Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ղրիմի ճգնաժամի պատճառներն ու դասերը

marut
March 2014

Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքագետ
Երեւան

21-րդ դարում ձեւավորված աշխարհակարգը Ղրիմի ճգնաժամի առաջացման համար նախապայմաններ է ստեղծել: Նախ, ԱՄՆ-ի՝ որպես գերտերության անկումը, այնուհետեւ՝ ուժերի բալանսի խախտումը հանգեցրել են նրան, որ Ռուսաստանին հնարավորություն են տվել օգտագործելու իր ռազմական ուժը Ուկրաինայի նկատմամբ: Ղրիմի շուրջ զարգացումներն Արցախի համար դասեր են հանդիսանում: Ամեն ինչից զատ դրանք նաեւ ցույց են տալիս, թե ուժերի բալանսի խախտումը ինչպիսի հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի համար:

2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամը մեծ ազդեցություն ունեցավ ԱՄՆ-ի հզորության վրա: Ղրիմի ճգնաժամին ԱՄՆ-ի արձագանքը եւս մեկ անգամ հաստատեց, որ ԱՄՆ-ը կորցրել է երբեմնի հզորությունը որպես գերտերություն եւ ճգնաժամերին լուծում տալու համապատասխան ռեսուրսներ չունի: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհում ձեւավորվեց երկու գերտերություն՝ ԱՄՆ-ը եւ ԽՍՀՄ-ը: Այդ երկու տերությունների մրցակցությունը պահում էր ուժերի բալանսն աշխարհում, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ-ը դարձավ միակ գերտերությունը, որն աշխարհում ոստիկանի դեր էր կատարում:

Սակայն 2000-ականների կեսից ընթացող գործընթացները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն կորցրել է իր երբեմնի հզորությունը, ինչն ազդում է աշխարհաքաղաքական իրավիճակի վրա: Ստեղծված նոր իրավիճակի մասին գրել է CNN-ի GPS հաղորդման վարող Ֆարիդ Զաքարիան իր «Հետամերիկյան աշխարհը» գրքում: Նա աշխարհաքաղաքական նոր իրավիճակը բնութագրում է որպես «մնացածի վերելք»` “the rise of the rest”: Զաքարիան ներկայացնում է, թե ինչպես Չինաստանը, Հնդկաստանը եւ այլ երկրներ իրենց ռեսուրսները արդյունավետ կառավարելով` կարողացել են տնտեսական զարգացում ապահովել եւ մի շարք հարցերում առաջ անցնել ԱՄՆ-ից: Դրա վիճակագրական ապացույցն է համարում այն, որ մի ժամանակ ամենաբարձր շենքերը, ամենամեծ կազինոները, ամենամեծ մայրուղիներն ու վաճառքի կենտրոնները գտնվում էին ԱՄՆ-ում, իսկ այժմ դրանց մեծը մասն այլ երկրներում է:

Յան Բրեմերը նոր ստեղծված իրավիճակը բնութագրել է որպես G-Zero աշխարհ: Ըստ նրա՝ աշխարհում ուժի վակուում է ստեղծվել, քանի որ միջազգային հարաբերություններում չկա հստակ առաջնորդ երկիր կամ երկրների խումբ, ինչն էլ հանգեցնում է քաոսի:

Հենց այդ նույն թուլացման պատճառով ԱՄՆ-ն չի կարողացել ուղղակի միջամտել ռուս-վրացական պատերազմին: Եթե Աֆղանստանի ու Իրաքի պատերազմների ժամանակ ԱՄՆ-ն կարողացավ որպես առաջնորդ իր վրա վերցնել այդ խնդիրների կարգավորումը, ապա այսօր Սիրիայի հարցում ԱՄՆ-ն ստիպված է համագործակցել Ռուսաստանի եւ այլ պետությունների հետ, որպեսզի լուծում տա ստեղծված իրավիճակին:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը կորցրել է իրականության հետ կապը: Իրականում Պուտինի քայլերն իրականության հետ կապը կորցնելու արդյունք չեն. նա աշխարհաքաղաքական իրավիճակից ու իր շահերից ելնելով է գնացել նման քայլերի: Պուտինն այս պահին սեղանին այլ տարբերակ չունի: Ուկրաինայի կորուստը նշանակում է Ռուսական կայսրության փլուզում, դրա համար էլ Պուտինը նման քայլերի է գնում՝ պահելու համար Ռուսաստանի ուժը: Նա իրավիճակին արձագանքում է՝ ելնելով Ռուսաստանի ռեսուրսներից ու աշխարհաքաղաքական իրավիճակից:

Ռուսաստանը հասկանում է, որ մեծ գին է վճարում Ղրիմի համար, սակայն այդ գինն ավելի մեծ չէ, քան Ռուսաստանի՝ որպես կայսրության փլուզումը: Ռուսաստանը նաեւ հասկանում է, որ ԱՄՆ-ն բավականաչափ ուժ չունի կանխելու Ռուսաստանի քայլերը: Կարծիք կա, որ եթե ԱՄՆ-ի նախագահը լիներ Հանրապետական կուսակցությունից, ապա ԱՄՆ-ն ավելի ագրեսիվ կլիներ: Իրականում ռուս-վրացական պատերազմի ժամանակ նախագահը եղել է Հանրապետական Ջորջ Բուշը, սակայն ԱՄՆ-ի ռազմական ու այլ միջամտությունները շատ քիչ են եղել, քանի որ նա չուներ համապատասխան ռեսուրս:

Մյուս գործոնը, որն ազդում է Ռուսաստանի վարքագծի վրա, այն է, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ ուժերի հավասարակշռություն չկա: 1994թ. Բուդապեշտի հուշագրի համաձայն ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Ռուսաստանը պարտավորվել են հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ձեռնպահ մնալ Ուկրաինայի նկատմամբ ուժ կիրառելուց, ինչպես նաեւ՝ քայլեր ձեռնարկել, եթե խնդիրներ առաջանան հուշագրի պարտավորությունների հետ կապված: Արեւմուտքը համոզել է Ուկրաինային հանձնել ատոմային զենքը եւ անվտանգության երաշխիքներ տվել, սակայն այսօր, երբ ռուսական զորքը գտնվում է Ուկրաինայի տարածքում, որեւիցե պետություն շոշափելի քայլեր չի ձեռնարկում, որպեսզի չեզոքացնի Ուկրաինայի համար ստեղծված վտանգը։ Հենց ռազմական ներուժից հրաժարվելու պատճառով Ուկրաինան այսօր չի կարող պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը։

ԽՍՀՄ փլուզումից հետո միջազգային հարաբերությունների լիբերալ տեսաբանները կարծում էին, որ միջազգային հարաբերություններում սկզբունքային փոփոխություն է տեղի ունեցել։ Նրանք պնդում էին, որ հիմնական պատերազմներն ավարտվել են, եւ աշխարհը կապրի խաղաղության մեջ։ Իրականում փորձը ցույց տվեց, որ ուժերի բալանսի խախտման պատճառով նոր պատերազմներ առաջացան հետխորհրդային տարածքում:

Խորհրդային Միության փլուզման պատճառով սկսվեցին նաեւ հարավսլավական պատերազմները, որոնք շարունակվեցին մինչեւ 2001-ը։ Այս պատերազմները տեսաբանների լիբերալ թեւը համարում էր փոքր պատերազմներ։ Կարճ ժամանակ հետո սկսվեցին Իրաքի, Աֆղանստանի պատերազմները, որոնց հիմնական պատճառն այն իրավիճակն էր, որ ԱՄՆ-ն աշխարհում միակ գերտերությունն էր: Նա կարողացել է իր հզորության միջոցով իր կամքը պարտադրել աշխարհին։

2008թ. ռուս-վրացական պատերազմը եւս հաստատեց, որ համաշխարհային խաղաղության մասին պնդումները իրականությանը չեն համապատասխանում։ Իրականում միջազգային հարաբերությունները միշտ էլ անարխիկ են եղել։ Եվ եթե աշխարհում որեւիցե փուլում խաղաղություն է տիրել, ապա դա եղել է ուժերի հավասարակշռության պատճառով։ Երբ խախտվել է հավասարակաշռությունը, այդ ժամանակ էլ պատերազմ է սկսվել:

Մի կողմից ԱՄՆ-ի՝ որպես գերտերության անկումը, մյուս կողմից ուժերի բալանսի խախտումը Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ թույլ են տվել Ռուսաստանին ռազմական ուժ կիրառել Ուկրաինայի նկատմամբ: Ղրիմի ճգնաժամի դասերը հուշում են, որ կարեւոր է ռազմական բալանսը, հակառակ դեպքում այլ գործոններ չեն կարող կանխել պատերազմը: Եթե Ուկրաինան չհանձներ իր ատոմային զենքը, ապա Ռուսաստանն այսօր ռազմական ուժ չէր կիրառի Ուկրաինայի նկատմամբ:

Ընդհանրապես, պատմական փորձը ցույց է տալիս, որ պետության անվտանգության իրական երաշխիքը սեփական ռազմական ներուժն է եւ դրա հավասարակշռությունն այլ պետությունների ռազմական ներուժի հետ։ Հենց խախտվում է հավասարակշռությունը, պետությունները գնում են պատերազմի։

Մինչ օրս Նիկոլո Մաքիավելիի նկարագրած աշխարհը շատ չի փոխվել։ Փաստաթղթերի կամ պայմանավորվածությունների միջոցով հնարավոր չէ հասնել խաղաղության։ Խաղաղության միակ երաշխիքը ուժերի հավասարակշռությունն է։

Այսօր Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը դե ֆակտո խախտվել է, սակայն ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան այդ վտանգը չեզոքացնելու համար շոշափելի քայլեր չեն ձեռնարկում: Մեծ Բրիտանիան նույնիսկ չի ցանկանում փակել իր ֆինանսական շուկան Ռուսաստանի համար: Ստացվում է, որ Արեւմուտքը ժամանակին համոզել է Ուկրաինային հանձնել ատոմային զենքը, տվել անվտանգության երաշխիքներ, սակայն այսօր չի կատարում իր պարտավորությունները:

Ղրիմի շուրջ ծավալվող գործընթացը ցույց է տալիս, որ Հայաստանն Արցախի հարցում չի կարող ապավինել միջազգային հանրության թղթային երաշխիքներին: Չկա որեւիցե երաշխիք, որ Ադրբեջանը չի փորձի ուժով լուծել հարցը: Ադրբեջանը կարող է խախտել ցանկացած պայմանավորվածություն, եւ միջազգային հանրությունը որեւէ քայլ չի կատարի Ադրբեջանի գործողությունները սահմանափակելու համար, ինչպես չկատարեց 1990-ականներին: Ադրբեջանի գործողություններին համարժեք պատասխան է տվել հայկական բանակը:

Պետք է հասկանալ, որ հայկական բանակն ու ազատագրված տարածքներն Արցախի անվտանգության երաշխիքներն են: Անվտանգության այդ երաշխիքների փոխարինումն այլ երաշխիքներով վտանգավոր է Արցախի համար եւ պարունակում է Արցախին 1991թ. վերադարձնելու սպառնալիք:

Ղրիմի դեպքում միջազգային հանրությունն ունակ չէ պաշտպանել Ուկրաինայի անվտանգությունը: Արցախի դեպքում էլ միջազգային հանրությունը որեւէ բան չի կարողանա անել:

Այն պնդումը, որ միջազգային հանրությունն՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, հարաբերական խաղաղության պահպանման երաշխիքն է, իրականությանը չի համապատասխանում: Առանց հայկական բանակի ու վերջինիս կողմից վերահսկվող տարածքների՝ հարաբերական խաղաղություն ապահովելը հնարավոր չէր լինի:

Ղրիմի ամենակարեւոր դասն այն է, որ ռազմական երաշխիքները չի կարելի փոխարինել փաստաթղթային երաշխիքներով: Հայկական բանակը պետք է վերահսկի ազատագրված տարածքները: Միայն նման պայմաններում Արցախը պաշտպանված կլինի:

 

Նմանատիպ  նյութեր

Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի պակասի պայմաններում

September 2023

Արցախի նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը, որն ավարտվեց նախագահի ընտրությամբ, տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի...

Կարդալ ավելին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

July 2023

Ռուբեն Մեհրաբյան Հունիսի 11-12-ին Վիլնյուսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հարուստ էր պատմական որոշումներով, որոնք կանխորոշում են ապագա աշխարհակարգում Դաշինքի ամենահզոր...

Կարդալ ավելին
Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

March 2023

Մանվել Սարգսյան Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը)՝ դրա հետ ինչ-որ հույսեր կապելով։ Ադրբեջանի հասարակության մեջ...

Կարդալ ավելին
ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

November 2022

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ «Ռուսաստանը արդարացնում է իրեն որպես դաշնակից», -ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Պրիմակովյան ընթերցումների շրջանակում պատասխանելով Երևանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Վրաստանի եվրաինտեգրումն ու նախագահի շուրջ ներքաղաքական դիմակայությունը
  • Նախագահ Զուրաբիշվիլիի իմպիչմենտը՝ Եվրամիության դռների մոտ
  • Եվրաինտեգրման հերթական սաբոտաժը՝ Վրաստանի իշխանության կողմից

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.