Սակայն եթե Հայաստանում 2011-ից գործում է կամավոր կուտակային բաղադրիչը, իսկ 2013-ից ներդրված է միասնական եկամտահարկը, ապա Արցախում բոլոր փոփոխությունները կկատարվեն միանգամից՝ 2014-ին
Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ
Արցախում մեկնարկել է կենսաթոշակային բարեփոխումների նախապատրաստությունը: 2014-ից Հայաստանում և Արցախում կգործի բազմաստիճան կենսաթոշակային համակարգ, որն իր մեջ կշարունակի պարունակել բաշխողական կենսաթոշակային բաղադրիչը, գումարած դրան՝ կավելանա պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը:
Նշանակում է, որ 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված յուրաքանչյուր վարձու աշխատող ու անհատ ձեռնարկատեր ամեն ամիս իր կուտակային հաշվին կներդնի աշխատավարձի 5 տոկոսը, ևս 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ, կփոխանցի պետությունը: Պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչից զատ՝ կգործի կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը: Հայաստանն ու Արցախը մեկ միասնական համակարգի մեջ են լինելու, Արցախում բարեփոխումները կատարվում են Հայաստանի օրինակով: Սակայն եթե Հայաստանում 2011-ից գործում է կամավոր կուտակային բաղադրիչը, իսկ 2013-ից ներդրված է միասնական եկամտահարկը, ապա Արցախում բոլոր փոփոխությունները կկատարվեն միանգամից՝ 2014-ին:
Նախնական հաշվակներով՝ առաջին տարում կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում Արցախում կտնտեսվի մոտ չորս միլիարդ դրամ՝ երկու միլիարդ՝ քաղաքացիներից, երկու միլիարդ՝ բյուջեից:
«Անալիտիկոնի» հարցերին պատասխանում է ԼՂՀ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող կառավարման հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ ֆինանսների և էկոնոմոկիա նախարարի տեղակալ Գրիգորի Մարտիրոսյանը:
-Պարոն Մարտիրոսյան, արցախցուն որքանո՞վ են անհրաժեշտ կենսաթոշակային համակարգի փոփոխությունները:
-Ներկա կենսաթոշակային համակարգում աշխատողները տալիս են սոցվճարներ, որոնք կուտակվում են պետական բյուջեում և վճարվում կենսաթոշակառուներին: Կուտակայինի իմաստն այնէ, որ յուրաքանչյուր մարդ իր վճարումները տալիս է ոչ թե ներկա պահին ապրող թոշակառուին, այլ փոխանցում է իր հաշվին: Այդ գումարը կպահվի այնքան ժամանակ, մինչև անցնի կենսաթոշակի: Կուտակվածից բացի նա թոշակի տեսքով նաև կստանա իր գումարից առաջացած տոկոսները: Ըստ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի՝ կենսաթոշակների գումարներից գոյացած ֆոնդերը կկառավարեն միջազգային կազմակերպությունները:
Հիմնական շարժառիթն այն է, որ գործող բաշխողական համակարգը շատ լուրջ բեռ է հանդիսանում բյուջեի համար, որը այս տարվա կտրվածքով 2,2 անգամ գերազանցում է առողջապահության ոլորտի ծախսերը ու գրեթե հավասար է կրթության ոլորտի ծախսերին: 2012-ի տվյալներով կենսաթոշակները կազմել են ՀՆԱ-ի 6 տոկոսը, ինչը շատ մեծ թիվ է, մոտ ինը միլիարդ դրամ: Նույնիսկ կենսաթոշակների 10 տոկոսով բարձրացումը միլիարդների չափով լրացուցիչ ծախս է առաջացնում: Այսինքն, պետական բյուջեից բավականին շատ ռեսուրսներ է խլում, որոնք կարող էին ուղվել այլ ոլորտների:
Խնդիրը նաև այն է, որ այսօրվա կենսաթոշակը կազմում է միջին աշխատավարձի 30 տոկոսը: 100 հազար դրամ աշխատավարձի դեպքում, օրինակ, աշխատողը կստանա 30 հազար դրամ, ստացվում է՝ կենսամակարդակը կիջնի 70 տոկոսով: Նույնիսկ այն ծախսերի պարագայում, որ մենք ունենք, չենք կարող միջոցներով ապահովել սպառողական նվազագույն զամբյուղին հավասար կենսաթոշակ: Իսկ այսօրվա սպառողական զամբյուղը կազմում է շուրջ 50 հազար դրամ, ստացվում է՝ միջին կենսաթոշակը նվազագույն սպառողական զամբյուղի 60 տոկոսն է, ինչը բավականին ցածր ցուցանիշ է:
Արցախում սոցվճարներ կատարող աշխատողները կազմում են բնակչության 30-40 տոկոսը, իսկ կենսաթոշակառումները՝ 20-ից ավելի տոկոսը: Մեկ կենսաթոշակառուին ընկնում է 1,5-1,8 աշխատող, ինչը միջազգայինչափանիշներովշատ ցածր ցուցանիշէ: Կայուն համակարգ ունենալու համար թոշակառուին անհրաժեշտ է 3-3,5 աշխատող: Այսինքն, երեք հոգու վճարումներ են պետք, որպեսզի մեկ կենսաթոշակառուի համար բավարար լինի: Այս խնդիրների լուծումը պահանջում է կուտակային կենսաթոշակային համակարգի անցման: Արցախում կենսաթոշակառուների թիվն ավելի մեծ է. Հայաստանում նրանք բնակչության 16-17 տոկոսն են կազմում, Արցախում՝ 21-22: Ոչ բարձր կենսամակարդակ ունեցող երկրները կուտակային համակարգն են կիրառում, ինչը լայն տարածում ունի Հարավային Ամերիկայի, Արևելյան Եվրոպայի ու Մերձբալթյան երկրներում: Կուտակային կենսաթոշակային համակարգը դիտվում է և՛ որպես սոցիալական խնդրի լուծում, և՛ տնտեսության զարգացման համար կարևոր նախադրյալ:
– 40 տարի անց մոտավորապես ինչքա՞ն գումար կուտակված կլինի թոշակառուի հաշվին:
– Ամեն ինչ կանխատեսել հնարավոր չէ, օրինակ՝ կարող է մի քանի տարի չաշխատելու պատճառով մարդ վճարում չկատարի: Ինչ խոսք, որոշակի հաշվարկներ ունենք, որոնք, սակայն, շատ մոտավոր են: Եթե մարդ 100 հազար է ստանում ու աշխատելու է 40 տարի, եկամուտների հետ միասին կուտակային կենսաթոշակը կկազմի մոտ 96 հազար դրամ: Իսկ պետական կենսաթոշակի հետ, որը չի վերացվելու, կստանա ամսական 109-110 հազար դրամ:
-Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում կփոփոխվի հարկային համակարգը: Գործող եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարի փոխարեն 2014-ին գործելու է մեկ միասնական` եկամտային հարկ, որը Հայաստանում ուժի մեջ է 2013-ից: Փաստորեն 2014 թվականին բավականին շատ փոփոխություններ են լինելու Արցախում: Ի՞նչ է իրենից ներկայացնում միասնական եկամտահարկը:
-Որոշում է կայացվել կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում միասնականացնել հարկատեսակները՝ բոլոր վճարները, որոնք կատարվում են գործատուի և աշխատողի կողմից: Աշխատողը մուծում էր 5 տոկոս եկամտահարկ և 3 տոկոս սոցվճար, իսկ գործատուն՝ տասնհինգ տոկոս սոցվճար: Երեք դրույքները կմիավորվեն որպես մեկ միասնական եկամտաhարկ, որն այսօրվա նախագծի համաձայն կազմում է 21 տոկոս, և կվճարվեն աշխատողի հաշվին: Գործատուն, որը նախկինում տասնհինգ տոկոս էր մուծում, պետք է նույն 15 տոկոսը ավելացնի իր աշխատողի աշխատավարձին և հետագայում պահի այդ 21 տոկոսը: Կստացվի, որ քաղաքացին միավորման արդյունքում չի կորցնելու: Տնօրինվող եկամուտը` մաքուր աշխատավարձը, որը ստանում էր հին դրույքաչափերով, նույնչափ կստանա նաև բարեփոխումից հետո: Ուղղակի գործատուն իր կողմից վճարվող սոցվճարը կավելացնի համապատասխան չափով աշխատավարձին, և աշխատողը կստանա նույնքան եկամուտ, որքան նախկինում: Գործատուի համար դրականը կլինի այն, որ երեքի փոխարեն կկատարի մեկ հաշվարկ:
Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ բոլոր գործատուները հաշվետվությունները կուղարկեն էլեկտրոնային ձևով ու էլեկտրոնային ստորագրությամբ, ինչը նաև կզարգացնի էլեկտրոնային փաստաթղթերի շրջանառությունը:
-Ըստ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի՝ կենսաթոշակների գումարներից գոյացած ֆոնդերը պիտի կառավարեն միջազգային կազմակերպությունները: Բայց նրանք կաշխատե՞ն չճանաչված հանրապետությունում:
– Մենք մի միասնական համակարգի մեջ ենք Հայաստանի հետ, մեր կազմակերպությունները կարողանում են Հայաստանի ֆոնդային բորսայում իրենց արժեթղթերը շրջանառել, ինչպես, օրինակ, «Արցախ ՀԷԿ»-ն է անում: Այժմ բանակցություններ են վարվում նախնական համաձայնություն տված կազմակերպությունների հետ: Կարծում եմ` քաղաքական հարցերը նույնպես դրական լուծում կունենան:
– Բազմիցս նշվել է, թե պետությունը երաշխավորելու է կուտակային կենսաթոշակային ներդրումների վերադարձը: Բազմաթիվ քաղաքացիներ ԽՍՀՄ խնայբանկում ներդմումներ են կատարել ու խաբվել: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է երաշխավորելու:
– ԽՍՀՄ խնայբանկի վերաբերյալ հարցը հաճախ է տրվում: Մենք պետք է հասկանանք, որ նման ցնցումների հետևանքով ոչ միայն պետությունն է ոչնչացել, այլև պետական կառուցվածքը, այն է՝ սոցիալիստական հասարակարգը: Մոտ ապագայում սպասել ու կանխատեսել նման ցնուցմներ՝ անհնար է: Մենք պիտի համակարգում այնպիսի բարեփոխում իրականացնենք, որպեսզի խափանում չլինի: Իհարկե, 100 տոկոսով երաշխավորել պարզապես հնարավոր չէ:
-Մեր երկրում ամեն տարի գնաճ է արձանագրվում: Տարիներ հետո մարդիկ ֆոնդերում չե՞ն ունենա արժեզրկված փողեր:
-Նախ նշենք, որ տվյալ կազմակերպությունները կլինեն ոլորտի մասնագիտացված, բարձր որակավորում ունեցող միջազգային կազմակերպություններ, որոնց գործնեությունը կկարգավորի ու կվերահսկի ՀՀ Կենտրոնական բանկը: Այսինքն՝ եկամուտ ապահովելը տվյալ կազմակերպությունների մասնագիտական գործն է:
Ներդնման օրից արձանագրված գնաճի փոխհատուցումը պետությունը երաշխավորում է: Որպեսզի գումարը փոխհատուցվի՝պետությունը ստեղծում է Երաշխիքային ֆոնդ, որ կգոյանա կառավարիչների կողմից կատարված մուծումներից: Օրենքով նշվում է, որ փոխհատուցումը 80 տոկոսով կկատարվի պետական բյուջեի և 20 տոկոսով՝ Երաշխիքային ֆոնդի հաշվին:
– Կենսաթոշակային բարեփոխությունները քննադատվում են նաև կուտակված գումարները դրսում ներդրելու համար: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:
– Հնարավոր է արտասահմանում ավելի բարձր եկամուտ ապահովվի, քան ներսում, ինչը մեր քաղաքացիրների շահերից է բխում: Եվ՛ դրսում, և՛ ներսում ներդնելու իմաստը ծայրահեղության մեջ չընկնելն է, ահա թե ինչու կառավարությունը մշակել է որոշակի համամասնություններ: Մինչև 60 տոկոսը կարելի է ներդնել դրամով, մինչև 40-ը` արտարժույթով: Դա երաշխավորում է, որ վաթսուն տոկոսը կմնա մեր երկրում: Բացի այդ՝ օրենքով սահմանված է, որպեսզի այդ քառասուն տոկոսը ներդրվի Եվրամիության և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրներում (OESD):
–Անդրադառնանք նաև կամավոր կուտակային բաղադրիչին: 2011-ից Հայաստանում գործում է կամավոր բաղադրիչը, որից կարող էին օգտվել գործատուներն ու անհատները: Չնայած առաջարկվող հարկային արտոնություններին՝ թե՛ առաջինների և թե՛ երկրորդների մոտ հետաքրքրություն չառաջացավ: Ի՞նչ եք կարծում, այս փորձը հաշվի առնելով՝ արցախյան գործատուներն ու անհատները թոշակի համար կամավոր վճարումներ կկատարե՞ն:
-Բնակչության մոտ դեռևս զարագացած չէ այդ ծառայություններից օգտվելու կուլտուրան: Մեր բնակչության համար սովորական չեն նման ծառայությունները: Բացի այդ՝ եկամուտներն այնպիսինն են, որ բնակչությունը սպառում է դրանք, այլ ոչ թե խնայողության տալիս: Սակայն ԱՊՊԱ-ի փորձը ցույց տվեց, որ պարտադիր ապահովագրությունը խթանում է կամավոր ապահովագրությանը: