Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Կիբերընդհարումներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ․ իրավիճակի զարգացման դինամիկան

marut
February 2014

Սամվել ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Տեղեկատվական անվտանգության մասնագետ
Երեւան

Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի դիմակայությունը քաղաքական, ռազմական եւ քարոզչական ճակատներում ուղեկցվում է կիբերդաշտերում պարբերաբար բռնկվող ակտիվությամբ։ Արդեն երկար տարիներ հաքերական խմբերը երկկողմանի հարձակումներ են կատարում «ենթադրվող թշնամու» կայքերի եւ տեղեկությունների բազաների վրա։

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կիբերպատերազմների պատմությունը սկսվել է 2000 թվականից, երբ համացանցը երկու երկներում գործնականում զարգացած չէր, գործում էր մի քանի տասնյակ կայք, եւ համացանցից օգտվողների թիվն առանձնապես մեծ չէր։ Դրա համար էլ «Green Revenge» ադրբեջանական եւ «Լիազոր» հայ հաքերական խմբերի միջեւ կայքէջերի կոտրումների փոխանակումը, որը համացանցի համաշխարհային պատմության մեջ է մտել որպես երկու պետությունների միջեւ խոշոր կիբերպատերազմի առաջին դեպքերից մեկը, շատերի համար աննկատ է մնացել եւ այսօր այս միջադեպի մասին քչերը գիտեն։ Այն ժամանակ երկու կողմից կոտրվել են տասնյակ կայքեր՝ հանգեցնելով համացանցի ազգային հատվածների փաստացի անդամալուծության։

Այնուհետեւ մի քանի տարի տիրել է համեմատական անդորր, որից հետո՝ մոտավորապես 2006-2007թթ․, ադրբեջանցի հաքերները կրկին սկսել են ակտիվանալ՝ ձեւավորելով հայկական կայքերի վրա հարձակումներ գործող խմբեր, որոնք զբաղված էին հայերի հասցեին վիրավորանքների եւ հակահայկական բնույթի քարոզչանյութերի տարածմամբ։ Այդ ժամանակահատվածում հարձակումները գերազանցապես միակողմանի էին։ Ընդ որում, Հայաստանում տեղեկատվական անվտանգության նկատմամբ տիրում էր այնքան անտարբեր վերաբերմունք, որ շատ հաճախ կոտրվում էին նաեւ պետական կայքեր։ Արձանագրվել են նաեւ պետական հաստատություններից տեղեկատվության արտահոսքի դեպքեր։

Իրավիճակը սկսել է փոխվել 2009թ․ երկրորդ կեսից։ Այդ ժամանակ հայկական ցանցի պետական հատվածը դրվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության հատուկ հսկողության ներքո։ Վերջին լուրջ ու հաջողված հարձակումը Հայաստանի պետական կայքերի դեմ տեղի է ունեցել 2009թ․ սեպտեմբերին, որից հետո, փաստորեն, չի գրանցվել ոչ մի լուրջ միջադեպ։ Միաժամանակ, հայկական ցանցի մասնավոր հատվածի մակարդակով հարձակումների քանակը սկսել է օրինաչափորեն աճել։

Հայաստանի եւ Ադրբեջանի հաքերական հանրույթներում արմատական փոփոխությունները սկսել են ի հայտ գալ 2009-2011թթ․։ Այդ ժամանակահատվածում Հայաստանում՝ ի պատասխան ադրբեջանական հաքերների գործած պարբերական հարձակումների, սկսել են ձեւավորվել հայկական խմբեր։ Առաջիններից էին «Hamazoosp»-ն ու  «Ananun»-ը։ Խմբերը սկսել են մասնագիտանալ ոչ այնքան կայքերի վրա հարձակումներ գործելու, այլեւ Հայաստանի դեմ քարոզչությամբ զբաղվող ադրբեջանցի լրագրողների եւ քաղաքագետների էլեկտրոնային փոստարկղերը կոտրելու վրա։ Կոտրված նամակագրությունն այնուհետեւ զետեղվում էր ցանցում՝ հանրային մատչելիության հիմունքներով։

Ադրբեջանական հաքերական հանրույթում նույնպես տեղի էր ունենում Հայաստանի դեմ գործող բոլոր մասնագետների միավորման գործընթաց։ Դրա արդյունքում ձեւավորվել է միասնական եւ, հավանաբար, ամենախոշոր ադրբեջանական հաքերական խումբ՝ «Antiarmenia», որի անունն իսկ վկայում է, որ խմբի անդամների գործունեության հիմնական նպատակը Հայաստանի եւ հայերի դեմ աշխատանք ծավալելն է։

Հետագայում դիմակայությունը կիբերտարածությունում շարունակում էր աճել։ Ադրբեջանական հաքերները սկսել են ուժեղացնել իրենց հարձակումները։ Եթե նախկինում համացանցի հայկական հատվածում հարձակումները տեղի էին ունենում  գերազանցապես հատուկ օրերի՝ պետական տոների կամ պատմության ողբերգական տարելիցների կապակցությամբ, ապա վերջին տարիներին խոշոր հարձակումներին հավելվում են մտահոգության աստիճան հաճախակիացած հարձակումներն առանձին վերցված կայքերի վրա։ Փաստորեն, ամեն շաբաթ ադրբեջանական հաքերները կոտրում են առնվազն մի քանի հայկական կայք։

Ընդհանուր առմամբ, հայ հաքերներն այդ նույն մարտավարությամբ չեն առաջնորդվում եւ նվազ հաճախակի հարձակումներ են գործում՝ կա՛մ որոշ օրերի, կա՛մ ի պատասխան ադրբեջանական կողմից կատարված հարձակումների։ Ընդսմին, 2012թ․ ձեւավորվել են եւս մի քանի հայկական հաքերական խմբեր, որոնցից ամենաակտիվը  «Armenian Cyber Army»-ն է։

2012թ․ նշանավորվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ամենախոշոր կիբերընդհարմամբ։ Ընդհարումները կիբերտարածությունում սկսվել են այն բանից հետո, երբ Հունգարիան Ադրբեջանին է արտահանձնել հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին։ Սաֆարովի՝ համաներմամբ ազատվելուց հետո ադրբեջանական հաքերները սկսել են զանգվածաբար հարձակվել հայկական կայքերի վրա՝ դրանցում տեղադրելով Ադրբեջանի նախագահի որոշումը մարդասպանին ազատ արձակելու եւ կոչումը բարձրացնելու վերաբերյալ։ Ի պատասխան սկսվել է հայկական հատվածի հակահարձակումը, որին մասնակցել են թե «Armenian Cyber Army»-ն եւ թե՛ մի շարք նոր հայկական խմբեր։

Ի հետեւանս դրա դադարել են գործել Ադրբեջանի նախագահի եւ մի շարք նախարարությունների պետական կայքերը։ Բացի դրանից, տեղեկատվական հատվածի դեմ կատարված զանգվածային DDoS հարձակումները հանգեցրել են Ադրբեջանի հիմնական տեղեկատվական պորտալների գործունեության դադարեցման։ Մի քանի օրից սկսվել են պատասխան DDoS հարձակումները, որոնք բերել են հայկական մի քանի ԶԼՄ-ների աշխատանքի ժամանակավոր խափանման։

Մեկ շաբաթվա ընթացքում միջադեպը սպառված էր։ Այս հարձակման հետեւանքով տեղի է ունեցել հայկական հաքերական հանրույթի համախմբում, որի շնորհիվ 2013թ․ ընթացքում մեկը մյուսի հետեւից ի հայտ են եկել ադրբեջանական կայքերի վրա հարձակում գործող նորանոր հայկական խմբեր։

2014թ․ փոխադարձ հարձակումներն, ըստ առկա ավանդույթի, սկսվել են հունվարի 20-ից։ Համարյա ամեն տարի այդ ժամանակ ադրբեջանցիները հարձակում են գործում հայկական կայքերի վրա։ Հարձակումներն առնչված են լինում հունվարի 20-ին՝ այսպես կոչված «սեւ հունվարին», երբ 1990թ․ հունվարի 13-19-ի հայկական ջարդերից հետո Բաքու էին մտցվել խորհրդային զորքեր։ Հարձակման է ենթարկվել համարյա 60 հայկական կայք, որի հետեւանքով այլափոխվել է կայքի առաջին էջը։ Կոտրված լուրջ կայքերի թվում էին ԼՂՀ հինգ պետական (ԼՂՀ պետական հատվածը չի պաշտպանվում ՀՀ ԱԱԾ-ի կողմից եւ ՀՀ կայքերի համեմատությամբ բավականին խոցելի վիճակում է) եւ մի շարք գործարարների պատկանող կայքէջերը։

Նույն օրը Ղարաբաղի սահմանին տեղի է ունեցել երկու զինված ընդհարում․ երկու ադրբեջանական դիվերսիոն խմբեր ներթափանցել են հայկական զորքերի դիրքերը։ Բախման արդյունքում սպանվել են մի քանի ադրբեջանցի դիվերսանտներ, որոնց ճշգրիտ թիվը Բաքվի կողմից ցայսօր չի հրապարակվել։ Հայկական կողմից հերոսաբար զոհվել է իր ընկերներին փրկած կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։ Ի պատասխան  «Armenian Cyber Army»-ն հարձակում է գործել շուրջ երկու տասնյակ ադրբեջանական կայքերի վրա՝ դրանցում տեղադրելով զոհված զինծառայողի լուսանկարը։

Այդ դիվերսիոն հարձակումը հայկական հաքերների շրջանում հարուցել է պատասխան շղթայական արձագանք։ Փաստորեն, հունվարի վերջին եւ փետրվարի առաջին օրերի ընթացքում միանգամից մի քանի հայկական խմբեր հարձակվել են ոչ միայն ադրբեջանական կայքերի, այլեւ սոցիալական ցանցերում՝ Ֆեյսբուքում, «Վ կոնտակտե»-ում եւ «Օդնոկլասնիկի»-ում գրանցված խմբերի եւ մասնավոր օգտատերերի էջերի վրա։ Այսպիսով, ի հայտ են եկել «A.S.A.L.A.», «Monte Melkonian Cyber Army» եւ մի շարք այլ խմբեր։ Գործունեություն են ծավալել նաեւ անհատ հաքերներ։

Փաստորեն, կարելի է արձանագրել, որ 2014թ․ սկիզբը նշանավորվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կիբերընդհարումների զարգացման նոր շրջապտույտով։ Ադրբեջանական կողմից պարբերաբար սաստկացող հարձակումները հետզհետե հանգեցրել են հայկական հաքերական խմբերի ձեւավորման։ Իսկ վերջին իրադարձությունները բերել են երիտասարդ ծրագրավորողների շրջանում հետաքրքրության պայթյունածավալ աճի, որը կարող է հանգեցնել փոխադարձ հարձակումների հաճախակիացման։ Միաժամանակ, հարկ է նշել, որ պարբերական հարձակումները կայքերի տերերին ստիպում են ավելի մեծ ուշադրություն դարձնել անվտանգության հարցերին։

Նմանատիպ  նյութեր

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Արցախի հայաթափումը. նոր մարտահրավերներ

October 2023

2023 թվականի սեպտեմբերի վերջը, 44-օրյա պատերազմից երեք տարի անց, Պատմության մեջ կմտնի որպես Արցախի հայաթափման ժամանակաշրջան, որին նախորդել է Ադրբեջանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Կենդանիների պաշտպանության շարժումը Հայաստանում և Արցախում
  • Այստեղ շրջափակում է, իսկ նրանք շներ են կերակրում…
  • Արցախում կենդանիների պաշտպանության շարժման համառոտ պատմությունը

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.