Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լրագրող
Երևան
Հազիվ թե մեկն առարկի, որ հայերին՝ որպես ազգին վերագրվող որակների և հատկությունների մեջ անկասկած կարելի է նշել այսպես կոչված «հայկական ազգայնականությունը»։ Իհարկե, այս որակի սահմանման կամ եզրութաբանության շուրջ կարելի է երկար բանավիճել, բայց պետք է խոստովանել, որ մեզ իսկապես բնորոշ է մեր ազգի արժեք լինելու թեզը համարել հանրային միասնության բարձրագույն ձև և պետականակերտման գործընթացի առաջնահերթություն։ Բոլորովին պատահական չէ նաև այն, որ Հայաստանի բնակչության 97.9 %-ը հայեր են։ Ընդ որում, «հայկական ազգայնականությունը» ոչ մի կապ չունի այլ ազգերին բնորոշ կայսերապաշտ պետական ազգայնականության հետ, որը միտված է այլ ազգերի նկատմամբ ազգային-պետական շահն առաջ մղելուն։ Այսպիսի ազգայնականությունը, որպես կանոն, հանգեցնում է մեծ ազգերի կողմից փոքր ազգերի գաղութացմանը՝ ինչպես կայսերապաշտ ազգայնականության գաղափարը դավանող երկրների ներսում, այնպես էլ՝ նրանցից դուրս։
Հայկական ազգայնականությունն ավելի շուտ կարելի է բնութագրել որպես էթնիկական։ Այս բնութագրման ամենահավանական հաստատումը պարունակում է հայ ժողովրդի՝ դարերով շահագործվող և ստրկացվող ազգ լինելու ռենոմեն։ Հայաստանի պարագայում հենց կրոնաեկեղեցական բաղադրիչով համեմված էթնիկական ազգայնականությունն այսօր էլ հայ ժողովրդի համար շարունակում մնալ ազգային-ազատագրական պայքարի և պետականության ձեռքբերման կաղապար։ Այլ խոսքերով, ի հեճուկս 1991թ. Հայաստանի անկախություն ստանալու հանգամանքի, էթնիկական ազգայնականությունը շարունակում է մնալ քաղաքական և գաղափարախոսական գործիք, որը հռչակված նպատակներին է հասնում ազգային զգացմունքների շահագործման միջոցով։
Հետևաբար, հնարավոր չէ չնշել, որ էթնիկական ազգայնականությունը վաղ թե ուշ դատապարտված է բախվելու կայսերապաշտ ազգայնականությանը։ Օսմանյան կայսրության կյանքին Հայաստանի և հայ ժողովրդի ակամա մասնակցությունը ասվածի լավագույն վկայությունն է։ Ակնհայտ է, որ հենց վերոնշյալ պատճառների բերմամբ 19-րդ դարի երկրորդ կեսին, որի ընթացքում ծավալվել էր օսմանյան տիրապետության դեպ ազգային-ազատագրական պատերազմների և ապստամբությունների մեծագույն մասը, ազգային գաղափարախոսությունը, լեզվի և ազգային ինքնության պահպանումը կամ ձուլման դեմ պայքարն անմիջապես ընկալվում էին որպես ազգայնականություն։
Հենց այդ պատճառով «հայկական ազգայնականության» աշխուժացումը տեղի է ունեցել 19-րդ դարից սկսած։ Մինչ այդ պատմական ժամանակահատվածը դարերի ընթացքում հայերն, ըստ էության, ազգ չէին՝ հանդիսանալով սոսկ պետականազուրկ ժողովուրդ։ Բնական է, որ մեծահարուստ՝ երբեմն կուռ համայնքային կառույցների մեջ ներառված հայեր այդ ժամանակ էլ կային։ Հաճախ՝ եկեղեցու և օտարերկրյա պետությունների հետ սերտ համագործակցության միջոցով, նրանք ձգտում էին փոխել հայ ժողովրդի ապագան։ Սակայն, ընդհանուր առմամբ մինչև 19-րդ դարի կեսը հայերը բաժանված ժողովուրդ էին։ Այնուամենայնիվ, արդեն 19-րդ դարի կեսերին ազգային բուրժուազիայի ակտիվ զարգացմանը զուգահեռ սկսել է ուրվագծվել նաև «հայկական ազգայնականությունը»։ Ուշագրավ է, որ միայն դրանից հետո հայերը դադարեցին լինել բաժանված ժողովուրդ և վերածվեցին ազգի՝ ոչ միայն արդի Հայաստանի Հանրապետության, այլև Ռուսական կայսրության տարածքում և նրա կովկասյան կենտրոն Թբիլիսիում։
Շատ ավելի ուշ՝ Խորհրդային Միությունում ոչ միայն հայկական, այլ ընդհանրապես՝ էթնիկական ազգայնականությունը միանգամայն հասկանալի պատճառներով նույնացվել էր շովինիզմին ու անգամ նացիզմին։ Գաղտնիք չէ, որ սոցիալիզմ կառուցած և կոմունիզմ կերտող բազմազգ և ոչ միատարր Խորհրդային Միությունում ազգային պատկանելությունը շեշտելն անգամ համարվում էր ազգայնականություն։ Ընդ որում, ազգայնականության մեջ մեղադրվում էին ոչ միայն «հայկական ազգայնականություն քարոզող» Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) անդամները։ 30-ականների վերջերին շովինիզմ-ազգայնականության մեջ մեղադրվում էին անգամ խորհրդային առաջնորդները, օրինակ՝ Աղասի Խանջյանը։ Բնական է, որ երբեք չէր հիշատակվում այն, որ 1890թ. Թբիլիսիում ստեղծված ՀՅԴ ծրագրում ամրագրվել էին ժողովուրդների և կրոնների իրավահավասարության սկզբունքները և ազգային տնտեսության ու գյուղատնտեսության զարգացումը կոլեկտիվիզմի հիմնարար սկզբունքի վրա։
Այսպիսով, մեր կյանքի միանգամայն բնական և ընդհանրական երևույթ հանդիսացող ազգայնականությանը բացասական երանգներ հաղորդելու ավանդույթը ձևավորվել է միայն խորհրդային ժամանակներից ի վեր։ Երբեմն ազգայնականությունը հակադրվում էր ավելի հավասարակշռված ազգային զգացմունքին՝ հայրենասիրությանը։ Սակայն, ժամանակի ընթացքում անգամ խորհրդային մտակաղապարում ազգայնականությունը սկսել է դիտվել ոչ միայն որպես ազգային երանգավորմամբ ագրեսիվության դրսևորում, այլև՝ որպես էթնոսների միանգամայն բնական պաշտպանական արձագանք՝ նրանց նկատմամբ առկա արտաքին սպառնալիքին։ Այսպիսով, արդեն անցած դարի երկրորդ կեսին «հայկական ազգայնականությունը» սկսել է հետզհետե ձերբազատվել խորհրդային ժառանգությունից՝ ձեռք բերելով արդիական դիմագծեր և առողջ ազգի առողջ զգացմունքին բնորոշ հատկանիշներ։
Թվում է, որ «հայկական ազգայնականության» ամենաճշգրիտ սահմանումը տվել է հայտնի հայ պետական և զինվորական գործիչ՝ «Ցեղակրոն» շարժման ղեկավար Գարեգին Նժդեհը։ Նժդեհն ազգային անհատապաշտությունը բնութագրում էր որպես սեփական ցեղի ոգուն հավատարիմ մնալու, իր պատմական տեսակի կատարելագործմանը և ազատության պաշտպանությանն ազգի արդար ձգտման դրսևորում։ Ընդ որում, «Ցեղակրոնի» հետևորդներն այլ ազգերի նկատմամբ երբեք թշնամություն չեն քարոզել. միակ բացառությունը լիովին հասկանալի պատճառով կազմում էին թուրքերը։ Այլ խոսքերով, Նժդեհը ոչ մի դեպքում ազգային անհատապաշտությունն այլ ազգերի նկատմամբ ազգային գերազանցության միջոց չէր դիտում, պնդելով, որ հայ ազգի պես փոքր ազգերի պարագայում ազգայնականությունը շովինիզմի կամ ֆաշիզմի հետ ընդհանուր ոչինչ չունի՝ բացառապես հանդիսանալով ազգի և նրա ինքնության պահպանման միջոց։ Մերօրյա Հայաստանում ևս ազգայնականություն հասկացությունն ընկալվում է հենց տվյալ գաղափարախոսության շրջանակում, չհամարվելով բացասական երևույթ, այլ երբեմնի մեծ ազգից մնացածի պահպանության բարձր նպատակին հասնելու միջոց։
Այսպես է ստացվել, որ ժամանակակից աշխարհում, մասնավորապես՝ բազմամշակույթ Եվրոպայում ազգայնականությունը հաճախ առնչակցվում է էթնիկական, մշակութային և կրոնական անհանդուրժողականության հետ։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ ժամանակակից բազմաթիվ ծայրահեղական շարժումների հետևորդները հատուկ կերպով ընդգծում են իրենց ազգայնական գունավորումը՝ շեշտադրելով իրենց անբարյացակամությունն էթնիկապես «այլ» անձանց հանդեպ։ Վերջին շրջանում էթնոազգայնականությունը կամ կենցաղային ազգայնակնությունն առանձնահատուկ արդիականություն է ձեռք բերել հենց բազմամշակույթ Եվրոպայում։ Դա բացատրվում է ընդամենը մեկ տարվա՝ 2015-ի ընթացքում Աֆղանստանից, Սիրիայից, Իրաքից, Իրանից և հյուսիս-արևմտյան Աֆրիկայի երկրներից Հին աշխարհ ավելի քան մեկ միլիոն անօրինական ներգաղթյալների ժամանմամբ։ Ռուսաստանում էթնոազգայանականության աշխուժացումը նունպես պարբերաբար է գրանցվում՝ սկինհեդների երթերի կամ հաճախ իշխանության քողարկված աջակցությամբ կազմակերպվող այլևայլ միջոցառումների տեսքով։ Գաղտնիք չէ, որ կենցաղային ազգայնականությունը կայսերապաշտ ազգայնականության հետևորդների ձեռքում շարունակում է մնալ լայնորեն շահագործվող կարևոր միջոց։ Անհրաժեշտության դեպքում իշխանություններն օգտագործում են այն իրենց նպատակների համար՝ հմտորեն բորբոքելով անառողջ կրքեր։ Սակայն, 97.9 տոկոսով էթնիկապես միատարր Հայաստանին էթնոազգայնականության դրսևորումները գոնե մերձավոր ապագայում հաստատ չեն սպառնում։
Խոսելով «հայկական ազգայնականության» մասին՝ հարկ է անդրադառնալ նաև Հայաստանից և հայությունից դուրս հիշյալ եզրույթի ընկալմանը։ Պետք է նշել, որ հայկական տիրույթից դուրս այն, ընդհանուր առմամբ, քիչ է օգտագործվում, եթե հաշվի չառնենք հարևան Ադրբեջանը։ «Հայկական ազգայնականություն» եզրույթն անընդհատ աչքի է զարնում ադրբեջանական ԶԼՄ-ների քարոզչական բնույթի գրեթե բոլոր հրապարակումներում։ Ալիևյան վարչակարգի կողմից ֆինանսավորվող պաշտոնական քարոզչամեքենան գտնվում է «հայկական ազգայնականության» նորանոր «հայրերի» հարատև փնտրտուքի մեջ։ Ադրբեջանական քարոզչության հիմնարար թեզերից մեկի համաձայն՝ հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների պատճառը հենց «հայկական ազգայնականությանը» հարելն է։ Անգամ 1915-1923թթ. Արևմտյան Հայաստանում երիտթուրքերի իրականացրած ցեղասպանությունը, որի զոհ են դարձել ավելի քան 1.5 միլիոն մեր հայրենակիցները, ադրբեջանցի քարոզիչների պնդմամբ դասվում է «հայկական ազգայնականության» հետևանքների շարքին։
Իրականում, ադրբեջանական ԶԼՄ-ների անգամ մակերեսային քննությունից անխուսափելիորեն բխում է հետևյալ եզրակացությունը. թուրքական յաթաղանից բազմիցս տուժածներին մեղադրելով ազգայնականության մեջ՝ ադրբեջանական քարոզչությունը կամա թե ակամա հարում է ազգայնականության ևս մեկ տեսակին՝ ինտեգրող ազգայնականությանը։ Յուրաքանչյուր գաղափարախոսություն պահանջում է հակառակորդի առկայություն. ազգայնականությունն էլ առանց հակառակորդի գոյություն ունենալ չի կարող։ Այլ խոսքերով՝ Ադրբեջանի դեպքում հայ ժողովուրդը հենց այդ հակառակորդն է, որը սնուցող պարարտ հողի դեր է տանում Ադրբեջանում ինտեգրող ազգայնականության համար։ Ընդամենը 1918թ. առաջին անգամ հիշատակված երկրի համար ինտեգրող ազգայնականությունն առարկայական անհրաժեշտությունն է։ Դատելով ըստ էության անկապակից, բայց ադրբեջանցի սպառողի ականջների և աչքերի համար բավականին արդյունավետ ալիևյան քարոզչությունից՝ «հայկական ազգայնականությունը» հարևան երկրում շարունակում է մնալ սարսափարկու միջոց և ինտեգրող ազգայնականության հիմնասյուն։