Գարիկ սարկավագ ԱՍՐՅԱՆ
ՀԱԵ Արցախի թեմի Տեղեկատվական համակարգի տնօրեն,
ԱՀ ՊԲ N զորամասի հոգեւոր սպասավոր
Ստեփանակերտ
Չնայած այն փաստին, որ արդի աշխարհում ռազմական ուժի հզորությունը սերտորեն պայմանավորված է գերժամանակակից ու կատարելագործված զինտեխնիկայի ու սպառազինության հագեցվածությամբ, այդուհանդերձ մարդկային գործոնը` հոգեւոր, հոգեբանական եւ բարոյական դրսեւորումներով, շարունակում է չկորցնել իր առանցքային նշանակությունը: Եվ դա է այն հիմնական պատճառներից մեկը, որ այսօր էլ աշխարհի քրիստոնյա շատ երկրներում (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Հունաստան, Չեխիա, Դանիա եւ այլն) գործում է բանակային հոգեւորականների` կապելլանների ինստիտուտը: Անգամ ոչ քրիստոնյա որոշ պետությունների բանակներում լայն գործունեություն են ծավալում տվյալ երկրի պաշտոնական կրոնի գործիչները (մասնավորապես, Իսրայելի բանակում կրոնավորների դերակատարությունն ամենաբարձր մակարդակի վրա է դրված):
Բանակում հոգեւորականների ներկայությունն ու իրավունքներն ամրագրված են նաեւ միջազգային իրավական փաստաթղթերով: Օրինակ` Ժնեւյան Երրորդ կոնվենցիայի IV գլուխը` 33-րդ հոդվածը, ներկայացնում է գերեվարվելու դեպքում բանակային հոգեւորականի կարգավիճակն ու իրավունքները, մասնավորապես` հոգեւորականը չի համարվում ռազմագերի, եւ կարող է շարունակել իր հոգեւոր գործունեությունը ռազմագերիների շրջանում:
Հոգեւոր ծառայություն ունենալու տեսակետից բացառություն չէ նաեւ հայկական բանակը, որտեղ 1997 թվականից պետականորեն հաստատված ծրագրով հոգեւոր սպասավորություն են իրականացնում Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) հոգեւորականները:
Հայ Առաքելական Եկեղեցին հընթացս պատմության միշտ էլ կանգնած է եղել հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված հայորդիների կողքին, խոսքով ու գործով ոգեշնչել եւ ցուցաբերել հոգեւոր ու նյութական աջակցություն, պետականության կորստի պայմաններում ստանձնել առաջնորդի դեր եւ հաճախ ազգային-ազատագրական պայքարի գլուխ կանգնել: Հայոց Եկեղեցու Հայրապետները եւ հոգեւորականները վճռական ճակատամարտերից առաջ օրհնել են հայոց զորքերը, հաճախ ներկա գտնվել կամ նույնիսկ մասնակցել մարտական գործողություններին, հայ ժողովրդին տարատեսակ օտար լծերից ազատագրելու դիվանագիտական եւ զինյալ պայքար մղել (բավական է, թերեւս, հիշել միայն Ներսես Մեծ Պարթեւ, Հովսեփ Հողոցմեցի, Հովհան Մանդակունի, Հակոբ Ջուղայեցի, Եսայի Հասան-Ջալալյան, Ներսես Աշտարակեցի, Գարեգին Հովսեփյանց կաթողիկոսների անունները):
Դեռեւս 338թ., երբ երկիր ներխուժած թշնամիների դեմ պայքարում զոհվեցին հայոց սպարապետ Վաչե Մամիկոնյանն ու նրա զինակիցները, Վրթանես կաթողիկոսը կանոններ սահմանեց, համաձայն որոնց սուրբ նահատակներ հռչակվեցին հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիները (տե՛ս Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, թարգմանությունը եւ ծանոթագրությունները` Ստ. Մալխասյանցի, Ե., 1987, էջ 46-47): Իսկ արդեն 451թ. Հայ Եկեղեցու հոգեւոր դասը դարձավ Վարդանանց պատերազմի ոգին ու «վասն հավատո եւ վասն հայրենյաց» կարգախոսով զինվորագրված ողջ հայ ժողովրդի հետ դուրս եկավ Ավարայր` հայ զինվորի ու զորավարի հետ կողք-կողքի մարտնչելով ընդդեմ թշնամու: Ուշագրավ է այն միտքը, որ Ավարայրի ճակատամարտի նախօրեին հայոց զորքին ուղղված իր ոգեշնչող խոսքում արտահայտում է առայսօր ռազմիկ հոգեւորականի խորհրդանշական կերպար դարձած Ղեւոնդ Երեցը. «Դուք բոլորդ գիտեք, որ առաջվա ժամանակները, երբ դուք պատերազմ էիք գնում, թեպետեւ սովորություն ունեիք քահանաներին միշտ բանակում պահել, բայց ճակատամարտի ժամանակ ձեզ հանձնելով նրանց աղոթքին, որեւէ ամուր տեղ էիք թողում նրանց. իսկ այսօր եպիսկոպոսները եւ երեցներն ու սարկավագները, սաղմոսերգուներն ու գրակարդացները, ամեն մեկը սահմանված կանոնով իբրեւ սպառազինված եւ պատերազմի պատրաստված` կամենում են ձեզ հետ միասին հարձակվել ու ջարդել ճշմարտության թշնամիներին» (Եղիշե, Վարդանի եւ հայոց պատերազմի մասին, թարգմանությունը, ներածությունը եւ ծանոթագրությունները` Ե. Տեր-Մինասյանի, Երեւան, 1971, էջ 109):
Ռազմական գործողություններին հոգեւորականների անմիջական մասնակցության այս օրինակը թերեւս նախադեպային երեւույթ է ոչ միայն մեր, այլ նաեւ ողջ համաքրիստոնեական իրականության մեջ: Եվ այս ոգին ու մղումը ուղենիշ եղան հայ հոգեւորականությանը դարերի ընթացքում մինչ այսօր: Դրա ակնառու օրինակներից է ցեղասպանությունից մազապուրծ հայ ժողովրդի կենաց-մահու օրհասական պայքարում 1918թ. մայիսյան հերոսամարտերին հայ հոգեւորականության ամենաանմիջական մասնակցությունն ու հաղթանակների կերտմանը բերած հսկայական ավանդը: Գեւորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի տնօրինությամբ Հայ Եկեղեցին ոչ միայն նյութական հսկայական աջակցություն էր ցուցաբերում նորակազմ հայոց բանակին, այլեւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանները, անգամ բարձրաստիճան հոգեւորականներ (Գարեգին, Զավեն, Մեսրոպ, Մատթեոս եպիսկոպոսներ, Կորյուն, Խորեն, Արսեն, Գյուտ, Արիստակես վարդապետներ եւ ուրիշ շատեր), կամավոր մեկնեցին ռազմաճակատ` ոգեւորելու հայ մարտիկներին, եւ նրանց հետ կողք-կողքի իրենք էլ մասնակցեցին Սարդարապատի եւ մյուս ճակատամարտերին (տե՛ս Ս. Աֆանասյան, Սարդարապատի հաղթանակը. Հայաստան, մայիս, 1918, Ե., 1985, էջ 41: Հ. Թուրշյան, Սարդարապատի հերոսամարտը, Ե., 1965, էջ 129-130: Վավերագրեր Հայ Եկեղեցու պատմության, Գիրք Ե, Մայր աթոռ Ս. Էջմիածինը Առաջին հանրապետության տարիներին (1918-1920թթ.), կազմող` Ս. Բեհբության, Երեւան, 1999թ., էջ 5, 15-16):
Հայ Եկեղեցին իր նշանակալից դերակատարությունն ունեցավ նաեւ արցախյան ազատամարտի տարիներին: Երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսի տնօրինությամբ վերաբացված Արցախի թեմի հոգեւորականներն առաջին իսկ օրերից աջակից եւ զինակից եղան հայ ազատամարտիկներին եւ հնարավոր բոլոր միջոցներով նպաստեցին արցախահայության գոյամարտի` հաղթական հանգրվանի հասցմանը: Պատերազմում հոգեւորականությունը նույնպես ունեցավ անդառնալի կորուստներ. զոհվեցին Վահան վարդապետ Դավթյանը, Ռաֆայել սարկավագ Խաչատրյանը եւ Արմեն դպիր Թովմասյանը (մանրամասն տե՛ս Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյան, Մ. Ա. Հարությունյան, Արցախի թեմը եւ Ադրբեջան-Ղարաբաղ հակամարտությունը, «Հայկական բանակ», Ե., 2001, 1-2 (27-28), էջ 84-88):
Նորագույն շրջանի հայկական զինուժը, ծնունդ առնելով արցախյան գոյամարտում եւ կամավորական ջոկատներից վերածվելով կանոնավոր բանակի, փառահեղ հաղթանակներ տարավ եւ արժանիորեն վաստակեց քանիցս հնչած «տարածաշրջանի ամենամարտունակ բանակ» գնահատականը: Հրադադարի հաստատումից հետո էլ բանակաշինության ընթացքը չդադարեց, այլ զարգացող մեծ թափով սկսվեցին աշխատանքներ տարվել մարտունակության եւ կարգապահության բարձրացման, բարոյահոգեբանական վիճակի կայունացման ուղղությամբ: Եվ այստեղ էլ մեծ անելիք ուներ Հայ Առաքելական Եկեղեցին: Այդ իրողության քաջ գիտակցությամբ 1997թ. նոյեմբերի 13-ին Գարեգին Ա կաթողիկոսի եւ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ հիմք դրվեց ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդությանը: ԶՈՒ հոգեւոր սպասավորների գործունեությունը կանոնակարգելու եւ վերահսկելու նպատակով նշանակվեց ծառայության պատասխանատու` Վրթանես Վարդապետ Աբրահամյանը (1999թ. դեկտեմբերին նրան փոխարինեց Արշեն աբեղա Սանոսյանը, ում էլ հաջորդեց Նորայր աբեղա Սիմոնյանը: Իսկ 2007թ. հոկտեմբերից առայսօր ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդի պաշտոնը կրկին ստանձնել է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը):
ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության ստեղծումից հետո առաջին ամենաանհրաժեշտ քայլերից մեկը ծառայության գործունեության կանոնադրության եւ ծրագրերի ստեղծումն էր: Իհարկե, պատմության ընթացքում Եկեղեցու եւ բանակի հարաբերությունների կարգավորմանն ուղղված գրություններ եղել են` առավելապես զինվորականությանն ուղղված խրատական բնույթի (տե՛ս օրինակ` Ս. Ներսես Շնորհալի, Թուղթ ընդհանրական, 1991, էջ 114-116): Կանոնակարգային տեսակետից մեծագույն նշանակություն ունեցող փաստաթուղթը 1918թ. Երեւանի փոխթեմակալ Խորեն եպիսկոպոս Մուրադբեկյանի (1932-1938թթ.` Խորեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոս) կազմած «Հրահանգ զինվորական քահանաների համար» նախագիծն էր, որը նա նամակով ներակայացրել էր Գեւորգ Ե կաթողիկոսին` նշելով, որ հայկական գնդերի քահանաները դիմում են իրեն` խնդրելով հրահանգներ տարբեր հարցերի շուրջ: 10 կետից բաղկացած նախագիծը հրահանգում էր, որ զինվորական քահանաները օրվա որոշակի ժամերի պարտավոր են լինել իրենց գնդի հետ, ազատ ժամերին դասախոսել Ս. Գրքից եւ ազգային-եկեղեցական ավանդությունից, վառ պահել զինվորների մեջ պարտքի գիտակցությունն ու սերը ազգի եւ ազգային սրբությունների հանդեպ, սովորեցնել «Հայր մեր» աղոթքը եւ երգել տալ օրը երեք անգամ, տոն եւ կիրակի օրերին զինվորներին տանել եկեղեցի, մշտապես լինել հոգեւորականի սքեմով ու առանց զենքի եւ այլն (տե՛ս Վավերագրեր Հայ Եկեղեցու պատմության, …. էջ 73-74):
Սակայն ոչ առկա պատմական վավերագրերը, ոչ էլ արտասահմանյան երկրների փորձը բավարար չեղան, եւ երկու տարվա աշխատանքներից հետո կազմվեց «Հոգեւոր ծառայության կանոնադրություն», որով հստակեցվեց ու կանոնակարգվեց բանակում հոգեւորականի գործունեության դաշտը, կառուցվածքը, խնդիրներն ու նպատակները: Կանոնադրությունը 2000թ. սեպտեմբերի 14-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ստորագրվեց եւ հաստատվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կողմից` դառնալով ԱՊՀ երկրներում իր տեսակի մեջ առաջին պաշտոնական փաստաթուղթը (տե՛ս Արշեն աբեղա Սանոսյան, Բանակային քահանաների հաստատությունը ՀՀ Զինված ուժերում, «Հայկական բանակ», Ե., 2001, 1-2 (27-28), էջ 100): Հավելենք, որ հոգեւորականի ներկայությունը բանակում վավերացվեց նաեւ 2007թ. ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքով:
Համաձայն ընդունված կանոնադրության` հոգեւոր ծառայության ղեկավարումն իրականացվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնագրով եւ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակված հոգեւոր առաջնորդի կողմից` ըստ պաշտպանության նախարարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների (ԱՀՏԱ) գծով տեղակալի հանձնարարականների: Հոգեւոր սպասավորները նշանակվում են ԶՈՒ հոգեւոր առաջնորդի ներկայացմամբ, Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնագրով եւ ՀՀ ՊՆ ԱՀՏԱ գծով տեղակալի հրամանով: Բանակային կորպուսներում եւ զորամասերում հոգեւոր սպասավորները գործում են հոգեւոր առաջնորդի եւ պաշտպանության նախարարի համատեղ հաստատած ծրագրերով, իսկ ընթացիկ եւ կազմակերպական հարցերում առաջնորդվում են տվյալ զորամիավորման կամ զորամասի հրամանատարի եւ ԱՀՏԱ գծով տեղակալների հետ համատեղ մշակած ծրագրերով:
Հոգեւոր ծառայության նպատակներն ու խնդիրներն են` ԶՈՒ անձնակազմին հաղորդակից դարձնել Քրիստոսի Ավետարանին եւ քրիստոնեական հավատի սկզբունքներին` Հայաստանյայց Եկեղեցու դավանանքի, եկեղեցական կանոնների եւ ավանդույթների համաձայն, դաստիարակել քրիստոնեական-բարոյական սկզբունքներով եւ ազգային-հայրենասիրական ոգով, ուսուցանել կրոնական, եկեղեցագիտական, ծիսական գիտելիքներ, պայքարել աղանդավորական եւ այլ վնասակար ուսմունքների դեմ: Հոգեւոր սպասավորներն ազատված են շարային ծառայությունից եւ իրենց գործունեությունն իրականացնում են հոգեւորականի զգեստով:
Իր գրեթե երկու տասնամյա գոյության ընթացքում ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդությունը բավականին նշանակալի ուղի է անցել` աստճանաբար զարգանացնելով իր փորձառությունը եւ մեծացնելով արդյունավետությունը: 1997թ. բանակում սպասավորելու մեկնեցին 8 հոգեւորականներ, իսկ այսօր այդ թիվը գերազանցում 50-ը: Չնայած հոգեւոր սպասավորության շրջանը պայմանականորեն երկու տարի է, շատ հոգեւորականներ ինքնակամ երկարաձգում են իրենց ծառայության ժամկետը, իսկ հոգեւորականների մի մասն արդեն բանակում նշանակված է մշտական հիմունքներով:
Հոգեւոր սպասավորներն իրենց առաքելությունն են իրականացնում ռազմաուսումնական հաստատություններում, ՀՀ եւ Արցախի բանակային կորպուսներում, դիվիզիաներում եւ զորամասերում, միջազգային խաղաղապահ առաքելություն իրականացնող ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներում, հոգեւորական է կցված նաեւ Երկրապահ կամավորական միությանը: Ծառայության վայրում բանակային հոգեւորականները քարոզ-դասախոսություններ են կարդում, անհատական զրույցներ անցկացնում զինծառայողների հետ, կատարում հոգեւոր արարողություններ, կազմակերպում ուխտագնացություններ եւ զինվորներին տանում մոտակա եկեղեցիներն ու սրբավայրերը, կազմակերպում հանդիսություններ եւ հոգեւոր, հայրենասիրական կամ գիտական բովանդակության ֆիլմերի դիտումներ, այցելում մարտական դիրքեր, բուժկետեր, հոսպիտալներ եւ կարգապահական վաշտ, տարածում կրոնական եւ հայրենասիրական բնույթի գրականություն եւ այլն: Հոգեւոր սպասավորների առաջնահերթ ուշադրության կենտրոնում են հատկապես պրոբլեմատիկ, մասնավորապես` ինքնախեղման կամ ինքնասպանության անգամ ամենաչնչին հակումներ ցուցաբերած զինծառայողները:
Հոգեւորականները նաեւ իրենց նպաստն են բերում բանակի համապատասխան բաժինների կողմից զորամասեր ուղարկվող քարոզչական, տեղեկատվական եւ վերլուծական նյութերի ստեղծմանը, թղթակցում են բանակային մամուլին: Համացանցում www.armchaplain.com հասցեով գործում է ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության պաշտոնական կայքէջը, գործում է նաեւ ֆեյսբուքյան պաշտոնական էջն ու յութուբի պաշտոնական ալիքը:
2010թ. Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը հրատարակեց զինծառայողների համար նախատեսված Նոր Կտակարաններ (ներառյալ Սաղմոսաց գիրքը), եւ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդի ձեռամբ բաժանվեց ՀՀ եւ Արցախի մարտական հերթապահություն իրականացնող գրեթե բոլոր զորամասերի զինծառայողներին: Հատուկ բանակի համար հրատարակվել են նաեւ աղոթագրքեր եւ բարոյախրատական ու հայրենասիրական բնույթի գրականություն:
Այս տարիների ընթացքում որոշ զորամասերում կառուցվել են մատուռներ, իսկ մոտ ապագայում գրեթե բոլոր զորամասերը կունենան իրենց եկեղեցիները, որոնց նախագիծն արդեն հաստատված է:
ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդությունը սերտորեն համագործակցում է քրիստոնեական մի շարք երկրների` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի եւ այլոց համանման ծրագրերի հետ: Փորձի եւ տեղեկատվության փոխանակման, արդյունավետ համագործակցության նպատակներով բազմիցս ամենաբարձր մակարդակներով եղել են փոխադարձ այցելություններ, համատեղ մասնակցություններ միջազգային համաժողովների եւ գիտաժողովների, դասախոսություններ եւ համատեղ քննարկումներ:
2011թ. սեպտեմբերի 21-ին` ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանի առիթով կազմակերպված զորահանդեսին, տեղի ունեցավ աննախադեպ երեւույթ` ԶՈՒ հոգեւոր սպասավորներն ու Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններն առանձին շարասյունով մասնակցեցին զինվորական շքերթին: Հոգեւորականների` առանձին խմբով մասնակցությունը զինվորական շքերթին բացառիկ երեւույթ էր ոչ միայն հայոց բանակի համար, այլեւ ամբողջ աշխարհի, քանի որ առաջին անգամ էր կատարվում նման ձեւով մասնակցություն: Հոգեւորականները շքերթին մասնակցեցին ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության մարտական դրոշով, որի վրա ասեղնագործված է. «Օրհնեալ է մեր ուղին, զի Աստուած ընդ մեզ է»: Դրոշի օրհնությունը կատարվել էր Մայր Տաճարում` Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ, այն նույն կանոնով, որով 1827թ. օրհնվել էր հայ կամավորական ջոկատների դրոշը (տե՛ս Հեղինե Մկրտչյան, Օտարահունչ կապելլանը հայոց բանակում կոչվում է հոգեւոր սպասավոր, «Շողակն Արարատյան», Ե., 2012թ., 4 (283)):
2012թ. հունվարի 29-ին հայոց բանակի վերակազմավորման 20-ամյակի առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակով Աշոտ Բ Երկաթ թագավորի խաչը («Սուրբ Նշան») հայտարարվեց հայոց բանակի պահապան ու հովանավոր: Սրբագործ Խաչի կրկնօրինակը, որի կենտրոնում ամփոփված է Քրիստոսի Խաչափայտի մի մասունք, օծվեց ու հանձնվեց ԶՈՒ հոգեւոր առաջնորդությանը: Այնուհետեւ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Վրթանես Սրբազանը նախաձեռնեց այցելություն ՀՀ եւ Արցախի մարտական դիրքեր` Խաչի նշանով օրհնելու մեր երկրի սահմանները եւ գոտեպնդելու հայրենյաց պաշտպաններին: Իսկ արդեն մայիսի 9-ին հայոց բանակի պահապան Խաչն Արցախում էր, եւ մայիսյան եռատոնի առիթով Ստեփանակերտում կազմակերպված զորահանդեսի ժամանակ հանդիսավոր կերպով անց կացվեց զորքերի առջեւով: Այժմ Ս. Խաչը պահվում է ՀՀ պաշտպանության նախարարությունում:
Հոգեւոր սպասավորների գործունեության արդյունավետությունն առավել բարձացնելու նպատակով վերջին մեկ-երկու տարիների ընթացքում զորամասերի հասարակական ակտիվների թվին ավելացվել է նաեւ հոգեւոր ակտիվը (ինչը նույնպես բացառիկ երեւույթ է): Ստորաբաժանումներից ինքնակամ առաջադրված որոշակի թվով զինվորներ դառնում են հոգեւոր սպասավորի յուրահատուկ օգնականները` բնականաբար շարունակելով լիարժեքորեն իրականացնել իրենց առօրյա ծառայողական պարտականությունները: Սա զգալիորեն դյուրացնում է հոգեւոր սպասավորի եւ զինվորների միջեւ փոխվստահության մթնոլորտի ամրապնդումը եւ մեծացնում է օգնության կարիք ունեցող զինվորների հայտնաբերման եւ անհրաժեշտ օգնության ցուցաբերման հավանականությունը:
Հավելենք նաեւ, որ բանակային հոգեւորականի եւ զինծառայողների միջեւ փոխհարաբերություններն իրականանում են բացառապես վերջիններիս կամավորության եւ համաձայնության պայմաններում: Հոգեւորականը չի պարտադրում իր ներկայությունն ու ծառայություններն այն զինծառայողներին, ովքեր դրա կարիքը կամ ցանկությունը չունեն: Զանգվածային միջոցառումների ժամանակ, ինչիպիսին է, օրինակ, մարտական հերթափոխի մեկնելուց առաջ աղոթքը, այլադավան կամ աթեիստ զինծառայողները պարտավորվածություն չունեն անմիջական մասնակցություն ունենալու, օրինակ` աղոթելու, այլ պարզապես, ելնելով գերակշիռ մեծամասնություն կազմող Հայ Եկեղեցու հետեւորդ ծառայակիցների կրոնական զգացմունքների նկատմամբ տարրական հարգանքից, ուղղակի կարող են լուռ ներկայություն ունենալ: Իսկ եթե կա հնարավորություն եւ դա չի հակասում զինվորական կարգացուցակին, հոգեւորականն ինքն է առաջարկում հեռանալ այն զինծառայողներին, ովքեր ցանկություն չունեն ներկա գտնվելու տվյալ միջոցառմանը: Մյուս կողմից էլ, եթե որեւէ զինծառայող ունի որեւէ խնդիր, որի լուծմանը կարող է օգնել հոգեւոր սպասավորը, վերջինս առաջարկում է իր օգնությունը եւ փորձում լուծել խնդիրը` անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի կրոնական հայացքներ ունի տվյալ զինծառայողը: Ավելորդ չենք համարում նշել, որ ծառայության ընթացքում շատ զինծառայողներ վերանայում են իրենց կրոնական հայացքները եւ ինքնակամ փոխում վերաբերմունքը հօգուտ Հայ Եկեղեցու դավանանքի:
Միանշանակ կարող ենք արձանագրել, որ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդությունը վաղուց արդեն կայացած կառույց է, որի անցած ճանապարհը եւ զարգացման դինամիկան լիովին վստահություն են հաղորդում, որ ժամանակի հետ վերջնական լուծում կստանան նաեւ առկա ընթացիկ խնդիրները (ինչպես օրինակ` վերջնական անցումը մշտական հիմունքներով փորձառու բանակային հոգեւորականների ամբողջական կազմի): Նորանոր ձեռքբերումներն անշուշտ առավել կնպաստեն հայոց բանակի եւ հայկական պետականության հոգեւոր եւ ռազմական անվտանգության ամրապնդմանն ու զարգացմանը: