Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հիասթափություն՝ Թրամփի ընտրությունից

marut
November 2016
Մինչև իսկ ողբալու աստիճան

Պատրիցիա Դրեյեր

Նա պարծենում էր կանանց բարեմասնությունների հանդեպ իր ձեռքերի հրապարակային սանձարձակությամբ, կանանց անվանում էր «խոզեր», իսկ այսօր նա արդեն ԱՄՆ-ի նախագահն է. Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո ԱՄՆ-ի մի շարք բնակիչներ շփոթմունքի մեջ են։ Բացի այդ՝ առկա է նաև երկրորդ խնդիրը. ինչպե՞ս պիտի նրանք բացատրեն այս երևույթն իրենց դուստրերին:

Ընտրությունների հաջորդ օրվա երեկոյան ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում ընտանիքը հավաքվել էր ընթրիքի սեղանի շուրջ։ Ութամյա փոքրիկը բացատրում էր իր մորն ու երկու քույրերին, որ նրանք լուրջ խնդրի առջև են կանգնած. «Քանի որ կին եք, դուք երբեք չեք կարող նախագահ դառնալ»։

Նմանօրինակ բովանդակությամբ զրույցներ օրերս տեղ են գտնում տասնյակ ամերիկյան ընտանիքներում։ Բարաք Օբամային երկու անգամ սատար կանգնած լիբերալ ընտրողների սերունդը, որի ներկայացուցիչները նրա նախագահության օրոք ընդունվեցին աշխատանքի, կառուցեցին տներ և ընտանիքներ կազմեցին, այժմ պիտի իրենց երեխաների հետաքրքրասիրությունը բավարարեին՝ բացատրելով ու մեկնաբանելով 2016թ. նախագահական ընտրապայքարի տհաճ ընթացքը։ Եվ նրանք դա անում էին՝ մշտապես ակնարկելով կարծեցյալ երջանիկ ավարտը. «Վերջում չար Դոնալդը կպատժվի, իսկ Հիլարին կդառնա աշխարհի ամենաուժեղ կինը»։

Ինչևէ, ժամանակը ցույց տվեց, որ դա ընդամենը բարի հեքիաթ էր, ուստիև հենց ընտրությունների գիշերը ծնվեց շատ ու շատ ծնողների հուզող մի հարց. «Ինչպե՞ս բացատրեմ սա երեխայիս»։

«Մենք պիտի ճշմարտությունն ասենք մեր դուստրերին, անգամ՝ երբ այն տհաճ է ու շփոթեցնող», – գրում է «Slate»-ի համահեղինակ և երկու դուստրերի հայր Դեն Քոիսը. «Ամերիկացիների կեսը ընտրել է մի մարդու, ում համար էական է միայն, թե ապագայում ինչպիսի արտաքին կունենան մեր աղջիկները»։

Շփոթված ու հիասթափված են նաև Հիլարի Քլինթոնին սատարող երիտասարդ կանայք։ Նրանցից մեկը դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսն է։

«Սա՞ է դառը իրականությունը»,- հարցնում է Լոուրենսը. «Կարևոր չէ, թե ինչ որակավորում ունես, միևնույն է՝ դու պարզապես չես բավարարում տղամարդ լինելու պահանջը։ Միևնույն է՝ ինչպիսի եռանդով էլ աշխատես, վերջիվերջո հանդիպում ես նույն ապակյա առաստաղին»[1]։

Ֆեմինիստուհի Լինդի Ուեսթն իր հերթին հուսահատ եզրակացություններ է կատարում Քլինթոնի պարտությունից։ Ըստ նրա՝ ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ արևմտյան մշակույթը կանանց սկզբունքորեն լուրջ չի ընդունում. «Մենք չենք հավատում կանանց։ Մենք չենք վստահում կանանց։ Մենք չենք հավանում կանանց»։

Ե՛վ Լոուրենսին, և՛ Ուեսթին, թերևս, կհիասթափեցնի այն փաստը, որ հենց ԱՄՆ-ի կանանց տրամադրվածությունն է եղել Թրամփի հաղթանակի պատճառներից մեկը. Քլինթոնին սատարող կին ընտրողների քանակն անկասկած ավելի փոքր էր, քան Բարաք Օբամայինը չորս տարի առաջ։ Բարձրագույն կրթություն չունեցող սպիտակամորթ կանանց ավելի մեծ մասը նախապատվությունը տվել է հենց Թրամփին։

Ինչպես Հիլարի Քլինթոնն իր հետընտրական խոսքում, այնպես էլ Լոուրենսը և Ուեսթը փորձում են իրենց ունկնդիրների անորոշ զգացումներն ուղղորդել այն բանին, որ պետք է կենտրոնանալ ոչ միայն քաղաքական գործիչների վրա, այլ հենց լիբերալ հասարակության արժեքները պահպանելու և քաղաքացիական հաստատակամություն ցուցաբերելու գործընթացի վրա. «Մենք դեռ ունենք հարևաններ, ում պիտի պաշտպանենք և երեխաներ, ում պիտի սովորեցնենք»։ Եվ ի տես գալիք ընտրությունների՝ Ուեսթը հաստատամտորեն ավելացնում է. «Մենք դեռ պիտի գտնենք ճիշտ կնոջը»։

Եվ դա, թերևս, այդքան էլ բարդ խնդիր չէ։ Դեմոկրատական կուսակցության շարքերում, որի վաշինգտոնյան գրեթե բոլոր առաջնորդներն արդեն թոշակի անցնելու տարիքում են, որպես հույսի նոր դրոշակակիր է վեր հառնում Կամալա Հարիսը։ Կալիֆորնիական ծագում ունեցող 52-ամյա կին-իրավաբանը վերջերս արժանացավ սենատորի պաշտոնի։ Այդ կապակցությամբ նրա՝ դեռևս ընտրապայքարի տրամաբանությամբ ներծծված շնորհակալական ճառում կարմիր թելի պես անցնում էին փոքրամասնությունների, փախստականների խմբերի պաշտպանության, շրջակա միջավայրի հանդեպ խնամքի կարևորության և այլ թեմաներ։ Հարիսը, որքան էլ դա անհավանական հնչի, ընդամենը երկրորդ սևամորթ կինն է ԱՄՆ-ի Սենատում։

Սենատում լատինաամերիկյան ծագում ունեցող առաջին կինը՝ Քեթրին Կորտեզ Մաստոն, նույնպես Դեմոկրատական կուսակցության անդամ է։

Վերոնշյալներն ազդակներ են, որոնց կարիքն այժմ ավելի խիստ, քան երբևէ, զգում են հիասթափված ամերիկյան ընտրողները, քանի որ այժմ Վաշինգտոնում Սպիտակ տունը և Կոնգրեսը գտնվելու են հանրապետականների ազդեցության տակ, իսկ ԱՄՆ-ի Գերագույն դատարանի անդամների մեծամասնությունը, հավանական է, կկազմեն պահպանողական դատավորներ, ինչը կարող է տևել տասնամյակներ։

Բացի այդ, ԱՄՆ-ի քաղաքական ասպարեզում կրկին աշխուժացել է Թեյախմության շարժման[2] առաջամարտիկ Սարա Փեյլինը՝ հույս ունենալով, որ նախկինում Թրափմի հանդեպ իր ցուցաբերած մեծ ոգևորությունն այժմ պիտի վարձատրվի նոր պաշտոնով։

Կա մի փաստ, որն էլ ավելի է սաստկացնում լիբերալ կանանց հիասթափությունը. մեծ բեմից նրանց հրաժեշտ է տալիս ոչ միայն իրենց թեկնածուն՝ Հիլարի Քլինթոնը, այլև շատերի համար «կուռք» դարձած Միշել Օբաման։

Նախկին առաջին տիկինը հոկտեմբերի 13-ին բավականին ոգեշունչ ճառով դատապարտեց Թրամփի սեքսիզմը։ Ավելի վաղ Օբաման Սպիտակ տանը երիտասարդ կանանց մասնակցությամբ համաժողով էր նախաձեռնել, որի ժամանակ ընդգծել էր. «Ես կարևոր եմ համարում նրանց վերստին հիշեցնել, թե որքան կարևոր ու արժեքավոր են իրենք։ Ես ուզում եմ, որ նրանք հասկանան, որ յուրաքանչյուր հասարակություն պիտի գնահատվի այն չափանիշով, թե ինչպես է այն վարվում կանանց ու աղջիկների հետ»։

Նույն միտքը դեռևս 1995թ. Հիլարի Քլինթոնը, լինելով ԱՄՆ-ի առաջին տիկինը, ձևակերպել է մի բավականին հայտնի դարձած արտահայտությամբ. «Մարդու իրավունքները մեկընդմիշտ կանանց իրավունքներն են, և կանանց իրավունքները մարդու իրավունքներն են»։

Առաջին տիկնոջ դերում վերոնշյալ երկու կանանց հետնորդն է Մելանիա Թրամփը։ Նա արդեն հստակորեն արտահայտվել է այս մասին՝ անկեղծորեն նշելով, որ այդ դիրքն իր համար ավելի դեկորատիվ բնույթ է կրելու, «ինչպես Ջեքի Քենեդիի համար»։

«Այժմ մենք մեր հայացքը պիտի ուղղենք դեպի ապագան», – գրված է Հիլարի Քլինթոնի օժանդակման հարթակ հանդիսացող Pantsuit Nation խմբի ֆեյսբուքյան էջի գրառումներից մեկում,- «միայն այն, որ մեր թեկնածուները ձախողվեցին, չի նշանակում, որ մեր քվեներն անհետացել են։ Մեր երկրում այժմ շատերը ավելի, քան երբևէ, մեր օժանդակության կարիքն ունեն»։

Հատուկ «Անալիտիկոնի» համար գերմաներենից թարգմանեց Նարեկ Խալաֆյանը

Բնօրինակը` SPIEGEL

 

[1] «Ապակյա առաստաղը» ֆեմինիստական տերմին է՝ ներմուծված 1980-ական թթ., որը կիրառվում է ցույց տալու համար անհատական որակների հետ կապ չունեցող այն անտեսանելի խոչընդոտները, որոնք խանգարում են կանանց բարձրանալ կարիերայի աստիճանով։

[2] Ամերիկյան քաղաքական շարժում է, որը հայտնի է իր պահպանողական հայացքներով և մեծ նշանակություն ունի Հանրապետական կուսակցության համար։

Նմանատիպ  նյութեր

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Արցախի հայաթափումը. նոր մարտահրավերներ

October 2023

2023 թվականի սեպտեմբերի վերջը, 44-օրյա պատերազմից երեք տարի անց, Պատմության մեջ կմտնի որպես Արցախի հայաթափման ժամանակաշրջան, որին նախորդել է Ադրբեջանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Կենդանիների պաշտպանության շարժումը Հայաստանում և Արցախում
  • Այստեղ շրջափակում է, իսկ նրանք շներ են կերակրում…
  • Արցախում կենդանիների պաշտպանության շարժման համառոտ պատմությունը

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.