Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Կգնա՞ Բելառուսը «Արմենիզացիայի» մոդելով

hayk
September 2020

 

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Վերլուծաբան

Երևան

 

Տարիներ առաջ, երբ Հայաստանը նոր էր դարձել Եվրասիական տնտեսական միության անդամ,  և մասնագիտական հանրույթում քննարկումների տեղիք էր տվել Հայաստանի կարգավիճակը Եվրոպական Միության հետ հարաբերություններում, ակադեմիական  հոդվածներիցս մեկում առաջ քաշեցի Արմենիզացիայի հայեցակարգը ՝ ակնկալիքով, որ այն հետագայում կարող է դառնալ մոդել ոչ միայն Հայաստանի, այլ նաև համանման պայմաններում հայտնված շատ այլ երկրների համար:

2013 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումից առաջ Հայաստանի կարգավիճակը նման էր Ֆինլանդիայի կարգավիճակին, և ընտրվեց գրեթե նույն ուղին, ինչ Ֆինլանդիան՝ նախորդ դարի կեսերին. արտաքին քաղաքականության մեջ ռազմավարական շրջադարձ չկատարելու և զիջումների գնալու հաշվին Հայաստանը որոշակիորեն պահպանեց իր անկախությունը և խուսափեց այն դեպքերից, որոնք ավելի ուշ տեղի ունեցան ուկրաինական Մայդանում: 

Հայաստանի նման փոքրիկ երկրի համար, որը նախապատերազմական իրավիճակում է, մայդանային սցենարի զարգացումը կարող էր կործանարար լինել, սակայն ներկա իրավիճակի պահպանումը, երբ ՌԴ–ն վերահսկում է ՀՀ–ի տնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտները, ազդեցություն է ունենում արտաքին քաղաքականության կարևորագույն որոշումների վրա, նույնպես ցանկալի չէ: Այս պարագայում Հայաստանի համար կարևոր էր ընտրել նոր ռազմավարություն, որը թույլ կտա միաժամանակ նստել երկու աթոռների վրա և խուսափել աշխարհաքաղաքական մրցակցության բաժանարար գիծը լինելուց:  Առաջարկվում էր ԵՄ – Հայաստան – ՌԴ եռյակում Հայաստանը  դարձնել ոչ թե կռվան, այլ հաշտեցնող օղակ: 

Առաջարկում էի Հայաստանի համար մի մոդել, որը հաշվի կառներ ձևավորված աշխարհաքաղաքական իրողության բոլոր նրբությունները, և իրականությանը համահունչ քաղաքական օրակարգ կձևավորեր: Մոդելի համար ընտրվել էր «արմենիզացիա» պայմանական անվանումը` ակնկալիքով, որ այն հետագայում իսկապես օրինակ կծառայեր այն երկրների համար, որոնք կհայտնվեն նման իրավիճակում: 

Հայաստանը ԵՄ–ի համար հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն որպես առանձին երկիր, այլ նաև ավելի մեծ տարածաշրջանի մասնիկ, որը սահմանակցում է ԵՄ–ին, ուստի կարևոր էր, որ ԵՄ–ն շարունակեր տարածաշրջանային մոտեցում ցուցաբերել և անհատական գործընկերության մակարդակում պայքարեր: Առկա սպառնալիքներից հատկապես կառանձնացնեմ տարածաշրջանային հակամարտությունների առկայությունը, պետությունների քաղաքական անկարողությունը և դրանց ինստիտուցիոնալ–գործառնական կազմալուծումը («ձախողված պետություններ»), կազմակերպված հանցավորությունը: 

Հայաստանը դեռևս 2013 թ. հունիսի դրությամբ պատրաստ էր ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը, ուստի շատ ոլորտներում իր առջև գրանցել էր բարձր ցուցանիշներ: Այսպիսով, Արմենիզացիայի մոդելն իրենից ենթադրում է եվրոպական չափանիշներին համապատասխանող ժողովրդավարական–իրավական պետություն, որն իր արժեքային համակարգով մոտ է եվրոպականին, սակայն հանգամանքների բերումով մեկ այլ համակարգի մեջ է և կապող կամուրջ է երկու բլոկների միջև: Հակառակ պարագայում Հայաստանը, հայտնվելով մեկ այլ համակարգի մեջ, որտեղ համակարգի տարրերը Հայաստանից ցածր մակարդակի վրա են իրենց ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության  և իրավական պետության մակարդակով, կարող էր բացասական ազդեցության ենթարկվել և ձուլվել այդ համակարգին: 

Արմենիզացիայի մոդելի առաջարկումից երեք տարի անց Հայաստանում տեղի ունեցավ  ոչ բռնի, թավշյա հեղափոխություն: Հատկանշական է, որ այդ հեղափոխության ժամանակ ոչ մի կաթիլ արյուն չթափվեց: Հեղափոխությունն իսկապես խաղաղ էր և միտված էր Հայաստանի ժողովրդավարացմանը: Հայկական հեղափոխության օրակարգում չկար աշխարհաքաղաքական փոփոխությունների պահանջ, Հայաստանի բնակչությունը պարզապես ցանկանում էր կանխել Հայաստանի ավտորիտարիզացումը և երկրի զարգացման համար նախանշել ժողովրդավարական զարգացման ճանապարհ: Հայկական հեղափոխության մեկնարկից  հետո աշխարհաքաղաքական տարբեր ուժային բևեռներ բավականին զուսպ կեցվածք էին դրսևորվում և հետևում իրադարձությունների զարգացմանը: Գուցե և այդ էր պատճառը, որ հեղափոխությունը տեղի ունեցավ անարյուն և հնարավորինս անցնցում: Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն  ուշի ուշով հետևում էին իրադարձություններին և չէին փորձում մութ սենյակում սև կատու բռնել: Հարկ է ընդգծել նաև, որ հեղափոխականների օրակարգում ևս չկային  աշխարհաքաղաքական օրակարգի փոփոխման և արտաքին քաղաքական օրակարգի  վերաձևման հարցեր: Արդյունքում Հայաստանի ժողովուրդն իր ազատ կամարտահայտման և համառ պայքարի շնորհիվ կարողացավ իրականացնել հնարավորինս սահուն իշխանափոխություն: Նույնիսկ հետհեղափոխական շրջանում Հայաստանի իշխանությունները խոհեմություն ցուցաբերեցին և փորձեցին պահպանել արտաքին քաղաքականության հավասարակշռությունը. մնալով ԵԱՏՄ-ի անդամ երկիր՝ Հայաստանին հաջողվեց խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ: Այժմ Հայաստանը լիովին համապատասխանում է Արմենիզացիայի հայեցակարգին. մի կողմից Հայաստանը տնտեսապես գտնվում է  Եվրասիական Միության կազմում, մյուս կողմից` քաղաքականապես կառուցում է պետության մոդել, որը հարում է եվրոպական արժեհամակարգին և կառավարման մոդելին:

Երբ օգոստոսին` հերթական կեղծված նախագահական ընտրություններից հետո, Բելառուսի ժողովուրդը ոտքի կանգնեց, մասնագիտական հանրույթը  սկսեց բազմաթիվ նմանություններ անցկացնել այլ հեղափոխությունների հետ:  Հատկապես նշվում էր ուկրաինական Մայդանի օրինակը, սակայն հեղափոխության մասնակիցների պահանջների ուսումնասիրությունը թույլ է տալիս փաստել, որ բելառուսական սցենարը հիմնովին տարբերվում է ուկրաինականից: Ներքաղաքական խնդիրները զբաղեցնում են հեղափոխական օրակարգի մեծ մասը: Գրեթե բացակայում են  երկրի արտաքին քաղաքականության  փոփոխության վերաբերյալ դիտարկումները: Բելառուսցիները պարզապես հոգնել են հանդուրժել Լուկաշենկոյի քսանվեցամյա կառավարումը, որը կորցրել է իրականության հետ աղերսները: Հեղափոխականները ծածանում են  բելառուսական հին դրոշը` սպիտակ-կարմիր-սպիտակ եռագույնը, որը երկրի դրոշն էր 1918-ին և  1991-95-ին, երբ դեռ Լուկաշենկոն չէր եկել իշխանության: Ի տարբերություն Մայդանի, այստեղ փողոցներում չես կարող գտնել ԵՄ-ի կամ որևէ այլ պետության դրոշներ: Հեղափոխության աշխարհաքաղաքական բաղադրիչի բացակայությունը  բելառուսական հեղափոխությունը մոտեցնում է հայկական հեղափոխության մոդելին: Հիմնական տարբերությունը, սակայն, նրանում է, որ հայկական հեղափոխության ժամանակ եվրոպական պետությունները բավականին զուսպ կեցվածք էին որդեգրել, մինչդեռ բելառուսական բողոքի ցույցերի ժամանակ ԵՄ անդամ պետությունները բավականին ակտիվ են: Արդեն իսկ ԵՄ անդամ որոշ պետություններ պատժամիջոցներ են կիրառել Լուկաշենկոյի նկատմամբ: Սակայն ԵՄ ներսում այս հարցի շուրջ խմորումները շարունակվում են: ԵՄ առանցքային պետություններից Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան կոչ են անում ԵՄ պատժամիջոցների ցանկում չընդգրկել Լուկաշենկոյին` հիմնավորելով, որ հաղորդակցության պահպանումը ցանկացած պայմաններում կարևոր է: Բնականաբար,  սա Բելառուսի ժողովրդի կողմից միանշանակ չի ընդունվի, քանի որ  այն կարող է դիտարկվել որպես աջակցություն Լուկաշենկոյի ավտորիտար իշխանությանը: Լուկաշենկոյի պնդմամբ, Արևմուտքը հիբրիդային պատերազմ է սկսել Բելառուսի դեմ: Նա ասել է, թե, մասնավորապես, Լեհաստանն իբր ցանկանում է, որ Բելառուսը կազմաքանդվի, քանի որ այդպես կարող է յուրացնել Գրոդնոյի շրջանը: «Նրանք երազում են դրա մասին, բայց դա չի լինի»,- ասել է Լուկաշենկոն:

ՆԱՏՕ-ն անմիջապես արձագանքել է, թե ոչ մի նման ծրագիր չունի. «Բելառուսի ռեժիմը պարտավոր է հարգել մարդու հիմնարար իրավունքները, այդ թվում` խոսքի և ազատ հավաքների իրավունքը, ՆԱՏՕ-ն ոչ մի զորք չի կուտակում սահմանին, նման բան շահարկելով խաղաղ ցուցարարներին ճնշումների ենթարկելը բացարձակ անարդար է»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

 Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր  Պուտինն իր եվրոպացի գործընկերների հետ հեռախոսազրույցների ժամանակ կոչ է արել չմիջամտել  ինքնիշխան պետության ներքին գործերին և հեղափոխության ընթացքը թողել բացառապես  Բելառուսի ժողովրդի կամարտահայտմանը:

Այսպիսով,  Բելառուսում մայդանյան սցենարը կանխելու և նոր զոհեր չտալու նպատակով, թերևս, հարկ է ուսանել հայկական հեղափոխության դասերը: Ըստ իս, ճիշտ կլինի, որ Բելառուսը շարունակի ապավինել իր ժողովրդի միասնական կամքին, խուսափի աշխարհաքաղաքական հարցերի բարձրաձայնումից, պահանջներ ձևակերպի ժողովրդավարության, ազատ և արդար ընտրություններ անցկացնելու և իրավական պետության կառուցման սահմաններում:

Արմենիզացիան արդեն իսկ տալիս է իր առաջին պտուղները, Հայաստանը, մտնելով ավտորիտար պետությունների համակարգի մեջ, կարողացավ ոչ միայն տուրք չտալ բռնապետություն դառնալու գայթակղությանը, այլ ընդհակառակը՝ դարձավ բարեփոխումների և ժողովրդավարացման մերանը, որով կաթիլ առ կաթիլ փոխվում է եվրասիական բռնապետական կաթսայի պարունակությունը: Հայկական մոդելի որդեգրման պարագայում Բելառուսը կկարողանա անցնցում ազատվել Լուկաշենկոյի քսանվեցամյա տիրապետությունից և գնալ ժողովրդավարացման, իրավական պետության կառուցման ճանապարհով, որին շուրջ կես դար ի վեր ձգտում է Բելառուսի ժողովուրդը:

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.