Պատմական ձգտումներ և իրականություն Արցախյան շարժումը մեկնարկեց
ԽՍՀՄ կազմում եղած հայկական երկու՝ հանրապետական ու մարզային միավորների վերամիացման ձգտմամբ, այնուհետև՝ վերաճեց նաև հայոց անկախ պետականության վերականգնման շարժման:
Նախ՝ արձանագրենք, թե ինչ արդյունքների ենք հասել…
1. Հայաստանի Հանրապետության անկախության հռչակում.
2. Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախության հռչակում.
3. Պատերազմում հատկապես արցախաբնակ հայության (որոշ չափով նաև ՀՀ բնակչության) անվտանգության երաշխավորում վերահաս ցեղասպանության ռիսկից.
4. Մեր նախնական ձգտումների համեմատ շուրջ 7,000 քկմ ավելի պատմական տարածքների ազատագրում և Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների (այսուհետ՝ Հայրենիք) կենսական տարածքի ապահովում.
5. Մեկ միասնական պետականության կերտում՝ միասնական անվտանգային, սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական ու մշակութային տարածքով, սակայն երկու ֆորմալ պետաիրավական կառույցներով.
6. Երկուսուկես տասնամյակ շարունակ տվյալ հաջողությունների պահպանում և զարգացում.
7. Վերջնական միացման օրակարգի պահպանում:
Պետք է խոստովանել, որ իրականությունը որոշակիորեն տարբերվում է Արցախյան շարժման առնվազն զանգվածային ձգտումներից, և՛ դրական, և՛ բացասական առումներով: Բացասական շեղումը վերջնական իրավական միացման չհասնելն է, իսկ դրական շեղումը՝ անկախ պետականության ձեռքբերումը և պատմական տարածքների ազատագրումը:
Նշված յոթ փաստերից միայն առաջինը (ՀՀ անկախության հռչակումն) է, որ նվազ չափով է ազդեցություն կրել Արցախյան շարժումից և դրա ընթացքում կատարված քայլերից: Անվիճելի է, որ եթե նույնիսկ Խորհրդային Հայաստանի ժողովուրդը լիներ ԽՍՀՄ պահպանման առաջամարտիկը, ապա անգամ այդ դեպքում ԽՍՀՄ-ը կփլուզվեր, և, որպես արդյունք, Հայաստանը նույնպես կանկախանար՝ 1991 թ. սեպտեմբերի փոխարեն ամենաուշը դեկտեմբերին:
Բախում պատմական ձգտումների և միջավայրային ռիսկերի ընկալումների միջև
Թե հատկապես 1988-1991 թթ. ինչն է արդյունավետ արվել, ինչը՝ ոչ արդյունավետ, արդեն ավելի հեշտ է գնահատել հետադարձ հայացքով, քան գնահատվել է տվյալ պահին՝ անհրաժեշտ տվյալների սղության և գլխավորապես դրանից բխող իրավիճակի ոչ պատշաճ գնահատման պայմաններում: Այնուամենայնիվ, պատմական բանավեճի մեջ մտնելու փոխարեն, կարծում եմ, մենք պետք է կենտրոնանանք առավելապես ներկա իրավիճակի և ապագա հնարավորությունների խորքային գնահատման վրա՝ բնականաբար, հաշվի առնելով նաև պատմական փորձը: Այս պնդումը կատարում եմ, քանի որ պատմությունն անցյալ է, որից կարող ենք միայն դասեր քաղել, բայց ոչ երբեք՝ ընթացքը շրջել: Հետևաբար, մեզ անհրաժեշտ է հնարավորինս համապարփակ ու խորը կերպով հասկանալ ներկա իրավիճակը, մեր կարողությունները և միջավայրային ռիսկերը, որպեսզի առավելագույնը քաղենք ներկա հնարավորություններից ու ապագայում չմտածենք, թե բաց ենք թողել պատմական հնարավորությունները: Ընդհանրապես, քաղաքականությունը ապագան կանխատեսելու, արագ կողմնորոշվելու և դրանց միջոցով իրավիճակը սեփական ազգային շահերին համապատասխան կառավարելու արվեստ է…
Այդ տեսանկյունից դիտարկելով Արցախի՝ Մայր Հայաստանին պաշտոնապես և վերջնականապես միանալու օրակարգի ներկա վիճակը՝ կարող ենք արձանագրել, որ ներկայումս առկա է բանավեճ միացման ձևաչափի ու ժամկետների շուրջ: Բանավեճի երկու հիմնական տեսակետներն են՝
Ա) Անհապաղ միացում.
Բ) Միացում ավելի բարենպաստ իրավիճակում՝ ենթադրաբար ԱՀ անկախության միջազգային ճանաչումից հետո:
Կարծում եմ, ավելորդ է քննարկել միացման հակառակ՝ Արցախի վերջնական անկախության տեսակետն այս հոդվածում, առավել ևս, երբ դրա տեղը գնալով նվազում է հայոց ազգային օրակարգում: Ըստ տարբեր հետազոտությունների՝ վերջնական միացման կողմնակիցների թիվն Արցախում անընդհատ աճում է վերջին տարիներին, որին զուգահեռ նվազում է վերջնական անկախության կողմնակիցների թիվը:
Անհապաղ միացման կողմնակիցները պնդում են, որ պետք է կազմակերպել վերջնական միացումը, և որևէ էական ռիսկ չկա դրա համար: Իսկ ավելի բարենպաստ իրավիճակում միացման կողմնակիցները նշում են, որ այդ քայլը պարունակում է աշխարհաքաղաքական ու անվտանգային լուրջ ռիսկեր: Ըստ նրանց՝ դա կարող է հանգեցնել միջազգային ճնշումների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքերի էական թուլացման՝ ընկալվելով որպես «զավթիչ»:
Փաստորեն, երկու կողմն էլ ընդունում են միացումը՝ որպես վերջնական նպատակ, սակայն երկուստեք առկա են տարբեր գնահատականներ հնարավոր ռիսկերի վերաբերյալ: Ռիսկերի ընկալման այդ տարբերությունները պայմանավորված են ներկա իրավիճակի և հնարավոր ռիսկերի համապարփակ ու խորքային գնահատման բացակայությամբ, ինչը հանգեցնում է ապագայի տարբեր սցենարների զարգացումների թույլ կանխատեսման: Ռիսկերի գնահատման վերաբերյալ երկու կողմերի փաստարկներն էլ հիմնված են գլխավորապես ենթադրությունների ու տեսական եզրահանգումների վրա, այնինչ դա ամենևին տեսական խնդիր չէ…
Մտավարժանք՝ հնարավոր ռիսկերի շուրջ
Համառոտ ծանոթագրությամբ անդրադառնանք բանավեճի երկու կողմերի հիմնական փաստարկներին ու դրանց ամրությանը:
Ի՞նչ անել, կամ՝ ռիսկերի կանխատեսման և կառավարման արվեստը
Ինչպես նշեցի վերևում, այս բանավեճն իրականում մեծապես տեսական հողի վրա է կատարվում: Ավելին, այն երբեմն անցնում է խիստ հուզական դաշտ՝ փորձելով անհապաղ միացման օգտին առաջ քաշվող պնդումներին ու փաստարկներին հակադարձող մարդկանց պիտակավորել հակազգային բնութագրիչներով: Այնինչ այս գործընթացը պահանջում է ռացիոնալություն, երկարաժամկետ պլանավորում, ողջամիտ համարձակություն և հետևողականություն, իսկ հուզականացումը միայն վնասում է դրա արդյունավետությանը:
Կարծում եմ՝ հայությանն անհրաժեշտ են հետևյալ քայլերն ու պայմանները, որպեսզի ավելի հիմնավոր ու անվտանգ կերպով շարժվենք դեպի արցախյան շարժման վերջին փուլը, այն է՝ Արցախի՝ Մայր Հայաստանին վերջնական ու պաշտոնական միացումը:
1. Հայրենիքի աշխարհաքաղաքական ու անվտանգային միջավայրի ռիսկերի ու հնարավորությունների համապարփակ ու խորքային գնահատում ու կանխատեսում հնարավորինս երկարաժամկետ կտրվածքի համար.
2. Հայրենիքի և ողջ հայության անվտանգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական ու քաղաքակրթական կարողությունների ու ներուժի համապարփակ ու խորքային գնահատում.
3. Վերոնշյալ երկու գնահատումների արդյունքների հիման վրա միացման գործընթացի ռիսկերի և դրանց դիմակայելու հայության հնարավոր գործիքակազմի արդյունավետության գնահատում.
4. Հաշվի առնելով նախորդ գնահատումների և կանխատեսումների արդյունքները՝ հստակորեն ու մանրակրկտորեն ծրագրավորել միացման գործընթացի գործողությունները՝ բաժանելով հնարավորինս փոքր քայլերի.
5. Միացմանը միտված փոքր ու փորձնական քայլերով ռիսկերի փորձարկում և գնահատում, որոնց միջոցով կարելի է միևնույն ժամանակ ռիսկերի ընթացիկ կառավարում կատարել.
6. Միջազգային գործընկերների դիրքորոշումների նախօրոք ճշտում՝ կարիքի դեպքում նրանց հետ նրբանկատորեն աշխատելով դիրքորոշումների համապատասխան խմբագրման ուղղությամբ.
7.Մանրամասնորեն պլանավորված, հետևողական ու համարձակ քայլերով հայրենիքի ռազմավարական դիմադրողականության բարձրացում բոլոր հնարավոր ուղղություններում.
8. Հնարավորինս փոքր քայլերով աստիճանաբար մոտեցնել միացման պահը, որի վերջնական (միգուցե և մեծ) քայլը կարող է կատարվել բարենպաստ պայմաններում, ինչը ենթադրում է նվազ ու կառավարվող ռիսկերի առկայություն: Ի դեպ, միացման պահը պարտադիր չէ, որ լինի ԱՀ անկախության միջազգային ճանաչումից հետո. դրա համար անհրաժեշտ ու բավարար պայմանը ռիսկերի պատշաճ կանխատեսումն ու կառավարումն է:
Անշուշտ, նշյալ գործողությունները ենթադրում են որակյալ մարդկային ռեսուրսի առկայություն և դրանց արհեստավարժ կառավարում: Իսկ ինչ վերաբերում է գնահատման, կանխատեսման ու ծրագրավորման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրմանը, ապա արդի տեղեկատվական դարաշրջանում տվյալների պակաս չի զգացվում, ավելի լուրջ խնդիր է դրանց մեթոդապես ճշգրիտ հավաքագրումը և մշակումը, որը կախված է մարդկային ռեսուրսներից: Պետք է արձանագրել, որ ներկայումս բազմիցս ավելի հեշտ է դարձել անհրաժեշտ քանակի ու որակի տվյալների հավաքագրումը և դրանց հիման վրա ապագայի կանխատեսումը, քան 1988-1991 թվականներին: Ուստի, այժմ մեր սխալվելու հավանականությունը անհամեմատ նվազել է, եթե խելացի ու հետևողական կերպով օգտվենք առկա հնարավորություններից:
Մյուս կողմից, եթե նույնիսկ կարողանանք բարձր ճշգրտությամբ կանխատեսել մեր ռիսկերը, ապա անգամ այդ պարագայում անհրաժեշտ է լինելու համալիր գործողություններով բարձրացնել Հայրենիքի ռազմավարական դիմադրողականությունը: Այդ գործողությունների արդյունավետությունը կախված է թե՛ մարդկային, թե՛ անվտանգային, թե՛ սոցիալ-տնտեսական ներուժից, ինչպես նաև մեզնից անկախ արտաքին միջավայրային գործոններից:
Ամփոփիչ սկզբունքներ
Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ բանավեճի երկու կողմերն էլ պետք է միշտ մտքում ունենան հետևյալ ամփոփիչ սկզբունքները՝
* Ոչ մի պետություն (անգամ ամենահզորը) ինքնաբավ չէ և, իր ռազմավարական դիմադրողականության չափից ելնելով, մշտական փոխազդեցության մեջ է իր միջավայրի հետ.
* Բարդ խնդիրները հեշտ լուծումներ չունեն, և ենթադրում են համալիր գործողություններ, այլապես խնդիրն ավելի կբարդանա.
* Բարդ և անորոշ ռիսկեր պարունակող խնդիրների լուծումը ենթադրում է իրավիճակի նախօրոք և պատշաճ գնահատում, ռիսկերի կանխատեսում և կառավարում.
* Բարդ ու անորոշ վտանգներ պարունակող խնդիրների լուծումը ցանկալի է իրականացնել փոքր քայլերով, որպեսզի ավելի հեշտ լինի ռիսկերը կառավարել: