Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Թուրքիան շարունակում է քանդել Հայաստանի հետ կամուրջը

hghazaryan
July 2020
Գևորգ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Թուրքագետ
Երևան
 
Ընթացիկ տարվա առաջին կեսը գերազանցապես հագեցված էր կորոնավիրուսի թեմայով, սակայն վերջին շաբաթներին այն սկսում է իր լրատվական գերակայությունը զիջել այլ կարևոր զարգացումների։ Ընդ որում, մեր դեպքում այդ զարգացումները կապված են հիմնականում Տավուշի հատվածում ադրբեջանական ագրեսիվ գործողությունների հետ, ինչպես նաև առնչվում են այդ ամենին Թուրքիայի արձագանքներին։

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասով վերջին ամիսների փոքրաթիվ նորություններն էլ իրենց հերթին հիմնականում կապված էին կորոնավիրուսի և դրա հետևանքների հետ, օրինակ, մեր հայրենակիցների՝ Թուրքիայից Վրաստանի տարածքով Հայաստան վերադարձի իրականացման և նմանատիպ թեմաների հետ։ Սակայն վերջին շաբաթներին Հայաստանն ու Թուրքիան դուրս եկան «հարաբերական անդորրից»։
 
Օրակարգում հետաքրքիր քննարկում ձևավորած հարցերից մեկը, որը կապված չէր կորոնավիրուսի թեմայի հետ, Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության ու կապի  նախկին նախարար, ներկայումս Կարսից թուրքական խորհրդարանի պատգամավոր Ահմեթ Արսլանի այն հայտարարությունն էր, թե Թուրքիան պատրաստվում է վերականգնել Անիի կիսաքանդ կամուրջը, որն Ախուրյան գետի վրա է կառուցված և մաս էր կազմում Մետաքսի ճանապարհի։ Ներկայումս կամրջի միայն հիմքերն են մնացել, ընդ որում՝ կամրջի մի հենքը Հայաստանի տարածքում է, իսկ մյուսը՝ մերօրյա Թուրքիայի տարածքում։ Իսկ Ախուրյան գետը, որի վրա էլ կառուցվել է իր ժամանակի համար կարևորագույն այս կամուրջը, մեր օրերում Անիի հատվածում Թուրքիայի և Հայաստանի համար սահմանը բաժանող գետի դերն է կատարում։
 
Իհարկե, այս նորությունից հետո առաջին տրամաբանական հարցը, որն առաջ եկավ բոլորիս մոտ, այն էր՝ արդյո՞ք հայկական կողմը համաձայնություն է տվել կամրջի վերակառուցման թուրքական այս նախաձեռնությանը։ Հաշվի առնելով, որ Անիի կամրջի մյուս կեսը ՀՀ սահմաններում է, ապա վերակառուցումն առանց Երևանի թույլտվության դառնում է անհնար։ Պաշտոնական հայտարարություններ հայաստանյան կողմն այս թեմայով չարեց, իսկ միայն Թուրքիայի հայտարարությունը դեռ բավարար չէ, որ այդ նախագիծն ամբողջությամբ կյանքի կոչվի, մանավանդ, որ թուրք պատգամավորը ևս հայաստանյան կողմի դիրքորոշման մասին որևէ տեղեկություն չէր հաղորդել իր խոսքում։ Ընդ որում, Անիի կամուրջը ոչ միայն պատմական կոթող է և ունի իր յուրահատուկ տեղադրությունը, այլ վերջին տարիներին անգամ միջազգային լրատվամիջոցների համար կամրջի լուսանկարը դարձել էր հայ-թուրքական հարաբերություններին նվիրված հոդվածների ուղեկցող պատկեր. պատկերի խորհուրդը կապում էին սահմանին լինելու ու նրա կիսաքանդ վիճակի հետ, ինչպես էլ բնորոշվում են Երևանի և Անկարայի միջև հարաբերությունները։
 
Պակաս կարևոր չէր նաև լրատվադաշտում առավել քիչ ուշադրության արժանացած, բայց և նորից Անիին առնչվող մի հայտարարություն էլ, այն է՝ Թուրքիան միևնույն ժամանակ պատրաստվում է վերականգնել Անիի տարածքում գտնվող և հայկական միջնադարյան շինության հիմքի վրա կառուցված Մանուչեի մզկիթը, որը մեր հարևան երկրում ներկայացվում է որպես առաջին թուրքական մզկիթը Փոքր Ասիայում՝ կառուցված 11-րդ դարում։ Ավելին, վերականգնումից հետո Մանուչեն նախատեսվում է վերաբացել որպես գործող մզկիթ։ Եվ, մզկիթն ու կամուրջը գրեթե հարևաններ են։ Մզկիթի դեպքում տրամաբանութունն առավել հասկանալի է, քանի որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ մեր հարևան երկիրը վերջին տարիներին ընդգծված իսլամամետ քաղաքականություն է վարում։ Առավել թարմ նման օրինակներից է Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը, որն ուներ թանգարանի կարգավիճակ, սակայն Թուրքիայում վերջերս այն վերաբացեցին որպես մզկիթ, ինչն էլ արժանացավ բուռն քննադատության այդ երկրի սահմաններից դուրս, սակայն երկրի ներսում կրոնամետ և ազգայնական լայն զանգվածների շրջանում մեծ ոգևորությամբ ընդունվեց։
 
Վերադառնալով Անիի կամրջի թեմային՝ տեղին է հիշել նաև, որ 2010 թվականին, երբ հայ-թուրքական հարաբերություններում որոշակի զարգացումներ էին սկսվել, կրկին նշվում էր, թե Թուրքիան ցանկանում է վերականգնել Անիի կամուրջը, սակայն այդ ժամանակ ևս հայտարարություններից անդին քայլ չկատարվեց։ Այդ ժամանակ իրավիճակն ավելի հարմար էր նման նախագիծ կյանքի կոչելու համար՝ հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համեմատաբար ակտիվ շրջանը։
 
Իհարկե, ոչ միայն Հայաստանի կողմից պաշտոնական հաստատման բացակայությունը, այլ նաև հետագայում Տավուշի հատվածում ադրբեջանական գործողություններն ու դրա հետևանքով Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունների միմյանց դեմ ուղղված հայտարարություններով փոխանակումը միանշանակ նման նախագծի հնարավորություններն այս պահին հասցնում են նվազագույնի։ Թուրքիան հուլիսյան այս սրացմանը հերթական անգամ հստակ ցուցադրեց իր միակողմանի ադրբեջանամետ դիրքորոշումը՝ ամբողջությամբ սատարելով Ադրբեջանին և մեղադրանքներ ուղղելով Հայաստանի դեմ։ Ընդ որում, Թուրքիան ինչպես իր տնտեսական խնդիրների առումով, այնպես էլ տարածաշրջանային ագրեսիվ քաղաքականության հետևանքով այժմ լավագույն դիրքերում չէ, և հիմա առավել քան պետք է աջակցություն Ադրբեջանից, ինչպես նաև թուրքական կողմը զգուշանում է տարածաշրջանում հակաթուրքական դաշինքի ձևավորումից, որը, իհարկե, ներկա իրավիճակում չի կարող շրջանցել Հայաստանին։ Հետևաբար, Թուրքիան առավել սուր էր արձագանքում այն ամենին, ինչ տեղի էր ունենում Տավուշի հատվածում։
 
Այսպիսով, մեր այս անդրադարձը ևս մեկ անգամ գալիս է ցույց տալու, թե որքան դիպուկ է խորհրդանշում Անիի կամուրջը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բովանդակությունն ու ձևը։ Ինչպես և կամուրջը,  հայ-թուրքական հարաբերությունները ևս կարող են փոխվել միայն լուրջ և խորը գործընթացի արդյունքում, ինչը, սակայն, մեր օրերում, գրեթե անհնար է։ Ակնհայտ է, որ տավուշյան դեպքերից և դրանց Թուրքիայի արձագանքներից հետո Հայաստան-Թուրքիա հարաբերությունները մեծ հետքայլ կատարեցին։ Այս դեպքում ևս հստակ էր, որ հետքայլի հեղինակը կրկին Անկարան է։ Թուրքիան շարունակում է քանդել արդեն իսկ կիսաքանդ կամուրջը Հայաստանի հետ՝ զուգընթաց փորձելով ամրացնել իր կամուրջներն Ադրբեջանի հետ։
 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.