Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնք, որպես պաշտոնական առաջարկ, ԵԱՀԿ Նախարարների խորհրդում ներկայացվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քննարկմանը Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների կողմից՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ (նոյեմբերի 29, 2007թ., Մադրիդ)
Մենք` Հայաստանի և Ադրբեջանի նախագահներս, համաձայնության ենք եկել, որ տարածաշրջանի կայունությունը, անվտանգությունն ու բարգավաճումը պահանջում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորում:
Հղում կատարելով Հելսինկյան եզրափակիչ ակտի (1975թ.) ԵԱՀԿ/ԵԱԽՀ Մասնակից պետությունների միջև հարաբերությունները ուղղորդող սկզբունքների Հռչակագրին և մասնավորապես, 2-րդ հոդվածին`ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից խուսափելու, 4-րդ հոդվածին`պետությունների տարածքային ամբողջականության, և 8-րդ հոդվածին` իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման վերաբերյալ:
Համաձայն այդ դրույթների, սույնով մենք կարգադրում ենք մեր արտգործնախարարներին՝ համագործակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, մշակել1 հակամարտության խաղաղ կարգավորման համապարփակ համաձայնագիր (հետայսու՝ Խաղաղության համաձայնագիր), հիմնվելով ներքոշարադրյալ սկզբունքների վրա.
1) ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբեսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում2: Պլեբեսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: ԼՂ բնակչություն ասելով հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը:3 Պլեբեսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն:
2) Միջանկյալ ժամկետի ընթացքում, մինչև ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, վերջինիս բնակիչները կունենան որոշակի իրավունքներ և արտոնություններ,4 որոնք պետք է շարադրվեն Խաղաղության համաձայնագրում՝ համաձայն ներքոշարադրյալ սկզբունքների.
– ԼՂ բնակչությունը/բնակիչները ունենալու են ժողովրդավարական հասարակության մեջ սոցիալական ու տնտեսական կենսագործունեությունն ու անվտանգությունը պաշտպանելու և վերահսկելու իրավունք, որը հետևում է օրենքի նորմերին: Նրանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգվելու են:
– ԼՂ բնակչությունը իրավունք է ունենալու ընտրելու իշխանության մարմիններ`միջանկյալ շրջանում ԼՂ-ն կառավարելու համար: Իշխանության այդ մարմինները կիրականացնեն օրենսդիր և գործադիր իշխանություն ԼՂ-ի ներքին հարցերում, ինչպես նաև կհիմնեն դատարաններ՝ արդարադատություն իրականացնելու նպատակով:
Պաշտոնյաները նաև լիազորություններ կունենան արտաքին շփումներ ունենալ այն ոլորտներում, որոնք սահմանվելու են Խաղաղության Համաձայնագրով:
– ԼՂ միջանկյալ իշխանությունները կարող են ունենալ դիտորդի կարգավիճակ ԵԱՀԿ այն նստաշրջաններում, որոնցում քննարկվում են անմիջականորեն ԼՂ-ին վերաբերող հարցեր: Նրանք կարող են անդամակցել միջազգային այն կազմակերպություններին, որոնցում միջազգայնորեն
ճանաչված լինելու կարգավիճակը նախապայման չէ:
– ԼՂ-ն իրավունք է ունենալու ստանալ արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակություն՝ պայմանով, որ այդ օժանդակությունը նախատեսված լինի մարդու իրավունքների, խաղաղ տնտեսական և ժողովրդավարական զարգացման, մշակութային և առևտրային կապերի համար կամ հիմնական
մարդասիրական պահանջների բավարարմանը:
3) ԼՂ-ին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվելու են ադրբեջանական վերահսկողության տակ ներքոշարադրյալ կարգով, որոնց մանրամասները կողմերը համաձայնեցնելու են Խաղաղության համաձայնագրով:
– Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Սահմանափակ զորամիավորում տեղակայվելու է Քելբաջարի շրջանի այն տարածքում, որը որոշելու է Միջազային անցումային հանձնաժողովը`մինչև Խաղաղության համաձայնագրի ստորագրումը:
– Քելբաջարի շրջանը գտնվելու է միջազգային անցումային հանձնաժողովի մոնիտորինգի տակ՝ ԵԱՀԿ հանձնաժողովի միջոցով, որը ներառելու է հայ և ադրբեջանցի ներկայացուցիչներ: Քելբաջարի շրջանի միջազգային անցումային մոնիտորինգի ընթացքում Քելբաջարի շրջանի բնակչության դուրս գալը շրջանից միջազգային հանրության կողմից խրախուսվելու է:
– Ադրբեջանական ներքին տեղահանված անձանց թույլ կտրվի վերադառնալ Քելբաջարի շրջան Խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց:
4) Համաձայնեցված լայնքի միջանցքը պետք է ԼՂ-ն կապի Հայաստանի հետ: Մինչև ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, այդ միջանցքը գտնվելու է ԼՂ ժամանակավոր իշխանություննների վերահսկողության տակ համաձայն ստատուս քվոյի պայմաններին այն պահի դրությամբ, երբ Խաղաղության համաձայնագիրը կմտնի ուժի մեջ: ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումից հետո, միջանցքի օգտագործման գործընթացը կկարգավորվի`հաշվի առնելով ԼՂ վերջնական կարգավիճակը:
5) Խաղաղության համաձայնագրի դրույթների հիման վրա, բոլոր ներքին տեղահանված անձինք և փախստականները ունեն կամավոր հիմքերով վերադարձի իրավունք այն պահից, երբ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարը հայտարարի, որ նախկին բնակավայրի անվտանգությունը ապահովված է՝ համաձայն այն դրույթների, որոնք կշարադրվեն Խաղաղության Համաձայնագրում: Իրենց բնակավայրեր վերադարձած բոլոր անձինք, առանց խտրականության, օգտվելու են մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից առանց որևէ խտրականության: Համակեցությանը պետք է նպաստեն կողմերը կամ միջազգային հանրությունը, նպատակ ունենալով մեղմել լարվածությունը, ինչպես նաև՝ կարգավորել հայերի և ադրբեջանցիների տնտեսական, քաղաքական և սոցիալական կենսագործունեությունը:
6) Դուրս բերված շրջանների ապառազմականացումն ու անվտանգությունը դիտարկելու նպատակով միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը իրականացվելու է անմիջապես այն բանից հետո, երբ Խաղաղության համաձայնագիրը կմտնի ուժի մեջ: Պետությունները խաղաղապահ ուժերի շրջանակում ստորաբաժանումները կտրամադրեն կամավոր հիմունքներով: Խաղաղապահ կոնտինգենտի ընտրությունը իրականացվելու է երկու կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Յուրաքանչյուր կողմը ունի վետոյի իրավունք մյուս կողմի ընտրության վրա:
Ադրբեջանը պարտավորվում է չուղարկել ռազմական անձնակազմը և սպառազինությունները ներկայիս շփման գծից այն կողմ՝ բացառությամբ քաղաքացիական բնակչությանը համաչափ հարաբերակցությամբ ոստիկանական ստորաբաժանումների` ինչպես Ադրբեջանի այլ շրջաններում, և ադրբեջանա-իրանական սահմանի երկայնքով գտնվող սահմանապահ զորքերի՝ իրենց սպառազինություններով և տեխնիկայով հանդերձ (ադրբեջանա-իրանական սահմանի արևելյան հատվածում ներկայումս յուրաքաչյուր կիլոմետրի վրա պահպանվող համաչափության սահմաններում)։ Կողմերը պարտավորվում են միմյանց դեմ ուժ չկիրառել թե՛ Լեռնային Ղարաբաղում, և թե՛ նրա շուրջը։ Մինսկի խմբի համանախագահները, խորհրդակցելով Հայաստանի և Ադրբեջանի հետ, մշակելու են երկկողմ և համատեղ անվտանգության երաշխիքներ և հավաստիացումներ՝ համաձայնության կատարմանը և Հարավային Կովկասում ընդհանուր անվտանգությանը սատարելու վերաբերյալ։
7) Կողմերի միջև բաց և անարգել տրանսպորտային և հաղորդակցային կապերը խրախուսվելու են ողջ տարածաշրջանում՝ ներառյալ Ադրբեջանի ուղիղ և անարգել ցամաքային կապը Նախիջևանի հետ, բոլոր սահմանների բացումը և հաղորդակցային ուղիների վերագործարկումը։
8) Միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից հրավիրված միջազգային դոնորական կոնֆերանսը, համագործակցելով համանախագահող երկրների հետ, ստեղծելու է հիմնադրամ՝ ռազմական գործողություններից տուժած շրջաններում և Լեռնային Ղարաբաղի ներսում ականազերծման և ենթակառուցվածքների վերականգնման համար՝ ներառյալ ճանապարհներն ու հեռուստահաղորդակցությունը։
9) Կողմերը, համագործակցելով համանախագահող երկրների հետ ստեղծելու են չորս առանձին կոմիտեներ։ Այդ կոմիտեները գործելու են կոնսենսուսի հիմունքով և զբաղվելու են.
ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշման հանրաքվեի մանրամասների ու ժամանակի հստակեցմամբ,
4-րդ կետում նկարագրված հայեցակարգի հիման վրա միջանցքին վերաբերվող տեխնիկական մանրամասների մշակմամբ, այս հիմնարար սկզբունքներում տեղ չգտած բոլոր մնացած հարցերի գնահատմամբ,
Քելբաջարի շրջանը՝ ԵԱՀԿ հանձնաժողովի միջազգային մշտադիտարկումից Ադրբեջանի վերականգնվող լիակատար վարչական վերահսկողության ներքո փոխանցելու մանրամասների մշակմամբ։
10) Խաղաղ Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց համանախագահող երկրները գումարելու են խորհրդաժողով՝ աշխատանքային խմբերի և Խաղաղ պայմանագրի ողջ ծավալով կատարման առաջընթացը քննելու համար։
11) Համանախագահող երկրների ղեկավարած վերահսկիչ հանձնաժողովը կողմերի հետ համաձայնեցված անդամների հետ համատեղ լուծելու են Խաղաղ պայմանագրի կատարման հետ կապված բոլոր հարցերը։
12) Կողմերը հրավիրելու են Մինսկի խմբի համանախագահներին՝ Խաղաղ պայմանագիրը վկայակոչելու, Խաղաղ պայմանագրի կատարմանը հետևելու մտադրությունը հաստատելու և Խաղաղ պայմանագրին հավատարմություն պահպանելու ուղղությամբ համապատասխան քայլեր կատարելու համար։
13) Կողմերը համանախագահող երկրների աջակցությամբ ՄԱԿ Անվտագության խորհրդին խնդրելու են բանաձև ընդունել ի պաշտպանություն Խաղաղ պայմանագրի՝ որպես նրա կատարման և միջանկյալ շրջանում ԼՂ բնակչության իրավունքների երաշխիք՝ մինչև ԼՂ կարգավիճակի վերջնական հստակեցումը։
14) Կողմերը համանախագահող երկրների հետ խորհրդակցելուց հետո անհրաժեշտության դեպքում խնդրելու են ԵԱՀԿ-ին և ՄԱԿ-ին միջոցներ ձեռնարկել՝ Սկզբունքների մասին ԵԱՀԿ Հռչակագրի և ՄԱԿ Խարտիայի համապատասխան։
1. Կողմերը Խաղաղ պայմանագրի մշակման աշխատանքը սկսելու են Համանախագահների ներկայությամբ Նախագահների կողմից հիմնարար սկզբունքների հաստատումը ստանալուց անմիջապես հետո և բարեխղճորեն վարելու են նախապատրաստական բանակցությունները, որպեսզի համաձայնությունը կնքվի վեց ամիսների ընթացքում։
2. Արևմտյան Սահարայի շուրջ Միջազգային Արդարադատության Մարմնի խորհրդակցական եզրակացության համաձայն՝ 1975 թ. հոկտեմբերի 16-ը։
3. Հղումներն արվելու են նախքան հակամարտության սկիզբը Խորհրդային Միությունում անցկացված մարդահամարի տվյալներին։
4. ԼՂ բնակիչների իրավունքներն ու արտոնությունները միջանկյալ շրջանում կողմերը ձևակերպելու են ԼՂ ներկայացուցիչների (ձևաչափը համաձայնեցվելու է) մասնակցությամբ։