Հեղինակ` Nazik Armenakyan/4plus
Ամեն տարի աղքատությունը և գործազրկությունը ստիպում է բազմաթիվ հայերի արտագաղթել, հիմնականում Ռուսասատան` աշխատանք փնտրելու նպատակով։ Արտագաղթն իր խորն ազդեցությունն է թողել երկրի բնակչության և ավանդական հայ ընտանիքի վրա․ տղամարդիկ մեկնում են` Հայաստանում թողնելով իրենց կանանց և երեխաներին։ Արդյունքում, ամբողջական գյուղեր մնում են բնակեցված միայն կանանցով, որոնք մեծացնում են երեխաներին։ Տղամարդկանց մի մասը երբեք չի վերադառնում։ Մեծ մասն էլ վերադառնալով իրենց հետ բերում են երկարատև բաժանման հետքերը՝ ներառյալ սեռավարակներ և ՄԻԱՎ/ՁԻԱՀ, որը հետո փոխանցվում է կանանց։Արտագաղթը համազգային խնդիր է։ Գեղարքունիքի մարզն ունի սեզոնային աշխատանքով պայմանավորված տղամարդկանց արտագաղթի ամենաբարձր ցուցանիշը։ Հիմնականում մեկնում են Ռուսաստան՝ շինարարական ոլորտում աշխատելու համար։ Մարզի 231800 բնակիչների 14.7 տոկոսը արտագնա աշխատողներ են։ Ըստ 2015֊ին հրապարակված զեկույցի` երբևէ ամուսնացած կանանց 44 տոկոսի ամուսիններն արտագնա աշխատողներ են (այս ցուցանիշը ողջ Հայաստանում 25 տոկոս է):
Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Մելանյա Գևորգյանի հավաստմամբ, 2014-ին ՄԻԱՎ/ՁԻԱՀ֊ի կանխարգելման ազգային կենտրոնը տարածաշրջանի գյուղերում սկսեց անցկացնել ՄԻԱՎ-ի, Հեպատիտ B և C֊ի պարբերական անանուն անալիզներ։ Ողջ տեղեկությունը գաղտնի է և կլինիկայում վիճակագրություն չկա վարակակիրների վերաբերյալ, սակայն «եթե մարդիկ շարունակում են հանձնել անալիզներ, նշանակում է խնդիրը կա»։ Թեև հստակ վիճակագրություն չկա, սակայն տարբեր գնահատականներով, Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրների կեսը արտագնա աշխատողներն են։
Կանայք ապրում են ոչ լիարժեք կյանքով և այս ամենը ազդում է նաև նրանց առողջության վրա` մենակության խարանի եւ աղքատությանը զուգահեռ: