_______________________________________________
Դանիել Էքերտ
Եվրոպայի «Հիվանդ մարդը»: Էմանուել Մակրոնի հաղթանակը կարող է Ֆրանսիային նոր շունչ հաղորդել, մինչև իսկ վերջինիս համար տնտեսապես Գերմանիային գերազանցելու նախադրյալներ ստեղծել: Չէ՞ որ եվրագոտու երկրորդ խոշորագույն տնտեսության ներուժը հսկայական է: Վերջին տարիների ընթացքում Ֆրանսուա Օլանդի ապերջանիկ դեմքը հասցրել է դառնալ ուժասպառ և տկարացած Ֆրանսիայի խորհրդանիշը: Բացի այդ, վերջինս ձեռք է բերել Եվրոպայի՝ նախ և առաջ տնտեսապես «Հիվանդ մարդու» հռչակ: Նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնն այժմ հնարավորություն ունի նոր, ավելի արդյունավետ հունի մեջ դնելու Ֆրանսայի տնտեսական ներուժը:
Եվրագոտու երկրորդ խոշորագույն տնտեսությունը հանդիսացող Ֆրանսիայի ներուժը հսկայական է: Ուստի, եթե նորընտիր նախագահին հաջողվի Ֆրանսիան կրկին տնտեսապես մրցունակ դարձնել, ապա զգալիորեն կմեծանա նաև Եվրոպական արժութային միության գոյատևման հավանականությունը: Բացի այդ, դա իր հետագա ազդեցությունը կունենա Եվրոպական Միությունում ուժերի հավասարակշռության ընդհանուր պատկերի վրա: Ոմանք անգամ սկսել են խոսել այն մասին, թե ինչպես Ֆրանսիան ի զորու կլինի առաջ անցնել Գերմանիայից աշխարհամասի առաջատար տնտեսական ուժերի մրցարշավում:
«Վերջին տասնամյակների ընթացքում Ֆրանսիան և Գերմանիան տնտեսական առաջնության համար մղվող պայքարում անընդհատ փոխանակել են առաջին հորիզոնականը: Այժմ Ֆրանսիայի հերթն է»,- նկատում է Լոնդոնի «Բարենբերգ» մասնավոր բանկի գլխավոր տնտեսագետ Հոլգեր Շմիդինգը: Երբ այս տասնամյակի ավարտին վերջանա նաև Գերմանիայի տնտեսական ոսկեդարը՝ միգուցե արդեն հասնի հարևան երկրի ժամանակը:
Ժողովրդագրական առավելություններ ունեցող Ֆրանսիան
Մասնագետների կարծիքով՝ Ֆրանսիայի մարդկային ռեսուրսների համայնապատկերը բավականին խոստումնալից է. «Ֆրանսիան ունի որոշ առավելություններ, օրինակ՝ առաջնակարգ ենթակառուցվածքներ և որակյալ պետական ծառայողական համակարգ»:
Եվրագոտու մեծությամբ երկրորդ պետության ժողովրդագրական ցուցանիշները բավականին հեռանկարային են: Ծնելիության մակարդակը շատ ավելի բարձր է, քան Գերմանիայում, հասնելով երկու երեխայի՝ յուրաքանչյուր կնոջ հաշվով: Դա նշանակում է, որ Ֆրանսիայի համար ծերացումը այնքան մեծ սպառնալիք չէ, որքան Գերմանիայի համար: Փաստացիորեն Եվրոպայում տնտեսական հզորության տեսանկյունից երկրորդ հորիզոնականը զբաղեցնող այս երկիրը ողջ ԵՄ-ում ծնելիության ամենաբարձր մակարդակ ունեցողն է. այդ ցուցանիշով Ֆրանսիան առաջ է և՛ Հարավային Եվրոպայի երկրներից, և՛ Գերմանիայից, որտեղ կանայք միջին հաշվարկով 1,5 երեխա են լույս աշխարհ բերում:
Անցյալ տարիներին, այնուամենայնիվ, 65 միլիոնի հասնող բնակչություն ունեցող Ֆրանսիայում համեմատաբար երիտասարդ բնակչության առկայությունն այդ երկրին ոչ մի էական առավելություն չի բերել: Ընդհակառակը, գրավիչ աշխատատեղերի սակավությունը պատճառ է հանդիսացել երիտասարդ բնակչության շրջանակում հետզհետե ծավալվող լայնածավալ գործազրկության և զանգվածային սոցիալական պայթյունավտանգ տրամադրությունների զարգացման։ Ամենից առաջ փոքր և միջին ձեռնարկատերերի հիմնական բողոքները վերաբերում էին այն բանին, որ բարձր գների և բյուրոկրատիայի պատճառով բնավ չի խրախուսվում նոր աշխատատեղեր ստեղծելու գործընթացը։ Արդյունքում այնպես է ստացվել, որ երիտասարդ ֆրանսիացիների շուրջ մեկ քառորդն այժմ գործազուրկ է։
Հենց այստեղ է Մակրոնը ցանկանում որոշիչ քայլեր ձեռնարկել։ Նախընտրական պայքարի ընթացքում 39-ամյա նախկին բանկիրը խոստացել է կրճատել ձեռնարկատերերից հարկվող գումարները և այնպես խրախուսել աշխատանքային պայմանագրերի ստորագրումը, որ գործատուները կարողանան ավելի ճկուն արձագանքել տնտեսական տատանումներին և փոփոխվող մրցակցային միջավայրին։ Եթե Փարիզն ի վիճակի լինի ինչ-որ հրաշքով իրագործել այս բարեփոխումները, ապա այն ողջ Գերմանիային ի ցույց կդնի այն, որ երբեմնի «Հիվանդ մարդը» ոտքի է կանգնել։
Ավելի բարձրարժեք ձեռնարկություններ, քան Գերմանիայում
Արդեն 90-ական թվականներին Ֆրանսիան իր առջև նպատակ էր դրել տնտեսապես հավասարվելու իր արևելյան հարևանին՝ Գերմանիային, չնայած վերջինիս համեմատ այդ պահին շուրջ 23 միլիոնով ավելի քիչ բնակչություն ունենալու փաստին։ Այդպիսի «հավասարվելու մոլուցքն» այժմ կարող է նորից համակել «la grande nation»-ին[1]։
Ներկայումս Գերմանիայի բնակչության թվաքանակն ընդամենը 18 միլիոնով է գերազանցում հարևան երկրի բնակչության թվին։ Շմիդինգի կարծիքով՝ եթե նոր նախագահին հաջողվի իրագործել այնպիսի բարեփոխումներ, որոնք իրենց բովանդակությամբ նման կլինեն գերմանական «Agenda 2010»[2]-ին, և սահմանել Գերմանիայից բարձր տոկոսային նիշ, ապա արդեն հարյուրամյակի կեսերին Ֆրանսիայի համախառն ներքին արդյունքը կգերազանցի Գերմանիայի ցուցանիշը։
Ինչ վերաբերում է խոշոր ֆրանսիական ձեռնարկություններին, ապա դրանք անգամ այսօր կարիք չունեն համեմատվելու իրենց ոլորտի գերմանական մրցակիցների հետ։ Փաստ է, որ որոշ ոլորտներում ֆրանսիական արտադրանքը համաշխարհային շուկայի առաջատար է։ Պերճանքի առարկաներ արտադրող «LVMH Moët Hennessy» ընկերությանն աշխարհում թերևս ոչ ոք չի կարող ձեռնոց նետել։
Բորսայում շուրջ 120 միլիարդ եվրո արժողությամբ գնահատվող «LVMH»-ը կապիտալի առումով անգամ ավելի հզոր է, քան գերմանական խոշորագույն «SAP» ընկերությունը, որի արժեքը բորսայում հասնում է 115 միլիարդ եվրոյի։ Նույնպես և Ֆրանսիայի բաժնետիրական ընկերությունների շարքում համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը գրավող «Total» նավթագազային կոնցեռնի և «Sanofi» դեղագործական կոնցեռնի ֆինանսական մակարդակում չկա ոչ մի գերմանական ընկերություն։
Ֆինանսական սեկտորում Փարիզը նույնպես տրամաչափով տարբերվում է Ֆրանկֆուրտից։ Երկրի խոշորագույն բանկը՝ «BNP Paribas»-ն, ունի շուկայի կապիտալացման կրկնակի բարձր մակարդակ և կրկնակի շատ աշխատակիցներ, քան «Deutsche Bank»-ը։
Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայում բարեկեցության մակարդակն ավելի բարձր է, քան այդ մասին հաճախ խոսում են տարբեր վերլուծաբաններ։ Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվարկների համաձայն՝ մեկ շնչին բաժին ընկնող 34.455 եվրո ՀՆԱ-ով Ֆրանսիան ընդամենը 3000 եվրո է զիջում Գերմանիայի նույն ցուցանիշին։ Եթե 39-ամյա քաղաքական գործչին իր նախագահության օրոք հաջողվի գործունեության ավելի արդյունավետ կերպեր գտնել, ապա վիճակագրորեն Ֆրանսիան ընդունակ կլինի արդեն հաջորդ տասնամյակում ապահովել իր քաղաքացիների նույնքան բարեկեցիկ կյանքը, որքան կլինի գերմանացիներինը։
Հետազոտողների համաձայն՝ երկճյուղ մասնագիտական կրթության զարգացումը և կրթականհամակարգում ծրագրված հետագա ներդրումները երկիրը կտանեն ճիշտ ուղղությամբ։ Նորընտիր նախագահը նպատակ ունի հատուկ ուշադրություն դարձնելու հենց երիտասարդ քաղաքացիների նեղ մասնագիտական որակավորման գործընթացի խորացման վրա։ Մակրոնը ծրագրում է նվազագույնը 15 միլիարդ եվրո ներդնել երկրի կրթական համակարգում։ Դրական տեղաշարժերը, սակայն, նկատելի կլինեն մեկ-երկու տարի անց։
Արհմիությունների նշանակությունը
Հայտնի է, որ Ֆրանսիայի աքիլեսյան գարշապարը միջին խավն է։ Վերջինս հատկապես թուլացել է աշխատաշուկայի ոչ ճկուն կարգավորման քաղաքականության, ինչպես նաև, գործատուների կարծիքով, այդ ուղղությամբ կատարված մեծ ծախսերի պատճառով։ Հենց այստեղից է ծրագրվում Մակրոնի քաղաքական գործունեության մեկնարկը։ Թեև նա այս ուղղությամբ ձեռնարկվող բարեփոխումների առումով որոշակի խանդավառություն է ցույց տվել 2014-2016թթ. իր՝ տնտեսության և արդյունաբերության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում, սակայն նրա առաջարկները հիմնականում արձագանք չեն գտել OECD [3]-ի կողմից։
Այնուամենայնիվ, լիբերալ նախագահի կարճատև իշխանավարության ընթացքում կտրուկ առաջընթաց դժվար թե գրանցվի։ Այն, թե արդյո՞ք Ելիսեյան պալատում Մակրոնի գործունեությունը կպսակվի հաջողությամբ, կախված է գործոններից, որոնք դուրս են իր իրավասուության ոլորտից։ Հունիսի 18-ին կայանալու են Ֆրանսիայի 15-րդ Ազգային ժողովի ընտրությունները, իսկ Մակրոնի «En Marche!»[4]-ը ավելի շուտ քաղաքական շարժում է, քան կայացած կուսակցություն։
«Եթե Մակրոնը ցանկանում է հաջողությամբ բարեփոխել երկիրը, ապա նա ուժեղ կառավարության աջակցության խիստ կարիք կունենա»,- նշում է «Merck Finck» մասնավոր բանկի գլխավոր տնտեսագետ Ռոբերտ Գրեյլը։ Իսկ արդյո՞ք նա այդ աջակցությունը կստանա՝ դեռևս բավականին անորոշ է։ Անորոշ է նաև հետևյալ հարցը. արդյո՞ք համաձայնության կգան հզոր արհեստակցական միությունները, թե, ինչպես և անցյալ տասնամյակներում, աշխատանքի իրավական դաշտի կարգավորման ցանկացած փորձի կհետևեն շաբաթներ տևող գործադուլեր և ցույցեր։
Եվ, այդուամենայնիվ, խոշորագույն ֆրանսիական արհմիություններից մեկը՝ «CFDT»-ը[5], արդեն իսկ աջակցության նշաններ է ցույց տալիս։ Կա ևս մեկ գործոն, որը կարող է օգտակար լինել Մակրոնին։ Ֆրանսիական էլիտան տագնապով է վերաբերվում այն փաստին, որ երկիրը կրկին մրցակցության մեջ է մտնում հզոր Գերմանիայի հետ։ Գուցե հենց Հռենոսից արևելք ընկած տնտեսական հզոր հարևանին հավասարվելու ցանկությունն այն անհրաժեշտ արկածախնդրությունն է, որը նոր լիցքեր կհաղորդի Ֆրանսիայի տնտեսական նոր վերելքի գործընթացին։
Հատուկ «Անալիտիկոնի» համար գերմաներենից թարգմանեց Նարեկ Խալաֆյանը
Սկզբնաղբյուրը` WELT
[2] «Agenda 2010»-ը (գերմ՝ «Օրակարգ- 2010») սոցիալական ապահովման համակարգին և աշխատանքային հարաբերություններին ուղղված բարեփոխումների համակարգ է, որը ծրագրվել և իրագործվել է Գերմանիայի՝ Սոցիալ-դեմոկրատների և Կանաչների կուսակցությունների կոալիցիայի կազմած կառավարության կողմից։
[3] Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (անգլ.՝ Organisation for Economic Cooperation and Development, OECD)
[4] ֆր․ «Առա՜ջ»։
[5] Աշխատանքի ֆրանսիական ժողովրդավարական համադաշնություն (ֆր․ Confédération française démocratique du travail)