Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ի հեճուկս գոյություն ունեցող համակարգի

marut
October 2012

կամ արդյո՞ք մեր երկրին անհրաժեշտ է հայրենական արտադրողը

 

Իզիդա ՃԱՆԻԱ
Լրագրող
Սուխում

Բիզնեսի եւ պետության միջեւ ամենաբնորոշ փոխհարաբերությունները երկուստեք մեղադրական բնույթի են. պետությունը բողոքում է գործարարներից, գործարարները՝ պետությունից: Այս երկկողմանի ՚լացըՙ ոչ միայն հետզհետե սովորական արարողակարգի է վերածվում, այլեւ դառնում է իշխանության եւ բիզնեսի միջեւ անվստահության եւ կասկածամտության հիմք: Աբխազիայի ձեռնարկատերերն,  ինչպես, հավանաբար, այլ երկրներում եւս, կարծում են, որ նրանց բիզնեսը գոյություն ունի ոչ թե գործող համակարգի շնորհիվ, այլ նրան ի հեճուկս:

Պետության նկատմամբ ձեռնարկատերերի գլխավոր գանգատներն են` չհավասարակշռված հարկային համակարգը եւ անկատար օրենսդրությունը, մաքսային խոչընդոտները, վարկավորման պաշարների անմատչելիությունը եւ վարկավորման թանկությունը, վերահսկիչ մարմինների ուռճացված թիվը եւ կոռուպցիայի բարձր մակարդակը: Հետպատերազմյան շրջանում այս համակարգն այնքան է արմատացել, որ թվում է, թե այլեւս ոչ ոք մտադիր չէ որեւէ բան փոփոխել:

Ռուսաստանի կողմից մեր անկախության ճանաչումից եւ ի դեմս ուժեղացված խաղաղարար ստորաբաժանման անվտանգության երաշխիքների հաստատումից հետո, կարծես թե, առանց ռազմավարական վտանգի կյանքը մեզ համար իրականություն է դառնում: Խաղաղ կյանքը լավագույնս տրամադրում է զարգացման: Իսկ զարգացում լինում է այն ժամանակ, երբ տնտեսությունը դինամիկ է գործում, ուստի եւ բյուջեն է լցվում: Իսկ դա զգալի չափով կախված է, թե որքան հարմարավետ է ձեռներեցն իրեն երկրում զգում:

 

Ամեն ինչ կառուցված է կաշառքի վրա, դրա համար էլ վերահսկիչների թիվը շարունակաբար ավելանում է… 

Իմ զրուցակիցը` Դավիթը, տարիների փորձ ունեցող ձեռներեց է: Նրա կենսագրականը լի է մասնավոր արտադրողի իրավունքների համար պայքարի դրվագներով: Իշխանությունների եւ մասնավոր հացթուխների միջեւ հարաբերությունների լարվածության ժամանակ նա մշտապես առաջին դիրքերում էր: Դրա հետեւանքով էլ նա պարզապես հեռացել է հացարտադրության բիզնեսից: ՚Անհնար է գոյատեւել ալյուրի թանկարժեքության եւ պետության կողմից սահմանված կայուն գների պարագայում: Էլ չասեմ, որ մենք այնքան վերահսկող մարմին ունեինք, որ պետք էր թողնել աշխատանքը եւ միայն նրանցով զբաղվելՙ, – բացատրում է ձեռներեցը:  Ի տարբերություն շատ այլ ձեռներեցների` նա լավ է ծանոթ գործող օրենսդրությանը եւ ասում է, որ Աբխազիայում ստուգումները կարգավորող օրենքը չի գործում: Դավիթը թվարկել է համարյա երկու տասնյակ քաղաքային եւ հանրապետական մակարդակի ստուգիչ կազմակերպություններ, որոնք իրավասու են ձեռնարկատիրոջ գործունեությունը ստուգել:

Բայց, նրա կարծիքով, բիզնեսի զարգացման ճանապարհին ամենաբարդ խոչընդոտը հարկային համակարգն է: ՚Տեսականորեն մեզ մոտ հարկերը բարձր չեն: Բայց մենք մեր քաղաքացիներին ենք խաբում: Ավանդական հարկերի կողքին գոյություն ունի եկամտահարկ` 18%: Դրանից բացի պետք է վճարել 15% շահութահարկ: Այսինքն, երբ դու բանկից փող ես վերցնում եւ վճարում բոլոր հարկերը, դու ինքնաբերաբար հարկվում ես եւս 15%-ով: Դա ոչ մի տեղ չի երեւում, բայց շատերն ընկել են այդ ծուղակի մեջ եւ սնանկացելՙ, – ասում է ձեռներեցը: Նրա հաշվարկով մեզ մոտ հարկային պահումների հանրագումարը կազմում է 30%-ից ավելի, իսկ Ռուսաստանում` ընդամենը 28%: Իսկ վարկերի տոկոսադրույքները 24-26% են, մինչդեռ Ռուսաստանում` 11-17%:

Ասենք, որ նրան հաջողվել է պահպանել բիզնեսը, բայց միայն անընդհատ նոր ուղղություններ եւ չզբաղեցված խորշեր որոնելու շնորհիվ: ՚Մեզ մոտ` Աբխազիայում, եթե սկսում ես որեւէ գործով հաջողությամբ զբաղվել, ապա ինչ-որ մեկը քեզ անպայման կխանգարի: Կամ էլ քեզ ամեն կողմից կսկսեն ՚հարկելՙ: Ռուսական մեքենաների դեպքում ես լուրջ խնդրի եմ բախվել: Ես ռուսաստանյան ընկերությունների հետ մատակարարումների վերաբերյալ պայմանագրեր եմ կնքում եւ անգամ մեծ ցանկության դեպքում ոչինչ թաքցնել չեմ կարող: Մեքենան առաքվել եւ հասել է` ես պարտավոր եմ վճարել: Մեքենան հատել է սահմանը` ինձ մաքս են դուրս գրում: Ինձանից երկու անգամ ավելացված արժեքի հարկ են գանձում: Փաստորեն, ես մաքսից էլ եմ ավելացված արժեքի հարկ մուծում: Այսպիսին է օրենքը: Բայց մաքսն ինքն արդեն իսկ հարկ է: Փաստորեն ես հարկից հարկ եմ մուծում: Ո՞ւր է տրամաբանությունը: Աշխարհում նման պրակտիկա գոյություն չունի: Այս ամենը ես գնահատում եմ որպես օրենսդրության անկատարություն, թեեւ այդպիսի մանրուքներ դեռ շատ են մնումՙ, – պատմում է ձեռներեցը:

Նա դեռեւս փորձում է ապացուցել, որ պետությունը շահագրգռված է ստեղծել հարկահավաքության այնպիսի համակարգ, որը կշահագրգռեր ձեռներեցներին թափանցիկ աշխատել: Հարցը դեռեւս հռետորական է: Անձամբ Դավթի կարծիքով՝ անհրաժեշտ է պարզեցնել վճարումների համակարգը, ՚որպեսզի մարդն իմանա, որ հարկեր մուծելու դեպքում նրան այլեւս ոչինչ չի խանգարի աշխատել եւ զարգանալՙ: ՚Ռուսաստանում փոքր ձեռնարկատերերին ստուգում են երեք տարին մեկ անգամ: Իսկ մեզ մոտ բոլորը կարող են միաժամանակ գլխիդ թափվել: Կոռուպցիան ժանգի պես կլանում է ամեն ինչ: Ամեն ինչ կառուցված է կաշառքի վրա, դրա համար էլ վերահսկողների թիվը շարունակաբար ավելանում էՙ, – ասում է ձեռներեցը: Դեռ առանձնակի հույսեր չունենք, որ առկա է օրենսդրական բոլոր բացերը համակարգելու եւ բիզնեսի ու պետության փոխհարաբերությունները համակարգելու պետական ցանկություն: Յուրաքանչյուր ձեռներեց անհատաբար ինչ-որ կերպով ընտելանում է տիրող իրավիճակին:

Մեր հարցին, թե ինչո՞ւ բիզնեսն ի վիճակի չէ համատեղել ջանքերն ու հասնել անարգել զարգացման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծմանը, Դավիթը պատասխանում է. ՚Մեզ մոտ չկա զարգացած միջին ձեռնարկատիրություն: Եվ քանի դեռ չկա միջին դասը, պաշտոնյաները դրանից օգտվում ենՙ:

 

Մաքսային արգելապատնեշները կրկին խանգարում են 

Լեոնիդն Աբխազիայում հազվագյուտ կատեգորիայի ձեռներեց է. նա արտադրող է` գործարանի տնօրեն: Նա արտադրությամբ էր զբաղվում դեռեւս վրաց-աբխազական պատերազմից առաջ: ՚Որպեսզի ձեռնարկատիրությունը զարգանա` անհրաժեշտ է շուկա, ֆինանսներ, պետական համակարգի երաշխիքներ: Մենք պարզապես գտնվում ենք շուկայի զարգացման փուլում: Այս զարգացումը խոչընդոտվում է ֆինանսների բացակայության եւ դեպի արտաքին շուկա դուրս գալու դժվարություններովՙ, – մատչելիորեն բացատրում է նա ձեռնարկատիրության ոլորտում առկա խնդիրների պատճառները: Լեոնիդը սկզբունքորեն համամիտ է ձեռնարկատերերի բարձրաձայնած գանգատներին, հավելելով, որ իրավիճակն իդեալական կլիներ հարկային, մաքսային եւ վերահսկիչ մարմինների բացակայության դեպքում:

՚Այդժամ ամեն ինչ կզարգանար: Բայց մենք հասկանում ենք, որ դա անել չի կարելի: Պետական համակարգում ամեն ինչ պետք է հավասարակշռված լինի: Կառավարությունը պետք է վերահսկի այդ սահմանագիծըՙ, – համարում է Լեոնիդը: Դեռեւս ձեռներեցները չեն տեսնում ձեռնարկատիրությանն աջակցելուն միտված պետականորեն մշակված համակարգ: ՚Կան չարդարացված հարկեր, երբեմն` անգամ զավեշտալի դեպքեր: Օրինակ, ես իրավաբանական անձ եմ եւ ինձ արգելված է կանխիկ շրջանառությունը: Թեեւ կան ավելի ընդգրկուն խնդիրներ եւս: Օրինակ, ցանկացած ներկրվող ապրանքից մաքսատանը 3% է գանձվում, անգամ` երկիր ներմուծվող սարքավորումներից: Սկզբունքորեն, եթե երկրի բյուջեն առավել քան 30%-ով ձեւավորվում է ներկրվող ապրանքի մաքսից, ապա դա միանգամայն անհեռանկարային է: Բյուջեն, նախ եւ առաջ, պետք է ձեւավորվի արտադրության հաշվին, ուստի այն հարկ է խթանելՙ, – ասում է նա:

 

 

Նույն կարծիքի են անխտիր բոլոր տնտեսագետները եւ բիզնեսի ոլորտի հետ առնչություն ունեցող մարդիկ: Վառ ընդգծված սեզոնայնությունը մեզ թույլ չի տալիս հենվել սոսկ կուրորտային ոլորտի վրա: Իսկ արտադրության զարգացման համար անհրաժեշտ են երկու գործոններ` հումք եւ շուկա: Արտադրությունը կարելի է սկսել հիշյալ գործոններից գոնե մեկի առկայության դեպքում:

Մինչդեռ արտադրողներն ունենում են շատ ծախսեր` այդ թվում եւ մաքսատանը: ՚Եթե մաքսատանը խնդիրներ չծագեին, ես արդեն կմեկնարկեի իմ արտադրությունը: Օրինակ, ինձ անհրաժեշտ է մազութ, բայց այն պարզապես չկա: Մենք ամբողջությամբ էլեկտրաէներգիայով ենք աշխատում: Միեւնույն է, ամեն ինչ թանկ է լինում, թեեւ էլեկտաէներգիան մեզ մոտ համեմատաբար էժան էՙ, – ասում է Լեոնիդը: Կան նաեւ արտադրության զարգացմանը խանգարող առարկայական պատճառներ: Չէ՞ որ փոքր արտադրությունները չեն կարող մրցել խոշորների հետ: Նրանց դժվար է մրցել ներկրվող ապրանքների հետ, քանի որ դրանց գինն ավելի էժան է: Եվ, նախկինի պես, դժվար է Աբխազիայից ապրանք արտահանել. կրկին խանգարում են մաքսային արգելապատնեշները:

 

Հարկային բեռն Աբխազիայում զգալիորեն ավելի բարձր է, քան անգամ Ռուսաստանում… 

Իգորը խոշոր հանրախանութի եւ մեծածախ առեւտրային բազայի կառավարիչ է եւ սեփականատերերից մեկը: Թե ինչ, մեղմ ասած, բարդ հարաբերություններ ունի ձեռնարկությունը վերահսկիչ մարմինների հետ` գիտի ողջ երկիրը: Իգորը պաշտպանվում է ու չի լռում. ՚Մեզ մոտ մի իրավիճակ է ստեղծված, երբ բիզնեսը ստիպված է պայմանավորվել իշխանության հետ: Դա վատ է ոչ միայն բիզնեսին խանգարելու, այլեւ ամենակուլ կոռուպցիային նպաստելու առումով: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ձեռնարկատերերն իրենց խնդիրները լուծում են կաշառքի միջոցովՙ, – ասում է նա:

– Բայց ասում են, որ Դուք կաշառք չեք տալիս:

– Այո՛, չեմ տալիս: Ինչո՞ւ տանք: Չէ՞ որ մենք շիտակ, ինչպես ձեռներեցների մոտ ընդունված է ասել, ՚մաքուրովՙ ենք աշխատում: Խնդիրը հենց սրա մեջ է: Մեր աշխատակիցներից բացի ոչ ոք չի հավատում, որ դա հնարավոր է:  Որոշ պաշտոնյաներ հենց այդպես էլ հայտարարում են, թե մենք, միեւնույն է, գողանում ենք, եւ որ նրանք դա մի օր կապացուցեն: Արդյո՞ք հնարավոր է նման հարաբերությունները բնականոն համարել: Որպեսզի հարաբերությունները գործընկերային լինեն, եւ բիզնեսը կարողանա հարմարորեն եւ հեշտ  աշխատել, անհրաժեշտ է անել քիչ բան` պետք է անհապաղ վերանայել եւ փոփոխություններ մտցնել հարկային օրենսդրության մեջ.

– առաջինը` թեթեւացնել հարկային բեռը, քանզի այն Աբխազիայում զգալիորեն ավելի ծանր է, քան անգամ Ռուսաստանում,

– երկրորդը` վերացնել կրկնակի հարկում սահմանող հոդվածները, հատկապես` ռուսաստանյան ձեռնարկությունների եւ բանկերի պարագայում,

– չեղյալ հայտարարել կամ փոփոխել բնականոն կերպով աշխատելուն խոչընդոտող մի շարք որոշումներ, օրինակ` ձեռնարկությունների միջեւ կանխիկ դրամի շրջանառության վերաբերյալ. մենք չենք կարող կանխիկ գումարով անգամ բենզին գնել կամ ապրանքի հետեւից առավոտյան մարդ ուղարկել, երբ բանկերը դեռ չեն աշխատում: Հացի մանրածախ գների վերաբերյալ որոշումը մեզ հարկադրել է հրաժարվել սեփական հացարտադրությունից,

 

– փոխել ծախսերի հաշվարկման կարգը. անհնար է Մոսկվա մեկօրյա գործուղում կատարել 400 ռուբլի գումարով: Բոլորին վաղուց հասկանալի է, որ այդպիսի գներ պարզապես գոյություն չունեն, բայց ոչ ոք մտադիր չէ հոդվածը վերանայել: Հասկանալի է, որ մնացած ծախսերը ձեռնարկատերը փակում է արդեն սեփական շահույթից:

Օրենսդրության մեջ բիզնեսի զարգացմանը խոչընդոտող այսպիսի ՚մանրուքներՙ շատ են. իմ հիշատակածը սոսկ օրինակ էր:

Իգորը կարծում է, որ մեր երկրում բիզնեսի եւ իշխանության միջեւ փոխհարաբերությունների քաղաքակիրթ համակարգ չի ձեւավորվել: ՚Պետք չէ պայմանավորվել, ստեղծեք օրենքներ, որոնցով հնարավոր կլինի ապրել: Անհնար է հեշտացնել ձեռնարկատերերի կյանքը` առանց այս երկրի մարդկանց կյանքը թեթեւացնելու նպատակիՙ, – ասում է նա: Մեր հարցին, թե ի՞նչ է հարկավոր անել բիզնեսի աշխատանքը հեշտացնելու համար, Իգորը ներկայացրել է իր դեղատոմսը. ՚Պետք է հավաքել ներդրողներին` շուրջ 20 հոգու, տարբեր գերատեսչությունների պաշտոնյաներին` շուրջ 20 հոգու, պատգամավորներին` շուրջ 20 հոգու. թող նստեն մեկ սեղանի շուրջ այնքան ժամանակ, քանի դեռ որոշում չընդունեն, թե ինչ է հարկավոր անել ժողովրդի կյանքը դյուրացնելու համար: Միայն դրանից հետո թող ցրվենՙ:

 

Ժամանակն է ուղիղ հարկման համակարգին անցնելու 

Իլյան պատգամավոր եղած ժամանակ բազմիցս արտահայտվել է բիզնեսի խնդիրների կապակցությամբ: Այժմ նա դարձյալ ՚թեմայիՙ մեջ է: ՚Մենք մինչեւ օրս չենք կատարել ամենակարեւոր քայլը. մենք վաղուց պետք է ընդունած լինեինք ՚Ձեռնարկատիրության պետական աջակցության մասինՙ օրենք: Հարկ է հստակորեն որոշել, թե ի՞նչ արժեք ունի ձեռներեցը երկրի համար. Նա գող ու սրիկա՞ է, որը մտածում է, թե ինչպես կողոպտի պետությանը, թե՞ նա մի անձ է, որը պետբյուջեին եկամուտներ է ապահովում եւ օգնում գոյատեւել բնակչությանըՙ, – ասում է փորձագետը:  Իլյան ընդունում է, որ մի քանի տարի առաջ ընդունված ՚Պետական հսկողության ժամանակ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցների իրավունքների պաշտպանության մասինՙ օրենքը միշտ չէ, որ գործում է:  Ըստ այս օրենքի` առանց համապատասխան անհրաժեշտության ոստիկանության աշխատակիցն իրավասու չէ կատարել վերահսկողություն եւ միջամտել ձեռնարկության տնտեսվարական գործունեությանը: ՚Բայց խնդիրն այն է, որ մեր ձեռնարկատերը նույնպես սովոր են աշխատել հին ձեւով. նա վերահսկիչ մարմինների հետ ՚փոխվստահությանՙ հարաբերություններ է հաստատում եւ պատրաստ չէ օգտվել օրենսդրության ընձեռած հնարավորություններիցՙ, – ասում է նա:

Ի հեճուկս բոլոր դժվարությունների` բիզնեսը զարգանում է, հաճախ` պարզապես տարերայնորեն: Առաջանում են խորշեր, եւ բոլորը ձգտում են զբաղեցնել դրանք: ՚Նախկինում այլ բան էին կառուցում, իսկ այսօր ընթանում է ողջ երկրի ՚հյուրանոցայնացումըՙ: Մեքենաների ներկրումը, մետաղների մաքսանենգությունը եղել են միշտ: Բայց եթե մենք ունենայինք բիզնեսի հետ կապված պետական զարգացման ծրագիր, ապա բոլորս մեզ ավելի լավ կզգայինքՙ, – համոզված է փորձագետը: Օրինակ, Աբխազիայում գյուղատնտեսական արտադրանքի շուկա ցայսօր գոյություն չունի: Փոքր բիզնեսը նոր է սկսում իրացնել ոլորտը: Ակնհայտ է, որ դրա փոխարեն պետությունը պետք է ձեռնարկատերերին առաջարկի նոր ազատ խորշեր: Դրա փոխարեն մենք ունենք ամենամյա ինդիկատիվ ծրագրավորում:

՚Մենք մեր կյանքն ենք ծրագրավորում մեկ տարվա կտրվածքով` ՚մեռածՙ ձեռնարկությունների կամ ինքնուրույնաբար ճանապարհ որոնող բիզնեսի շրջանակներումՙ, – փաստում է Իլյան: Մինչդեռ ողջ աշխարհում բիզնեսի զարգացման թռիչքային խթան են հանդիսանում էժան վարկերը: Աբխազիայում վարկերը թանկ են եւ դժվարամատչելի: Իլյայի խոսքերով` ՚այդ խորշը զբաղեցրած մարդիկ հաստատել են խաղի կանոններ եւ մոտենում են ՚միջին դասՙ կոչվող հասարակական շերտին: Նոր մարդկանց համար այս դասի մեջ մտնելը դյուրին չէՙ:

Ինչո՞ւ ձեռներեցներն ի վիճակի չեն միասնաբար առաջ մղել սեփական շահերը. հարցը համարյա փիլիոփայական է: ՚Ձեռներեցն այսօր սովոր է վերապրել միայնակ գայլի նման: Ձեռներեցները պետք է հնարավորություն ունենան արտահայտել իրենց տեսակետը, պաշտպանել սեփական շահը: Միաժամանակ, նրանք պետք է սոցիալապես պատասխանատու լինեն: Չէ՞ որ նրանցից շատերը պետության եւ հասարակության առջեւ իրենց ստանձնած պարտավորություններն անհրաժեշտ բարեխղճությամբ չեն կատարումՙ, – բացատրում է Իլյան: Իսկ օրենսդրությունը կատարելագործելու համար բոլոր հնարավորություններով օժտված խորհրդարանի պատգամավորները գիտեն, որ ՚օրենսդրական համակարգն ունի այնպիսի կառուցվածք, որ հատկապես տնտեսական ոլորտի պարագայում այնտեղ շատ դժվար է փոփոխություն մտցնել: Ձեռնարկատերերն էլ միշտ չէ, որ կարողանում են անհրաժեշտ պատշաճությամբ խնդիրներն օրենսդրական տեսքով ներկայացնելՙ, – խորհրդարանի կրավորականությունը բացատրելու փորձ է կատարում նախկին պատգամավորը:

՚Այնուամենայնիվ, երկիրը պետք է կողմնորոշվի թե՛ փոքր ձեռնարկատիրության զարգացման հեռանկարի, եւ թե՛ պետության հիմքը հանդիսացող միջին դասը գոյացնելու հարցում: Դրա համար անհրաժեշտ է ձեռնարկատիրությունը պետականորեն խթանելու ֆինանսապես ապահովված ծրագիրՙ, – եզրակացնում է նա:

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.