Անցյալ ամիս Հարութ Բարսեղյանը թողել է Լոս Անջելեսում գտնվող իր տունը, դուրս եկել գլոբալ խորհրդատվական ընկերությունում աշխատանքից ու տեղափոխվել 7000 մղոն հեռավորության վրա գտնվող Հայաստանի մայրաքաղաք Երևան:
Չնայած ծագումով հայ է (ծնողներն ԱՄՆ են տեղափոխվել նախքան նրա ծնվելը), Հարութն անկեղծանում է՝ Հայաստան վերադարձել է ոչ թե հայրենիքը վերաբացահայտելու հուզական ցանկությունից ելնելով, այլ գործնական շարժառիթներով: Նա իր երազանքի աշխատանքը գտել է Հայաստանի լավագույն տեխնոլոգիական ստարտափերից մեկում ՝ «PicsArt»- ում:Բարսեղյանը Հայաստան «ուղեղային ներհոսքի» օրինակներից է: Սա նոր միտում է, երբ աշխարհի տարբեր անկյուններից տաղանդավոր երիտասարդները տեղափոխվում են փոքրիկ լեռնային երկիր` աշխատելու զարգացող տեխնոլոգիական ոլորտի ծաղկող ստարտափերում:
Բարսեղյանի նման մարդիկ օգնում են հակակշռել Հայաստանից ուղեղների արտահոսքի միտմանը, որը սկսվել էր դեռևս 1990-ականներից, երբ Խորհրդային Միության փլուզմանն ու անկախության ձեռքբերմանը հաջորդեցին պատերազմի տարիները, էլեկտրականության դադարեցումները և պետական ինստիտուտների փլուզումը:
Բարսեղյանը, ով այժմ հանդիսանում է «PicsArt»-ի «AI» արտադրանքի մենեջեր, պնդում է՝ Հայաստանն առաջարկ ունի բոլոր այն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են իրենց կարիերան կառուցել հենց այստեղ:
«Եթե կարողանանք զարգացնել այս ոլորտը՝ շատերը կվերադառնան»,- ասում է նա՝ նկատի ունենալով Հայաստանում սկսվող տեխնոլոգիական նորաստեղծ ձեռնարկություններ,- Հայաստանը սկսել է զարգացնել այնպիսի արտադրություն, որի կարիքն ունեն ուրիշները»:
Վերափոխման դինամիկան
Տասնամյակներ շարունակ Հայաստանի նկատմամբ միջազգային հետաքրքրություն դրսևորվել է միայն սփյուռքահայերի կողմից, ովքեր հուզական կապ ունեն Հայաստանի` իրենց հայրենիքի հետ:
Տասնամյակներ շարունակ Հայաստանի նկատմամբ միջազգային հետաքրքրություն դրսևորվել է միայն սփյուռքահայերի կողմից, ովքեր հուզական կապ ունեն Հայաստանի` իրենց հայրենիքի հետ:
Բայց այսօր արտասահմանցիները ևս սկսել են ուշադրություն դարձնել Հայաստանին, ինչպես նաև օգնել ընկերություններին, ինչպիսին այսօր «PicsArt»-ն է (միլիարդ դոլար արժողությամբ բիզնես դառնալու ճանապարհին է), լրատվամիջոցներում լուսաբանման միջոցով: Այդ հրապարակումներում Հայաստանը նկարագրվում է որպես ՏՏ հաջորդ մեծ պետություն, Կովկասի Սիլիկոնային հովիտ կամ պարզապես Զարմանալի Հայաստան:«PicsArt»-ի կողքին «Renderforest»-ը և «SoloLearn»-ը արագ զարգացող հայկական նորաստեղծ ձեռնարկություններ են, որոնք ունեն օգտատերերի գլոբալ բազա:
Վերջերս Երևան կատարած մեր այցի ժամանակ «PicsArt»-ի հաղորդակցությունների ղեկավար Վարդուհի Զանոյանը «Sifted»-ին ասաց, որ իրենց իսկ հավելվածում, որը ներբեռնվել է ավելի քան 600 միլիոն անգամ, տեղի է ունեցել միջազգային հետաքրքրության փուլային փոփոխություն:
«Ամռանը մեկ օրում մենք հյուրընկալում ենք շուրջ երկու տուր: Մարդկանց հետաքրքրում է, թե ինչ ենք մենք անում: Հայաստան են ժամանում ընկերներով, ընտանիքներով: Նրանց թվում շատ են նաև ոլորտի մասնագետները», – պատմում է Վարդուհի Զանոյանը:
Մեր արդի պատմության մեջ առաջին անգամ է, որ հայերն ավելի շատ նայում են դեպի ապագա, քան անցյալ: Անցյալի հիշողություններում գերակշռում են կոմունիզմը, պատերազմի տրավմատիկ ցավը, ցեղասպանությունը, որի հետևանքով աշխարհասփյուռ հայությունը երկու անգամ ավել է Հայաստանի բնակչությունից:
Ո՞րն է այս բումի շարժիչ ուժը՞
Բավականին շատ տեսություններ կան, որոնք փորձում են բացատրել, թե ինչն է խթանում հայկական տեխնոլոգիայի վերջին հաջողությանը: «PicsArt»-ի համահիմնադիր և արտադրանքի գլխավոր պատասխանատու Միքայել Վարդանյանը վկայակոչում է 1990-ականների սկզբի խառնաշփոթը, որն, ըստ նրա, նպաստեց ճիշտ ստարտափ մտածելակերպի ձևավորմանը:
«Մեզ համար ոչինչ անսպասելի չէ», – բացատրում է նա՝ խոսելով Հայաստանում հետխորհրդային քաոսի մասին: «Մենք միշտ պատրաստ ենք եղել ցանկացած իրավիճակի, ինչն էլ իսկապես օգնում է ստարտափ ոլորտում: Այդ ամենը մեզ ուժեղացրեց»:
Մյուսները վկայակոչում են սովետական կրթական համակարգի ժառանգությունը, որն ուներ ֆիզիկայի և մաթեմատիկայի ուղղվածություն: Նման բարդ գիտություններն էլ ընկած են արհեստական բանականության և մեքենաշինության հիմքում:Այս հիմքի վրա էլ ստեղծվել են այնպիսի ընկերություններ, ինչպիսին են «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որը միջազգային ուշադրության է արժանացել երեխաներին անվճար տեխնոլոգիական կրթություն ապահովելու իր նորարարական մոտեցման համար` նրանց մոտ զարգացնելով նաև ձեռնարկատիրական ոլորտի հմտությունները:
«Մենք նրանց սովորեցնում ենք, թե ինչպես սովորել ինքնուրույն, հաղորդակցվել միմյանց հետ և զարգացնել խնդիրների լուծումներ գտնելու ունակությունները: Մեր ազդեցությունը փափուկ հմտությունների զարգացումն է», – պատմում է Արաքս Անթանեսյանը, ով վերջերս Միլանից հայրենադարձվել և աշխատում է «ԹՈՒՄՈ»-ում` որպես ծրագրերի ղեկավար:Նա հպարտությամբ բացատրում է, որ «TUMO»-ի մոդելը հաջողությամբ արտահանվել է Փարիզ և Բեյրութ (երկուսն էլ մեծաթիվ հայկական ծագմամբ բնակչություն ունեն) և առաջիկայում ավելի շատ ծրագրեր կան:
Երվանդ Սարգսյանն ունի մեկ այլ տեսություն, ըստ որի` սփյուռքի պոտենցիալն ավելի քան արժեքավոր է: Նա առաջիններից էր, որ հավատաց Հայաստանի տեխնոլոգիական ներուժին և 2013 թ. -ին ստեղծեց հայկական առաջին «VC Granatus Ventures»-ը, որի հիմնադիր գործընկերն է: «Դա հավատքի պոռթկում էր, այլ ոչ թե բանական բիզնես որոշում»:«Այդ ժամանակվանից ի վեր մտածելակերպը փոխվել է, և գործարարները, միայն ներքին շուկայի մասին մտածելուց զատ, առաջին իսկ օրվանից գլոբալի մասին են մտածում, ինչին նպաստում է նաև Կալիֆոռնիայի նման զարգացած տեխնոլոգիական հանգույցներում հայկական կապերը»:
Փոքրիկ, միատարր հանրապետությունը գործում է որպես «փորձաքար»` Հայաստանը դարձնելով ավելի գրավիչ վայր բիզնես սկսելու համար:
Հեղափոխություն
2018-ի հեղափոխությունը Հայաստանում դիտարկվում է որպես անցում կոռումպացվածից դեպի բարեփոխումներ իրականացնող իշխանության: Սա հաճախ դիտվում է որպես շրջադարձային կետ տնտեսության և ընդհանուր երկրի համար:
Աղաբաբյանի խոսքով՝ չնայած հեղափոխությունը կարևոր էր, այն վճռորոշ գործոն չէ. «Մենք իսկապես գնահատում ենք այն, ինչ տեղի ունեցավ հեղափոխությունից հետո, սակայն մինչ այդ էլ արդեն նման հետագիծ էր առկա»:
Այլ մարտահրավերներ
Չնայած հետհեղափոխական լավատեսությանը և վերջին զարգացումներին՝ հայկական տեխնոլոգիան դեռևս բախվում է հսկայական մարտահրավերների: Նման կարծիք է արտահայտում «HIVE Ventures» ֆոնդի հայկական ծրագրերի ղեկավար Աստի Փիլիպոսյանը, ով արդեն 9 տարի է, ինչ հայրենադարձել է Սիլիկոնային հովտից:
«Այստեղ հետագա սերմերի համար ֆինանսավորումը դժվար է, քանի որ դեռ ոչ շատ ընկերություններ են դա արել», – ասում է նա: Փիլիպոսյանը հավելում է, որ «շատ ընկերություններ բաժնետոմսեր չեն տալիս իրենց աշխատողներին», ինչը կարևոր է ձեռնարկատերերի հաջորդ սերնդի ձևավորման համար:
Մեկ այլ ազդանշան. Հայաստանը համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա է հայտնվել, այս տարվա հոկտեմբերին Երևանում տեղի է ունեցել ՏՏ ոլորտի համաշխարհային համագումարը, որը տեղական ձեռներեցների համար բացառիկ հնարավորություն էր շփվելու միջազգային հայտնի տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների հետ և մեծացնել իրենց միջազգային ազդեցությունն ու հեղինակությունը:
Հաջորդ սերունդը
Գոհար Աղաբաբյանը, ով մոտավորապես 30 տարեկան է, վստահ է իր մասնագիտական կարողությունների վրա և երկիրը չլքելու հաստատակամություն ունի: Նա կարծես մարմնավորում է այն դրականը, ինչը բնորոշ է նոր Հայաստանին: Գոհարը նախկինում աշխատել է SFL- ում, իսկ այժմ զարգացման գծով ղեկավար է Լոնդոնում տեղակայված վերաբնակեցման կառավարման նորաստեղծ «Benivo»-ում: Սկզբնապես նա աշխատում էր հեռավար կերպով, իսկ այժմ Երևանում ունի 12 ծրագրավորողներից բաղկացած թիմ (որը հանդիսանում է «Benivo»- ի ամբողջ տեխնիկական թիմը):Բացատրելով, թե ինչն է իրեն և ավելի լայն էկոհամակարգին թույլ տվել զարգացնել արտադրանքը, Գոհարը նշում է, որ համացանցը Հայաստանին թույլ է տվել զարգացնել տեխնոլոգիաները, որոնց շնորհիվ հնարավոր է համընթաց քայլել աշխարհի հետ: Դա նաև հնարավորություն է ընձեռել Հայաստանը ճանաչելի դարձնել միջազգային ընկերությունների շրջանում:
Աութսորսինգի շնորհիվ երկրում որոշակի փորձ ձեռք բերվեց և ֆինանսական մուտքեր եղան, որոնք էլ թույլ են տալիս ձեռներեցությամբ զբաղվողներին իրենց սեփական ստարտափերը հիմնել:
Րաֆֆի Գրիգորյանը («Palo Alto»-ում ազդեցիկ ներդրող, «Emerson Collective»-ի գործադիր տնօրեն, ով «TUMO»-ի բորդի անդամ է) ասում է, որ գտնված է Հայաստանը լուրջ տեխնոլոգիական երկիր դարձնելու բանալին: Նա բացատրում է, որ ոլորտը զարգացել է աութսորսինգից մինչև հետաքրքիր տեխնոլոգիա արտադրող և դրանից էլ մինչև լավ մշակված տեխնոլոգիա արտադրող երկրի փոխակերպվելու ճանապարհով:
Այն ամենը, ինչ այժմ բացակայում է, «լավ բիզնես մոդելներն» են:
Ինչպես սովորաբար լինում է՝ մի քանի սփյուռքահայեր գուցե կարող են վերադառնալ և օգնության ձեռք մեկնել:
Հոդվածը ներկայացված է կրճատումներով։
Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը
Սկզբնաղբյուրը` Sifted.eu