավալման համար ռազմական տեսակետից հիմնավորված ժամանակավոր բուֆերային գոտում, հեռացնել կողմերին այդ գծի երկայնքով և ապահովել անվտանգությունը դուրսբերման երկրորդ փուլում:
Բ. Երկրորդ փուլում ուժերը դուրս են բերվում միաժամանակ` համաձայն առաջին հավելվածի ժամանակացույցի, հետևյալ կարգով.
(1) Հայաստանի ուժերը, որոնք տեղակայված են ՀՀ սահմաններից դուրս, հեռացվում են այդ սահմաններից ներս:
(2) ԼՂ ուժերը բերվում են 1988թ. ԼՂԻՄ սահմանագիծ, բացառությամբ` Լաչինի շրջանի, մինչև ԼՂ և Հայաստանի միջև անարգել հաղորդակցության համաձայնագրի ձեռքբերումը:
(3) Ադրբեջանի ուժերը դուրս են բերվում այն գծերից, որոնք նշված են առաջին հավելվածի մեջ` համաձայն ԲՄԾԽ երաշխավորությունների, և դուրս են հանվում Հայաստանի տարածքից:
(4) Ծանր սպառազինությունները տեղափոխվում են այն վայրերը, որոնք նշված են առաջին հավելվածում, ԲՄԾԽ երաշխավորությունների հիման վրա` վերահսկվելով խաղաղության պահպանման գծով ԵԱՀԿ գործողությամբ, պահպանելով թափանցիկության և հաշվետու լինելու պահանջները, որոնք շարադրված են այդ հավելվածում:
III. Ուժերի այդ դուրսբերման արդյունքում ազատված տարածքը կազմավորում է բուֆերային և տարանջատման գոտիներ` համաձայն հետեւյալ դրույթների և ինչպես մանրամասն շարադրված է երկրորդ հավելվածում:
ա) Ուժերի դուրսբերման ավարտով բուֆերային գոտին տեղադրվում է ԼՂԻՄ 1988թ. սահմանագծի երկայնքով: Լրացուցիչ պայմանավորվածության հասնելու դեպքում դա կարող է անցնել նաև Լաչինի շրջանի սահմանագծով: Բուֆերային գոտին մնում է չբնակեցված և լիովին ապառազմականացված, բացառությամբ` խաղաղության պահպանման ԵԱՀԿ գործողության տարրերի:
բ) Տարանջատիչ գոտին ապառազմականացվում է, բացառությամբ այն ուժերի, որոնք թույլատրված են խաղաղության պահպանման գործողության համար, որն իրագործվում է մշտական խառը հանձնախմբի համագործակցությամբ, ինչպես մանրամասն շարադրված է երկրորդ հավելվածում, ներառյալ`
(1) խաղաղության պահպանման գործողության տարրերը,
(2) սահմանամերձ պահպանության և ականազերծման ադրբեջանական ստորաբաժանումները,
(3) Ադրբեջանի քաղաքացիական ոստիկանությունը, որի թվաքանակը եւ թույլատրված զինվածությունը սահմանված են երկրորդ հավելվածով:
Գ. Բուֆերային եւ տարանջատիչ գոտիներում ԵԱՀԿ խաղաղության պահպանման գործողության հսկողությամբ ստեղծվում է ոչ թռիչքային գոտի, որտեղ կողմերը չեն թույլատրում մարտական թռիչքներ, ինչպես շարադրված է երկրորդ հավելվածում:
Դ. ԼՂ իշխանությունների կողմից վերահսկվող բոլոր շրջաններում ուժերի դուրս բերումից հետո անվտանգությունն ապահովում են ԼՂ անվտանգության գործող կառույցները:
•Համաձայն 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի որոշման, կողմերը հրավիրում են և աջակցում խաղաղության պահպանման գծով ԵԱՀԿ բազմազգ գործողության ծավալմանը, որը կաշխատի մշտական խառը հանձնախմբի և հայ-ադրբեջանական միջկառավարման հանձնաժողովի համագործակցությամբ: Մշտական խառը հանձնախումբը հետեւում է ուժերի և ծանր սպառազինությունների դուրսբերմանը, մարտական թռիչքների արգելմանը, ապառազմականացման ռեժիմի պահպանմանը և հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը, ինչպես շարադրված է երկրորդ հավելվածում:
Խաղաղության պահպանման գործողությունը սահմանվում է համաձայն ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան բանաձևի, սկզբնական ժամանակահատվածի համար ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով, որը երկարաձգվում է ըստ անհրաժեշտության` ԵԱՀԿ գործող նախագահի երաշխավորությամբ: Կողմերը համաձայնության են գալիս, որ խաղաղության պահպանման բազմազգ գործողության ընդհանուր տեւողությունը նվազագույնն անհրաժեշտ կլինի` կախված տարածաշրջանի իրավիճակից և հակամարտության համապարփակ կարգավորման իրագործման տեմպերից: Կողմերը լիովին համագործակցում են խաղաղության պահպանման գործողության հետ, որպեսզի ապահովեն սույն համաձայնագրի իրագործումը և կանխարգելեն խաղաղության պահպանման գործողության որևէ խզում կամ դադարեցում:
•Կողմերն աջակցում են փախստականների և տեղահանված անձանց ու կամավոր վերադարձին նրանց մշտական բնակության նախկին վայրեր, որոնք տեղադրված են տարանջատիչ գոտում, ինչպես շարադրված է երկրորդ հավելվածում: Խաղաղության պահպանման գործողությունը, համագործակցելով մշտական խառը հանձնախմբի հետ, հետևում է վերադարձող բնակչության անվտանգությանը` նպաստում համոզելու համար բոլոր կողմերին, որ այդ գոտում պահպանվում է ապառազմականացման ռեժիմը: Կողմերը բանակցություններ են վարում` իրագործելու նաև անվտանգ և կամավոր վերադարձը բոլոր այլ անձանց, որոնք, բացի սույն համաձայնագրի ընդգրկվածներից, նույնպես փախստականներ են, կամ էլ տեղահանվել են հակամարտության և Հայաստանի և Ադրբեջանի միջև 1987թ. հետո ստեղծված լարվածության հետեւանքով:
•Ուժերի դուրսբերման հետ միաժամանակ կողմերը անհապաղ միջոցառումներ են իրագործում ճանապարհները, երկաթուղին, էլեկտրամատակարարման և կապի գծերը բացելու, առեւտրական և այլ հարաբերություններ հաստատելու նպատակով, ներառյալ` բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ են դրանց հասնելու հնարավոր նվազագույն ժամկետներում` համաձայն երրորդ հավելվածում շարադրված ժամանակակարգի և որոշակի դրույթների: Կողմերն ապահովում են այդ կապերի օգտագործումը բոլորի համար, ներառյալ` ազգային փոքրամասնությունները` վերջինների համար ապահովելով անարգել մուտք տարածաշրջանի այլ վայրերում գտնվող իրենց ազգային համայնքներ: Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է հանել բոլոր շրջափակումները և ապահովել բեռների և մարդկանց ժամանումը բոլոր մյուս կողմերի համար առանց խոչընդոտների: Կողմերն ապահովում են ազատ և անվտանգ երկաթուղային հաղորդակցություն իրենց միջեւ:
VII. Կողմերը լիարժեք համագործակցում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, փախստականների հարցերով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ` ապահովելու բոլոր այն անձանց շուտափույթ և անվտանգ վերադարձը, ովքեր ձերբակալվել են` կապված հակամարտության հետ, ապահովելու անհետ կորածների ճակատագրի հետաքննությունը, բոլոր աճյունների վերաթաղումը և մարդասիրական օգնության, ինչպես նաև վերականգնման նպատակներով ցուցաբերվող օգնության անխտրական առաքումը իրենց կողմից վերահսկվող տարածքով դեպի այն շրջաններ, որոնք տուժել են հակամարտության ընթացքում: Կողմերը համագործակցում են ԵԱՀԿ խաղաղության պահպանման գործողության հետ` մշտական խառը հանձնախմբի միջոցով, իրագործելու վստահության ամրապնդման միջոցառումներ:
VIII. Կողմերն անհապաղ ստեղծում են մշտական խառը հանձնախումբ` վերահսկելու սույն համաձայնագրի այն դրույթների իրագործումը, որոնք շոշափում են Ադրբեջանին և ԼՂ-ին վերաբերող խնդիրներ: Մշտական խառը հանձնախմբի նախագահը ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչն է` մեկական փոխնախագահ ունենալով ադրբեջանական և ղարաբաղյան կողմից: Մշտական խառը հանձնախմբի հիմնական պարտականությունը համաձայնագրի իրագործման վերահսկողությունն է. ԵԱՀԿ-ի կողմից նախագահի պարտականությունները ներառում են նաև միջնորդություն տարաձայնությունների դեպքում և միջոցառումների ձեռնարկման թույլտվություն արտակարգ իրավիճակներում, ինչպես, օրինակ, բնական աղետների ժամանակ: Մշտական խառը հանձնախումբն ունի ռազմական, տնտեսական, մարդասիրական, մշակութային և կապի ենթահանձնաժողովներ, որոնց կառուցվածքը, գործողությունը և Մշտական խառը հանձնախմբին վերաբերող այլ մանրամասներ շարադրված են չորրորդ հավելվածում:
Կողմերն անհապաղ ստեղծում են հայ-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողով` նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի կանխարգելմանը, սահմանապահ զորքերի և երկու երկրների անվտանգության համապատասխան այլ ուժերի միջև կապի իրագործմանը, ճանապարհների, երկաթուղային գծերի, կապի, խողովակաշարերի, առեւտրական և այլ հարաբերությունների բացման վերահսկման և աջակցման միջոցառումներին: Հայ-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովն ունի երկու համանախագահ` Հայաստանից և Ադրբեջանից: Հանձնաժողովի կազմում ընդգրկված է ԵԱՀԿ գործող նախագահի կողմից նշանակված ներկայացուցիչ: Հայ-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի կառուցվածքի, գործողության և այլ մանրամասներ շարադրված են հինգերորդ հավելվածում:
Ադրբեջանը և Հայաստանը երկկողմ և բազմակողմ բանակցությունների մեջ են մտնում համապատասխան միջազգային և տարածաշրջանային համաժողովներում` նպատակ ունենալով ապահովել տարածաշրջանում անվտանգության բարձրացումը, ներառյալ` ռազմական դյուրաշարժությունը և ԵԱՀԿ պայմանագրի լիակատար պահպանումը:
Կողմերից յուրաքանչյուրը լիովին հարգում է մյուս կողմերի և նրանց ազգաբնակչության անվտանգությունը: Կողմերը պարտավորվում են զարգացնել բարիդրացիական հարաբերություններ իրենց ժողովուրդների միջեւ` նպաստելով նրանց առևտրական և բնականոն փոխգործողությանը, և զերծ մնալ այնպիսի հայտարարություններից կամ գործողություններից, որոնք կարող են տապալել սույն համաձայնագիրը կամ բարի հարաբերությունները:
XII. Ի լրումն խաղաղության պահպանմանը և ուժերի դուրսբերման վերահսկողությանը վերաբերող վերոշարադրյալ որոշակի դրույթների, և հիշեցնելով ԵԱՀԿ համապատասխան սկզբունքների և պարտավորությունների մասին, ներառյալ նրանք, որոնք արտահայտված են Հելսինկիի 1992թ. և Բուդապեշտի 1994թ. փաստաթղթերում` ԵԱՀԿ-ն համապատասխան մեխանիզմների միջոցով հետեւում է սույն համաձայնագրի բոլոր տեսանկյունների լիակատար իրագործմանը և համապատասխան քայլեր է ձեռնարկում` այդ սկզբունքներից և որոշումներից ելնելով, կանխարգելելու սույն համաձայնագրի պայմանների խախտումը և դրան հակազդելուն:
XIII. Զինված հակամարտության դադարեցման մասին համաձայնագիրը կստորագրեն երեք կողմերը, և դա ուժի մեջ կմտնի Մինսկի խորհրդաժողովի հավանությունից և երեք կողմերի խորհրդարանների վավերացումից հետո:
XIV. Ադրբեջանը և Հայաստանը լիարժեք դիվանագիտական հարաբերություններ են հաստատում դիվանագիտական մշտական առաքելությունների միջոցով` դեսպանների մակարդակով, այն բանից հետո, երբ համաձայնագրերը ստորագրվել են և հավանության արժանացել Մինսկի խորհրդաժողովի կողմից:
Երաշխիքների մասին
•Կողմերը փոխադարձ պարտավորություններ են ստանձնում վերոհիշյալ համաձայնագրերի կատարումն ապահովելու ուղղությամբ, ներառյալ` ԼՂ-ի, նրա բնակչության, նախկին բնակության վայրերը վերադարձող փախստականների և տեղահանված անձանց անվտանգությունը:
•ՄԱԿ-ի ԱԽ-ն կհետևի համապարփակ համաձայնագրի իրագործմանը:
•ԼՂ կարգավիճակի և զինված հակամարտության դադարեցման համաձայնագրերը կարող են ստորագրվել Մինսկի խորհրդաժողովի համանախագահների կողմից, որոնք հանդես են գալիս որպես վկաներ: Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հաստատում են երեք երկրների մտադրությունը` գործել համատեղ, համաձայնագրերի իրագործման ընթացքին մանրազնին հետևելու և դրանք իրագործելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով: ԵԱՀԿ-ը կամ ՄԱԿ-ի ԱԽ-ն կարող են դիվանագիտական, տնտեսական կամ, ծայրահեղ դեպքում, ռազմական բնույթի քայլեր ձեռնարկել` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, եթե անհրաժեշտություն ծագի:
ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովի համանախագահներին
Հայաստանի դիրքորոշումը “Լեռնային
Ղարաբաղի զինված հակամարտության
համապարփակ կարգավորման սկզբունքները” փաստաթղթի վերաբերյալ
25 նոյեմբեր, 1998թ.
Հայաստանը գնահատում է ԼՂ հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների վերսկսմանն ուղղված Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միացյալ ջանքերը: Հայաստանն ուսումնասիրել է “ԼՂ զինված հակամարտության համապարփակ կարգավորման սկզբունքները” փաստաթուղթը, որը համանախագահները ներկայացրել են նոյեմբերի 10-ին Երևանում: Հայաստանն ընդունում է այս փաստաթուղթը որպես հիմք ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունների համար:
Այս փաստաթղթում տեղ գտած մի շարք դրույթների վերաբերյալ Հայաստանն ունի վերապահումներ, սակայն դրանց կանդրադառնա բանակցությունների ընթացքում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը
Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը
“ԼՂ զինված հակամարտության
համապարփակ կարգավորման սկզբունքները” փաստաթղթի վերաբերյալ
25 նոյեմբեր, 1998թ.
ԼՂՀ ղեկավարությունը, քննարկելով Մինսկի խմբի համանախագահության 1998թ. նոյեմբերի 11-ի նոր առաջարկները, ողջունում է ԵԱՀԿ միջնորդական առաքելության վճռականությունը` հասնելու ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորմանը:
Առաջին հերթին կցանկանայինք նշել, որ “Ընդհանուր պետություն” ձևակերպումը մենք ընկալում ենք որպես կողմերի իրավահավասար իրավական օբյեկտներ լինելու ամրագրում:
Մենք անհրաժեշտ ենք համարում ձեր ուշադրությունը հրավիրել նաև մեր որոշ մտահոգությունների վրա: Տվյալ փաստաթղթում ներկայացրած խնդիրներից հինգ փաթեթ շոշափում են հակամարտության ընդամենը մի քանի տեսանկյունները և պետք է լրացվեն ինչպես բովանդակային, այնպես էլ հայեցակետային առումով:
Առաջին հերթին դա վերաբերում է “Երաշխիքների մասին” փաթեթին: Ընդունված որոշումների իրագործման երաշխիքների ստեղծումը կարգավորման այն մասն է, որը բանակցային գործընթացում ձևավորվում է ոչ միայն կողմերի միջոցով, այլև միջնորդների ջանքերով պետք է համաձայնեցվի այն երկրների և միջազգային կազմակերպությունների հետ, որոնք պատրաստ են այստեղ ստանձնել կայուն խաղաղություն պահպանելու պատասխանատվությունը:
Մենք հուսով ենք, որ միջնորդները կմշակեն ԼՂՀ կարգավիճակի երկկողմ և բազմակողմ երաշխիքների, հետեւաբար նաև տարածաշրջանում կայունության հաստատման և պահպանման հուսալի մեխանիզմներ:
Առանձնակի ուշադրության է արժանի նաև ԼՂ հետհակամարտային վերականգնման խնդիրը, որը նախատեսում է հանրապետության տնտեսության արագընթաց զարգացման միջազգային ծրագրի ստեղծում և նրա ընդգրկումը համատարածաշրջանային տնտեսական գործընթացներում: Կցանկանայինք ընդգծել, որ այդ խնդիրը վերաբերում է ոչ թե Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև երկկողմ պայմանավորվածությունների ոլորտին, այլ օրգանապես կապված է ԼՂՀ միջազգային երաշխիքներ տալու հարցին և պահանջում է բոլոր շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցնել վերոհիշյալ մեխանիզմը:
ԼՂՀ անվտանգության ապահովման խնդիրը պետք է համակարգված և լիարժեք արտացոլում ստանա համաձայնագրում, այդ իսկ պատճառով մենք հաստատակամորեն կձգտենք հասնել այն բանին, որ առանձին փաթեթ հատկացվի ԼՂՀ անվտանգությանը վերաբերող բոլոր հարցերին` որպես կարգավորման կարևորագույն տեսանկյուններից մեկի:
Ինչպես արդեն բազմիցս շեշտել ենք, ԼՂՀ տարածքային-պետական սահմանների խնդիրը պետք է լուծվի ԼՂ անվտանգության խնդրի հետ սերտ առնչությամբ, և այդ առումով, ելնելով անվտանգության պահանջներից և Հայաստանի հետ աշխարհագրական կապից` սահմանները պետք է ճշտվեն կամ փոփոխվեն տարածքների փոխանակման ճանապարհով կամ կողմերի միջև այլ պայմանավորվածության հիմքով:
Մենք ենթադրում ենք նաև, որ օրինաչափ կլիներ նախագծում ներառել ինքնուրույն փաթեթ Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների միջև թշնամական գործողությունների դադարեցման և խաղաղության կնքման մասին` բոլոր վիճելի հարցերը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու վերաբերյալ կողմերի պարտավորություններով:
Մենք ելնում ենք այն ըմբռնումից, որ հակամարտության պատճառ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քննարկումը և լուծումը նախատեսող ՙԱռաջին համաձայնության՚ շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը կհեշտացնի և կարագացնի այն խնդիրների լուծումը, որոնք կապված են զինված հակամարտության հետեւանքների վերացման հետ, որոնք քննարկվում են “Երկրորդ համաձայնությամբ”:
Այսպիսով, հաշվի առնելով, որ Մինսկի խմբի համանախագահության կողմից ներկայացված նոր առաջարկներում ցուցաբերված է ճկուն մոտեցում մի շարք խնդիրների լուծման հանդեպ` ԼՂՀ ղեկավարությունն իր պատրաստակամությունն է հայտնում ներկայացված փաստաթղթերի նախագիծն ընդունել որպես բանակցությունների հիմք:
Հանձնված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին 1998թ. նոյեմբերի 26-ին Երևանում: