Պայքարել ընդհանրապես, նշանակում է՝ ընդհանրապես չպայքարել: Մի խելոք մարդ է ասել։ Այս միտքն ես հիշում, երբ նայում ես Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի զարգացումներին և շրջադարձերին։
Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին սկսեցին խոսել մի 20 տարի առաջ։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանն անգամ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով խորհրդական-օգնական ուներ։ Բայց նա, բնականաբար, մենակ չէր կոռուպցիայի դեմ դժվար պայքարում։ Թեև Հայաստանի այս՝ երրորդ հանրապետությունը, Հայաստանի խորհրդային՝ երկրորդ հանրապետությունից ժառանգել էր մի քանի իրավապահ կառույց, ստեղծվեցին նորերը։ Այսօր պատկերը հետևյալն է։ Ունենք.
1. ՀՀ ոստիկանություն (նախկին ներքին գործերի նախարարություն). ստեղծվել է 1918 թվականին։
2. ՀՀ դատախազություն. ստեղծվել է 1922 թվականին։
3. ՀՀ ազգային անվտանգության ծառայություն (նախկին պետական անվտանգության կոմիտե՝ ՊԱԿ). խորհրդային ՊԱԿ-ը ստեղծվել է 1954 թվականին, դրանից առաջ՝ 1917 թվականին ստեղծվածը, ՉԵԿԱ-ն էր։
4. ՀՀ հատուկ քննչական ծառայություն. ստեղծվել է 2007 թվականին. ՀՀ քննչական կոմիտե. ստեղծվել է 2014 թվականին։
Ի հավելումն՝ պետական տարբեր կառույցներում կան հանցագործությունների, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարելու կոչված ստորաբաժանումներ։ Օրինակ, պաշտպանության նախարարության համակարգում կա ռազմական ոստիկանություն, պետեկամուտների կոմիտեի կազմում կա հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն, համանման անվամբ և միևնույն գործառույթով ՊԵԿ-ում էլ վարչություն կա։ ՀՀ հաշվեքննիչ պալատը, պետական վերահսկողական ծառայությունն ու էթիկայի հանձնաժողովն էլ պետական կառույցների և բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեությունը հասարակության համար առավել թափանցիկ ու հրապարակային դարձնելու իրենց պարտականություններով կարող են նպաստել կոռուպցիայի դեմ պայքարին։
Այս բոլոր կառույցների մասին օրենքներ կան, որոնցով հստակ սահմանված են դրանց պարտականությունները։ Օրինակ, ոստիկանության մասին օրենքով՝ կառույցի խնդիրներն են հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը, հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը, քրեական գործով նախնական քննությունը և այլն։ Ազգային անվտանգության ծառայության մասին օրենքով՝ ԱԱԾ-ն բացի հետախուզական, հակահետախուզական և նման այլ քայլերից պիտի նաև պայքարի հանցագործությունների դեմ: Դախատազության մասին օրենքը կառույցին քրեական հետապնդում հարուցելու իրավունք է տալիս։ Հատուկ քննչական ծառայության մասին օրենքով՝ ՀՔԾ-ն կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն և այլն:
Բացի այս օրենքներից՝ Հայաստանում գործում են բազմաթիվ այլ իրավական ակտեր, այդ թվում՝ միջազգային փաստաթղթեր, որոնց նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է։ 2014 թվականին ընդունվել է հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգը, 2015 թվականին՝ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը։ Այս փաստաթղթերի ընդունումից հետո՝ 2004 թվականին ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը նոր լիազորություններ ստացավ, ստեղծվեց նաև փորձագիտական հանձնախումբ։ Նույն` 2004 թվականից մենք Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) անդամ ենք։ Նախորդ գումարման խորհրդարանն էլ մի շարք օրենքներ ընդունեց, այդ թվում՝ Ապօրինի հարստացման մասին օրենքը։ Հայաստանում անգամ լրատվամիջոցները կարող են օգնել կոռուպցիայի դեմ պայքարին։ Դեռևս խորհրդային Հայաստանում քրեական դատավարության օրենսգրքով սահմանված էր, որ քրեական գործի հարուցման առիթներից մեկը մամուլում հրապարակված հաղորդումներն են։ Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքում նույն դրույթը կա 176 հոդվածում։
Հոդված 176. Քրեական գործ հարուցելու առիթներն են`
1) հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին.
2) հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները.
3) հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը` իրենց լիազորություններն իրականացնելիս:
Եթե ամբողջացնենք պատկերը՝ կստացվի, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի համար ընդունվել են տասնյակ իրավական ակտեր, պայքարում ընդգրկված է մեկ տասնյակից ավելի պետական օղակ, որոնք բազմաթիվ մարզային ստորաբաժանումներ ունեն, հարյուրավոր լրատվամիջոցներ կարող են նպաստել հակակոռուպցիոն պայքարին։ Հանրագումարով՝ տասնյակ հազարավոր մարդիկ։ Սակայն կոռուպցիան դեռ ուտում է Հայաստանն ու նրա քաղաքացիներին։ Այս հզոր բազան չի նպաստում պայքարի արդյունավետության բարձրացմանն այն պարզ պատճառով, որ կոռուպցիայի դեմ պայքարելու փոխարեն պետական օղակները նոր լծակների տիրանալու կռիվ են սկսել։ Իշխանական օղակներում քննարկվում է հակակոռուպցիոն պետական մարմին ունենալու հարցը։
Աշխարհում կա երկու մոդել. հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին, որը կզբաղվի հակակոռուպցիոն կրթությամբ, կոռուպցիայի կանխարգելմամբ, օպերատիվ հետախուզությամբ և նախաքննությամբ: Եվ հակակոռուպցիոն ապակենտրոնացված համակարգ. հատուկ քննչական ծառայությունը դառնում է հակակոռուպցիոն մարմին, ստեղծվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ կանխարգելիչ և կրթական գործառույթներով, իսկ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և հակակոռուպցիոն միջոցառումներ են իրականացնում տարբեր կառույցներ՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, կառավարության և արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանումներ: Առայժմ ընդհանուր մոտեցում չկա ու չկա նաև կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար։ Կարծում եմ, առավել ընդունելի է հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին ձևավորելը, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ կոլեկտիվ պատասխանատվությունը բերում է անպատասխանատվության։ Պետական մեկ օղակ կզբաղվի հակակոռուպցիոն կրթությամբ, կոռուպցիայի կանխարգելմամբ, օպերատիվ հետախուզությամբ և նախաքննությամբ: Ու չի կրկնվի կոալիցիոն կառավարության տարիների Հայաստանի պատմությունը, երբ կրթության նախարարի կուսակցությունը հայտարարում էր, թե ոստիկանության ապօրինությունների պատասխանատվությունը չի կիսում, քանի որ ոստիկանապետը այլ կուսակցության քվոտայով է նշանակվել։ Այլ խոսքով՝ իրավապահը չի ասի՝ լավ չեք կրթում, դրա համար էլ կոռումպացվածները շատ են, կրթողը չի ասի՝ կրթական նյութերի մշակումները վատն են, նյութեր մշակողներն էլ չեն ասի՝ մեր նյութերը մնացել են դարակներում՝ ոչ կրթում եք, ոչ՝ կանխարգելում։ Պետությունը մեկին լիազորություն կտա, մեկից էլ՝ կպահանջի։
ՀՀ կառավարության նոր կառուցվածքը հաստատվեց միայն իշխող ուժի կողմ ձայներով։ Ընդդիմությունը դեմ էր։ Կառավարությունում կամ կառավարությանն առընթեր չկա հակակոռուպցիոն մարմին։ Բայց ընդդիմության միասնական բացասական վերաբերմունքը նշանակում է, որ հանրության մեջ ընդհանուր մոտեցում չի ձևավորվել։ Ու չկա երաշխիք, որ հակակոռուպցիոն մարմինը՝ ունիվերսալ կամ ապակենտրոնացված, եթե ձևավորվի, ապա հանրության սրտով կլինի։ Այստեղ տեղին է հիշել 2008 թվականի մարտի ողբերգության դատական գործերը, երբ մարդը ազատազրկվում էր միայն մեկ ոստիկանի ցուցմունքի վրա հենված դատավճռով։ Եվրոպական կառույցները սա նորմալ չընդունեցին։ Բայց մեկ կուսակցության կամքով կառավարության կառուցվածքը փոխելը դրսից նկատելի չէ։ Կամ՝ հետհեղափոխական Հայաստանը մեկ տարեկան է, և արդեն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործեր կան, որոնցից ամենաաղմկոտները առողջապահության փոխնախարարի, պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ձերբակալությունն ու ծառայության ղեկավարին մեղադրանք առաջադրելու գործերն են։
ՀՀ վարչապետն ու տարբեր պաշտոնյաներ, նաև իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ պատգամավորներ մեկ անգամ չէ, որ հայտարարել են՝ Հայաստանում համակարգային կոռուպցիան վերացել է։ Եթե անգամ դա իրականություն է, ապա վերը նշված գործերը վկայում են, որ համակարգում դեռ կոռուպցիա կա։ Եվ իշխող ուժի ներկայացուցիչների հայտարարությունները հիշեցնում են խորհրդային տարիների գործելաոճը, երբ պետական որևէ պաշտոնյայի ապօրինությունը մեկ անուն ուներ. «Առանձին բացասական օրինակ»։ Մինչդեռ աշխարհի ամենամեծ ու հզոր Խաղաղ օվկիանոսը՝փոքր, աննշան, անզոր կաթիլների ամբողջություն է։ Համակարգային կոռուպցիան համակարգում գրանցված «Առանձին բացասական օրինակների» ամբողջություն է։ Ու քանի դեռ այս օրինակները կան ու դեռ դրանց էլ գումարվում է պետական նոր լծակների տիրանալու կռիվը, իսկ կոռուպցիայի դեմ պայքարը չգիտես որ պլանում է՝ կոռուպցիան ուտելու է Հայաստանն ու նրա քաղաքացիներին։ Անգամ այն դեպքում, երբ կոռուպցիան վերացնելու համար ընդունվել են տասնյակ իրավական ակտեր, ստեղծվել են տասնյակ պետական կառույցներ։