Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ղարաբաղյան կարգավորումը 2014 թվականին

marut
December 2014

Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ
Արցախի արտաքին քաղաքականության
եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ
Ստեփանակերտ

2014թ. հրադադարի խախտման առաջին լուրջ դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, երբ ադրբեջանական զինված կազմավորումները դիվերսիոն գործողությունների փորձ են կատարել ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի սահմանի հյուսիս-արեւելյան եւ հարավ-արեւելյան ուղղություններով: Հիշյալ փորձերը կանխվել են ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողների կողմից: Մարտերից մեկի ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Ադրբեջանական կողմի կորուստները տարբեր տվյալներով կազմել են 5-6 հոգի սպանված եւ շուրջ 20 հոգի վիրավոր:

Միջադեպերից հետո` հունվարի 24-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Միջազգային դիտորդները մտահոգություն են հայտնել կրակի դադարեցման ռեժիմի վերջին խախտումների կապակցությամբ եւ նշել, որ դրանք կարող են խաթարել բանակցային գործընթացն ու խաղաղ հեռանկարը[1]:

Հակամարտության գոտում լարվածությունը որոշակիորեն աճել է այն բանից հետո, երբ տարածվել է ԼՂՀ Շահումյանի շրջան (շրջկենտրոնը` ք. Քարվաճառ) դիվերսանտների ներթափանցման մասին տեղեկատվությունը: ԼՂՀ Ոստիկանության տվյալների համաձայն` հունիսի 29-ին երեք հոգուց բաղկացած ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խումբն ապօրինաբար հատել է ԼՂՀ պետական սահմանը եւ հուլիսի 4-ից մինչեւ 11-ն ընկած ժամանակահատվածում ԼՂՀ Շահումյանի շրջանում կատարել է երկու սպանություն եւ ծանր հրազենային վերք է պատճառել մի կնոջ: Երկու դիվերսանտները ձերբակալվել են, իսկ երրորդը ոչնչացվել է կալանավորման ժամանակ:[2]  Դիվերսիոն գործողությունների փաստով հավաքված նյութերի հիման վրա ԼՂՀ Գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ:[3] Հոկտեմբերի 27-ին Ստեփանակերտում սկսվել է ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը:[4]

Դիվերսանտների ձերբակալությունից հետո ադրբեջանական կողմը բազմիցս կոպտորեն խախտել է հրադադարի ռեժիմը: Այդ գործողություններն իրենց չափերով աննախադեպ էին հրադադարից հետո անցած բոլոր 20 տարիների ընթացքում: Հուլիսի 26-ից մինչեւ օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված կազմավորումները ԼՂՀ սահմանին ձեռնարկել են դիվերսիայի 16 ձախողված փորձ, իսկ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը 40-50 հոգանոց զինված խումբը հարձակում է գործել ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջապահ դիրքերից մեկի վրա:[5]  Հանդիպելով համաչափ հակազդեցության` հակառակորդը դադարեցրել է հարձակումները, իսկ իրավիճակը` հարաբերականորեն կայունացել: Իրավիճակի կայունացման մեջ կարեւոր դեր է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը. օգոստոսի 10-ին նա Սոչիում կազմակերպել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպում:[6]

Կրակի դադարեցման ռեժիմի մյուս կոպիտ ու արտառոց խախտումը տեղի է ունեցել 2014թ. նոյեմբերի 12-ին: ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` հանրապետության օդային տարածքում` ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում, տեղի ժամանակով շուրջ 13.45-ին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման արդյունքում խոցվել է ուսումնավարժական թռիչք կատարող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը:[7] Զոհվել են ուղղաթիռի անձնակազմի բոլոր երեք անդամները:

Միջադեպը տեղի է ունեցել ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զինավարժությունների անցկացման ժամանակ: Զինավարժությունների ընթացքին հետեւում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով զինավարժության մասնակիցներին շնորհավորել է պայմանական մարտի դաշտում ցուցաբերած քաջության, բարձր մարտական ունակությունների եւ լայնածավալ զինավարժությունների հաջող անցկացման առթիվ: Զինծառայողների առաջ ունեցած ելույթում Հայաստանի նախագահը, անդրադառնալով խոցված ուղղաթիռի թեմային, նշել է, որ գալու է հատուցման օրը:[8]  ԼՂՀ եւ ՀՀ պաշտպանական գերատեսչությունների եւ մի շարք հայ քաղաքագետների ու քաղաքական գործիչների կողմից հնչել են պատասխան գործողությունների դիմելու անհրաժեշտության մասին հայտարարություններ:[9]

ԼՂՀ եւ ՀՀ արտաքին գործերի նախարարությունները հանդես են եկել Ադրբեջանի սադրիչ գործողությունները դատապարտող հայտարարություններով: Միջադեպին հաջորդել է նաեւ միջազգային արձագանքը. հակամարտության սրացման կապակցությամբ մտահոգություն են հայտնել ՄԱԿ Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ Գործող նախագահը, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը, Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, Եվրոպական Միությունը, ԱՄՆ Պետքարտուղարությունը, ԱՄՆ կոնգրեսականները եւ այլ պաշտոնական անձինք եւ կազմակերպություններ:

Ի հեճուկս միջազգային արձագանքի եւ ԿԽՄԿ (Կարմիր խաչի միջազգային կոմիտե) ու ԵԱՀԿ ԳՆԱՆԳ (գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակ) ակտիվացման[10]` ադրբեջանական կողմը չի թույլատրել մոտենալ չեզոք գոտում խփված ուղղաթիռի զոհված անձնակազմի դիերին: Այսպիսով, Ադրբեջանը խուսափել է կատարել միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում իր ստանձնած պարտավորությունները: ԼՂՀ եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունների ձեռնարկած դիվանագիտական ջանքերի ձախողումից հետո` նոյեմբերի 22-ի գիշերը ԼՂՀ Պաշտպանության բանակը փայլուն գործողություն է իրականացրել` անձնակազմի զոհված անդամների աճյունները եւ ուղղաթիռի անհրաժեշտ մասերը վերադարձնելու համար:[11]  Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայտարարել է, որ «Հայաստանին հաջողվել է հետ վերադարձնել աճյունները, ինչը հարգանքի արժանի գործ է եւ պարտք` զոհված օդաչուների նկատմամբ»:[12]

Ուղղաթիռի հետ կատարված միջադեպն Ադրբեջանի իշխանություններն օգտագործել են որպես առիթ` ԼՂՀ օդային տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարելու համար: Ադրբեջանի ԱԳՆ-ն այդ մասին տեղեկացրել է նաեւ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO):[13]  Թեեւ տվյալ քայլն Արցախում որոշակի հեգնանքով[14] է ընդունվել, այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը փաստացի եւս մի քայլ է արել Ստեփանակերտի օդանավակայանի աշխատանքը խաթարելու եւ միջազգային քաղաքացիական թռիչքները խոչընդոտելու համար:

Միջազգային միջնորդությունը

2014թ. մայիսին հակամարտության կողմերի ղեկավարությանը ներկայացվել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի նոր համանախագահ Պյեր Անդիոն, ով փոխարինել է Ժակ Ֆորին:[15]

Գարնանը հակամարտության կողմերի իշխանությունների եւ հասարակությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթը Քարնեգիի միջազգային խաղաղության հիմնադրամի վաշինգտոնյան գրասենյակում: (2014թ. մայիսի 7):  Դեսպան Ուորլիքը լսարանին ներկայացրել է խաղաղության հաստատմանն ուղղված ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականությունը: Պետք է նշել, որ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Վաշինգտոնում ներկայացված կառավարական սույն դիրքորոշումը գրեթե չի տարբերվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող այլ երկրների մոտեցումներից:

Դեսպան Ուորլիքի ելույթը եւ հրադադարի 20-ամյա տարելիցի առթիվ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը[17]  հերթական անգամ ցույց են տվել, որ միջազգային միջնորդները շարունակում են առաջնորդվել նախկին Խորհրդային Միության տարածքում հռչակված նոր պետությունների նկատմամբ 1991թ. ուժային կենտրոնների որդեգրած որոշումներով եւ հայեցակարգերով: Նոր պետությունների ընտրովի/խտրական միջազգային ճանաչումը հետագայում պատերազմների վերածված հակամարտությունների ընդարձակման հիմնական պատճառներից էր:

Բանակցային գործընթացի լճացման համար պատասխանատու են ոչ միայն միջազգային միջնորդները, այլեւ հակամարտող կողմերի իշխանությունները: Քարնեգիի հիմնադրամում ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է. «Գոյություն ունի սկզբունքների, ընկալումների եւ փաստաթղթերի հավաքական ամբողջություն, որն արդեն քննարկվել է եւ  հանդիսանում է այն համաձայնագրի նախօրինակը, որի համար ոչ ոք չի խնդրել, որ մենք այն մի կողմ դնենք»: Դեսպան Ուորլիքը հասկացրել է, որ այդ մոտեցումները չեն փոխվի այնքան ժամանակ, քանի դեռ հակամարտող կողմերը դրանցից չեն հրաժարվել: Դատելով հակամարտության կարգավորման նախապես հրապարակված սկզբունքների եւ Ջեյմս Ուորլիքի հիշյալ ելույթի նկատմամբ հանրային արձագանքից` «մադրիդյան փաստաթղթի» եւ, հատկապես, վերջինիս կոնկրետ տարրերի հանդեպ առկա է խիստ բացասական վերաբերմունք:[18]  Միջազգային միջնորդները հասարակություններից համապատասխան ազդանշաններ են ստացել, բայց նրանց անհրաժեշտ է նաեւ հակամարտող կողմերի իշխանությունների մերժումը:

Հայկական դիվանագիտությունը միջազգային միջնորդներին վաղուց պետք է ազատեր կեղծ պատրանքներ փայփայելուց, ինչը նրանց եւ հակամարտող կողմերին թույլ կտար մշակել ժամանակակից իրողություններին համապատասխանող եւ խաղաղությանը ու ոչ թե պատերազմին նպաստող կարգավորման նոր սխեմաներ:

Մեծ հետաքրքրություն են հարուցել Ադրբեջանում ԱՄՆ արդեն նախկին դեսպան Ռիչարդ Մոռնինգսթարի հայտարարությունները:[19]  2014թ. մայիսին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը «RFE/RL»-ին տված հարցազրույցում աներկբա ասել է, որ Ղրիմում Ռուսաստանի կատարածից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունն էլ ավելի արդիական է դարձել: Այս անհրաժեշտությունը նա պայմանավորել է անկայունության գոտու առկայությամբ, որն, իր խոսքերով, սպառնում է Ադրբեջանի անկախությանը: Դեսպանը փաստորեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի անկախության միակ երաշխավորն է:

Եթե ի մի բերենք երկու ամերիկացի դիվանագետների արտահայտած մտքերը, ապա կարելի է եզրակացնել, որ «մադրիդյան փաստաթղթի» հիման վրա ղարաբաղյան հակամարտությունը հրատապ կարգավորելու ձգտումն այլ բան չէ, քան Ադրբեջանի ինքնիշխանությունն ու անկախությունն ապահովելու փորձ` Արցախի եւ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անվտանգության հաշվին: Ստեղծված պայմաններում տրամաբանական ու բանական էր ճանաչել ԼՂՀ-ի գոյության եւ նրա քաղաքացիների` խաղաղության եւ ազատ զարգացման իրավունքները: Ադրբեջանի անկախ պետականության երաշխավորներին հարկ էր բացատրել, որ Ադրբեջանն ավելին պահպանելու համար պետք է սովորի հրաժարվել նվազից: Այլապես` պաշտոնական Բաքվի քաղաքական հավակնությունները եւ Արցախի նկատմամբ անհիմն պահանջատիրությունը կարող են հանգեցնել Ադրբեջանի հետագա տրոհմանը:

2014թ. ԵԱՀԿ ՄԽ համանաախագահներն ու համանախագահող երկրների ղեկավարները փորձել են բանակցային գործընթացին նոր լիցք հաղորդել եւ կարողացել են կազմակերպել վերջին տարիների համար Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների աննախադեպ թվով հանդիպումներ: Երկու երկրների նախագահները օգոստոսին եւ հոկտեմբերին ունեցել են երեք հանդիպում. Սոչիում` ՌԴ նախագահ Վ. Պուտինի, Նյուպորտում` ԱՄՆ պետքարտուղար Քերրիի եւ Փարիզում` Ֆրանսիայի նախագահ Ֆ. Օլանդի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 27-ին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահը  Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արել սկսել համապարփակ խաղաղ համաձայնագրի մշակումը: Ֆրանսուա Օլանդի կոչն ադրբեջանական կողմի մոտ ոգեւորություն է առաջացրել. վերջինս վաղուց փորձ է անում խուսափել ԼՂՀ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի ճանաչումից եւ առաջարկում է կարգավորման հիմնարար սկզբունքների քննարկումից անցնել ինչ-որ Մեծ խաղաղ համաձայնագրի նախապատրաստմանը:

Այսպիսի համաձայնագրի մշակումը կարող է սկսվել միայն այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ իշխանություններն ընդունեն ադրբեջանական դիրքորոշմանը համահունչ Օլանդի առաջարկը: Ըստ էության, այն կնշանակեր վերադարձ 1993-1997թթ. բանակցային գործընթացին, երբ Ռուսաստանի, իսկ ապա նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ ԼՂՀ, Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնական պատվիրակությունները քննարկում էին զինված հակամարտության դադարեցման մասին Համաձայնագրի նախագիծը:[20]

Դեկտեմբերի 4-5-ին շվեյցարական Բազել քաղաքում կայացել է ԵԱՀԿ անդամ պետությունների  արտաքին գործերի նախարարների խորհրդի նստաշրջանը: Համաժողովի առաջին օրը համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հանդես են եկել միասնական հայտարարությամբ: Նախարարները նշել են, որ նրանք «նախկինի պես ամուր կերպով հավատարիմ են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այն չունի ռազմական լուծում: Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ բռնությունից եւ ակտիվորեն աշխատել ամուր կարգավորման հասնելու համար»: ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի պատվիրակությունների ղեկավարները կողմերին կոչ են արել զսպվածություն դրսեւորել եւ չթույլատրել իրավիճակի հետագա սրացում, ինչպես նաեւ կարգավորել մարդասիրական հարցերը` 2010 թ. Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հայտարարության ոգուն համապատասխան: Հայտարարության մեջ ասվում է, թե սպասվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում շարադրված տարրերի եւ սկզբունքների ընդունումը ՀՀ եւ ԱՀ նախագահների կողմից` որպես հիմք համապարփակ կարգավորման համար: Հայտարարությունում ասված է, որ «համանախագահող երկրների հովանու ներքո համապարփակ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները պետք է սկսվեն հնարավորինս շուտ»:[21]

2014 թ. ադրբեջանական կողմը շարունակում էր քայլեր ձեռնարկել բանակցային գործընթացը ԵԱՀԿ ՄԽ շրջանակից դուրս բերելու ուղղությամբ:[22]

Ճանաչման գործընթացը

2014  թվականին մենք ականատես եղանք ԼՂՀ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի ճանաչման ԱՄՆ-ի եւ Իսպանիայի տեղական օրենսդիր մարմինների մակարդակով:

2014թ. մայիսի 8-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Օրենսդիր ժողովն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին բանաձեւի նախագիծը: Որպես գործընթացի շարունակություն` օգոստոսի 27-ին Կալիֆոռնիա նահանգի Սենատը ձայների մեծամասնությամբ ընդունել է AJR 32 բանաձեւը` Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին: Բանաձեւն ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին կոչ է ուղղում ճանաչել եւ աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:

Կալիֆոռնիան դարձել է թվով հինգերորդ նահանգը, որն Արցախի վերաբերյալ այդօրինակ բանաձեւ է ընդունել: Ուշագրավ է, որ Կալիֆոռնիան ԱՄՆ-ի ազդեցիկ եւ ամենազարգացած տնտեսությունն ունեցող սուբյեկտն է: Այս առումով, Կալիֆոռնիայի Սենատի որոշումը կարող է խթանել ամերիկյան այլ նահանգների կողմից ԼՂՀ ճանաչման գործընթացը: Բացի դրանից, այդ որոշումը Արցախի եւ Կալիֆոռնիա նահանգի միջեւ բազմակողմանի ուղիղ համագործակցության մեծ հնարավորություններ է բացում:[23]

Սեպտեմբերի 11-ին Բասկերի երկրի Հիպուսկոա նահանգի նախագահ Մարտին Գարիտանո Լարանիագան ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հիպուսկոա նահանգը ճանաչում է Արցախը որպես անկախ պետություն եւ վստահություն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Բասկերի երկիրը կհասնեն միջազգային ճանաչման:

Սեպտեմբերի 12-ին Բասկերի երկրի խորհրդարանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին բանաձեւ: Բանաձեւում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն օժտված է ինքնորոշման իրավունքով, իսկ հակամարտության կարգավորման միակ հիմքը` այդ ժողովրդավարական իրավունքի իրացումն է: Բասկերի երկրի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչմամբ սկսվել է Եվրոպայում ԼՂՀ ճանաչման գործընթացը:

ԼՂՀ-ի` իր իսկ ապագային վերաբերող որոշումների ընդունմանը մասնակցելու իրավունքի ճանաչումն արտացոլված է Նավառայի խորհրդարանում ընդունված հայտարարության մեջ: Նոյեմբերի 3-ին Նավառայի  (Իսպանիայի գերազանցապես բասկերով բնակեցված ինքնավար նահանգ) խորհրդարանի Խոսնակների խորհուրդը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում Նավառայի խորհրդարանը միջազգային հանրությանը եւ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբին ու ԵՄ-ին կոչ է անում  ձեռնարկել բոլոր անհրաժեշտ արդյունավետ միջոցները` ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ եւ ժողովրդավարական ճանապարհով կարգավորելու համար: Հայտարարության մեջ վստահություն է հայտնվում, որ Լեռնային Ղարաբաղի իշխանություններն անհրաժեշտաբար պետք է լիիրավ կողմ լինեն երկրի ապագայի համար վճռորոշ դեր ունեցող բանակցային յուրաքանչյուր ձեւաչափում: Հայտարարության մեջ ողջունվում է ժողովրդավարության նկատմամբ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցուցաբերած հավատարմությունը:[24]

Հունվարի 28-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն ճանաչելու մասին բանաձեւ:[25]

2014թ. ԼՂՀ-ի եւ մի շարք այլ երկրների քաղաքների միջեւ ստորագրվել են բարեկամության եւ փոխգործակցության մասին համաձայնագրեր:

Սեպտեմբերի 13-ին Ստեփանակերտ եւ Դոնոստիա (բասկյան Հիպուսկոա նահանգի մայրաքաղաք) քաղաքների միջեւ ստորագրվել է Համագործակցության մասին համաձայնագիր:

Հոկտեմբերի 5-ին Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը եւ այցով  Արցախ ժամանած Ֆրանսիայի Բուրգ-Լե-Վալանս քաղաքի քաղաքապետ Մառլեն Մուրյեն ստորագրել են երկու քաղաքների միջեւ Բարեկամության հռչակագիր:

Հոկտեմբերի 28-ին ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Բըրբանք քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հադրութի (ԼՂՀ) հետ բարեկամական հարաբերությունների հաստատման մասին հռչակագիր: Հռչակագրում նշվում է, որ Հադրութի բնակիչները, ինչպես եւ ողջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, պատերազմի, զանգվածային սպանությունների, տնտեսական զրկանքների եւ լուրջ փորձությունների առջեւ ամրություն ու անսասանություն են դրսեւորել:

Նոյեմբերի 17-ին ֆրանսիական Վալանս քաղաքի քաղաքապետ Նիկոլյա Դարագոնը հայտարարել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի անդամ դառնալու որոշման մասին:[26] Նիկոլյա Դարագոնը հայտնել է նաեւ Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ Բարեկամական հարաբերությունների հաստատման մասին հռչակագիրը ստորագրելու մտադրության մասին:

Նոյեմբերի 19-ին Բուք-Բել-Էր քաղաքաքապետարանում ստորագրվել է Ասկերան (ԼՂՀ) եւ Բուք-Բել-Էր (Ֆրանսիա) քաղաքների միջեւ Բարեկամության մասին հռչակագիր: Հռչակագիրն ուղղված է երկու քաղաքների միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը եւ կրթության, մշակույթի ու սպորտի բնագավառներում բարեկամական հարաբերություննրի հաստատմանը:

2014թ. աշխատանքներ են տարվել նաեւ խորհրդարանական եւ կուսակցական խողովակներով:

Հոդվածի ամբողջական տարբերակին (ռուսերեն) կարող եք ծանոթանալ այստեղ:

 

 

[1] https://theanalyticon.com/?p=4264&lang=ru

[2]http://artsakhnews.am/?p=1007 , http://www.kavkaz-uzel.ru/articles/242667/ ,http://www.nkr.am/ru/news/2014-05-27/624/ , http://www.nkr.am/ru/news/2014-05-13/619/ , http://www.nkr.am/ru/news/2014-05-12/618/

[3]http://www.nkr.am/ru/ceasefire-agreement/147/

[4]http://www.osce.org/mg/110589

[5]http://news.am/rus/news/220177.html

[6]http://www.tert.am/ru/news/2014/07/15/Criminal-case1/

[7]http://russia-armenia.info/node/11162

[8]http://armenpress.am/rus/news/773072/

[9]http://www.kremlin.ru/news/46427

[10]http://www.panarmenian.net/rus/news/181310/

[11]http://www.aravot.am/2014/08/06/486440/

[12]http://www.panarmenian.net/rus/news/184727/

[13]http://www.president.am/ru/press-release/item/2014/11/14/President-Serzh-Sargsyan-working-visit-NKR-military-exercises/

[14]http://news.am/rus/news/239303.html

[15]http://www.osce.org/mg/126923

[16]http://nkr.am/ru/news/2014-11-19/682/ , http://nkr.am/ru/news/2014-11-17/679/

[17]http://ria.ru/world/20141122/1034594631.html

[18]http://news.am/rus/news/241546.html

[19]http://www.utro.ru/articles/2014/11/13/1221561.shtml

[20]http://www.panarmenian.net/rus/news/184758/

[21]http://rus.azatutyun.am/content/article/25388781.html

[22]http://armenia.usembassy.gov/news050714.html

[23]http://www.osce.org/mg/118419

[24]http://www.un.org/russian/news/story.asp?newsID=13923#.U6Acn5R_vSh

[25]Визит сопредседателей Минской группы ОБСЕ в Нагорный Карабах был встречен акцией протеста, http://www.kavkaz-uzel.ru/articles/242763/, Неправительственные организации Нагорного Карабаха: “мадридские принципы” приняты в угоду Азербайджану, http://www.kavkaz-uzel.ru/articles/156804/ , Сопредседатели Минской группы ОБСЕ встретились с представителями неправительственных организаций НКР,http://www.mediamax.am/ru/news/karabakh/8543/ 

[26]http://www.nkr.am/ru/news/2014-05-08/616/

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.